10 Հոկտեմբեր 2014, 20:24
2625 |

Ամենա-ամենա ճոպանուղիները

Աշխարհում մի քանի ճոպանուղի կա, որոնք թույն են տալիս Ա կետից Բ կետը հասնել հաշված րոպեների ընթացքում: Նրանցից ամենաերկարը Հայաստանի «ՏաԹևերն» է: Ճոպանուղու երկարությունը 5.7 կիլոմետր է: Այն իր թևերն է բացել Որոտան գետի հսկա կիրճի վրա:

Ճոպանուղու պաշտոնական բացումը 2010-ին էր: Այն մտավ Գինեսի ռեկորդներդների գրքի մեջ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին: Օդային ճանապարհի հուսալիությունն ու ամրությունը առաջինը փորձեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաև հարևան գյուղերի երեխաները:

Ճոպանուղին միացնում է երկու հայկական գյուղեր՝ Տաթևն ու Հալիձորը: Տաթևի մոտ է գտնվում Հայաստանի հնագույն վանքերից մեկը: Այն ունեցել է մշակութային և պատմական նշանակություն: Տաթևը միջնադարյան Հայաստանի գիտական կարևորագույն կենտրոններից մեկն էր:

14-ր դարի վերջում Տաթևի վանքում բացվում է համալսարան, որտեղ դասավանդում էին ոչ միայն աստվածաբանություն, այլև ֆիզիկա, մաթեմատիկա և ճարտարապետություն: Վանականներից բացի այնտեղ կարելի էր հանդիպել հայտնի երաժիշտների, նկարիչների, փիլիսոփաների ու գրողների:1931-ի ավերիչ երկրաշարժից վանքը մեծ վնասներ կրեց: Այժմ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Տաթևի վանական համալիրում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Բարեգործական ծրագրի նպատակը ոչ միայն վանքի վերակառուցումն ու դարավոր ավանդույթների վերականգնումն է, այլև տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը: Հաշվի առնելով վանքի հեռավորությունն ու դժվար հասանելիությունը՝ ճոպանուղու բացումը տուրիզմի զարգացման համար լուրջ խթան էր: Ընդամենը 11 րոպե է անհրաժեշտ կիրճը կտրելու և Տաթև հասնելու համար:

«ՏաԹևերը», սակայն, աշխարհում միակը չէ իր բացառիկությամբ ու հետաքրքրությամբ: Սինգապուրում կա ևս մի տարօրինակ ապակյա խցիկներով ճոպանուղի, որը զբոսաշրջիկներին հասցնում է մինչև Սենտոզա կղզի:

Թեպետ մինչև կղզի կարելի է և հասարակական տրանսպորտով հասնել, բայց զբոսաշրջիկները ընտրում են ապակյա խցիկները, որոնցից մի քանիսը զարդարված են Swarovski բյուրեղիկներով: Երթուղու բարձր գինը, այնուամենայնիվ, հետ չի պահում նրանց այդ հաճույքը վայելելու գայթակղությունից:

Իսկ ահա էքստրիմի սիրահարներին ավելի շատ գրավում է շվեյցարական ճոպանուղին: Sternensauser-ը գետնից 75 մետր բարձրության վրա է, այն ընդամենը երկու կայանների միջև քաշած մեկ ճոպան է: Խցիկներ չկան, միայն անվտանգության գոտիներ և սաղավարտներ, ուղևորները շարժվում են սեփական մարմնի ծանրության շնորհիվ: Ճանապարհին կարելի է զարգացնել մինչև 90 կմ/ժ արագություն՝ ազատ թռիչի տպավորություն ստեղծելով: Տրանսպորտի՝ ադրենալինով լի այս տեսակը գրավում է էքստրիմի բազմաթիվ սիրահարների և պարզապես համարձակ զբոսաշրջիկների:

Ամենաբարձրադիր ճոպանուղին Հիմալայներում է՝ դահուկային սպորտով սիրահարներ համար նախատեսված հանգստավայրի տարածքում: Այն Գելմարգի գլխավոր տեսարժան վայրն է, երկարությունը 5 կիլոմետր է: 2005-ին ճոպանուղու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր անձամբ Սոնյա Գանդին:

Ոչ բոլորն են, սակայն, էքստրիմ սիրում, շատերը գերադասում են հարմարավետությունն ու զվարճանքները: Հենց հարմարավետության սիրահարների համար Մալայզիայում կառուցվել է ամենաարագ ճոպանուղին, այն իր ուղևորներին տանում է մինչև Գենտինգ՝ խաղատներով, շքեղ հյուրանոցներով ու այլ զվարճություններով հարուստ վայելքների քաղաք, այլ կերպ ասած՝ մալայզիական Լաս Վեգաս: Լավ եղանակին ճոպանուղուց կարելի է նույնիսկ ծառերի վրա թռչկոտող կապիկների տեսնել:

Չինաստանում է աշխարհի ամենագրավիչ ճոպանուղիներից մեկը: Այն տանում է չինական Չժանցզյացզե այգի: Հենց այստեղ է Տյանմեն լեռը՝ «Ավատար» ֆիլմի «թռչող սարերի» նախատիպը: Երկնային դարպասները տուրիստներին ձգող հիմնական խայծն է: Քարանձավ տանող ճոպանուղին անցնում է մեծ բարձրության վրա: Վերելքից ականջները փակվում են, իսկ խցիկներն անցնում են խիտ մառախուղի միջով:

Շատ ճոպանուղիներ կան նաև Ղրիմում: Ամենաերկարը կոչվում է Միսխոր: Այն հայտնի դարձավ առանց կանգառների երկար թռիչքներով և նույնիսկ Գինեսի ռեկորդների գիրք մտավ: Երթուղին ձգվում է 15 րոպե:

Այս տարօրինակ փոխադրամիջոցները ոչ միայն հեշտացնում են մարդու կյանքը, այլև անմոռանալի զգացողություններ պատճառում: Յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ տեղաշարժվել է ճոպանուղով, անպայման ցանկություն է ունենում երկրորդ անգամ էլ օգտվել դրանից:

Այս թեմայով