02 Սեպտեմբեր 2014, 09:09
1543 |

Երևանի կաշին

Կառույց նախագծելիս ճարտարապետն աշխատանքի ավարտին պետք է ստանա այդ թվում ներքին ու արտաքին տեսքը ներկայացնող համակարգչային պատկեր: Հաճախ այնպես է ստացվում, որ ձեռքի տակ եղած ծրագիրը գույների, նյութերի, ֆակտուրաների բավականաչափ ընտրություն չի տալիս: Հենց այս խնդրի առաջ մի օր կանգնեց Նիկոլայ Ավակովը, բայց ելքը գտավ. ձեռքը վերցրեց լուսանկարչական սարքը, դուրս եկավ փողոց ու սկսեց ֆիքսել ուղղահայաց հարթությունները: Արդյունքում աշխատանքի բերումով սկիզբ առած հետազոտությունը վերածվեց Երևանի գունագեղ «կաշվի» բացահայտման՝ հին քարերով շարվածքի կողքին ծեփած ճչացող գույնի սվաղ, երկրաչափական կոմպոզիցիաներ, քրքրված հայտարարություններով ապականված պատեր, ձուլված ու կոնտրաստային, մետաղ ու փայտ, ապակի ու քար, հին ու նոր: Ու ամեն պատի մոտ՝ մի զրույց, մի մարդ…

Նարդի խաղացող, գարեջրով զինված տարիքով տղամարդկանց կողքով անցնելիս.
- Ախպեր ջան, մի րոպե էլի:
- Հա...
- Ի՞նչ էիր նկարում ընդե:
- Դարպասը:
- Տուրիստ ե՞ս:


Աբովյան փողոցի վրա օպտիկայի խանութի աշխատողը մի րոպեի ընթացքում 4 անգամ մոտեցավ ինձ, բայց այդպես էլ չհամարձակվեց հարցնել՝ ինչ ուզում էր…


Չդիմացա, հատուկ մոտեցա, որ բացեմ, տեսնեմ՝ մեջն ինչ կա: Միգուցե մի կորած նամակ գտնեի: Բայց միայն փոշի էր…


Էս պատի տակ մի անտուն մարդու մշտական նստավայրն է: Նա միշտ, անվերջ ծխում է գետնից հավաքած սիգարետի մնացորդները: Շուրջը միշտ հազարավոր բիչոկներ են թափած: Պատի նման անտեր ու կեղտոտ լուռ նայում էր ինձ:


Սա գունավոր մետաղների ընդունման կետի պատի մի մասն է: Մի պպզած ձյաձ՝ ձեռքերին՝ դաջվածքներ, ներքևից վերև չափեց ինձ ու կիսափակ աչքով հարցրեց.
- Ինչի՞ հմար ես նկարում որ:
- Ուղղակի, հետաքրքրության համար:
- Մմմ.. ձև չի դու հենց ընենց նկարես...


Բենզալցակայանի աշխատողներին.
- Տղեք, մի քիչ կողք կգնա՞ք, նկարեմ:
- Հա, ախպերս: Բա խի ես նկարու՞մ:
- Հետաքրքիր ա:
- Հմ... ի՞նչը, պա՞տը:


Չհասկացա՝ որտեղից հայտնված մի ջահել տղա:
- Կանոն ա՞:
- Քենոն ա, հա:
- Պենտաքսից խաբար ես, ծախու ունեմ, կարող ա ուզե՞ս:


Շենքի ֆասադային աշխատանքի գործերին հետևող մի տղամարդ:
- Բարև ձեզ: Կասեք՝ ո՞վ եք, որտեղի՞ց, ի՞նչ եք նկարում և ինչո՞ւ, հետո որտե՞ղ եք օգտագործելու նկարները:
- Բարև ձեզ: Կոլյա, պատ, իմ համար, որտեղ ուզեմ:


Քարերի արանքը ճղել-հասել էին արևին, որ ապրեն: Եղածը մեծ բան չի՝ խոտ է, բայց ինչքա՜ն ուժ կա մեջը:


Հացթուխ բարի կին մը:
- Բարև, էս ի՞նչ ես անում:
- Հետաքրքիր պատեր եմ նկարում...
- Առաջ մեր խանութն էր... եկան, քանդին սվոլչները: Սիրուն, ակուրատնի եվրոպատուհաններով, գովազդը՝ վրեն... 20 տարի կար, հենց որոշեցինք եվրո դնել, սիրունացնել, թաղապետը փոխվեց, եկան-ասեցին՝ ապօրինի ա, մայթը նեղացրել եք, տեղաշարժմանը խանգարում եք: Ժամանակ էլ չտվին մեր ուժով հանենք, որ էլի օգտագործենք, բալգարկով քոքից կտրին: Հիմա տանիքում 3 000 դոլարի զիբիլ ա շպրտած: Բողոքել էի, գնացել էի մոտը, ասեցի՝ հարցին լուծում տվեք, բիզնեսս մի քանդեք: Ինչքա՞ն ուզած կլինեն, հե՞.. ասա...
- Եսիմ...
- 30 000 դոլա՜ր:


Կողք կողքի բարեհաջող ապրում են քաղաքակրթության տուֆն ու նախամարդկանց քարը: Միայն 66-ն էր մի քիչ խանգարում իդիլիային:


Մեր բակի ժանգոտած ավտոտնակներից մեկը: 4-ից 7 տարեկան երեխաներ են վազվզում շուրջս: Ենթադրաբար հոր սպիտակ "06"-ի կապոտին նստած, նկարի մետաղի նման կյաժ տղա մնացածներին ասեց.
- Կամաց, արա, մի գոռացեք... չեք տեսնում՝ նկարում են:


Նման շենքեր էլ չեն կառուցում: Եղածների բակերում էլ ոչ ոք չի ապրում արդեն:


Անձրևաջրերի համար նախատեսված խողովակը ոնց կիսատ սկսվում էր, նույն ձևով էլ կիսատ ավարտվում էր:


Բռնաբարված պատ մը…


Երևանյան արևից անտանելի շիկացած երկաթե պատի վրա անկախ ինձնից ջուր լցրեցի. ձեռքիս ջրի շիշ կար: Թշշոցը դուրս եկավ…

Կադրը ֆիքսելու պահին, երբ արդեն պատրաստվում էի սեղմել կոճակը, կողքովս երկու տղա վազելով անցան։ Նրանցից մեկն ուսով կպավ ինձ, ֆոտոխցիկն այնքան պինդ էի պահել, որ ավտոմատ կոճակը սեղմվեց։ Մտքում արդեն չարացել էի նրանց վրա, բայց ֆիքսածս կադրը տեսնելիս ապշեցի։ Իմ ուզած կոմպոզիցիան էր՝ անսպասելի ու հանկարծակի։ 

Այս թեմայով