06 Հոկտեմբեր 2014, 11:19
843 |

Ռոբոտահայաստան

Հոկտեմբերի 3-5-ը անցկացվեց հոբելյանական 10-րդ DigiTec Expo 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսը: Խորհրդային առաջին համակարգիչը ստեղծողներից մինչև 5-րդ դասարանցի աշակերտներ հավաքվել էին Հայաստանի տնտեսության, իրենց համոզմամբ, ամենաարագ զարգացող ու շահութաբեր ճյուղի ձեռքբերումները ցուցադրելու, նոր պլաններ կազմելու ու վերջապես հպարտանալու համար: Մեր մեջ ասած` հպարտանալու տեղ իրոք կա: Հանրապետության առաջին դեմքը ժպիտով տեղ տվեց Վեդեցի դպրոցականների պատրաստած Ժուժու ռոբոտին ու ցուցահանդեսի կարմիր ժապավենը կտրելը նրան փոխանցեց:




DigiTec Expo 2014-ի առաջին հարկը դպրոցական միջանցք հիշեցրեց, մեր դպրոցներում աշակերտների հետ կողք կողքի ռոբոտներ դեռ չեն վազվզում, ինչպես այստեղ,բայց մի քանի տարի հետո անհավանական թվացողն արդեն իրականություն կդառնա:

Մրջնանոցի առաջին հարկը
Մրջնանոցի առաջին հարկը

Իրար գլխի էին հավաքվել ՀՀ մարզերի 50 դպրոցների ռոբոտաշինության խմբակների աշակերտները, դասագրքերի փոխարեն պայուսակներում բերել էին իրենց պատրաստած ռոբոտներն ու կայացած գիտնականների նման պատմում էին հետագա պլանների, գիտության զարգացման ու Հայաստանի գիտությունը առաջ տանելու մասին:



Պոլիտեխնիկի ավագ դպրոց
Պոլիտեխնիկի ավագ դպրոց

Ամբողջ աշխարհում ու Հայաստանում կիրառվող արևային մարտկոցները փոշոտվում ու մի քանի տարի հետո նվազեցնում էներգատվությունը: Պոլիտեխնիկցիները մտածել ու գտել են բարդ թվացող խնդրի հեշտ լուծումը:

Տանիքներին տեղադրված արևային վահանակները մաքրող ռոբոտ են ստեղծել, մնում է այն բարձրացնել շենքի կտուր ու հետևել նեո-հավաքարարի աշխատանքին: Սարքը հաշվարկում է անկյան թեքությունը, մաքրվող մակերեսն ու անցնում գործի: Ավագ դպրոցի աշակերտները ռազմական ոլորտն էլ ուշադրությունից բաց չեն թողել, իրական հակառակորդի կրակակետերը գտնող ու ոչնչացնող զենք են նախագծել, պատրաստ կլինի' ցույց կտանք, հիմա ոչ մի խոսք' ռազմական գաղտնիք է: 



Սիսիանի ավագ դպրոց (photo-կոլաժ jpg col-1)

Ամենահարուստ ցուցասեղաններից մեկն է:
Սիսիանի ավագ դպրոց: 

Ամենահարուստ ցուցասեղաններից մեկն է:

Միանգամից 4 նմուշ են բերել սիսիանցիները'ռոբոտ-հետախույզ, մեքենայի պես կայանող, քայլող ու նույնիսկ շուն-ռոբոտ: Ավագ դպրոցի խմբակը գործում է 3 տարի, այս նմուշներից ամեն մեկի վրա մեկ օրից էլ քիչ ժամանակ են ծախսել, առանց ամաչելու ասում են' հեչ էլ դժվար չէր, մանկական խաղալիքներ են: Պատանիները հիմա մտածում են արդեն եղած նմուշները կատարելագործելու ու դրանց գործնական կիրառություն տալու մասին, ընդմիշտ լաբորատորիայում մնալը գիտնականին չի սազում:



Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտ
Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտ

Մեծ միջոցառումների ու բացօթյա համերգների ժամանակ ամեն մեկի դիմաց մի աղբարկղ չես կարող դնել, բայց սարի ու Մուհամեդի մասին հայտնի ասացվածքը տեխնոլոգիական լուծում է ստացել:

Գյումրեցի ուսանողները աղբարկղ-ռոբոտ են նախագծել ու պատրաստել, հատուկ ալարկոտների ու աղբամաներից հեռու գտնվողների համար: Ռոբոտը շրջում է տարածքով, ու սքաների միջոցով գտնում աղբը ձեռքին սպասողներին: Նաև ավտոմատ բացում է կափարիչն ու ձեռքերը շարժում:



Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարան (jpg. col-2)

Մեկը՝ գծին հետևող, մյուսն էլ փախչող ռոբոտ է:
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարան: Մեկը՝ գծին հետևող, մյուսն էլ փախչող ռոբոտ է:

Հիմա դեռ փորձնական, լաբորատոր փուլում են: Մի քիչ աշխատանք ու սովորական, պարզ առաջադրանք կատարող ռոբոտները կարող են վերածվել ռազմական հետախույզների ու խիստ կարևոր տեղեկություններ բերել հակառակորդի թիկունքից, նկարահանել ամեն ինչ'աննկատ մնալով բոլորի աչքից: 



ՏՏ-ն տարիք չի հարցնում. ամենափոքր մասնակիցը (AEM_9280, 9273)

10-ամյա Մհեր Սարիբեկյանը ճիշտ Digitec-ի տարիքին է:
ՏՏ-ն տարիք չի հարցնում. ամենափոքր մասնակիցը 

10-ամյա Մհեր Սարիբեկյանը ճիշտ Digitec-ի տարիքին է:

Տարրական դպրոցից տարվել է ռոբոտներով ու մուլտֆիլմերում տեսած ռոբոտ-հերոսներին սեփական ձեռքերով տեղափոխել իրական աշխարհ: Այս տարվա Expo-ին իր պատրաստած տպիչ-ռոբոտն էր բերել, սպիտակ թղթի վրա գրիչվ գծում-նկարում է այն, ինչ նախորոք ներդրված է ծրագրում: 



Ապագայի, զարգացման ու տեխնոլոգիական Հայաստանի կառուցման մասին

Հայկ Չոբանյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնօրեն
Ապագայի, զարգացման ու տեխնոլոգիական Հայաստանի կառուցման մասին

Հայկ Չոբանյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնօրեն

Տեղեկատվական տեխնոլոգիաներում մոտ ապագայում մեծ հաջողությունների հասնելու համար ռազմավարական բարդ ծրագրեր մշակել ու գլուխ ջարդել պետք չէ: Հայկ Չոբանյանի խոսքով' հարկավոր է ուղղակի ներդրում կատարել կրթության ոլորտում դպրոցական տարիքից: Կարճ ժամանակում շահույթ չի բերելու, բայց տարիների անց իներցիայի ուժով ոլորտը առաջ է գնալու: Հիմա Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում 50 դպրոցներում ռոբոտաշինության խմբակներ են բացել, յուրաքանչյուրը՝ մոտ 10 աշակերտով:

Դրական միտումն արդեն կա, Synopsis Armenia համաշխարհային կազմակերպության 700 ծրագրավորողները կատարում են միջազգային Synonpsis-ի աշխատանքների 10 տոկոսը: Տարեկան 22 տոկոս աճը ԻՏՁՄ-ին չի բավարարում, չի բավարարում նաև տարածաշրջանում առաջատարի դիրքը: Ժամանակակից աշխարհում ՏՏ-ն տասնյակ անգամներ ավելի արագ է աճում, բայց բերած եկամուտն արդեն շոշափելի է, մնում է ավելացնել խմբակների թիվն ու հիշել խորհրդային տեխնո-դրայվի տարիները, երբ «Մերգելյանի» հաջողությունների մասին ամբողջ ԽՍՀՄ-ն էր խոսում:

 

Այս թեմայով