15 Սեպտեմբեր 2014, 10:49
1166 |

Մոխրագույն վինեգրետ

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը պատմում է լույսի խնդիր ունեցող Երևանը կարոտելու, տարածաշրջանում հարևանների հանդեպ անիմաստ ատելության, մութ թունելի վերջում երևացող լույսի ու երջանիկ, ժպտացող, անհոգ երևանցուն տեսնելու երազանքի մասին:

Ապրիլի 24-ին եմ ծնվել՝ Վանաձորում: Հպարտանում եմ, որ հենց այդ օրն եմ ծնվել, կարծես մի առաքելություն լինի ինձ համար, շատ ասելիք ու անելիք ունեմ: Սա պատահականություն չէ, այլ խորհրդավոր նշան: Բազմիցս բեմադրություններ եմ ներկայացրել Թուրքիայում, ազգությամբ թուրք շատ ընկերներ ունեմ: Մի ժամանակ նույնիսկ առաջարկ էի ստացել համագործակցել Տրապիզոնի թատրոնի հետ. դա իմ օրակարգից դեռ հանված հարց չէ:

Մինչև 6-րդ դասարան ապրել ենք Վանաձորում, մանկությունս թատրոնում է անցել: Հայրս թատրոնի ղեկավարն էր, փոքր տարիքից շրջագայել եմ թատրոնի հետ ու խաղացել բեմում: Երկրաշարժից հետո Երևան տեղափոխվեցինք: Շատ ծանր էր ինձ համար, որովհետև ահավոր կապված էի դպրոցիս ու բակիս ընկերների հետ: Մի քանի անգամ մեր տունը փոխել ենք, ու ես միշտ շատ ծանր եմ տարել այդ տեղափոխությունները:

Պապիկիս տունը Զեյթունում է՝ հանրակացարաններից մի փոքր վերև, Դավիթ Անհաղթի արձանի հարևանությամբ, այնտեղ եմ բնակվում մինչև այսօր: Մեր բնակարանը շատ հին շենքում է գտնվում, բարձր առաստաղներով: Մեր տնից մի հրաշալի տեսարան է բացվում՝ ամբողջ քաղաքը ափիդ մեջ է: Ցերեկը տեսարանն ավելի տխուր է, որովհետև որոշ անշնորհք, անհասկանալի բարձրություն ունեցող շենքեր խանգարում են հիանալ քաղաքով: Կարոտում եմ այն ժամանակները, երբ մեր շենքի դիմաց մի մեծ անտառ էր՝ Հաղթանակի զբոսայգու շարունակությունը: Հիմա այդ ծառերը չկան, այդ հատվածով նոր ճանապարհ է անցնում, իսկ մեծահարուստները՝ տներ կառուցում: Այսպիսով՝ հետևում եմ մեր քաղաքի վերափոխմանը, ի տխրություն ինձ, ոչ դեպի գեղեցիկ ու լավ կողմ:

Վանաձորում թիվ 11 ռուսական դպրոցն էի գնում, մեզ դասավանդում էին ռուս սպաների կանայք: Երևանում սկսեցի հաճախել թիվ 147 դպրոցը: Վանաձորյան դպրոցում շատ առարկաներից հետ էի մնում, այստեղ՝ առաջատար դիրքերում էի:

Ավարտել եմ Երևանի պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Կարծես մի մեծ տուն լիներ: Կարելի է ասել՝ մենք ապրում էինք ինստիտուտում, մինչև կեսգիշեր աշխատել ու փորձեր ենք արել, երանելի տարիներ էին: Ինստիտուտի պատերի ներքո է անցել մեր ուսանողական Երևանը, ամեն ինչ արել ենք՝ սիրել ենք, կռվել ենք, համբուրվել ենք, խմել ենք…

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրեցի դիպլոմային աշխատանքս: Սխալ կլինի, եթե ասեմ, որ լրիվ միայնակ եմ իրականացրել ներկայացումը: Բոլորդ էլ գիտեք, թե ում որդին եմ. հայրս միջամտեց ու իր պրոֆեսիոնալ ուղղությունը տվեց: Դա առաջին ու վերջին դեպքն էր: Մինչև այսօր նրան այլևս մոտ չեմ թողել որևէ ներկայացման փորձի ընթացքին: Նրան միայն պրեմիերայի օրն եմ հրավիրում:

Երևանը ինձ համար մարդիկ են՝ ընկերներս, ովքեր շրջապատում են ինձ, ում հետ շփվում եմ, ում կորցրել եմ: Շենքերը, պատերը, տարածքները առանձնապես նշանակություն չունեն՝ մարդիկ են օդում ստեղծում բարենպաստ պայմաններ ապրելու համար, իսկ ես հենց օդում ստեղծված տրամադրության հետ եմ կապվում: Այդ նույն պատերը մարդկանց ձեռքի գործն են, նույն մարդիկ էլ ոչնչացնում են կանաչ տարածքները:

Միշտ մեջբերում եմ Արտո Թունջբոյաջյանին՝ «Պետք է մաքրենք մեր օդն ու ջուրը»: Երբ փոքր էի, երևանյան օդում ավելի շատ բարություն ու կամեցողություն էի զգում: Հիմա օդը չարությամբ, ատելությամբ ու գռեհկությամբ է լցվել, մարդիկ էլ այլևս չեն ժպտում ու այնքան մտահոգ ու զբաղված են տարրական խնդիրներով, որ բացասական էներգիա են տարածում՝ փչացնելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ:

Կարոտում եմ լույսի խնդիր ունեցող Երևանը՝ տանը ցուրտ էր, դրսում չկար տրանսպորտ, իսկ մենք մոմ էինք վառում լսարանում ու ստեղծագործում էինք: Այդ ժամանակ շատ ավելի լուրջ ձգտումներ ու մեծ հույսեր ունեինք, հավատում էինք, որ վաղը լավ է լինելու, որովհետև անկախ ենք, նոր ստեղծվող պետություն ենք ու փոխելու ենք շատ բաներ: Բոլորս էլ մեղավոր ենք, որ այսօր այդ հույսը պակասել է, չկարողացանք ստեղծել այն քաղաքը, այն երկիրը, որի մասին երազում էինք:

Յուրաքանչյուրը կստի, եթե ասի, որ այս տարածաշրջանում իրեն լավ է զգում: Երբ առավոտյան լուրերն ընթերցելիս կարդում եմ, որ թշնամու գնդակից ևս մեկ զոհ ունենք, չեք պատկերացնում, թե ինչ ապրումներ եմ ունենում: Ապշում եմ, ինչպես չենք կարողանում լեզու գտնել ու հասկանալ միմյանց, որովհետև պարտավոր ենք անել դա, որ նույնիսկ մեկ կաթիլ արյուն չթափվի: Երեխաներս դպրոցից տուն են վերադառնում՝ մեր հարևանների հանդեպ ատելությամբ լցված: Իսկ ես տարա նրանց Թուրքիա, նրանք շփվեցին ազգությամբ թուրք արվեստագետ ընկերներիս հետ, ովքեր ընդունում ու բարձրաձայնում են մեր ցավը, և հասկացան, որ նրանք էլ մարդ են:

Ես համարում եմ ինձ որոշ չափով պատասխանատու Երևանում թատերական ճաշակի ձևավորման հարցում: Մարդկանց ՝դեպի արվեստը բերելու և այդ ճանապարհով նրանց հոգում ինչ-որ բան փոխելու ֆունկցիա եմ ստանձնել: Փորձում եմ մարդկանց մի փոքր ավելի բարի դարձնել:

Երևանցի կոչվելու իրավունք ունի այն մարդը, ով գոնե երեք ծառ է տնկել, ջրում ու հետևում է դրանց զարգացմանը: Մեծ հաջողությամբ այսօր ոչնչացվում են տարիների, նույնիսկ դարերի պատմություն ունեցող պատեր, որոնք էներգակիր են ու լուրջ հարստություն են մեր քաղաքի համար: Դրանց փրկության համար պայքարողը երևանցի է:

Դեմ եմ մարդկանց շովինիստական տարբերակումներին՝ դու երևանցի ես, դու՝ մասիվցի, քո պորտը Աստաֆյան փողոցում են կտրել: Չե՞ք կարծում, որ Շարլ Ազնավուրը շատ ավելի երևանցի են, քան Աստաֆյան փողոցում պորտը կտրած մեկը, ով պնդում է, որ սա իր պապերի փողոցն է ու այստեղ 39 հարկանի շենք պիտի կանգնի: Ի դեպ, ես լոռեցի եմ, սիրում եմ Լոռվա բնաշխարհը ու այնտեղի բնակիչներին:

Արտասահմանից ժամանած հյուր ունեի, որ շատ ճիշտ բնութագրեց Երևանը՝ «Կներես իհարկե, բայց այնպիսի տպավորություն է, որ ժամանցի վայրեր կառուցելու մրցույթ է հայտարարվել Երևանում, ամեն քայլափոխին խորոված ուտելու տեղ է, ինչո՞ւ է այդպես»: Մտածելու տեղիք տվեց ինձ, որովհետև ես նրանց Փարաջանովի տուն-թանգարան, Կասկադ, Գառնի ու Գեղարդ էի տարել:

Այս ճարտարապետական անտի-մշակույթը սարսափելի է: Ինչպե՞ս կարելի է այսքան լկտիաբար վերաբերել այն ամենին, ինչ ունեինք: Սա անբարոյականություն է:

Երևանը վինեգրետ աղցանն է հիշեցնում: Ցավոք, Երևանը այսօր մոխրագույն է, իսկ այն քաղաքը, որի մասին երգեր են գրվել՝ վարդագույն էր:

Վիրուսի նման մոլախոտ հիշեցնող ճարտարապետությունը զավթել է մեր Երևանը: Հույս այլևս չկա, միակ լուծումը հետևյալն է՝ պետք է փոխել մայրաքաղաքը: Կարող ենք Երևանը այսուհետ համարել բիզնես կենտրոն, իսկ Դիլիջանը դարձնել մայրաքաղաք:

Ինքս լավատես եմ, վստահ եմ, մութ թունելի վերջում միշտ լույս կա: Հիմա մենք շատ երկար ու մութ թունելի մեջ ենք, ու լույսը շատ թույլ է երևում, բայց վստահ եմ, այն բացվելու է, յուրաքանչյուրիցս է կախված, թե երբ:

Ես գտել եմ իմ Երևանը՝ մենք հավաքվում ենք մտերիմ ընկերներով, հետաքրքիր մարդկանցով որևէ մեկի տանիքում կամ նկուղում ու ապրում մեր Երևանում: Իսկ իմ Երևանը՝ թատրոնն է: Ամեն առավոտ իջնում եմ բակ ու սկսում հավաքել գետնին թափված թղթերը, ծխախոտի տուփերը: Հարևաններս մտածում են, թե խենթ եմ, բայց ես դա անում եմ ու անելու եմ, որովհետև փոփոխությունը պետք է մանրուքից սկսենք:

Հայրս կուրորեն սիրում է իր հայրենիքը, լեզուն, դրոշը, հիմնը… Նա է գլխավոր պատճառներից մեկը, որ չի թողնում ինձ հեռանալ հայրենիքից: Նա է դաստիարակել իմ մեջ մի հայի, ով հավատում է, ով իր ուժերի ներածի չափով պետք է կարողանա իր հայրենի հողում ինչ-որ բան փոխել ու բարելավել:

Ուզում եմ ասել Երևանին՝ «մի փոքր էլ դիմացիր, որ աղետ չլինի, որովհետև երբ օդում չարությունը շատանում է, բնությունը զայրանում է: Հավատա՝ մարդիկ փոխվելու են, սկսելու են սիրել ու ձեռք մեկնել միմյանց: Պարզապես, հիմա շատ ծանր ժամանակաշրջան է՝ Հայաստան, Երևան, աշխարհ, երկրագունդ՝ դիմացեք…»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

Այս թեմայով