11 Սեպտեմբեր 2014, 11:54
2725 |

Երևանի հիպիական քարտեզը

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրած գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք կազմեցինք 60-70-ականների Երևանի հիպիական քարտեզը։

Քաղաքներում շենքերը ինքնուրույն հազվադեպ են իրենց դիրքը կամ տեղը փոխվում: Նրանք քաղաքի մաշկի վրա ոնց կան, էդպես էլ մնում են: Բայց քաղաքային քարտեզը գծագրում է շենքերի արանքում եղած ու ապրված կյանքը: Առանց էդ կյանքի քաղաքն ընդամենը շնչահեղձ լինող ծառերով քար ու պատուհանի կույտ է:

Ցավոք, քաղաքներն էլ են ռեպրեսիաների ենթարկվում: Դա, թերևս տեղի է ունենում այն ժամանակ, երբ իրական քարտեզը փոխվում է, տները բերանները ջուր են առնում, պատուհաներն ու դռները հավերժ գիշերում են: Բայց բավական է մի թեթև ակնարկ, երբ քարտեզը կրկին բացվում, փողոցները՝ ժամանակի վկաներն են դառնում:

 …էլի մի քառասունքանի տարի հետ գնանք: Էդ թվերի Երևանի քարտեզի վրա հիպիական կետեր էին երևում: Ավելի ճիշտ՝ հիպիները, աներևույթ, բայց պինդ գծով հստակ ճշտել էին իրենց սահմանները: Ավելին՝ տարբեր տարիքի երիտասարդները ուներ իրենց տարբեր ուղղությունները: «Պոնչիկանոցում», որտեղ կակաոյի տեսքով, մանկություն էին վաճառում, վաթսունականների վերջերից սկսեցին հավաքվել նաև աչքերն արդեն «Երազողներ», «Սարդեր» ու «Վուլկան» տեսած, հիպպիական հակում ունեցող հայ թինեյջերները: Զարմանալի բան, նրանք շատ արագ մեծանում ու, քարտեզին հետևելով, դեպի «Սկվազնիչոկ» էին իջնում, որտեղ Լիբանանից ժամանած Արթուրը ավազի վրա սուրճ էր պատրաստում: Բայց «Սկվազնիչոկը» միայն սրճարան չէր: Ինչքան առաջադեմ միտք կար՝ էդ տարածքով գնում-գալիս, խառնվում էր քաղաքի միջանցահովիկին, շենքերի արանքներով վազվզում, նույն այդ շենքերում ապրող մարդկանց օգնությամբ թափ էր հավաքում ու դառնում գունդ, իսկ եթե ավելի հստակ՝ առանձին, ազատ ու հետաքրքիր մի մոլորակ, դուրս՝ Սովետի ամպիրիզմից ու կաս-կարմիր պրոպագանդայից:

Էդ թվերի Երևանին հատուկ երկու պաստառ-ցուցանակներ կային: Մեկը՝ Կոնսերվատորիայի դիմացի մայթի կանգառում տեղադրված լրագիր-տեղեկատուն էր. ապակեպատ ցուցանակներ, որոնց ներսում ամեն օր ամրացվում էին թարմ լրագրերի օրինակներ, որտեղ բուրժուական փտած հասարակարգի բարքերը քննադատող պարտադիր սյունակներ կային: Երբ փտածության մասին նյութերը պակասում էին, «սյունակում» էին հայտնվում արևմտամետ երաժշտությամբ տարված հայ «չկողմնորոշված», «անողնաշար» երիտասարդները:

Մյուս պաստառը շարժական և, ցավոք, աներևույթ: Դրանց վրա սովորաբար «տպվում» էին ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներից, հատկապես Մոսկվայից և Մերձբալթյան հանրապետություններից ժամանած հիպպիների հիացական դեմքերն ու լայն բացված բերանները, երբ վերջիններս, բացօթյա «Կազիրյոկն» էին տեսնում: «Կազիրոկի» պայծառությունն ու բացությունը՝ աշխարհ չտեսած սովետական, ոչ հայ հիպպիների ուղեղում անմիջապես ցանկալի Փարիզն էր գծագրում: Ցավոք, երևակայական, բայց Երևանի համար մեծ նշանակություն ունեցող այս երկրորդ պաստառի վրա տպված հիացական դեմքերից այսօր ոչինչ չի պահպանվել:

Քանի որ երաժշտությունն էր քաղաքի կենտրոնի քարտեզը գծում, ապա, զարմանալի չէր, որ ռոքի ու ջազի ծակող հնչյունները էդ թվերին պատեր էին ճեղքում: Ներկայիս «Երիտասարդական» մետրոյի դիմաց բացվեց «Բիթ-քլաբ», որը պատշաճ կերպով «թաքցրեցին» «Երիտասարդական» անվան տակ: Իսկ «Ջազ-քլաբը» տեղավորվեց Ճոպանողու փեշերի մոտ: Հաշվի առնելով ջազի և հայկական էպոսի ակնհայտ մտերմությունը՝ սրճարանը «Սանասար-Բաղդասար» անվանվեց:

Հիպիականության քարտեզի վրա կարևոր կետ էր, «Սկվազնիչոկի» դիմացի մայթին, շենքի առաջին հարկում տեղավորված «Դերասան» սրճարանը, որտեղ խմում էին առավելապես գինի: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ վաճառքի ենթական ամեն ինչ խմելուց հետո հայ հիպիները, որոշել են դատարկել նաև ցուցափեղկերի վրա շարված շշերը:

Բայց, այնուամենայնիվ, քարտեզի մեխը «Պապլավոկն» էր, որի երկրորդ, չարտաբերվող անունը «Առագաստ» սրճարան էր: Երկու, նեղլիկ, ոչ սովետական կարմիր և ներկային սպիտակ առագաստներ էին վեր խոյանում, որոնք, ասես, իրենց թևերի տակ էին առնում, լճի մեջ մխրճվող արհեստական կղզյակի վրա կազմակերպվող ռոք համերգները, երկարամազ-երկարամորուք տղամարդկանց, կարճ շրջազգեստով աղջիկներին և բոլոր նրանց, ովքեր, էդ թվերին ձեռք էին բերում ինքնուրույն մտքեր… Կողքից՝ Կինո «Նաիրիի» խառոշիները, «Պապլավոկում» հավաքված հայ հիպիներին անհասկանալի հարգանքով էին վերաբերվում, ռաբիզներն՝ էդ տեղանքին, առհասարակ մոտ չէին գալիս, իսկ մարդիկ՝քաղաքացիները սկսում էին նախկինում անսովոր Ազատությանն ընտելանալ: Ու քաղաքը, ամեն ինչից անկախ, ինքն էլ չհասկանալով ինչպես՝ ձեռք էր բերում քաղաքակիրթ շնչառություն:

Երբ կենտրոնի սրճարանները փակվում էին, հայ հիպիները փորձում էին լայնացնել իրենց քարտեզի տարածքը, որի վերջին կետը՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի «Ուգալոկ» սրճարանն էր. միակը, որը մինչև առավոտվա երկուսն էր աշխատում: «Ուգալոկից» գրեթե ամբողջովին ջախջախված հիպպիները ցրվում էին տուն՝ ներկայիս «Հայաստան» հանրախանութի մոտ տեղակայված արվեստանոց, կամ էլ մեկ ուրիշի տուն՝ էն հույսով, որ վաղն էլի իրենց երաժշտական հեքիաթը կշարունակվի…

Տեղեկությունները և լուսանկարը տրամադրեց դերասան Աշոտ Ադամյանը

Այս թեմայով