28 Հոկտեմբեր 2014, 11:53
2146 |

Քաղաքային հայ-թեք

Երևանի և բարձր տեխնոլոգիաների հարաբերությունները բավական ոչ միանշանակ են: Մի կողմից՝ մենք չունենք հնարավորություն, օրինակ, գնելու կինոյի կամ թատրոնի էլեկտրոնային տոմսեր, իսկ մեր թանգարանները դեռ միտք էլ չունեն սեփական մոբայլ հավելվածներ ստեղծելու: Մյուս կողմից՝ հայ-թեքի որոշ տարրեր մեզ մոտ արդեն կան և գործում են հաջողության տարբեր մակարդակով: Մենք գտանք վեցը և համեմատեցինք համաշխարհային փորձի հետ:

Անվճար WiFi
Երևանում
Ինչից ասես կարող ենք բողոքել, բայց ոչ անլար համացանցի հասանելիությունից: Այս տեսանկյունից Երևանը իրավամբ աշխարհի մակարդակով առաջատարներից է՝ հասանելի WiFi կետերն այսօր հաշվելը նույնիսկ անիմաստ է՝ այն կա գրեթե բոլոր սրճարաններում, ռեստորաններում, բարերում ու այլ ժամանցի վայրերում: Ինչպես պնդում են պատմաբանները, առաջին երևանյան WiFi-ը տեղադրվել է Թեքեյան կենտրոնում գտնվող սրճարանում հեռավոր 1999 թվականին: Մասսայականություն, այդուհանդերձ, այս ծառայությունը սկսեց հավաքել մի քանի տարի անց: Ասում են նաև, որ Պրոսպեկտի Yum-Yum Donuts-ում առաջին անգամ անվճար WiFi հայտնվեց: 2010-ականներին, երբ հայաստանյան հեռահաղորդակցական հսկա ընկերությունների թիվը հասավ չորսի, անլար կապը կա գրեթե ամենուր՝ ավտոբուսային կանգառներում, որոշ ավտոբուսներում, մետրոյի կայարաններում, կենդանաբանական այգում, օդանավակայանում, Հյուսիսային պողոտայում, կենտրոնի զբոսայգիներում, Հանրային գրադարանում և այլն:

Աշխարհում
Աշխարհի խոշոր օդանավակայաններից շատերում մինչ օրս WiFi կամ չկա, կամ վճարովի է: Բուն քաղաքներում անլար համացանցը հասանելի է հիմնականում տուրիստական կարևորություն ունեցող վայրերում: Բայց այստեղ էլ լինում են սահմանափակումներ. օրինակ՝ Բոլոնիայում և Միլանում պատմական կենտրոնում WiFi-ը ամեն մարդ կարող է օգտագործել համապատասխանաբար երեք և երկու ժամից ոչ ավելի: Փարիզում անվճար անլար համացանցից կարելի է օգտվել զբոսայգիներում, գրադարաններում, թանգարաններում և այլ հանրային վայրերում, բայց ոչ գիշերվա ժամերին (առավոտվա 7-ից մինչև 23:00-ն) և երկու ժամը մեկ մուտքը թարմացնելով: Մեքսիկական Գվադալախարայում քաղաքապետարանը WiFi է տրամադրում շուրջ 150 հանրային վայրերում՝ զբոսայգիներից մինչև գրադարաններ: Այստեղ էլ, սակայն, կապից կարելի է օգտվել օրվա մեջ երկու ժամից ոչ ավելի:

 

Էլեկտրոնային չվացուցակներ կանգառներում
Երևանում
2013 թվականի փետրվարին հայտարարվեց, որ քաղաքի մարդաշատ կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 100 հատ: Խոստանում էին, որ այս սարքավորումները հնարավորություն կտան ուղևորներին տեղեկանալ ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեների վերաբերյալ, քարտեզի միջոցով տեղեկատվություն հաղորդել ուղևորներին՝ երթուղու ուղեգծի վերաբերյալ և իրական ժամանակում սպասվող ավտոբուսի դիրքը տվյալ երթուղու վրա: Գլխավոր հարցը, որ սկսեց մտատանջել քաղաքացիներին, հետևյալն էր. արդյոք հանրային տրանսպորտը չունի՞ այլ խնդիրներ, ասենք, օրինակ՝ կիսամեռ վիճակում գտնվող երթուղայիններ, որոնք դեռ մի քանի տարի առաջ խոստացել էին ամբողջությամբ փոխարինել ավտոբուսներով: Մյուս կողմից, իհարկե, բարձր տեխնոլոգիաներին մեծ ուշադրությունը չէր կարող չուրախացնել: Աշնանը չվացուցակները (որոնց հետևի մասը օգտագործվում է որպես սովորական գովազդային հարթակ) սկսեցին տեղադրվել: Սարքերի մեծ մասը, ավաղ, տեխնիկապես կաղում էր՝ կամ «պրոֆիլակտիկայի» փուլում են, կամ էլ, ինչպես հայտնում էր էկրանի հաղորդագրությունը՝ unable to connect to the internet: Այդ բացը աստիճանաբար լրացվեց: Մյուս կողմից՝ ավտոբուսների՝ չվացուցակին հետևելու հետ կապված առայժմ կան լուրջ խնդիրներ. միշտ չէ, որ հայտարարված րոպեների քանակը մինչ տրանսպորտի կանգառին հասնելու համապատասխանում է իրականությանը: Բայց ո՞վ ասաց, որ ամեն ինչ միանգամից կդառնա Եվրոպայի պես:

Աշխարհում
Ամերիկայի ու Եվրոպայի ավտոբուսներում և տրամվայներում վաղուց կան էլեկտրոնային ցուցանակներ, որոնց վրա գրվում է հաջորդ կանգառը, որոշ դեպքերում նաև այդ կանգառին հասնելու համար նախատեսված րոպեների քանակը: Իսկ բուն կանգառներում ոչ միշտ կարելի է հանդիպել հայ-թեք սարքավորումներ: Օրինակ՝ Լոնդոնում և Փարիզում կանգառներում կարելի է գտնել սովորական թղթե ցուցանակներ, որտեղ, փոխարենը, ամենայն մանրամասնությամբ թվարկված են տվյալ կանգառով անցնող երթուղիները ու դրանց ժամանման ժամերը, և իհարկե քարտեզ, որի օգնությամբ կարելի է պլանավորել ճանապարհը: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում էլեկտրոնային չվացուցակներ կան, բայց ոչ թե ճոխ LCD-ներ, այլ համեստ LED ցուցանակներ՝ պիքսելավոր դեղին տառեր սև ֆոնի վրա ու վերջ:

Մյուս կողմից՝ լինում են և բոլորովին յուրահատուկ դեպքեր. 2011 թվականին Yahoo!-ն Սան-Ֆրանցիսկոյի քսան ավտոբուսային կանգառներում տեղադրեց 72 դյույմանոց թաչ-սքրին էկրաններ, որոնցում սակայն չկար տեղեկություն երթուղիների մասին. դա պարզապես ավտոբուսին սպասելու ընթացքում ժամանակ անցկացնելու միջոց էր: Ընդ որում, էկրանները միացված էին մեկ ցանցի մեջ և կարելի էր «մենամարտի» հրավիրել մի քանի թաղամաս այն կողմ գտնվող քաղաքացիներին:

 

QR կոդ հուշարձանների վրա
Երևանում
2012 թվականին Երևան ժամանող զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան ավելի արագ ու հեշտ տեղեկություն ստանալու քաղաքի տեսարժան վայրերի մասին (հիմնականում հուշարձանների) շնորհիվ դրանց վրա փակցված QR կոդերի (Quick Response՝ «արագ արձագանք»): Բջջային հեռախոսով կարելի է «կարդացվող» QR-կոդը տանում էր դեպի հատուկ բացված եռալեզու կայքը, որտեղ արդեն կարելի է ծանոթանալ օբյեկտի հակիրճ կենսագրության հետ: Հարկ է նշել, որ ծրագրի սկզբնական փուլում տեղի ունեցավ անհարմար մի դեպք: Հայկական լրատվամիջոցներից մեկի լրագրողներից մեկը մուտքագրեց Հովհաննես Այվազովսկու արձանի մոտ տեղադրված QR-կոդը, հայտնվեց համապատասխան էջում և հայտնաբերեց, որ մեծանուն ծովանկարչի հայրը ոչ ավելի, ոչ պակաս՝ թուրք է: Չստուգված տեղեկատվությունը պարզապես պատճենված էր Վիքիպեդիայի ռուսալեզու հոդվածից: Մի քանի օր անց, բարեբախտաբար, ճշմարտությունը վերականգնվեց: Հիմա երևանյան QR կոդերը սպասարկող կայքը (monuments.yerevan.am) չի աշխատում, հուսանք, որ ժամանակավորապես:

Աշխարհում
«Արագ արձագանքման» կոդը ստեղծվել է դեռ 1990-ականներին, իսկ 2000-ականների սկզբում արդեն դարձավ տարածված գործիք հատկապես զբոսաշրջության ոլորտում: QR կոդեր այսօր կարելի է հանդիպել գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ տուրիստական հոսքեր կան: Որոշ քաղաքներ, սակայն, ավելի յուրահատուկ են մոտենում հարցին: Օրինակ՝ Ամստերդամի իշխանությունները 2009 թվականին մեկնարկ տվեցին քաղաքի ինտերակտիվ ուսումնասիրության ծրագրին, որի համար ամբողջ քաղաքով տեղադրվեց 139 ցուցանակ: Բայց որպեսզի այդ ցուցանակներն իրենք զբոսաշրջիկների համար հետաքրքիր լինեն, դրանք իրականացվեցին կերամիկական սալիկների վրա: Ավելին, ամստերդամյան QR կոդերը ձեռքի աշխատանք են, կատարված Նիդեռլանդների հնագույն ընկերության՝ Koninklijke Tichelaar Makkum-ի վարպետների կողմից:

QR կոդավ ձեռագործ սալիկը Ամստերդամում
QR կոդով ձեռագործ սալիկը Ամստերդամում

Բայց եթե հոլանդական մայրաքաղաքում QR կոդերը փակցված էին օբյեկտին կամ օբյեկտի հարևանությամբ, ապա Ռիո Դե Ժանեյրոյի քաղաքապետարանն ավելի հեռու գնաց և կոդերը լիարժեքորեն ինտեգրեց այն միջավայրերը, որոնց մասին տեղեկություն պետք է տար զբոսաշրջիկներին. սև-սպիտակ պատկերը՝ ընդհանուր առմամբ շուրջ երեսուն տասնյակ, պատրաստվել են սալիկներից և հավաքվել փազլի նման: Առաջինն այդ պատվին արժանացավ հռչակավոր Իպանեմա ծովափը, որի QR կոդն ինքնին տուրիստների ուշադրությանն արժանի օբյեկտ է:

 

«Հին Երևանի անցուդարձը»
«Հին Երևանի անցուդարձը»

Հայ թեքը թանգարաններում
Երևանում
Ասել, որ մեր թանգարանները բարեփոխումների կարիք ունեն, նշանակում է ոչինչ չասել: Հատկապես 21-րդ դարում զարմացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների գրեթե անտեսումը: Այս տեսանկյունից որպես առաջամարտիկ վերջին տարիներին հանդես է գալիս Հովհաննես Թումանյանի թանգարանը: Նախ, 2012 թվականին այստեղ փետրվարի 19-ին՝ պոետի ծննդյան օրը, առաջին անգամ փորձարկեցին «տան տիրոջ» հոլոգրաֆիկ պատկերը. Թումանյանը, այսուհետ, զբոսնում է տան մեջ, ողջունում այցելուներին և ընդհանրապես իրեն շատ ազատ պահում: Մեկ տարի անց նույն թանգարանում բացվեց «Մութ ու Լույս աշխարհ» սրահը, որտեղ փոքրիկ այցելուները կարող են դիտել հինգ րոպեանոց եռաչափ անիմացիոն ֆիլմ՝ «Ձախորդ Փանոսի» հիման վրա: Ըստ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի, այս նորարարություններից հետո այցելուների թիվը եռապատկվել է: Հետագայում սպասվում են նոր եռաչափ ֆիլմեր, ինչպես նաև «Պատրանքների հայելիների» սրահ, որտեղ հայելիների մեջ այցելուները կտեսնեն ոչ միայն իրենց արտացոլանքը, այլև Թումանյանի հեքիաթների հերոսների արտացոլանքը:

Հոլոգրաֆիկ Թումա- նյանը՝ պոետի տուն-թանգարանում
Հոլոգրաֆիկ Թումանյանը՝ պոետի տուն-թանգարանում

Նորագույն տեխնոլոգիաների հետ շփում արձանագրվել է նաև Երևանի պատմության թանգարանում: Այստեղ 2014 թվականի Թանգարանային գիշերվանից (այսինքն մայիսից) սկսած մշտական ցուցադրության մեջ ավելացավ «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ պրոյեկցիան, որի օգնությամբ կենդանություն է ստանում թանգարանի երրորդ հարկում գտնվող՝ 17-19-րդ դարի Երևանի մանրակերտը: Ընդհանուր առմամբ, մի քանի այլ նախագծեր երևանյան թանգարաններում ներկայացվել են տարբեր տարիներին Թանգարանային գիշերվա շրջանակում, սակայն շարունակական, համակարգված բնույթ դրանք առայժմ, ցավոք, դեռ չեն կրում:

Դինոզավրները կենդա- նանում են «լրացվող իրականության» տեխ- նոլոգիայի շնորհիվ
Դինոզավրները կենդանանում են «լրացվող իրականության» տեխնոլոգիայի շնորհիվ

Աշխարհում
Աշխարհի խոշորագույն թանգարաններն այսօր օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները այցելուների հետ շփումն առավել ինտերակտիվ դարձնելու համար: Մի քանի տարի առաջ, օրինակ, Լոս Անջելեսի Հոլոքոսթի թանգարանում տեղադրվեց «Աշխարհը, որը կար» համակարգչային թաչ-սքրին սեղանը, որի շուրջ կարող է միաժամանակ 15-20 հոգի հավաքվել և ուսումնասիրել վերջինիս վիրտուալ բովանդակությունը: Երբ այցելուն մատով դիպչում է հրեա ընտանիքի լուսանկարին, էկրանին հայտնվում են այլ լուսանկարներ և տեքստեր, որոնցով լրացվում է Հոլոքոսթից առաջ հրեական համայնքի առօրյա կյանքի մասին պատկերը: Սեղանի հարևանությամբ կան նաև բազմաթիվ ինդիվիդուալ աուդիո-վիզուալ ուղեցույց-էկրաններ՝ նույնպես թաչ-սքրինով օժտված:

Ինտերակտիվ սեղանը Լոս Անջելեսի Հոլոքոսթի թանգարանում
Ինտերակտիվ սեղանը Լոս Անջելեսի Հոլոքոսթի թանգարանում

Ամերիկյան Սմիթսոնիան թանգարան գնալիս այցելուները կարող են օգտվել տասնյակ կայքերից և մոբայլ հավելվածներից: Վերջիններս, փաստորեն, լայնածավալ աուդիովիզուալ ուղեցույցներ են, որոնց շնորհիվ կարելի է իմանալ նմուշի մասին շատ ավելին, քան գրված է կողքի ցուցանակին: Որոշ նմուշների դեպքում աշխատում է նույնիսկ augmented reality՝ «լրացվող իրականություն» ֆունկցիա ունեցող հավելված: Սա, ի դեպ, հիմա ամենազարգացող գործիքներից մեկն է, որը ոչ շատ հեռավոր ապագայում, հավանաբար, հնարավոր կլինի հանդիպել հնության և փլատակների հետ կապված բոլոր թանգարաններում և, ընդհանրապես, տեսարժան վայրերում: Հիանալի կերպով այն երկու տարի առաջ օգտագործել է կանադական Օնտարիոյի թագավորական թանգարանը. Ultimate Dinosaurs ցուցահանդեսի ժամանակ սմարթֆոնների և պլանշետների մեջ բեռնած հավելվածի, ինչպես նաև թանգարանում տեղադրված էկրանների շնորհիվ կենդանություն էին առնում 65 միլիոն տարի առաջ մահկանացուն կնքած դինոզավրների կմախքները: Ծավալուն հավելված-ուղեցույցներ՝ ցուցասրահների պլանով, ցուցահանդեսների ու նմուշների մասին տեղեկություններով, նույնիսկ խաղերով, ունեն Նյու Յորքի Museum of Modern Art-ն ու Guggenheim-ը, փարիզյան «Լուվրը», Ֆլորենցիայի Ufizzi-ն և մնացած բոլոր իրենց հարգող թանգարանները: Ինչո՞ւ նման բան չունի, օրինակ, մեր Ազգային պատկերասրահը կամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ բաց հարց է:

 

 

Առօրյա կյանքը հեշտացնող հավելվածներ
Երևանում
Չնայած վերջին տարիներին մոբայլ շուկայի լուրջ աճին, Հայաստանում դեռ քիչ են այն հավելվածները, որոնք օգնում են մարդկանց քաղաքում առօրյան անցկացնելու համար: Ընդ որում, սա այն ճյուղն է, որտեղ պասիվ են և՛ մասնավոր սեկտորը, և՛ իշխանությունները, որոնք կարող էին, օրինակ, ստեղծել Երևանի մոբայլ ուղեցույց՝ զբոսաշրջիկների կյանքը հեշտացնելու համար: Որոշակի աշխուժություն մտցրեց 2011-ի կազմակերպված «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» նորարարական գաղափարների և ծրագրավորման մրցույթ, որի նպատակը հենց քաղաքային հավելվածների ստեղծումն էր: Հաղթող ծրագրերի թվում էր, օրինակ, Annoisy նախագիծը, որն իրենցից ներկայացնում էր Երևանի առցանց քարտեզը, որի վրա օգտատերերը նշում են քաղաքում աղմուկի զանազան տեսակների (բարձր երաժշտություն, տրանսպորտային, շինարարական և այլն) աղբյուրները: Annoisy-ն, սակայն, զարգացում չստացավ և այժմ պասիվ վիճակում է: Փոխարենը հայտնվեց մեկ այլ հավելված, որի նպատակը Երևանում խնդիրների արծարծումն է՝ City Bugs-ը: Նախագիծը նախ օգտատերերի մեծ բանակ հավաքեց, որոնք սկսեցին ակտիվ լուսանկարել և հավելվածի քարտեզում տեղադրել իրենց հուզող զանազան խնդիրները (վատ վիճակում գտնվող ճանապարհ, վաղուց չմաքրված աղբանոց և այլն), շատ չանցած City Bugs-ը սկսեց համագործակցել քաղաքապետարանի հետ, փոխանցելով վերջինիս մարդկանց հուզող խնդիրները և որոշ դեպքերում հասնելով դրանց լուծմանը, իսկ հետո նույնիսկ անցավ Երևանի սահմանները և այժմ գործում է նաև Գյումրու, Վանաձորի, Արմավիրի, Ստեփանակերտի և, այո, կանադական Տորոնտոյի համար: Հատկապես նոր Երևան տեղափոխված մարդկանց համար օգտակար հավելված է Yerevan Routs-ը՝ հանրային տրանսպորտի գծերի մասին եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) տեղեկատվությամբ:

Մոտավորապես նույն գործառույթն է կրում Yerevan Public Transport-ը, այն տարբերությամբ, որ միայն հայերեն լեզվով է: Հաճախակի «ո՞րտեղից փող հանեմ» հարցով տարվողներին չի խանգարի Yerevan ATM հավելվածը, որի միջոցով կարելի է գտնել մայրաքաղաքի բանկոմատները: «Կարմիր գծերի» հետ գործ ունեցողների համար էլ կա Yerevan City Parking հավելվածը, որը, ինչպես հատուկ նշում են հեղինակները, չի ստեղծվել կամ հաստատվել «Parking City Service» ՍՊԸ-ի կողմից: Շարունակելով տրանսպորտային թեման նշենք, որ հիմա կա նաև միանգամից երկու հավելված՝ առցանց, առանց զանգահարելու տաքսի պատվիրելու համար՝ Taxoline և GG Taxi: Իսկ շոփինգի սիրահարների համար նույնպես երկու նախագիծ, որոնք օգնում են տեղյակ լինել զեղչերից՝ My Sales և 365 Sales:

Աշխարհում
Մոբայլ սարքավորումների համար նախատեսված հավելվածները շատ վաղուց մեծ քաղաքների կյանքի անբաժանելի մասն են: Դրանք օգտակար են ոչ միայն եկվորների համար (այստեղ առաջատար հսկաներ են ուտել-խմելու- ժամանցի վայրեր գտնելու Yelp-ը, Foursquare-ը, Trip Advisor-ը, հարմար կացարան գտնելու AirBnB-ն), այլև տեղացիների համար: Չիկագոյի բնակիչները, օրինակ, ունեն հավելվածներ իրենց քաղաքում հեշտ ու արագ հոթ-դոգ մատուցող նստավայր գտնելու կամ սեփական արտադրության բանջարեղեն վաճառող ֆերմերների հետ կապ հաստատելու համար: Շատ հեռու չգնալու համար նաև հայացք նետենք հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի: Այստեղ քաղաքապետարանը մշակել և թողարկել է ծավալուն հավելված՝ Tbilisi Loves You, որտեղ քաղաքի այցելուները կարող են իմանալ ամեն անհրաժեշտ բան: Անվերջ չշարունակելու համար միայն ավելացնենք, որ մոբայլ տարածությունն այնքան անսահման հնարավորություններ է տալիս, որ հետաքրքիր հավելված ստեղծելու և քաղաքային կյանքը մի փոքր հեշտացնելու համար բոլորովին անհրաժեշտ չէ ապրել Նյու Յորքում կամ Փարիզում: Այնպես որ, սպասում ենք նոր երևանյան ափփերի:

 

Ինտերակտիվ ցուցանակներ զբոսաշրջիկների համար
Երևանում
2014 թվականի ամռանը կենտրոնում՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրվեց ինտերակտիվ տեղեկատվական ցուցատախտակ՝ առաջինը մայրաքաղաքում: Եռալեզու տեղեկատվական էկրանի միջոցով անցորդները (ենադրվում է, որ այն հարմար է ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացիների համար) հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի մշակութային օջախներին, ժամանցային վայրերին, երթուղային ցանցին և ստանալ մայրաքաղաքին վերաբերող այլ տեղեկություններ: Քանի որ ցուցատախտակի տեղադրումը իրականացրել է քաղաքապետարանը, օգտվողները հնարավորություն կունենան մուտք գործելու քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայք և առցանց հետևելու կայքում տեղադրված տեղեկատվությանը (ինչ իմանաս, գուցե ցանկացողներ իսկապես լինեն): Հետագայում պլանավորվում է Երևանի այլ վայրերում ևս նմանատիպ ինտերակտիվ ցուցատախտակներ տեղադրել: Մյուս կողմից, չի կարելի չնշել, որ վերջին մի քանի տարիներին Երևանի համար թերևս լրիվ սովորական են դարձել հարյուրավոր ինտերակտիվ տերմինալները, որոնց միջոցով կարելի է զանազան վճարումներ կատարել՝ կոմունալից մինչև հիփոթեքային: Շնորհակալություն մասնավոր սեկտորին, որ ազատեց մարդկանց բանկերում, փոստային բաժանմունքներում ու բջջային օպերատորների գրասենյակներում երկար ու նյարդասպան հերթերից:

Աշխարհում
Չի կարելի ասել, թե աշխարհի բոլոր զարգացած քաղաքները վաղուց անցել են զանազան թաչ-սքրին սարքավորումների հանրային վայրերում. Նյու Յորքը, օրինակ, մինչև հիմա հայտնի է իր մանրամասն և հարմար նախագծած տպագիր քարտեզ-ուղեցույցներով, որոնք կարելի է հանդիպել հանրային վայրերում և ինտերակտիվի անցնել դեռ չի պատրաստվում (թեև նյույորքյան մետրոյում անցյալ տարվանից կարելի է հանդիպել ինտերակտիվ չվացուցակներ): Այդուհանդերձ, ոլորտն աստիճանաբար զարգանում է: Մասնավորապես, իտալական Միլանում քաղաքապետարանն անցյալ տարի տեղադրել է տերմինալներ, որոնցից անցորդները կարող են ճշտել տրանսպորտի չվացուցակը, ստանալ եղանակի մասին տեղեկություններ, ճշտել բանկոմատների գտնվելու վայրերը և այլն: Լեհական Գդանսկում ինտերակտիվ ցուցանակները շատ ավելի զբոսաշրջային ուղղվածություն ունեն և թույլ են տալիս քաղաքի հյուրերին հեշտորեն գտնել տեսարժան վայրերը: 

Անգլիական մի քանի քաղաքներում (Լոնդոն, Նյուքասլ, Սուոնսի և այլն) դեռ 2006-2007 թվականներին տեղադրվել էին այն ժամանակվա համար խիստ նորարար և օգտակար iplus տեղեկատվական տերմինալները: Փողոցներում տեղադրված այս սարքավորումներով անցորդները կարող էին ստուգել էլեկտրոնային փոստը, տեղեկանալ վերջին նորություններից, ճշտել, թե ինչ կա անելու քաղաքում և աշխատանք փնտրել և այլն: Բացի այդ, տերմինալները 300 մետր շառավղով WiFi կապ էին տարածում: Այսօր՝ սմարթֆոնների և 3G կապի առկայության պայմաններում, այս ամենը մի փոքր ժամանակավրեպ է նայվում, բայց դեռ գործում է, նույնիսկ Լոնդոնում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

Այս թեմայով