22 Սեպտեմբեր 2014, 10:37
2287 |

Կարմիր մեքենայով տղաները

Երևանի 1-ին հրշեջ ջոկատի տղաները հատուկ փրկարարական կամ հրշեջ կրթություն չունեն, սովորել են տարբեր համալսարաններում, բայց ինչ-որ մի օր նրանք առանձին-առանձին որոշել են հագնել հրշեջ-փրկարարի համազգեստն ու դեմ առ դեմ կռիվ տալ կրակի երախների հետ:

Հակոբ Պողոսյան, հերթափոխի պետ. կրակի մեջ է 6 տարի
Սովորել եմ ֆինանսական ակադեմիայում, հետո հասկացա, որ էստեղի ծառայությունը հենց ինձ համար է, եկա դասընթացների, մնացի: Կենտրոն վարչական շրջանն ենք սպասարկում, համատեղության կարգով նաև Մալաթիա-Սեբաստիան: Կանչեր գրեթե ամեն հերթափոխի էլ լինում են: Կենցաղային դեպքեր են հիմնականում: Ուշադիր չեն, գլխներին փորձանք են բերում:

Արմեն Վարդանյան, կրակի մեջ է 2.5 տարի
Մասնագիտությամբ ատամնատեխնիկ եմ, մի օր փողոցում պատահական տեսա հրշեջների աշխատանքը, մտածեցի՝ ես էլ կարող եմ նրանց պես մարդկանց օգնել մարդկանց ու կյանք փրկել: Մտա ծառայության:
Երկու տարի առաջ դեկտեմբերի 31-ի հերթափոխը մերն էր, սեղանի շուրջ հավաքվեցինք, որ շնորհավորենք, 12-ի զանգերից երեք րոպե առաջ մեկ այլ զանգ ստացանք, Հրազդանի կիրճում «Գեղամա» ռեստորանն էր այրվում: Գնացինք Երևանի բոլոր ջոկատներով հանգցրինք, Նոր տարին դիմավորեցինք ջրերի մեջ:

Սուսաննա Դավթյան, ծառայում է 21 տարի
24 ժամ հեռախոսակապի մոտ նստած եմ, տղաները կատակում են, որ հերթափոխի անբաժան մասն եմ: Պետք է սառնասիրտ լինես էս գործում: Ամեն տեսակի կանչ կարող ենք ստանալ, նույնիսկ հարազատ մարդկանց տներից, զգոնությունդ պիտի չկորցնես: Ինչպես կարող եմ զգոն չլինել ու քնել հեռախոսի մոտ, մեկ ուրիշի նեղ պահին բա օգնող չլինի՞:

Կարեն Հովհաննիսյան, վարորդ, ղեկին է 4 տարի
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու իրավունք չունեմ, մարտական հաշվարկն է պարտադրում, բայց ամեն առաջադրանքի թևութիկունք եմ լինում տղաներին, ամեն գործի հասնում եմ: Նաիրիտ գործարանում մի քանի տարի առաջ հրդեհ եղավ, վերջին տարիներին իմ տեսած ամենամեծ դեպքն էր, հրշեջ մեքենաները ամբողջ քաղաքից եկան դեպքի վայր: Մեր գործում թիմային աշխատանքն է կարևոր: Ընտանիքներով էլ մոտ ենք, գործիդ դուրս հանդիպում ենք հաճախ, ուրախության, տխրության առիթներին միշտ իրար կողքի կանգնած ենք, ինչպես հրդեհ մարելիս:

Այս թեմայով