10 Հունիս 2013, 12:17
2703 |

Պոետ, որ չէր սիրում հաստափոր գրքեր

Ժողովածուն ընթերցելը չի դառնա հաղթահարում, այլ՝ վայելք բարձր պոեզիայի, որին անընդհատ վերադառնալու ցանկությունը վստահաբար կառաջանա յուրաքանչյուրի մեջ:

Հովհաննես Գրիգորյանի 10 ժողովածուների լավագույն բանաստեղծությունները մեկտեղող «Նոր տողից» ընտրանին հեղինակն ինքը գուցե ուրախությամբ չընդուներ, որովհետև չէր սիրում հատկապես բանաստեղծությունների հաստափոր գրքեր: Միշտ, որպես օրինակ, բերում էր Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջները», որը, ունենալով ընդամենը 80 էջ, հեղաշրջում առաջացրեց ժամանակի պոետական մտածողության մեջ: Պոեզիայի ընթերցումը, ասում էր Գրիգորյանը, ոչ թե պետք է հաղթահարվի, այլ անընդհատ գրքին վերադառնալու ցանկություն առաջացնի, նույն բանաստեղծությունը մի քանի անգամ կարդալու անհրաժեշտություն, անվերջ վերադարձ… Ու նույն դիտավորությամբ՝ տարբեր ժողովածուներում դնում էր արդեն նախկինում տպագրված բանաստեղծություններ, ասում էր՝ լավ չեն կարդացել անցած անգամ: Անընդհատ փոփոխություններ էր անում, առերևույթ փոքրիկ հավելումներ ու կրճատումներ՝ առավել նպատակային դարձնելով ասելիքը, կատարելագործելով բանաստեղծությունների ներքին ռիթմը…

Մեր ժամանակների թերևս լավագույն բանաստեղծի հետմահու լույս տեսած այս առաջին ժողովածուն այդ առումով նորություն է: Նախ՝ Հովհաննես Գրիգորյանի պոեզիային հատվածական պատեհությամբ կամ էլ առանձին ժողովածուներով ծանոթ ընթերցողներին հնարավորություն է ընձեռվել ամբողջական պատկերացում կազմել նրա ստեղծագործության բոլոր շրջափուլերի մասին՝ ժողովածու առ ժողովածու՝ սկսած նրա անունը հանրահայտ դարձրած «Աշուն» բանաստեղծությունից մինչև ամենավերջինը՝ «Երուսաղեմ»: Մյուս կողմից՝ «Նոր տողից» ժողովածուն առարկայական հնարավորություն է տալիս տեսնել՝ ինչպիսին է եղել Գրիգորյանի ստեղծագործական այսպես կոչված՝ «խոհանոցը», արդեն տպագրված բանաստեղծության վրա հետագայում աշխատելու նրա վարպետությունն ու կուլտուրան, ինչն ուսանելի է բազմաթիվ առումներով:

Բացի այդ, Գրիգորյանի պոեզիայում չափազանց կենդանի տրոփում է մեր ժողովրդի ապրած տարիների զարկերակը՝ իր վերելքներով ու անկումներով, հույսերով ու հուսախաբություններով… Նրա գիրքը կարդալով անպայման թերթելու ենք նաև ոչ վաղ անցյալի պատմության էջերը՝ երևույթների ստույգությամբ, ողբերգականի ու երգիծականի ընկալման ու մեկնաբանման հոյակապ միասնությամբ, արդի մարդու մենության տագնապով, ինչը նրա բանաստեղծություններից մեկում ուղղակի փայլուն է արտացոլվել.

Սափրվեցի և գրեցի մի քանի տող:
Հետո հառաչեցի, տեսնելով,
թե ինչպես են թռչուններն հեռանում
օրվա հակառակ ուղղությամբ:

Հետո նորից սափրվեցի
և գրեցի մի քանի տող
և հառաչեցի, տեսնելով,
թե ինչպես է օրը վերադառնում
առանց թռչունների:

Այս ինչ եղավ իմ օրը,
դառնանում էի, տեսնելով,
թե ինչպես են հառաչանքով
հեռանում տողերս
օրվա հակառակ ուղղությամբ:

Ու ամենակարևորը՝ հակառակ Հովհաննես Գրիգորյանի տագնապի, այս ժողովածուն ընթերցելը չի դառնա հաղթահարում, այլ՝ վայելք բարձր պոեզիայի, որին անընդհատ վերադառնալու ցանկությունը վստահաբար կառաջանա յուրաքանչյուրի մեջ: Ու նաև վստահ եմ, որ Հովհաննես Գրիգորյանը կփոխեր իր կարծիքը հաստափոր բանաստեղծական գրքերի մասին, եթե իր այս ընտրանին կարդար…

Այս թեմայով