30 Մարտ 2012, 14:48
6712 |

Տիեզերական օղակաբլիթ

Երևանում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը՝ մեծ, գեղեցիկ ու ժամանակակից: Սակայն կասկածից վեր է, որ դեռ շատ երկար տարիներ երևանցիների, նաև, գոնե մեկ անգամ այստեղ եղած, օտարերկրացիների հիշողության մեջ կմնա Արթուր Թարխանյանի և իր գործընկերների կողմից կերտած հին օդանավակայանը: Շուրջ երեք տասնամյակ հսկայական տիեզերանավ հիշեցնող օդանավակայանը քաղաքի այցեքարտերից մեկն էր:

Շաբաթ կամ կիրակի օրվա երեկո էր: 10-ամյա Անահիտը թեյ էր ըմպում հոր՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ խոհանոցում: Հայրիկի հետ հանդիպումները հաճախ չէին, նա անդադար աշխատում էր և նման երեկոներ միայն ոչ աշխատանքային օրերին էին կազմակերպվում:

— Պապ, էս ի՞նչ ես նկարում:

— Բուբլիկ եմ նկարում, բալես:

— Բա էս ինչե՞ր են կողքը:

— Նայիր՝ սա օղակաբլիթն է, կողքը՝ փշրանքներն են, իսկ վերևից ճանճեր են թռչում դեպի փշրանքները:

— Պապ, բայց էս գիշերվա կեսին ինչու՞ ես սա նկարել:

— Օղակաբլիթը օդանավակայանն է, փշրանքները մարդիկ են, իսկ ճանճերը՝ ինքնաթիռները:

Թարխանյանն օղակաբլիթների մեծ սիրահար էր: Ամեն անգամ, երբ կինը գործուղման էր մեկնում Մոսկվա, մշտապես ռուսական օղակաբլիթներ էր բերում իր հետ:

Բուբլիկը, կուկուրուզն ու ադիբուդին

1969-ին «Հայպետնախագիծ» ինստիտուտի N5 արվեստանոցի ճարտարապետներ Սպարտակ Խաչիկյանը, Արթուր Թարխանյանը, Լևոն Չերկեզյանը և Ժորժ Շեխլյանը տեղեկացան, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից օդանավակայան կառուցելու համար: Երկու ստեղծագործական խումբ ներկայացնող «Հայպետնախագիծը» հաղթահարեց մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլի ընթացքում մասնագետներից կազմված ժյուրիի անդամներն ընտրեցին չորս ճարտարապետների մշակած շենքի բացառիկ նախագիծը, որը հնարավորություն էր տալիս ապահովել ժամում 2 100 ուղևորի թռիչք: Հետագայում հեղինակներն իրենք փոփոխեցին նախագիծը. «Զվարթնոցի» նախնական ուղիղ ձևը վերածվեց բոլորիս քաջ ծանոթ կլորի:

Օդանավակայանի նախնական ձևը սակայն անհետ չկորավ: Այն չափազանց դուր էր եկել Տալինի ճարտարապետներին և հետագայում նրանց օդանավակայանը կառուցվեց հենց «հայկական տարբերակից» ոգեշնչված: 1980-ականների սկզբին այն արդեն գործում էր Տալինում:

Նախագծի գլխավոր ինժեներն է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր Խաչիկյանը: Նախագծի համահեղինակներն են ճարտարապետներ Ա. Տիգրանյանը, Արթուր Մեսչյանը, կոնստրուկտորներն են Գ. Գևորգյանը, Յու. Խաչատրյանը, Ե. Ինդիշկյանը և Իգոր Ծատուրյանը:

Արդեն 1971-ին ճարտարապետներից և կոնստրուկտորներից կազմված խումբը սկսեց զարգացնել նախագծի տեխնիկական մասը: Հեղինակները մշակեցին համալիրի կարևորագույն սկզբունքները՝ նախագծելով երեք հիմնական կորպուս. երկուսը նախատեսված էին ԽՍՀՄ տարածքում, երրորդը՝ արտասահման թռիչքներ իրականացնելու համար:

Օդանավակայանի կառուցումն իրականացնում էր Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը՝ «Հիդրոէներգոստրոյը»: Միայն նախագծման աշխատանքները տարիներ տևեցին: Դրանք շարունակվում էին նույնիսկ շինարարության աշխատանքներին համընթաց, որոնք իրենց հերթին տևեցին մոտավորապես 5 տարի և գտնվում էին կառավարության և անձամբ Կարեն Դեմիրճյանի հսկողության տակ:

Ի սկզբանե, օդանավակայանը պարզապես անվանում էին Արևմտյան («Западный»): Կառավարության որոշմամբ հետագայում օդանավակայանը ստացավ «Զվարթնոց» անունը, թեև ժողովուրդը հաճախ կոչում էր «բուբլիկ»՝ «օղակաբլիթ»:

Հումորի մեծ զգացում ունեցող ճարտարապետն ինքն էր հորինում իր նախագծած աշխատանքների մականունները: Այդպես նրա թեթև ձեռքով «Զվարթնոցը» ստացավ «օղակաբլիթ» մականունը, երիտասարդական պալատի նախագծի կողքին կրծած եգիպտացորեն էր նկարված (այստեղից էլ՝ «կրծած կուկուռուզ»), իսկ մարզահամերգային համալիրը դարձավ «ադիբուդի»: «Մի անգամ ավտոմեքենայում էինք, երբ մեր կողքով մեծ բեռնատար մեքենա անցավ, — հիշում է Անահիտ Թարխանյանը, — հայրս ասաց՝ «Նայիր, այսպիսին է լինելու «Ռոսիա» կինոթատրոնը՝ «կռազի» կուզովների նման»:

Տիեզերական մոտեցում

Օդանավակայանը նախագծելիս Արթուր Թարխանյանը շեշտը դրել էր հիմնականում երկու կետի վրա՝ սեյսմիկ անվտանգություն և Արարատը «Զվարթնոցի» հետևում: Հենց այդ վիզուալ կերպարից էլ ճարտարապետի մոտ ծնվել է օդանավակայանի արտաքին տեսքի գաղափարը: Բայց կարևորագույն խնդիրն արտաքին տեսքի և գործառնականության համատեղումն էր: Անսահման երևակայության տեր ճարտարապետն ընտրում էր շենքերի միայն այն արտաքինը, որն առավել արդյունավետ էր: «Գեղեցիկ արտաքինով անձնավորության ներքինը նույնպես առողջ է և գեղեցիկ՝ սիրտը, արյունատար անոթները, ներքին օրգանները: Եթե ներաշխարհը կատարյալ չէ, ապա մարդը տգեղ է», — սիրում էր կրկնել Թարխանյանը:

«Զվարթնոցն» առաջին անգամ տեսնողները միշտ նշում են, որ ֆանտաստիկ ֆիլմում գտնվելու տպավորություն են ստանում (ամերիկացի տուրիստները միանգամից հիշատակում են «Աստեղային պատերազմները»): Իսկ 1980-ականներին նկարահանված լեհական մի գիտաֆանտաստիկ ֆիլմում Երևանի օդանավակայանը «մարմնավորեց» հեռավոր մի մոլորակի տիեզերակայան:

Սա զուգադիպություն չէ՝ Թարխանյանը տիեզերքի սիրահար էր: Դեռ մանկուց նա նախագծում ու կառուցում էր տիեզերանավեր և երազում կյանքը նվիրել դրան: Սակայն Հայրենական պատերազմի տարիներին ընտանիքի տղամարդկանց մեծ մասը զոհվեց,  նրան թույլ չտվեցին Մոսկվա մեկնել՝ տիեզերանավերի կոնստրուկտոր դառնալու համար: Եվ Թարխանյանն իր սերը դեպի տիեզերքը սկսեց արտահայտել ճարտարապետության մեջ: Բավական է հիշել միայն «Զվարթնոցի» կենտրոնական աշտարակի գլխի «թռչող ափսեն»:

Ճարտարապետական աղմուկ

Չորս ճարտարապետներից կազմված խումբը 1960-ականներին ամենահայտնի ու հաջողվածներից էր Հայաստանում: Կենտրոնում Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանն էին, որոնց պարբերաբար տարբեր հեղինակներ էին միանում: Օդանավակայանի նախագծի ընթացքում նրանց միացան Ժորժն ու Լևոնը: Հենց այս խմբի անդամների մատն էր խառը այլ հանրահայտ կառույցների նախագծմանը՝ «Ռոսիա» կինոթատրոն, Մարզահամերգային համալիր, Երիտասարդության պալատ: Ոչ բոլորն էին ողջունում խմբի անդամների կողմից մայրաքաղաքում բարձրացրած «ճարտարապետական աղմուկը»: Սակայն հենց նրանց հեղինակած ճարտարապետական հաստատություններն էին արժանանում համամիութենական լուրջ մրցանակների:

Բացի մեկ գաղափարի շուրջ միավորված գործընկերներ լինելուց՝ նրանք նաև մտերիմ ընկերներ էին: Ճարտարապետների հետ անձամբ ծանոթ մարդիկ միանգամից նշում են՝ յուրահատուկ հումորի տեր մարդիկ էին: 1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտում անցկացվում էին ՈՒՀԱ-ի առաջին խաղերը: Չորս ճարտարապետները մշտապես մասնակցում էին դրանց՝ երգում, պարում և առանձնանում յուրահատուկ կատակներով:

Թիմային աշխատանք

Կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանի ընկերներից մեկի քույրն աշխատում էր «Հայպետնախագծում»՝ չորս հայտնի ճարտարապետների խմբի հետ: Վերջինիս առաջարկով Ազիզյանը եկավ ինստիտուտում գտնվող 5-րդ արվեստանոց: Նա օդանավակայանի նախագծի վրա աշխատող 50-ից ավելի մասնագետներից մեկն էր:

«Մեր խնդիրն էր իրականացնել այն ամենը, ինչ պատկերացնում էին ճարտարապետները, — բացատրում է կոնստրուկտորը: — Իսկ նրանք փորձում էին անել ամեն հնարավորն ու անհնարինը շքեղ ճարտարապետական կառույց ստեղծելու համար: Ճարտարապետները բոլոր ստեղծագործ մարդկանց պես վառ անհատականություններ են: Բայց մեր դեպքում չորսն էլ նույն ուղղությամբ էին մտածում: Երբ մեկի մտքում որևէ բան էր ծագում, գալիս, պատմում ու իսկույն մոռանում էր: Մյուսը, ամրագրելով այդ միտքը, հիշում և զարգացնում էր այն: Իսկական թիմային աշխատանք էր, և սխալ է առանձնացնել որևէ մեկի անունը: Հետագայում առանձին-առանձին հարցրեցի նրանց, ով ինչ է արել՝ ոչ մեկը չկարողացավ առանձնացնել ու ասել՝ սա ես եմ արել, մյուսը՝ նա»:

«Զվարթնոց» նոր տերմինալը շահագործման հանձնվեց 1980-ին: Ուղիղ մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ռեկորդ սահմանեց՝ տեղափոխելով 2,5 մլն ուղևոր և 14,3 000 տոննա տնտեսական ապրանք:

Բոնբոներկա

1998-ին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար նախագծերի մրցույթ էր հայտարարվել: Իր նախագծով մասնակցում էր նաև Մհեր Չերկեզյանը: Մհերի նախագծի քննարկման օրը՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ Ազգային ժողովի ոճրագործության հայտնի դեպքը: Կառավարական փոփոխությունների հետ փոփոխվեց նաև նախագծի ընտրությունը: Սակայն Մհերը ևս 600 աշխատակիցների հետ մասնակցեց նոր «Զվարթնոցի» նախագծային աշխատանքներին:

Օդանավակայանի արդիականացման աշխատանքները երկու փուլով ընթացան: Առաջինը տևեց 2002-2004 թթ., երկրորդը՝ 2004-2007 թթ.: Այդ ընթացքում կառուցվեց նոր ուղևորային համալիր: «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի գլխավոր ճարտարապետը արգենտինացի Լուկաս Պերեզ Մոնսալվոն է:

Նրա նախագծած կառույցի առանձնահատկությունը, ըստ նրա, հզոր և ինքնատիպ իմիջն է. «Վստահ եմ, որ այն հնարավոր չէ շփոթել աշխարհի որևէ այլ օդանավակայանի հետ»: Շինարարական աշխատանքներին մասնակցում են 15 տեղական և արտասահմանյան ընկերություններ: Աշխատանքների ավարտից հետո, օդանավակայանը կկարողանա սպասարկել արդեն 3 մլն ուղևոր: Նոր տերմինալի տարածքը կազմելու է 34 000 քմ, որի տանիքը 40 տոկոսով ապակեպատ կլինի: Ի դեպ, տերմինալի դիմային հատվածը ևս ապակեպատ է՝ ձևավորված հայկական դրոշի գույներով: Ի դեպ, ճարտարապետական մականունների սիրահար Արթուր Թարխանյանի իննամյա թոռնիկը՝ Դինան, պապիկից ժառանգել է մականուններ հորինելու հմտությունը և նոր օդանավակայանն անվանել «բոմբոներկա»:

***

1990-ականների մութ ու ցուրտ տարիներին Թարխանյանը երկար ժամանակ հիվանդանոցում էր պառկած և արդեն չէր աշխատում: Պատճառը ոչ միայն առողջությունն էր՝ տարիներ շարունակ Հայաստանում ճարտարապետական ոչ մի լուրջ նախագիծ չէր իրականացվում, երկիրն այդ վիճակում չէր: Այդ ընթացքում շատ արխիվային փաստաթղթեր այրվեցին ու կորան, այդ թվում նաև Թարխանյանի էսքիզներից և գրաֆիկական աշխատանքներից շատերը: Դա մեծ կորուստ էր, անշուշտ, սակայն այսօր վստահ կարող ենք փաստել, որ իր և իր թիմակիցների անունները անմահացել են իրենց կերտած և այսօր կանգուն նշանավոր շինությունների շնորհիվ: Դրանցից ամենավառը, հավանաբար, «Զվարթնոցն» է:

Այս թեմայով