26 Սեպտեմբեր 2014, 08:49
3396 |

Երևանի գիշերային կյանքը

Ո՞ւր գնալ երեկոյան, որտե՞ղ ի՞նչ մթնոլորտ ու ի՞նչ տրամադրություններ են իշխում։ Իհարկե, սուբյեկտիվ, բայց մաքսիմալ տեղեկացված քլաբերը՝ քաղաքային բոմոնդի ու անդրքաղաքային կյանքի մասին։ Հոդվածում ներկայացված փաստերը հեղինակի սեփական անհամեստ-համեստ կարծիքն են արտահայտում, օբյեկտիվ դատողությունների շարքից չեն: Ոչ պարտադիր են, ոչ պարտադրված:

Կարմիր լապտերների փողոցը Ամստերդամում, Walking street-ը Պատտայայում, Բուրբոն սթրիթը՝ Նոր Օռլեանում, իսկ Երևանում գիշերային կյանքը հիմնականում տեղավորվել է Ղազար Փարպեցու ու Պուշկինի փողոցների վրա: Նրանցից մեկը հայ պատմիչ է, մյուսը՝ ռուս գրող՝ աֆրիկական արմատներով: Թվում է՝ Երևանի գիշերային կյանքը պետք է լիներ նույնքան բազմազան ու ստերեո: Բայց մենք մոնո հասարակություն ենք՝ ոչ ստերեո գիշերային կյանքով: Միևնույն ժամանակ Երևանում անընդհատ մի նոր փաբ է բացվում: Բացվում-փակվում, մեծ ու փոքր, մութ ու լուսավոր, խոնավ ու անօդ: Ու նույնիսկ այս բազմազանության մեջ ընտրությունը քիչ է, որովհետև մեծ հաշվով ընտրողներն էլ են քիչ: Յուրաքանչյուր ակումբ ու փաբ ունի իր nightrider-ների բանակը, որոնք մեծ հաշվով նաև մնացյալ բոլորի այցելուներն են:


Սկսենք ամենահներից ու արդեն ավանդական դարձածներից՝ Irish pub 26 (հին Irish pub): Այն բացվում է 21:00-ին, չնայած ժամը 20:00-ին էլ եթե մտնեք, արդեն դուռը բաց կլինի: Ճիշտ է, ներսում դժվար ինչ-որ մեկին գտնեք: Ամեն ինչ՝ ինչպես իռլանդական փաբում՝ մութ, խիտ, աղմկոտ, ոչ թե մարդկանց մեծ քանակության, այլ երաժշտության որակի պատճառով: Մենյուն ստանդարտ է՝ գարեջրից մինչև ամենաթունդ խմիչքներ՝ միջին գներով: Կան նաև խմիչքների համար ուտեստային աքսեսուարներ, եթե սոված եք՝ տոստեր կառաջարկեն: Երաժշտությունը կհավանեք, եթե ռոքի սիրահար եք: Ռետրո, բայց արդեն դասական դարձածներին կարող եք լսել՝ մոնո աղմուկով ու դիտել խավար էկրանի վրա: Տեղադրված են վճարովի ֆութփուլեր: Այցելուները տարբեր են՝ «պիվնոյ» գնացողերից մինչև հիփստերներ: Բարի մոտ հիմնականում նստում են հնաբնակները, անկյուններում՝ զույգերը, մեծ սեղաններին՝ ընկերախմբերը: Այստեղ երբեմն «սամոիզդատ» երաժիշտներ են հայտնվում, երբեմն է ջեմ-սեյշըններ են լինում: Առաջ՝ հաճախ, հիմա՝ ավելի հազվադեպ: Փաբում պարել չկա, մթնոլորտը դրան չի տրամադրում: Փաբը, ինչպես Փարպեցու վրայի բոլոր փաբերը, փակվում է 24:00-ին:


Հաջորդ հին ու բարին Calumet-ն է: Իրենք իրենց անվանում են էթնիկ-լաունջ բար: Մուտքի մոտ կդիմավորի կանաչ դուռը՝ «մուտքը՝ միայն զույգերով» զգուշացմամբ: Գործում է face-control: Ներսում իսկական դրախտ է՝ աշխարհի բազմազան, բազմագույն դրոշները գծանկարում են առաստաղի մի հատվածը: Մարդիկ նստած են հախուռն՝ հատակին, բարի մոտ, սեղանների շուրջ, նույնիսկ կանգնած-նստածներ կան: Calumet-ում մենյուն պատերին է: Ամեն ինչ՝ գարեջրից մինչև ամենաթունդերը, նաև իրենց հայտնի դուդուն: Երաժշտությունն անկանխատեսելի է, բայց մի բան հստակ է' 23:00-ից սկսում է էթնիկ երաժշտություն՝ ազգայինից մինչև ֆոլք-միքսեր, որոնց տակ, հավատացեք, պարում են անգամ տաքարյուն չիլիացիներն ու նրբաճաշակ ֆրանսուհիները: Շաբաթվա յուրաքանչյուր օր այստեղ մարդաշատ է, պարելը ցանկալի է: Calumet-ի գլխավոր այցեքարտը այժմ live-համերգների բազմազանությունն է: Այստեղ կարող եք լսել Բամբիռ ու Դոգմա, Doors-ի cover-ներ և իսպանական կիթառ: Այցելուները հիմնականում արտասահմանցիներն են ու օտար ամայի ճամփեքից եկած մեր ազգակիցները: Այստեղ միշտ կարելի է գտնել մի նոր ընկեր աշխարհի մյուս ծայրից: Մթնոլորտը դրական է, կռվելու առիթ երբեք չես գտնի, եթե հատուկ չփնտրես: Փաբը փակվում է 24:00-ին, բայց ով արդեն ներսում է, կարող է դեռ մեկ ժամ էլ մնալ: Երաժշտությունն անջատում են, բայց նվագում են աֆրիկական թմբուկները՝ հաճախորդների ու բարմենների կատարմամբ:


«90-ականները» 90-ականներին չի բացվել՝ ընդամենը մի քանի տարի առաջ, բայց արդեն հասցրել է իր տեղը գրավել գիշերային Երևանում: Սա միակ ակումբն է, որտեղ ձեզ կդիմավորեն աֆրիկացիները: Face-control-ը խիստ է՝ մինչև տեսախցիկից այն կողմ չկարգադրեն թողնել ներս, աֆրոընկերները ձեզ ներս չեն թողնի: Իսկ ներսում կիսախավար է, խմիչքացանկը՝ ստանդարտ: Ցանկության դեպքում կարող եք ճաշել, բայց, անկեղծ ասած, միջավայրը չի տրամադրում: 90-ականների լավագույն ավադույթներով այստեղ old school-ի սիրահարները պարզապես էյֆորիայի մեջ կհայտնվեն: Անցյալ հազարամյակի լավագույն ռեփերները «կենդանանում են», մեր հազարամյակի լավագույն պարային հիթեր նույնպես հնչում են: Ակումբը լցվում է 23:00-ին։ Երկու սրահից բաղկացած ակումբի մի հատվածում կարող եք հեռու մնալ պարերից ու խավարից, մյուսում դա չի հաջողվի՝ եթե մտել եք, կամ պետք է պարեք, կամ անընդհատ ոտքի տակ ընկնեք: «90-կանները» աշխատում է մինչև ուշ գիշեր՝ 02:00-03:00:


«Տասնմեկ» փաբ-քլաբն ընտրելու համար նրանք, ովքեր 21 են, պետք է 11 անգամ հաշվեն, մեկ անգամ կտրեն: Այստեղ 20 տարեկան լինելու մասին ավելի լավ է չբարձրաձայնել: 30-ից հետո նրանք, ովքեր չեն հասցրել վայելել կամ ցանկանում են նորից իրենց զգալ 20 տարեկան, կարող են գալ, մի լավ պարել՝ նույնիսկ Բոնիեմի միքսերի տակ: Փաբ-քլաբի դիզայնի հարցում թերևս երկար չեն մտածել, փոխարենը կա հարմար ու ոչ փոքր պարահրապարակ, բավականաչափ սեղանիկներ ու այն, ինչ անհրաժեշտ է ուրախանալու համար՝ խմիչքի հարուստ տեսականի: Ուիքենդից դուրս փաբ-քլաբը դառնում է բար. գալիս, նստում, ուտում-խմում են, ուիքենդին' come to dancefloor: Իրականում տարիքային սահմանափակում չկա, բայց դե տարիքն իրենն ասում է: Փաբ-քլաբը բաց է մինչև վերջին հաճախորդը:


UpTown-ը քաղաքից վերև է ու քաղաքի ներքևում՝ ամեն ամիս փոփոխվող ֆեյսբուքյան լոգոյով ու հարափոփոխ դիզայնով: Երաժշտությունը հիմնականում ակումբային է: Նվագում են քաղաքի տղերքը ու մի քանի դիջեյներ՝ փոխեփոխ: Ունենում են նաև այնպիսի մաշտաբային հյուրեր, ինչպիսին են Sebu-ն և ինչու ոչ՝ Storyteller-ը: Այցելուները շատ են ու տարբեր՝ ինչպես տարիքային խմբերի, այնպես էլ սոցիալիզացիայի առումով: Uptown շատ են գալիս ընկերական խմբերը։ Միայնակների համար դիզայներական աստիճանների վրա միշտ տեղ կա, կարող եք նստել, վայելել ֆեյսբուքյան նյուսֆիդը՝ wifi-ը անվճար է: Ակումբում անվտանգության հարցը լուծել են թերևս ամենախելամիտ ձևով՝ ոստիկանության ներկայացուցիչը միշտ տեղում է ու բոլոր անկյունում տեսախցիկներ են տեղադրված: Ակումբը աշխատում է մինչև ուշ գիշեր:


That place-ը վերջերս տեղափոխվել է Հյուսիսայինի նկուղից Աբովյան նկուղ: Հին Այնտեղից այս նոր Այնտեղը ոչնչով չի տարբերվում: Մուտքը զույգերով է, ելումուտ անողին որոշում է face-control-ի մարդը: Ներսում առաջինն աչքի է ընկնում բավական երկար տարածված բարն ու մեծ պարահրապարակը: Խմիչքնեը՝ ինչպես ամենուր, այցելուները՝ ոչ այնքան. մի մասը Calumet-ից հետո ուժասպառ չեղած և afterparty պահանջող երիտասարդներն են, մնացածը՝ խառ-մառը: Երաժշտությունը՝ կենդանի դիջեյով, ժամանակակից հիթերից մինչև ռեմիքսված անցյալի կոկորդիլոսները: Բոլորը կամ գրեթե բոլորը պարում են: Ակումբը, թվում է՝ բաց է անվերջ՝ մինչև լուսաբաց կամ մինչև վերջին այցելուն:

Panorama այցելողները, հատկապես գիշերային ժամանցի համար, պետք է պատրաստ լինեն, որ նախ մուտքի մոտ պետք է ապացուցեն, որ վերևում նրանց սպասող կա: Բանավոր խոսքով գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ են բանակցային լուրջ գիտելիքներ, ու հիմնականում վերջին հարկից առաջին հարկ են իջնում սպասողներն ու ուղեկցում ուշացածին: Եթե հաջողվեց հասնել վերջին հարկ, ապա հաջորդ խնդիրը բարից խմիչք վերցնելն է: Մի հապաղեք, առաջինը դրանով զբաղվեք, որ գոնե կես ժամ անց որևէ բան ձեր ձեռքում լինի: Փոխարենը ձեզ սպասում է մաքուր օդ, երևանյան մեղմ քամի ու գիշերային Երևանի, իսկ ավելի ճիշտ Երևանի քաղաքապետարանի շենքի գեղեցիկ տեսարանը: Panorama-ն Երևանի բոմոնդի, իսկ ավելի հաճախ՝ այդպիսին երևալու ցանկություն ունեցողների համար է: Այստեղ հարկավոր են թրենդային գիտելիքներ, լավ ոճ ու ճաշակ, բարձրաշխարհիկ զրույցներ վարելու հմտություններ, ծանոթներ ու ոչ թե լավ, այլ «սթայլիշ» պարելու կարողություն: Այստեղ միշտ կամ գրեթե միշտ կարող եք գտնել զուգընկեր կամ զուգընկերուհի, ում հետ կխոսեք ամեն ինչից ու ոչնչից. կգնահատեք աղջիկների պարը, մյուսի կյանքը, երրորդի կոշիկները: Panorama-ում ամեն ինչ գեղեցիկ է, որովհետև բոլորը փորձում են գեղեցիկ երևալ: Հիմնականում հնչում է լաունջ: Ոչ ոք չի «ճղում» իրեն ակտիվ պարելու ու առանձնանալու համար, բոլորը սա անում են մեղմ ու կարծես ավելի ինտիմ մթնոլորտ ստեղծելով: Եթե եկել եք Panorama, չմոռանաք, որ այստեղ փաբերի՝ ձեզ հայտնի գները չեն գործում:

Շարունակելի…

Այս թեմայով