23 Սեպտեմբեր 2014, 11:10
2314 |

Պահապան հրեշտակները

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնը Հայաստանում իր չափով ու կատարվող առաջադրանքների բարդությամբ երևի միակն է: Հարյուրավոր մարդկային կյանքեր են փրկել ջոկատի տղաները. կազմ պատրաստ, քնած ժամանակ էլ միշտ մի աչքը բաց՝ սա է առաջին ու ամենակարևոր կանոնը փրկարարի համար:

Տիգրան Ասրյան, կենտրոնի պետի տեղակալ, ծառայում է 16 տարի (լուսանկարի կենտրոնում)
1998-ին մտել եմ ծառայության, մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Սկսել եմ հասարակ փրկարարից, տարիների ընթացքում հասել կենտրոնի պետի տեղակալի պաշտոնին: Հիմա էլ չեմ դադարել փրկարար լինելուց, ժամանակ առ ժամանակ հարկ եղած դեպքում մասնակցում եմ առաջադրանքների ու օգնում մարդկանց, սեփական օրինակը ցույց տալիս գրեթե ամեն ամիս նոր ընդունվող փրկարարներին: Հարյուրավոր մարդիկ են եկել, մի հերթափոխ կանգնել-գնացել, անկեղծ ասել են՝ սա մեր տեղը չի, չենք կարող: Էստեղ համարյա բոլորը լուրջ կրթություն ստացած մարդիկ են, տարբեր մասնագիտությունների տեր, բայց տառապում են միևնույն անանուն հիվանդությամբ: Ընկնում ես ճահիճն ու վերջ: Ծառայությունից դուրս էլ փրկարար ես, ցանկացած պահի, նույնիսկ քնած ժամանակ:

 


Գևորգ Խաչատրյան, ընդհանուր պրոֆիլի փրկարար, ծառայում է 7 ամիս
Արդեն հասցրել եմ հարմարվել նոր կյանքիս, ամեն հերթափոխ իր դժվարությունն ունի, դեպքեր գրեթե ամեն օր էլ լինում են, անհրաժեշտ է լինում մեր օգնությունը: Ավելի երկար ժամանակ ծառայած փրկարար-ընկերներս շատ են օգնում, մարդկանց փրկելու գործը հենց դժբախտ դեպքերի վրա ես սովորում: Այս հերթափոխից մի խումբ, օրինակ, մեկնեց Գեղարքունիքի մարզ, մարդ էր անհետացել անտառում: Կինոլոգ-շների հետ շտապեցին օգնության: Դեպքերը շատ են, վատ ելքով նույնպես լինում են: Տա աստված, անգործ մնանք:

 


Արտակ Էլմասակյան, ջրափրկարար, ծառայում է 6 տարի
Մինչ ԱԻՆ մտնելս էլ փրկարար եմ եղել, մասնավոր ոլորտում: Ստորջրյա լողով եմ զբաղվել: Փրկարարներ մեջ ջրասուզակներն ու ջրափրկարարները արտոնյալ են, շարք չեն կանգնում, շարային պատրաստութուն չեն անցնում, «վեր կաց» հրամանով նրանց արթնացնելն արգելվում է: Պետք է նյարդերդ հանգիստ լինեն, եթե շարային քայլես, հետո ջրում ոտնաթաթերդ չեն աշխատի: Մի քանի մետր խորության վրա փրկարարի աշխատանքն էլ ավելի է դժվարանում: Զինվորականներն ասում են, թե ցանկացած հրաման առանց քննարկելու պետք է կատարվի, մեզ մոտ հակառակն է, ցանկացած հրաման պետք է քննարկվի, կանխատեսվի ու հաշվարկվի, այլապես կարող ես ինքդ քեզ վնասել: Վերջին առաջադրանքը նախորդ հերթափոխիս ժամանակ էր, Սևանա լճում մարդ էր խեղդվել, կարողացանք գտնել ու ափ հանել:

 


Ռուզաննա Օսիպովա, ապահովման խմբի պետ, ծառայում է 6 տարի
Տղաների սննդի, հագուստի և այլ հարցերով եմ զբաղվում: Մինչ այդ ես էլ փրկարար եմ եղել, բուժօգնություն ցուցաբերել: Գերազանց անգլերենի եմ տիրապետում, հարկ եղած դեպքում թարգմանություններ եմ անում: Հիմա մեր փրկարարական կենտրոնը միջազգային ծրագրով վերազինվում է, համապատասխանեցվում միջազգային ստանդարտներին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին նույնպես մասնակցում եմ:

 

Այս թեմայով