18 Մարտ 2013, 14:53
3042 |

Նախագահապատիվ մուրացկանը

Երևի տարօրինակ թվա, բայց մուրացկանը քաղաքի բարոմետրն է... Աշխարհի երեսին գոյություն ունեցող ցանկացած քաղաքին բնորոշ է խղճմտահարույց, գրպանիդ աչքով տվող, հոգիդ, սիրտդ, կուսակցական պատկանելիությունդ (մանավանդ, երբ իշխանական թևին ես թառած) ու տանդ դուռը բռնաբարող այդ կերպարը... Բայց տարբերություններ, այնուամենայնիվ կան... Մի խոսքով. Ասա՝ ինչ մուրացկան ունես, ասեմ՝ ինչպիսի քաղաք ես դու...

Մեր պատմության հերոսուհին նստավայր էր ընտրել «Գրողների Միության» մուտքը: Արդեն հասկացաք, չէ՞, որ էդ խեղճուկրակը հայ չէր, այլապես՝ վանքի դռներից դրան բուլդուզերով էլ չէիր կարողանա քերել... Նրանք խաչակիր պատերին չամռվում ու, լավագույն դեպքում, միայն երկինք մեկնելու հրավերն են ընդունում:

Մի խոսքով, մեր մուրացկան-մադամը սլավոնական աչք-ունքով էր, մազերն էլ սպիտակ էին: Հայ չլինելու մյուս նախապայմանը կնոջ գլխի ուղղափառ գլխաշորն էր, որն այնքան համեստ ու զուսպ էր կապված, որ տեսնելիս ակամայից սիրտդ լցվում էր: Բացի այդ, գիր-գրականության հանդեպ սերը նրան մեքենայորեն քշել-բերել էր գաղափարական իմաստով՝ Սովետը չթոթափած, բայց ֆինանսական առումով՝ Կորեայի որբերին անմիջականորեն հիշեցնող գրողների դուռը...

Ամառ էր... Բաղրամյան պողոտային   հատուկ ամառ: Մադամը՝ անվանենք նրան Պանի, իր անսպասելի հայտնությամբ գրողներին շատ զարմացրեց: Վաղուց... Երևի էս հարցում էլ պիտի Սովետի հիշենք... Վաղուց, այսինքն՝ Սովետի փլուզումից հետո, հայ վեհաշուք գրողները երբեք նման ուշադրության չէին արժանացել: Պանին նրանց տեսնելիս գրեթե սրբապատկերի հանդեպ ունեցած պատկառանքով էր լցվում: Գրողները շոյվում, մուրացիկի համար իրենց հազար տարի առաջ գրական մամուլում տպագրած բանաստեղծությունները կամ վեպերից հատվածներն էին ընթերցում, բայց ալարում էին ձեռքերը գրպանները տանել: Պանին էլ հո քոռ չէ՞ր, գրպանի սմքած-ճլորած վիճակից միանգամից հասկանում էր, թե շալվարի էդ հատվածում մի բան կա՞, թե դափ-դատարկ է աշնանը տաք երկներ չված ծտերի բների նման:

Արդյունքում մոտ մի շաբաթ դիտորդական առաքելություն անցկացնելուց հետո մուրացիկը լավ հասկացավ, թե ում գրպանում ինքը պետք է բուն դնի... Հա, հա...  Նստավայրի ընտրման հենց հաջորդ օրը Պանին զարմանքով նկատեց, որ Գրողների տուն մուտք ու ելք անող կիսադասականները համարյա միշտ անսթափ են: Բայց զարմանալու ոչինչ երևի թե չկար: Խմիչը հակասովետական բնույթ ունեցող գործոն էր: Հայ գրողներից շատերը ժամանակին էդպես էին արտահայտում կոմունիստական վարչակարգի դեմ իրենց քաղաքական ցասումը: Հենց էդ հանգամանքն էլ Պանին հնարավորություն տվեց ճիշտ ընտրություն կատարել... Տեսնելով, որ էս հարբեցողներից խեր չկա, նա շատ արագ կողմնորոշվեց և որպես թիրախ ընտրեց երկու համեմատաբար սթափ-պուզատի պերսոնաների: Մեկը՝  իր տկար մարմինը չգրկող, առնվազն երկու համար մեծ կոստյում հագած, նույն այդ՝ սովետաբաստիկ միության նախագահն էր, մյուսը՝ նրա հակառակորդը, ով երազում էր հետույքով հպվել գրական գործընթացն ապահովող  կուռ-պրեդսիդատելական աթոռին: 

Բայց էդ գործն էլ իր դիպլոմատիկ նրբություններն ուներ: Նախագահին տեսնելիս Պանին լուռ ու մունջ խոնարհվում էր, որպես թե Աստված տեսած մի քրմուհի ու... Մի հարյուր կամ լավագույն դեպքում հարյուր քսան դրամ էր վաստակում: Նախագահը բնազդորեն էր զգում ժողովուրդների բարեկամության ամրապնդման կարևորությունը և «ես ազգերի միջև կապող օղակ եմ» սկզբունքից ելնելով՝ չտեսնված բարեհամբյուր ու սիրալիր էր:   Իսկ օպոնենտի հանդեպ Պանին բոլորովին այլ քաղաքականություն էր բանեցնում: Նրան տեսնելիս՝ ձգվում, շառագունում և միայն մեկ բառ էր շշնջում.

- Աստված...

Էֆեկտն անկրկնելի էր: Վերին գերդաստանին կիպանալու հավակնությունը ցբխում էր խեղճ թեկնածուին: Նա նախագահից ավելի լայն էր  բացում իր քսակը, որ «Ժողովրդի հետ, ժողովրդի՝ համար» կոչով ապացուցի պրոլետարիատին ծառայելու պատրասատակամությունը:

Միայն մեկ անգամ Պանին հայտնվեց անելանելի դրության մեջ: Թեև, արդարությանը տուրք տալու համար ասեմ, որ մուրացկանի դերասանի վարպետությունը հրաշքներ գործեց: Մի օր այնպես ստացվեց, որ Նախագահն ու Օպոնենտը մուտքի մոտ հանդիպեցին: Չէ, իրար հետ չէին. մեկը գալիս էր, մյուսը՝ գնում: Մի պահ չիմանալով՝ ինչ անել, Պանին որոշեց իր գործունեության ընթացքում առաջին անգամ դիմել էժանագին սենտիմենտալ հնարքի: Մետաղակերամիկայից սարքած ատամները լայն բացելով՝ սկսեց ողբալ, էն էլ՝ հայերեն... Պարզ է, չէ՞, որ թղթադրամների տերևները անմիջապես Պանիի գլխին դափնեպսակ հյուսեցին:

Մի խոսքով, բաղրամյանական ամառը սահում էր առանց որևէ դժվարության: Բայց...Ինչպես կասեր քսաներորդ դար չթևակոխած հայ արձաններից մեկը՝ «Օհ, այդ բայցը»: Մի երևանամառ օր Նախագահի քարտուղարուհին մտավ շեֆի սենյակը և լյուդովիկոսյան ֆավորիտուհու նման հայտարարեց.

- Պարոն վեհապետ, դուք հյուր ունեք... Արտասահմանցի է:

Շոգ-կրակից կոստյումազրկված Նախագահն իրեն կարգի բերեց և խնդրեց ներս հրավիրել հյուրին: Պանիին տեսնելով նա ներողամտաբար ժպտաց և ձեռքը՝ լայնությունը կիպացնելու համար, գոտկատեղի հատվածում պռովուդներ կապած շալվարի գրպանը տարավ:

- Մի րոպե, ախպեր, էս ինչքան բոմժ ես էս շենքը լցրե՞լ...

Նախագահի աչքերը զարմանքից օղակ-օղակ դարձան: Նա, ուզում էր համապատախան, թեկուզ սովետական բառեր գտնել հայ գրողների համար՝ որպես՝ չվաճառվածության և ազնվության օրինակ: Բայց ամբողջապես քյառթու Պանին քըրթ կտրեց նրան.

- Հա, հա, ի՞նչ ես ըտենց նայում, գրողներդ հերիք չի հավայի տին-տիրիտներ են անում, մի հատ էլ... Էն մեկը կա, է՜, ոնց որ մեռելի զդաչի լինի, մի ամիս ա՝  ինձ 1 200 դրամ ա պարտք, չի տալիս... Ալկագոլիկ նիշասնի... Հմը էկել եմ, որ էդ փողը դու տաս...

Էդպես էլ մութ մնաց. Պանին կարողացա՞վ իր հասանելիք 1 200 դրամը նախագահից պոկե՞լ, թե՞ ձեռնունայն էլի հայտնվեց քսան դրամանոցը մեջը ամանի առաջ: Համենայն դեպս, էդ փաստը մի երկու տակ լեզու դրեց օպոնենտի ու թերթերի բերանը՝ բավականին խարխլելով թե Նախագահի իշխանությունը, թե սովետաբաստիկ գրողների հեղինակությունը:

Իսկ Պանի՞ն... Նրան ի՞նչ կա... Այսուհետ նա փոխել էր իր նստավայրը և որպես ազգային փոքրամանությունների դեմ խտրականության բողոքի նշան՝ հանգրվանել էր Գրողների Միության դիմացի մայթում՝ Թայլանդի դեսպանատան պատի տակ...

Այս թեմայով