10 Դեկտեմբեր 2014, 09:07
1303 |

Բարեգործական ցուցահանդես հանուն գործազուրկ կանանց

Երևանի միջազգային կանանց միավորումը (IWAY) դեկտեմբերի 6-ին ազդարարեց «երկուսը՝ մեկում» սկզբունքին հավատարիմ ամանորի տոնավաճառների մեկնարկը: Մի կողմից այցելուները հնարավորություն ունեն գնելու ամանորյա նվերներ, իսկ մյուս կողմից՝ մասնակցել կազմակերպիչների բարեգործական ծրագրերին: IWAY-ն այս տարվա տոնավաճառից ստացած հասույթը պատրաստվում է ուղղել Շինուհայր գյուղի բրդի արտադրամասի վերանորոգմանն ու 20 ճախարակ ձեռք բերել՝ Գորիսի շրջանի կանանց գործազրկության խնդիրը լուծելու համար:

Նկարիչների միությունում կազմակերպված ամանորի տոնավաճառում եռուզեռ էր, տոնական տրամադրությունը՝ անպակաս: Տաղավարներում վաճառվում էին ձեռագործ աշխատանքներ, զարդեր, խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ 10 դեսպանությունների տաղավարներում դեսպանների կանայք ներկայացնում էին այդ երկրներին հատուկ մշակույթը՝ զանազան իրեր և ուտեստներ:

Տոնական տրամադրությունն է՛լ ավելի ընդգծում էին IWAY-ի երգչախումբը, որը հանդես եկավ Սուրբ ծննդյան շարականներով, ինչպես նաև QSI մանկական երգչախումբն ու Cico & Friends Jazz երիտասարդների նվագախումբը: Եվ ի՞նչ ամանորի տոնավաճառ առանց Ձմեռ պապի, որը զվարճացնում էր երեխաներին, քանի դեռ ծնողները զբաղված էին տոնական առևտրով: Տաղավարներում առքուվաճառքին զուգահեռ նաև լուռ աճուրդ էր ընթանում, իսկ տոնավաճառի ավարտին տեղի կունենա մեծ վիճակահանություն, որի ժամանակ կխաղարկվեն արժեքավոր նվերներ:

Այս թեմայով