Կոշիկների «բժիշկը»

Եթե Գեղարվեստի ակադեմիայի կողքով անցնելիս սոսնձի հոտ առնեք կամ մուրճի հարվածներ լսեք, ուրեմն վարպետ Սերոժը ինչ-որ մեկի կոշիկներն է «վիրահատում»: Նա թաղին է հարմարվել, թաղն էլ` նրան: Անունն էլ թաղեցիներն են կրճատել:

Փաստորեն, դուք եք այս մաշված կոշիկների «պլաստիկ վիրաբույժը»:

- Ես ինձ ինչքա~ն հիշում եմ` կոշկակար եմ: Հաստատ 30 տարուց ավելի կլինի՝ էս արհեստով եմ զբաղված:

Ճի՞շտ է, որ արհեստավորը մինչև կեսօր է սոված:

- Շատ ճիշտ է: Ոնց էլ չլինի, մինչև կեսօր Աստված մի դուռ բացում է: Չեմ դժգոհում: Օրվա հացի փողն ու ճուտիկներիս բաժինը հասցնում եմ. ճուտիկները թոռներս են:

Ընկերոջ հինը, կոշիկի նո՞րը:

- Իհարկե: Էսօր նոր կոշիկն ավելի էժան է, քան նորոգածը: 2000-3000 դրամով մարդիկ կարող են նոր կոշիկ գնել, էլ ինչի հինը նորոգեն: Բայց դե, դրանք կոշիկ չեն, չինական հիմար բաներ են:

Կոշկակարն առանց կոշիկի՞:

- Այո: Ինքս ինձ համար կոշիկ չեմ գնում: Տղաս է գնում: Իսկ իմ կոշիկները նորոգելու համար կամ ժամանակ, կամ էլ հավես չեմ ունենում:

Որն է վերջին տպավորիչ դեպքը:

- Մի օր մեկը հարբած ներս մտավ: Ոտքի վրա չէր կանգնում: Կոշիկը պոկվել էր, պետք է սոսնձվեր: Ես էլ վերցրեցի ամբողջը պոկեցի, որ նորից կպցնեմ: Մոռացա, որ մարդը բոբիկ է ու ասեցի՝ վաղը կգաս, կտանես: Բայց դե ո՞նց գնար էս խեղճ մարդը: Սկսեցինք ծիծաղել: Մարդը բոբիկ մնաց նստած, մինչև կոշիկը կպցրեցի:

Կարեն Ջանիբեկյանի հետ ի՞նչ առիթով եք նկարվել:

- Ջանիբեկյանի հետ նկարվելու օրը թոռնիկ էի ունեցել: Ընկերոջս հետ արհեստանոցումս նստած աչքալուսանք էինք խմում: Քեֆներս լավ էր, մեկ էլ տեսանք Ջանիբեկյանն է անցնում: Ներս հրավիրեցինք` մի բաժակ աչքալուսանքի, հետո էլ միասին նկարվեցինք: Շատ լավ օր էր: Մազմանյանն էլ է իմ արհեստանոցում հաճախ լինում: Իմ արած գործը շատ է հավանում:

Ձեր արհեստանոցն ավելի շատ արվեստանոցի է նման: Գեղարվեստի ակադեմիայի հետ կարգին հարևանություն եք անում, ինչպես տեսնում եմ:

- Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներն են էս նկարները նվիրել ինձ, ես էլ կախել եմ պատերից: Նրանք ինձ շատ են սիրում, առանց գումարի նվիրում են իրենց նկարները: Ես էլ սիրով ընդունում եմ ու չնայած տարածքը փոքր է, բայց բոլորի նկարների համար էլ տեղ կգտնվի, մարդու մտքին տեղ լինի: Պատերից կախված մանր-մունր բաներից ամեն մեկը մի թանկ հուշ է, մի առանձին պատմություն ունի: Արհեստանոցում շատ նվերներ ունեմ, նույնիսկ Ամերիկայից ուղարկած կոշիկներ:

Հեռուստացույցով ի՞նչ եք նայում:

- Հեռուստացույցով չեմ նայում, հայելիով եմ նայում: Հեռուստացույցը մեջքիս հետևում է, հայելին դրել եմ հեռուստացույցի դիմացն ու հայելու միջով եմ նայում, որովհետև տեղս նեղ է, չեմ կարողանում շրջվել: Ինչ ցույց են տալիս, էն էլ նայում եմ` համերգ, լրաբեր, կինո…

 Վարպետ Սերոժ, ձեզ գոնե մի քիչ Աբու Հասան զգո՞ւմ եք:

- Աբու Հասա~ն, մաշիկներդ վրա հասա~ն… Միշտ հին ու մաշված կոշիկների մեջ եմ: Աբու Հասանը չեմ, բա ո՞վ եմ:

Այս թեմայով
Թեմայի քննարկում
ԻՄԽՈՀ
Մատյան լրագրության. կոստյո՞ւմն է, որ կզարդարի քեզ

Շվարած շուրջբոլորս էի նայում ու դեռ չէի էլ պատկերացնում՝ ինչ ղալաթ եմ ուտում լրագրություն խաղալով:

ԻՄԽՈՀ
Ջորջ Օրուել. «1984» կամ «Եվրոպայի վերջին մարդը»

Մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից: