05 Սեպտեմբեր 2014, 11:15
3138 |

Արևի քաղաքը

Թամանյանի ստեղծած Արևի քաղաքում ի սկզբանե և մինչև այսօր էլ ամենուր արև կար՝ ամեն քայլափոխի՝ թաքնված կամ անթաքույց, գիտակցված, կամ անգիտակից, ենթագիտակցորեն։ Արևը մեր մեջ է ու մենք՝ արևի։

Հեքիաթայի Արևի քաղաքի փնտրտուքները մարդկության պատմության ընթացքում շատերին են հուզել։ Հնդկական, պարսկական, ճապոնական ազգային հեքիաթներում հաճախ է գլխավոր հերոսը կյանքը նվիրում Արևի քաղաքը փնտրելուն։ Սովորաբար հեքիաթներն ավարտվում են նրանով, որ հերոսը հասկանում է՝ արևը պետք է փնտրել ոչ թե արտաքին աշխարհում, այլ իր հոգու խորքերում։

Ընդհանրապես Արևի քաղաքի մասին մտածմունքները հեռուն են տարել բազում մտածողների։ Իտալացի փիլիսոփա Թոմազո Կամպանելլան մարդկության պատմության ընթացքում ծնված լավագույն գաղափարներն արտացոլել է իր «Արևի քաղաք» ստեղծագործության մեջ, որտեղ փորձել է ներկայացնել արդարացի և բանական պետության իր տարբերակը։

Կամպանելլայի «Արևի քաղաքը» վեպը լի է լուսավոր երազանքով մարդկային համակեցության լավագույն կառուցվածքի մասին: Ըստ փիլիսոփայի՝ Արևի քաղաքը գտնվում է Հնդկական օվկիանոսի ինչ-որ կղզիների վրա, հեռու, շատ հեռու քաղաքակրթությունից։

Իհարկե, նրա մտքերը ըստ արժանվույն չգնահատվեցին, վեպն անվանվեց ուտոպիական, թեև այն թվերին՝ 1623, դեռ լավ չէին էլ պատկերացնում՝ ինչ է ուտոպիան։ Ու Արևի քաղաքը համարվեց հեքիաթային, անիրականանալի, անհնարին երևույթ։

Եվ միայն մենք գիտենք, որ իրականում շատ լավ էլ կա Արևի քաղաք։ Եվ դա հենց մեր Երևանն է։ Թամանյանի ստեղծած Արևի քաղաքում ի սկզբանե և մինչև այսօր էլ ամենուր արև կար՝ ամեն քայլափոխի՝ թաքնված կամ անթաքույց, գիտակցված, կամ անգիտակից, ենթագիտակցորեն։ Արևը մեր մեջ է ու մենք՝ արևի։ Իհարկե, Արևի քաղաք ասելով Կամպանելլան ավելի շատ նկատի ուներ իրավահավասարություն և բարձրագույն սոցիալական գիտակցություն։ Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Իսկ առայժմ՝ արևները Երևանում…

Այս թեմայով