22 Հոկտեմբեր 2014, 17:57
5539 |

Դիլիջանի թռչող ջայլամները

Դիլիջանում բացվել է «Թռչող ջայլամ» անունը կրող նոր ռեստորան: Յուրահատուկ անվանման հեղինակները «Դոլմամա» ռեստորանից երևանցիներին հայտնի Ժիրայր Ավանյանն է ու նրա գործընկերները, իսկ դա նշանակում է, որ բացի տարբերվող անունից, այցելուներին սպասում է առանձնահատուկ խոհանոց, բացառիկ ինտերյեր ու անկրկնելի միջավայր: Իմանալու համար, թե ի վերջո ինչ յուրօրինակ մոտեցումներ են կիրառել հեղինակները, որոշեցինք ճանապարհ ընկնել դեպի Դիլիջան:

Շինության հարևանությամբ մեծ բակ է, այն գտնվում է Աղստև գետի ափին, հաճախորդներին ներս են ուղեկցում մեծ փայտե դարպասները: Իրականում ռեստորանի շենքը երկար ճամանակ որպես պահեստ է ծառայել: Միանգամից հիշեցի Դա Վինչիի հայտնի արտահայտությունը. «Ես վերցնում եմ մարմարի մի կտոր ու այն ձերբազատում ավելորդություններից»:

Մի բառով դժվար է նկարագրել Ջայլամի ինտերյերը՝ մինիմալիստական ոճ, առանց ավելորդությունների: Դահլիճում, որը մինչև հարյուր հյուր ընդունելու հնարավորություն ունի, ընդամենը մի քանի նկար է կախված: Պատին Մեծ Բրիտանիայի դրոշն է, որն իրականում շատ համահունչ է ընդհանուր միջավայրի հետ: 

Մինչ մենք վայելում էինք սուրճը, մեզ միացավ Ժիրայր Ավանյանը: Ողջունելուց հետո սկսեց միանգամից ոգևորված պատմել իր նոր ստեղծագործության մասին:

- Ես, որպես անհատ, ձևավորվել եմ վաթսունականներին՝ բրիտանական ռոքի ու ռոքնռոլի ժամանակաշրջանում, այս դրոշն էլ յուրատեսակ հարգանքի տուրք է այդ ժամանակներին:

Սկզբում ռեստորանը մտադիր էին անվանել հենց «Վաթսունականներ», բայց հետո որոշեցին ավելի օրիգինալ, հումորային տարբերակ մտածել: Ստիպել թռչել այն, ինչն իրականում չի կարող, սա է այն իմաստը, որը Ժիրայրն ուզում էր փոխանցել անվան այս տարբերակով: Մոտավորապես, այնպես, ինչպես անվանի ռոք երաժիշները անվանեցին արդեն լեգենդար խումբը՝ Led Zeppelin՝ «Կապարե դիրիժաբլ»:

Մեկ այլ հետաքրքիր իլյուստրացիա էլ կա ռեստորանում, որը կոչվում է «Ոտից գլուխ»: Այստեղ փակցված են Ժիրայրի կոշիկներն ու գլխարկը: Սա խորհրդանշում է այն, որ նա օր ու գիշեր աշխատել է Թռչող ջայլամին թևեր տալու՝ ստեղծելու վրա:

Մյուս պատին էլ կարելի տեսնել գյուղատնտեսական տարբեր գործիքներ.

- Քանի որ այստեղ նախկինում պահես էր, ես օգտագործել եմ այն ամենը, ինչ մնացել էր այդտեղից: Սիրում եմ ամեն  ինչ քանդել ու զրոյից սկսել, նույն կերպ էլ այստեղ եմ վարվել, դա վերաբերում է նաև ամբարի մեծ դռներին, որոնք, ի զարմանս մեզ, ավելի հեշտ էին բացվում, քան Երևանի շատ հաստատությունների դռներ: Հին իրերից մնացել է այն ամենը, ինչը համահունչ էր ու դիզայներական լավագույն լուծումը կարելի է համարել: 

Ժիրայրը նաև ինտերյերի դիզայնի հեղինակն է:

- Ներդրել եմ այս ոլորտում իմ հավաքած մոտ քսան տարվա փորձը: Համոզված եմ, որ պետք է վստահել սեփական ճաշակին: Սկզբում ինձ պատկերացրեցի որպես «Ջայլամի» այցելուներից մեկը, ինչպիսին այն պետք է լինի, որ ինձ հարմարավետ զգամ: Այդ սկզբունքով էլ անցանք գործի: 

Հետաքրքիրն այն է, որ ճաշացանկն ամբողջությամբ համահունչ է ինտերյերի հետ՝ այստեղ էլ գերակշռում է մինիմալիզմը: Երկու-երեք խորոված՝ խոզի և ջայլամի: Վերջինս հազվադեպ կարելի է հանդիպել հայկական ռեստորաններում: Ի դեպ, ջայլամները տեղական են, բուծում են հայկական ֆերմաներում: Մոտալուտ ցրտերի դեմ պայքարելու համար էլ Ժիրայրը հյուրերին խորհուրդ է տալիս անպայման փորձել ապուրներն ու, իհարկե, անկրկնելի խաշլաման, իսկ Երևանի քույր ռեստորանից այստեղ միայն կարելի է գտնել «Դոլմամա» հայկական ուտեստը: 

Գները «Թռչող ջայլամում» անհամեմատ ավելի մատչելի են, քան «Դոլմամայում» ու մի քիչ բարձր, քան Դիլիջանի որոշ տեղերում:

- Մեր մենյուն կենդանի օրգանիզմ կարծես լինի: Որոշ ճաշատեսակներ մնում են երկար, իսկ որոշներն էլ՝ մեկ շաբաթից ոչ ավելի:

Դիլիջանում կյանքը կամաց-կամաց ակտիվանում է: Քաղաքի զարգացման հիմնադրամը Դիլիջանի բարեկարգման ակտիվ աշխատանքներ է տանում, վերջերս այստեղ բացվել է նաև UWC Dilijan միջազգային դպրոցը: Այստեղ է տեղափոխվել նաև երկրի ֆինանսական ամենամեծ պատասխանատվությունն իր ուսերին կրող օղակներից մեկը՝ Հայաստանի Կենտրոնական բանկը: Այս ֆոնին էլ «Թռչող ջայլամը» դառնում է նոր Դիլիջանի առանձնահատկություններից մեկը՝ ապահովելով զարգացող քաղաքի համն ու հոտը: 

Այս թեմայով