04 Սեպտեմբեր 2014, 10:17
3596 |

Սպիտակ պղպջակների գաղտնիքը

Ինչպե՞ս խմել հնարավորինս շատ գարեջուր, ի՞նչ անել, որ խմածդ գլխիդ չտա ու էլի մի քանի գաղտնիք հենց առաջին ձեռքից:

Ամեն տարի հոկտեմբերին ամբողջ Եվրոպայի ու աշխարհի գարեջրասերները հավաքվում են Մյունխենում՝ Օկտոբեր Ֆեստի, 16 օր գարեջուր խմում ու վայելում արձակուրդը: Իսկ ի՞նչ է, կարծում եք Հայաստանում գարեջրասերներ չկան. կան ու նույնիսկ ասոցիացիա ունեն:

Ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Հասասյանը մինչև 1990-ը գարեջրի հետ իր հայրենի Գավառի բարբառով ասած «չուներ», սկսեց հետաքրքրվել սովետի փլուզումից հետո, երբ Հայաստանում գարեջուր ավելի դժվար էր ճարվում, քան օձի ձուն: Հետո հիմնեց Հայաստանի Գարեջրասերների Ասոցիացիան:

«Մինչև 90-ականները օղու և կոնյակի սիրահար էի: Գորբաչովը երկիրը քանդեց ու հասկացանք, որ այն, ինչ ամիսներ առաջ գետի նման հոսում էր ոտքներիս տակով, արդեն չկար, պատերազմ էր ու գարեջուր ներկրելու ժամանակ էլ չկար: Խմիչքի հետ առաջին հանդիպումս 1988-ին էր, մոտ տասը տարի Մոսկվայի հետ էինք աշխատում, Գավառի կոնդենսատորի գործարանի հաշվապահներից էր, գնում-գալիս էինք ու այդ տարի թողարկվեց սովետական առաջին երկաթե բանկայով գարեջուրը: 200 հատ առանք ու գնացքով Երևան էինք բերում, երբ շոգից հենց կուպեում բանկեքը սկսեցին պայթել, կեսը հազիվ «փրկեցինք», սիրտս կտոր-կտոր էր լինում, գանձը աչքներիս առաջ ջուրն էր լցվում»:

10 խորհուրդ գարեջրագետ Մուկուչից
1. Երբեք կիսատ մի թողեք գարեջրի բաժակը, ըմպելիքը նեղանալու սովորություն ունի
2. Մի բաժակից մյուսը մի լցրեք, գարեջրի համը 90 տոկոսով փոխվում է
3. Խմեք շատ սառը և գազով հագեցած գարեջուր
4. Եթե ուզում եք շատ գարեջուր խմել, ապա սկսեք սոված ժամանակ
5. Գարեջուրն արտադրում են 10-15 օրից մինչև մեկ տարի պահպանման ժամկետով, ուշադրություն դարձրեք ժամկետին
6. Լցնովի գարեջուրը ավելի նախընտրելի է, սպառվում է արագ ու չի հնանում
7. Գարեջրի պղպջակները պետք է դանդաղ, պարելով բարձրանան, եթե արագ են վեր ելնում, ուրեմն ըմպելիքը թթված է
8. Կերեք չոր խորտիկներ՝ ձուկ, ապխտած միս ու պանիր
9. Չի կարելի լավ ուտել ու միաժամանակ խմել, գարեջուրը կողմնակի «ընկերներ» չի սիրում
10. Վերջին ու ամենակարևոր խորհուրդը՝ խմեք լավ շրջապատում ու լավ մարդկանց հետ, հակառակ դեպքում քսենոփոնյան խմիչքը ամբողջ ուժով կտա գլխիդ...

 

Այս թեմայով