19 Սեպտեմբեր 2014, 15:26
3884 |

Խաչատուր Աբովյանի արձանը Աբովյանի անվան պուրակում, 1930-ականներ

1908-ին՝ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակին որոշվում է գրողի արձանը տեղադրել Երևանի հրապարակներից մեկում: Գործը ստանձնում է Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Անհրաժեշտ 12 հազար ռուբլին որոշվում է հավաքել հանգանակությամբ և համերգներ կազմակերպելով (մի քանի տարվա ընթացքում համերգներ կազմակերպվել են Թիֆլիսում, Երևանում, Բաթումում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում)։ Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը, Գևորգ Բաշինջաղյանն օգտագործեցին իրենց հեղինակությունը հանգանակությանը հնարավորինս շատ մարդ ներգրավելու համար: Այդուհանդերձ, անհրաժեշտ գումարը, որը հետագայում հասնում է 18 հազարի, հաջողվում է հավաքել միայն տարիներ անց:

Հուշարձանի մրցույթին (նախատեսված էր երեք մրցանակ՝ 500, 300 և 100 ռուբլի լավագույններին) մասնակցեցին տարբեր երկրներում ապրող վեց հայ քանդակագործներ՝ Միքայել Միքայելյանը (Թիֆլիս), Անդրեաս Տեր-Մարուքյանը (Փարիզ), Հայկ Բատիկյանը (Բոստոն), Հակոբ Արապյանը (Կ.Պոլիս), օրիորդ Ե. Ռուզան-Մուրացանը (Բեռլին) և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ): Ընդհանուր առմամբ ներկայացվեց 8 նախագիծ, որոնցից ժյուրին ընտրեց Տեր-Մարուքյանի երկրորդ նախագիծը: 1911 թվականին Տեր-Մարուքյանը կարճ ժամանակով Փարիզից եկավ Երևան, ճշտեց հուշարձանը կանգնեցնելու տեղը, եղավ Աբովյանի ապրած տանը, դիտեց և ուսումնասիրեց գրողի միակ յուղաներկ դիմանկարը, ինչպես նաև լուսանկարներ վերցրեց ժառանգներից:

1913-ին քանդակն արդեն պատրաստ է լինում, սակայն այն տեղափոխելու և տեղադրելու գումար չկար: Հայտնի է, որ քանդակագործը նույնիսկ Երևան է ժամանել և սեփական միջոցներով փորել է տվել հուշարձանի հիմքի տեղը և տախտակներով ցանկապատել՝ հույս ունենալով, որ հանգանակությամբ հավաքվող գումարով հարցը կլուծվի: Որոշ ժամանակ անց Տեր-Մարուքյանը վախճանվեց Փարիզում, այդպես էլ չտեսնելով իր կերտած քանդակը նախատեսված վայրում և չստանալով խոստացված գումարը: Միայն 1925-ին՝ արդեն խորհրդային կարգերի օրոք, անհրաժեշտ գումարի փոխանցումից հետո, քանդակն ուղարկվում է Փարիզից Երևան, բայց սխալմամբ հասնում է Թիֆլիս: «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ՝ Աբովյանի անվան հրապարակում, այն հայտնվում է միայն 1933 թվականի հուլիսի 6-ին:

1950-ին Աբովյան փողոցի վերակառուցման կապակցությամբ արձանը տեղահանվում և դրվում է Կրկեսի մոտակայքում, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ մի անշուք վայրում (մինչդեռ նույն թվականին Աբովյան պուրակում՝ Պլանի գլխում տեղադրվում է գրողի մեկ այլ արձան՝ կերտված Սուրեն Ստեփանյանի կողմից)։ Որոշ ժամանակ անց արձանը հայտնվում է արդեն Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանում բնակվող մարդկանց աչքից բավական հեռու։ 1957-ին արձանը տեղադրվում է Աբովյանի անվան զբոսայգում՝ Մանկական երկաթուղու տարածքում, թունելների մոտ, և միայն յոթըտարի անց այն տեղ է գտնում Աբովյանի տուն-թանգարանի մոտ՝ Քանաքեռում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

Այս թեմայով