12 Սեպտեմբեր 2014, 10:12
2279 |

Երևանյան հիպիները. ամերիկյան փողկապների առաջացրած ֆուրորը

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրած գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ զրուցեցինք գրքի թարգմանչի հետ՝ փորձելով զուգահեռներ գտնել հայ ու ֆրանսիացի հիպպիների միջև։

Ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպն արդեն հայերեն թարգմանություն ունի: 1960-1990-ականների հիպիական շարժումն ու Եվրոպայի մշակութային հեղափոխությունը ներկայացնող վեպն առաջին անգամ լույս է տեսել 1998-ին՝ ֆրանսերենով, հետո թարգմանվել նաև ռուսերեն ու մեծ ճանաչում գտել նաև հետխորհրդային երկրներում: Գրքի թարգմանիչը Սերգեյ Մկրտչյանն է, ով նույնպես հիպպի էր ու կարողացավ տեղը-տեղին ներկայացնել եվրոպական շարժման իր ժամանակակիցների կյանքն ու առաջացած հակասությունները:

Ինչպե՞ս որոշեցիք թարգմանել Միշել Ուէլբեքի վեպն ու ի՞նչ դժվարություններ առաջացան ընթացքում:

- Որպես այդ սերնդի ներկայացուցիչ՝ որոշ բաներ գիտեի, ինչ-որ չափով էլ մասնակից եմ եղել հիպպիական շարժմանը, հիպիականությունը առաջադիմության նշան էր, իսկը որ իմ տեղն էր: Որպես գաղափար՝ մենք խնդիր էինք դնում հակառակվել բուրժուական գաղջ, քաղքենի մթնոլորտին, կապանքավորված հարաբերություններին: Նույն խնդիրն է դնում նաև Միշել Ուելբեքը իր «Տարրական մասնիկներում»՝ ներկայացնելով երկու առաջադեմ եղբայրների կյանքը: Առաջին հերոսը՝ Բրունոն, հակառակվելով կապիտալիստական բարքերին, նոր կյանք սկսեց ու իրեն տվեց վայելքներին՝ ամբողջ օրն անցկացնելով պոռնկատներում ու հավաքույթներում և ի վերջո կյանքն ավարտելով հոգեբուժարանում: Հիպիականության ազատ կյանքի գաղափարը բրունոները խեղաթյուրեցին, ինչն էլ հանգեցրեց շարժման վախճանին: Երկրորդ հերոսը՝ Միշելը, որում Ուէլբեքը հենց իրեն է գտել, ավելի զուսպ կյանք էր վարում, գիտակցում, որ նոր գաղափարներով տարված պետք չէ կորցնել բարոյականությունը: Հիպիները ազատ սեր, բարություն ու հավասարություն էին քարոզում, ոչ թե անկանոն ու աննպատակ կյանք: Միշելը միկրոկենսաբան էր ու հիպիականությունը մտցրեց նաև գիտության մեջ՝ ստեղծելով մի տարրական մասնիկ, որով հնարավոր կլիներ ջնջել մարդկությունն ու ստանալ նոր որակի մարդկայի սերունդ՝ զերծ ամեն տեսակ պիղծ երևույթներից:

Ի՞նչ կասեք այդ թվականների Երևանի մասին, հիպիական շարժումն ինչպե՞ս տարածվեց:
- 1963-ին հագա Levi's,1964-ին գնեցի լայն փողքերով առաջին Holiday շալվարս: Երևանում առաջիններից մեկն էի, փողոցով քայլելիս կամ սրճարանում նստած՝մարդիկ գալիս զննում էին շորերս ու կես կատակ, կես լուրջ բացականչում՝ Սեր՜ժ, դու մեզ խելագարության կհասցնես: Հետո տղերքով քանդեցինք սովետական ռադիոընդունիչն ու ընդունող հաճախականությունները փոխեցինք, որ չխլացնեն: Արևմտյան ալիքներից էինք իմանում նորություններն ամբողջ աշխարհից, նաև մեր հասակակից հիպպիների արկածների մասին էինք լսում: Հիպիական շարժումը 5-6 տարում նույնությամբ տարածվեց նաև Հայաստանում, մեկ էլ երևի մերձբալթյան երկրները կարողացան մեզ նման շուտ գլխի ընկնել, մնացյալներն էշի ականջում քնած էին: Շարժման առաջին իսկ օրերից КГБ-ի սև ցուցակներում էի, հատուկ գործ կար բացված իմ անունով: Հետո մի կարճ ժամանակահատված աշխատեցի «Интурист»-ում, էլի հետևիցս ընկած էին: Ես էլ պահը չէի կորցնում, արտասահմանցիներին խնդրում էի Խորհրդային Միությունում դեֆիցիտ ձայնապնակներ ու այլ իրեր ուղարկել:

Հիպիների ու ձեր ընկերության հետ կապված ի՞նչ հետաքրքիր դեպք եք հիշում:
- 1965-ին Հայաստանում ցույցերի մեծ ալիք բարձրացավ՝ կապված Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցի հետ: Հանրապետության հրապարակում բազմահազարանոց ցույցին մեր հիպպիական «կլանով» ներկա էինք: Կենտկոմի առաջին քարտուղարի ու մյուս ելույթ ունեցողների խոսքը մարդկանց դուր չեկավ՝ թուրքերի հետ եղբայրություն ու հանդուրժողականություն էին քարոզում Եղեռնի 50-րդ տարելիցին ընդառաջ: Ընկերներիս հորդորեցի նստել գետնին՝ որպես բողոքի նշան, ալիքը տարածվեց ու ամբողջ հրապարակը մի քանի րոպեում փռվեց ասֆալտին՝ ամբիոնին կանգնած մարդկանց հասկացնելով մեր դիրքորոշումը:
Լավ հիշում եմ, մի կոշիկի տուփով ամերիկյան ֆիրմային փողկապներ ընկան ձեռքս, եթե վաճառեի, հաստատ մի մեքենա կարող էի գնել: Զանգահարեցի բոլորին ու ընկերներից մեկի տանը հավաքվեցինք, հանդիսավոր կարգով ներս բերեցի կախարդական տուփն ու մեկական փողկապ տվեցի քաղաքի հիպպիներին: Հաջորդ օրը քաղաքը խոսում էր մեր մասին ու զարմանում՝ որտեղի՞ց սրանց ամերիկյան նոր փողկապներ:

Ընտանիքներում ինչպե՞ս էին ընդունում ձեր պահվածքն ու ընտրած ճանապարհը:
- Տատս պահպանողական կին էր, օր չկար, որ հետս կռիվ չաներ՝
այ տղա, էդ ինչ է մազերիդ վիճակը, գնա կտրիր մարդու տեսք ստացիր: Մայրս ու հայրս առաջադեմ մարդիկ էին, շատ չէին նեղում, բայց հայրս հաճախ կրկնում էր՝ տղաս, այս երկրում ոչինչ չեք կարող անել:

Ինչպե՞ս Հայաստանում մարեց հիպպիական շարժումը:
-
Նախ այն մարեց ամբողջ աշխարհում, եկան նոր գաղափարներ, նոր շարժումներ ու գրավեցին հիպիների տեղը, այդ ամենը լավ երևում է նաև Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներում: Երկար մազեր ունեի, միանգամից չեմ կտրել, տարիների ընթացքում, հիպպիների վախճանին զուգահեռ կամաց-կամաց կարճացրեցի: Այդ հարցին գրեթե միշտ նույն պատասխանն եմ տալիս՝ մազերս կարճացնելուն զուգահեռ:

Այս թեմայով