26 Դեկտեմբեր 2014, 11:18
727 |

Նվերներ Երևանին

Երաժիշտ Արթուր Իսպիրյանը պատմում է Սայաթ-Նովայի վրայի նախկին սկավառակների խանութի կարևորության, Սարյանին ու Շիրազին հանդիպելու, Լենինի նկարները «բիթլներով» փոխարինելու և այլնի մասին:

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել ու մեծացել եմ Փակ շուկայի տարածքում: Հետո տեղափոխվեցինք կոմպոզիտորի տան կողքի բարձրահարկ շենքերից մեկը: Մոտ տասը տարի Սարյանի փոստի մոտով գնում էի Չարենցի անվան թիվ 67 դպրոց:

Այն եզակի երջանիկներից եմ եղել, որ ամեն օր Շիրազին էի հանդիպում դպրոցիս ճանապարհին: Ամիրյանի վրա էր ապրում, դիմացի մայթում գինետուն կար, միշտ դիմացը կանգնած էր, մարդիկ էլ հավաքվում էին նրա շուրջն ու լսում էին իրեն: Երբեք չեմ մոռանա Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը. Չարենցի դպրոց էր եկել, ես էլ նրա համար անգլերեն երգ երգեցի: Ափսոս, որ ոչ մի լուսանկար չունեմ այդ օրվանից:

Ազատ ժամանակս անցնում էր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ: Այնտեղի սրճարանում էին նստում մեր մեծերը, այնքա՜ն էի ոգեշնչվում նրանց նայելիս: Իմանում էինք, թե նրանք ինչ վայրեր էին հաճախում ու գնում էինք նրանց հետևից: Այնպիսի հզոր ուժ ու էներգիա ունեին, որ պարզապես նրանց կողքով անցնելիս մի երկու բառ էինք լսում ու դա հավերժ մնում էր մեր սրտերում: Կուզենայի, որ մեր երիտասարդներն էլ այսօր նման կուռքեր ունենային քաղաքում, բայց ոչ սերիալային:

Կոմպոզիտորների տան աստիճաններից իջնում և աջ էի գնում ու միշտ հանդիպում էի Մարտիրոս Սարյանին: Երկու մեծ գերմանական հովվաշուն ուներ, այնքան մեծ էին, որ Սարյանը նրանց կողքին շատ փոքրամարմին էր երևում:

Անկախության տարիներին մեր քաղաքի կոլորիտը կորավ, հզոր մտքով մարդիկ խեղճացան ու դարձան չքավոր: Նրանց փոխարեն եկան մարդիկ, ովքեր չեն մեծացել Երևանում ու չեն ճանաչում քաղաքը: Ամեն ինչ փոխվեց. նախ՝ սերն ու հայացքը դեպի Երևանը, այստեղ որևէ բան անելը դարձավ հեշտ ու հանգիստ: Այսօր էլ նույն բանն է կատարվում:

Մանկուց երաժշտություն եմ սիրել: Սայաթ-Նովա փողոցի վրա, այժմյան Zigzag խանութի տեղում սկավառակների խանութ կար: Ինձ համար դրախտ էր, անհամբեր սպասում էի, թե երբ պիտի նոր սկավառակ ստանան, որ գնեմ: Սկավառակների հավաքածուն կարծես հոգիների հավաքածու լինի՝ ամեն ձայն իր հոգին ու պատմությունն ունի: Այսօր էլ ձայնասկավառակների մեծ հավաքածու ունեմ:

Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտն եմ ընդունվել՝ էներգետիկայի ֆակուլտետը: Այն ժամանակ շատ բան երեխայի կամքից անկախ էր լինում: Դպրոցից հետո գնում էի Չայկովսկու անվան դպրոց, հոգիս կանչում էր, բոլոր ընկերներս այնտեղից էին: Ինստիտուտից հետո էլ կոնսերվատորիա էի գնում:

Մասիսի շրջանում գործարաններից մեկի կոմսոմոլի քարտուղարն էի: Միայն կանայք էին աշխատում՝ 400 կին: Ընդունված էր, որ նստարանիդ հետևում պիտի Լենինի նկարը լիներ, իսկ իմ սեղանի ապակու տակ Beatles-ի նկարներն էին: Ռայկոմի քարտուղարից նկատողություն ստացա: Երբ ստուգումների էր եկել, տեսավ սեղանս ու զարմացավ՝ «Էս ի՞նչ արտասահմանցիների նկարներ են»:

Երաժշտությունը միշտ ինձ հետ է եղել՝ ընկերներիս հետ ձայնագրվում էինք, երգում էինք: Մի օր, երբ ծանոթացա Արթուր Գրիգորյանի հետ, ամեն ինչ փոխվեց: Սկսեցի ելույթ ունենալ այն ժամանակ Երևանում միակ երաժշտական ակումբում, որտեղ բացի ինձանից երգում էին Էռնա Յուզբաշյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը և ուրիշներ: Մթնոլորտը այնտեղ այնքան յուրահատուկ ու պրոֆեսիոնալ էր, որ այցելուները նույնիսկ մոռանում էին որևէ բան պատվիրել, կլանված լսում էին մեր ելույթները: Այդ ժամանակ նաև կյանքի կոչվեց Արթուր Գրիգորյանի «Այո» շոուն, որ հեռուստատեսությամբ էր ցուցադրվում: Սա մի խթան էր երիտասարդների համար, շատերը սկսեցին ստեղծագործել, երգել ու երազել բեմ դուրս գալու մասին:

Մոտ 10 տարի բացակայեցի Հայաստանից՝ Միացյալ Նահանգներում էի: Իմ աչքերն էին այնտեղ, բայց հոգեպես այստեղ եմ եղել, ապրել եմ Երևանով: Իմ մտածմունքը, հոգիս, սերը, հիշողությունները Երևանում էին, դրա համար էլ վերադարձա:

Այսպիսի երգ կա՝ «Երևանը քար ու շենք չէ, Երևանը մենք ենք»: Ուզում եմ ասել՝ Երևանը նաև քար ու շենք է, եկեք չմոռանանք դրա մասին: Այդպես էինք ասում, որ Երևանը մենք ենք, ու դրա համար էլ ամեն ինչ քանդվեց: Երբ այս երգի խոսքերը փոխվեն՝ «Երևանը քար ու շենք է, Երևանը մենք ենք», այդ ժամանակ շատ բան կփոխվի: Մենք գնալու ենք, իսկ քար ու շենքը մնալու է:

90-ականներից հետո որևէ երգ չեմ լսել, որ ասեմ՝ այսօրվա Երևանի մասին է: Ինչ գրել է, Քրիստ Մանարյանն է գրել, նա թեթև ձեռք ու մաքուր հոգի ունի, և իսկական երևանցի է, դա էլ հորից է ժառանգել: Երվանդ Մանարյանը մեր ազնվագույն երևանցիներից է, նա էլ մեր մեծերից է, առանց
որոնց քաղաքը պատկերացնել չի լինի:

Երջանիկ եմ, որ դուետ ունեմ ձայնագրած Խորեն Աբրահամյանի հետ: Նա ինձ համար կուռք էր, հերոս: Մինչև այսօր էլ աչքիս առաջ է: Ինչքա՜ն Երևան կար նրա հայացքում, ինչքա՜ն Հայաստան կար նրա խոսքում: Այսօր էլ նրա թոռնիկների հետ եմ ընկերություն անում: Պահվածքով, հայացքով իրենց պապիկի նույն ջրի կաթիլն են:

Ամեն օր թափառում եմ Երևանի փողոցներով, բայց կարոտս չեմ հանում: Ինչքան էլ քայլես, միևնույն է, նոր բաներ կգտնես, նոր հոտ ու ջերմություն կզգաս: Մի քանի տարի առաջ ավելի շատ ծանոթներ էի հանդիպում փողոցում: Մի քանի մետրի վրա հարյուր անգամ կանգ էի առնում, ողջունում, ժպտում, զրուցում: Բայց այսօր բարև ու ժպիտ եմ ուզում ու չեմ ստանում:

Երևանին մի քանի նվեր եմ մատուցել: «Խոսում է Երևանը» ձայնասկավառակում տեղ են գտել 50-60-ական թվականների Երևանը գովերգող երգերը: Հաջորդ ձայնասկավառակս, որ Մարտին Վարդազարյանի ու Երվանդ Երզնկյանի օգնությամբ ձայնագրվեց, ներառել է 30-ականներին
ձայնագրված երգերը:

Մարտին Վարդազարյանը այսօր ավելի շատ բան գիտի հայ էստրադայի մասին, քան արխիվում կարող ենք գտնել: Այն երգերի հեղինակներին, որ չէինք կարողանում արխիվում գտնել, նա ոչ միայն ճանաչում էր, այլ նաև ինքը նվագել էր այդ երգերը: Վարդազարյանի նման մարդկանց հետ կարելի է ժամերով, անդադար զրուցել, նրանք Երևանի զարգացման կենդանի վկաներն են ու նրանց ծերանալով, ինձ համար ծերանում է նաև Երևանը:

Չեմ սիրում պաշտոն, բայց երբեմն քաղաքապետ դառնալու այնպիսի մեծ ցանկություն եմ ունենում: Ուզում եմ լավ թիմ ստեղծել, ոչ մեկին չլսել ու Երևանը բուժել:

Արամի փողոցի տներից շատերը, իհարկե, կարծես փլատակներ լինեին, բայց պետք է դրանք վերականգնվեին, որպեսզի պահպանվեր կոլորիտը,
և ոչ թե փոխարինվեին բարձրահարկերով:

Թուֆենկյանը Երևանում չի ծնվել, բայց ամենամեծ երևանցիներից է, նույնը կարող եմ ասել Գաֆէսճեանի մասին, որ այստեղ մեկ անգամ է
եղել, բայց իսկական երևանցի է: Իսկ նրա հրաշալի արվեստի կենտրոնից մի քանի քայլ այն կողմ՝ Մոսկովյանի վրա գտնվող «Սանտա Ֆե» սրճարանի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում: Փորձեցի խառնվել ու փորձել կանխել այդ ամենը: Աղմուկ բարձրացավ, աշխատանքները կանգնեցվել են, բայց ստորգետնյա տարածքում դեռևս ինչ-որ բան է պլանավորվում: Երևանում «գետին մտնելու» համար ևս պիտի պատիվ ունենաս:

Երևանի ամենամեծ խնդիրներից է աղբահանումը, որ որևէ կերպ համակարգված չէ: Միացյալ Նահանգներում, եթե տանդ առաջ դրված աղբամանը ծուռ դնես, աշխատողը քո աղբը չի տանի, որովհետև կմտածի, թե չես հարգում իր աշխատանքը: Երբ Սովետաշենում այրում են աղբը, այդ թունավոր օդը նստում է քաղաքի վրա: Հայաստանում բոլորը առաջին հերթին խմում են երեխաների կենացը, բայց երեխաների մասին ոչ մեկը չի մտածում:

Այսքան շատ մեքենա Երևանում դեռ չի եղել: Այսօր ժամը 17:00-ից սկսած քաղաքում վարելը անհնար է դառնում, օդի աղտոտվածության մասին էլ չեմ խոսում: Մեր ժամանակ տրոլեյբուս, տրամվայներ կային ու մի քանի տաքսիներ, վարորդներին անուններով գիտեինք:

Երբեմն վաղ առավոտյան ուզում եմ ընկերոջս՝ Երևանի հետ մենակ մնալ: Երևանը հատուկ հոտ ունի, որ միայն առավոտ շուտ կարող ես զգալ: Շատ եմ սիրում Երևանը, երբ բոլորը քնած են, որովհետև երբեմն խանդում եմ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2014

Այս թեմայով