12 Դեկտեմբեր 2014, 16:08
2443 |

Հայատառ դոմենի արտոնությունները

2015-ից «.am» բացի, մենք կունենանք նաև մեսրոպատառ դոմեն՝ «.հայ»-ը: Այս քայլով Հայաստանը միանում է համաշխարհային մի գործընթացի, որը տարիներ առաջ նախաձեռնվել է Չինաստանի կողմից: Հենց նրանց շնորհիվ աշխարհում սկսվեց մի նոր գործընթաց. տարբեր երկրներ սկսեցին գրանցել դոմեններ իրենց ազգային լեզվով: Հայաստանն ընդամենը վերջերս գլոբալ դոմենային անվանումների ղեկավարմամբ զբաղվող ICANN կազմակերպության կողմից հայատառ դոմեն ունենալու իրավունք ստացավ: Imyerevan.com-ը զրուցել է «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի հետ՝ պարզելու համար մեսրոպատառ դոմեն ունենալու շարժառիթներն ու մանրամասները։

Ինչպե՞ս սկսվեց
Միացյալ Նահանգներին են պատկանում խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնցից օգտվում են գրեթե բոլոր ինտերնետ օգտագործողները՝ Google-ը, Facebook-ը և Skype-ը և այլն, այդ երկրին է պատկանում նաև գլոբալ դոմենային անվանումների ղեկավարմամբ զբաղվող ICANN կազմակերպությունը, որն այժմ IP հասցեներ ու դոմենային անուններ է տրամադրում բոլոր երկրներին։ Այս փաստը երկար ժամանակ որոշ երկրների լուրջ դժգոհությունն էր առաջացնում: Արդյունքում ոմանք խնդրի լուծումը փորձեցին գտնել մեկուսացման մեջ, նմանատիպ երկրներից են, օրինակ՝ Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, որոնք ունեն իրենց առանձին ցանցերը, որոնք ինչ-որ կերպ կպած են գլոբալ ցանցերին, բայց սահմանափակումներով: Խնդրի լուծման որպես մեկ այլ տարբերակ դիտարկվեց նաև ազգային լեզվով դոմենների գրանցումը: Այդ գործընթացը սկսվեց 2007-ից՝ IDN (International domain name՝ «Միջազգային դոմենային անուններ») ծրագրի շրջանակներում: Ծրագրի նախաձեռնողը, իհարկե, Չինաստանն էր, որի ջանքերով և ստեղծվեցին առաջին ոչ լատինատառ, այլ չինարեն հիերոգլիֆներով դոմենները: Չինարեն դոմենները առաջինն էին, սակայն այնուհետև այլ երկրներ ևս ստեղծեցին իրենց ազգային այբուբենով դոմեններ, նմանատիպ դոմեններ ստեղծեցին Ռուսաստանը, Բուլղարիան և այլ պետություններ: Այժմ ազգային դոմեններ ունեն արաբական երկրները, Չինաստանը, վերջերս Հայաստանի հետ զուգահեռ իր ազգային լեզվով դոմեն ունենալու իրավունք ստացավ նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանը և Թուրքիան կիրառում են լատինատառ դոմեններ: Պարսկաստանը ևս դեռ չունի ազգային լեզվով դոմեն:

Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում գոյություն ունի ոչ լատինատառ 34 դոմեն, դրանցից ամենաշատը Հնդկաստանում են՝ 7 դոմեն, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդտեղ կիրառում են տարբեր լեզուներ:

Ոչ լատինատառ դոմենների ստեղծումն իրականում փոքր ինչ մեղմացրեց խնդիրը, և մարդիկ, չտիրապետելով լատինատառ այբուբենին, հնարավորություն ունեցան իրենց ազգային լեզվով հավաքել անհրաժեշտ կայքի հասցեն, սակայն արդյունքում այդ կայքերը շատերի համար այդպես էլ անհասանելի դարձան, որովհետև դրանք այցելելու համար անհրաժեշտ է օրինակ՝ չինարեն ստեղնաշար:

«.հայ», «.հհ» և «.ամ»՝ ընտրությունը կանգ առավ առաջին տարբերակի վրա
Ե՞րբ է Հայաստանը միանալու ազգային լեզվով դոմեն ունենալու այդ գործընթացին: «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ այս առնչությամբ իրենք պարբերաբար հարցումներ էին ստանում։ Ու վերջիվերջո որոշեցին նախաձեռնել հայատառ դոմենային անունների գործընթացը: Այսպիսով, հանրությանն առաջարկվում է հայատառ դոմենի մի քանի տարբերակ՝ «.հայ», «.հհ» և «.ամ», սակայն քննարկումների արդյունքում, ընտրությունը կանգ առավ «.հայ» տարբերակի վրա:

«Չեմ ասի, որ դա հույժ կարևոր անհրաժեշտություն է, սակայն ամեն դեպքում ազգային լեզվով դոմեն ունենալը դրական երևույթ է: «.հայ»-ը շատ գեղեցիկ մեսրոպատառ դոմեն է, սակայն մյուս կողմից՝ վտանգ կա, որ դրա պատճառով աշխարհը մեզ չի տեսնի, որովհետև շատերի մոտ պարզապես ակտիվացված չէ մեսրոպատառ ստեղնաշարը, իսկ մեսրոպատառ դոմենային հասցեով կայք այցելելու համար անհրաժեշտ է օգտագործել հայերեն տառեր»,- կարծում է Սաղյանը:

Ըստ նրա՝ հասարակական կարծիքներն ու տարբեր շահագրգիռ կառույցներն այս հարցի առնչությամբ դրական են արտահայտվել. հիմնականում մարդիկ այն կարծիքին են, որ թող լինեն երկուսն էլ՝ թե՛ «.am»-ը, և թե՛ «.հայ»-ը, մեկը մյուսին չի խանգարում:
«Ես այս ամենը դրական եմ համարում, թեև ինքնամեկուսացման վտանգ գոյություն ունի, սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած լեզու ինքնին ինքնամեկուսացման գործոն է: Այժմ, սակայն, թարգմանիչներն շատ արագ են զարգանում և դրանց միջոցով, օրինակ՝ Google-ի թարգմանչի (Google translate) միջոցով հնարավոր է այդ հարցը որոշակիորեն շտկել»,- ասաց Սաղյանը՝ նշելով, որ «.հայ»-ն ավելի շատ ներքին օգտագործման համար է կարծես, քանի որ մեսրոպառ դոմեն ունեցող կայքերին հնարավոր կլինի միանալ հայերեն ստեղնաշար և հայերեն տառատեսակներ ունեցող համակարգչից միայն:

Ե՞րբ կարող ենք կիրառել մեսրոպատառ դոմենային անունները...
«Մեսրոպատառ դոմեն ունենալու իրավունք ձեռք բերելը դեռ չի նշանակում, որ կարող ենք միանգամից այդ իրավունքն իրականացնել. անհրաժեշտ է մի շարք գործողություններ կատարել, որպեսզի հնարավոր լինի կիրառել այդ դոմենները»,- ասաց Սաղյանը՝ նշելով, որ տեխնիկական որոշ հարցեր դեռ պետք է լուծել, ինչի համար 3-6 ամիս ժամանակ կպահանջվի: Ըստ նրա՝ հավանաբար արդեն մայիսից հնարավոր կլինի կայքերը գրանցել «.հայ» տիրույթում: Արդյոք այս ամենը կօգնի ինտերնետում հայալեզու բովանդակության կտրուկ ավելացմանը, թե ոչ, դեռ վաղ է ասելը, սակայն հայատառ դոմենի նկատմամբ հետաքրքրությունը, ըստ փոխնախագահի, բավական բարձր է:

«Այսօր ոչ ոք չի կարող կոնկրետ և որոշակի եզրակացություններ անել, ամեն ինչ կախված է մարդկանց մոտեցումից, իսկ դա ցույց կտա ժամանակը: Իհարկե «.հայ»-ը «.am»-ին անցնել չի կարող, բայց այն կարող է լրացնել: Օրինակ՝ ասում են, որ մեր ջուրն ամենալավն է, բայց ի վերջո շատերը ջրի հատուկ սարքեր են գնում և ընդհանրապես շշերով ջուր են գնում»,- ասաց Սաղյանը՝ նշելով, որ սա պարզապես մի լավ հնարավորություն է, որը կարելի է օգտագործել:

Որքա՞ն կարժենա դոմենի գրանցումը «.հայ»-ում
Դեռ գնահատականներ չկան, ուստի դժվար է հասկանալ կամ կանխատեսել, թե ինչ քանակի գրանցումներ կլինեն «.հայ» տիրույթում, որից և իհարկե կախված կլինի նաև այդ տիրույթում դոմենային անունների գինը: Սակայն, փորձագետները ենթադրում են, որ նորաստեղծ ազգային լեզվով դոմենային տիրույթում դոմենային անունների գրանցման գինը մատչելի կլինի: Բացի այդ, կլինի Sunrise (արևածագ) ժամանակաշրջան, ինչը ընդունված է միջազգային շուկայում։ Այդ ընթացքում չեն գործում ընդհանուր կանոններ, գրանցման համար որոշակի առավելություն է տրվում: Հենց այդ ժամանակ տարբեր պատկան կառույցներին և մասնավոր ընկերություններին հնարավորություն կտրվի գրանցել իրենց ապրանքանիշը «.հայ» տիրույթում՝ հնարավոր խնդիրներից հետագայում խուսափելու համար:

Այս թեմայով