10 Սեպտեմբեր 2014, 10:23
3502 |

Երևանյան հիպիները. բզեզների հայ դեսպանները

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրականություն» շարքի շրջանակներում տպագրած գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։ Շարքում առաջինը Զավեն Սարգսյանն է։

«Երազողները», 1966 թ.

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը 1960-ականների սկզբին ձայնագրում էր The Beatles-ի երգերը, որոնք հնչում էին Բեյրութից հեռարձակվող «Ազատություն» ռադիոկայանով: Հետո նույն ռադիոընդունիչից հնչող ձայներից հասկացավ` դասական կիթառի կողքին կա նաև չորսլարանի բաս կիթառ, որ միանում է հոսանքին ու «լիվերպուլյան քառյակի» երգերը սփռում ամբողջ աշխարհով:

Որտեղի՞ց ցեցն ընկավ ձեր մեջ: 

- Դժվար էր վաթսունականների երևանցիներին ընկալել դասական-պարտադրվող խորհրդային երաժշտությունից էականորեն տարբերվող այդ նոր երաժշտությունն ու առհասարակ մշակույթը: Մենք ինքներս սովետական դասագրքերով սովորած անգլերենով կիսատ-պռատ էինք հասկանում The Beatles-ի ու մնացած խմբերի երգերը , թղթի վրա գրում ու անգիր անում: Հակոբ Պետրոսյանի, Հրայր Կոտոյանի, Երվանդ Երզնկյանի ու Սլավա Բունիաթյանի հետ հիմնեցինք «Երազողները» («Мечтатели») խումբը, կատարում էինք հիմնականում հենց լիվերպուլյան քառյակի երգերը: Երաժշտական գործիքներ ընդհանրապես չունեինք, երբ մեզ ասացին, որ աշխարհում գոյություն ունի բաս կիթառ, զարմացանք, զննեցինք արտասահմանյան խմբերի նկարներն ու ինքնաշեն գործիք պատրաստեցինք:


Զավեն Սարգսյանը(աջից) և Հրայր Կոտոյանը, 1967 թ.

Համերգներ ունենո՞ւմ էիք:

- «Պապլավոկում», Պոլիտեխնիկի դահլիճում սկսեցինք փոքր համերգներ տալ ու գերմանական մեր առաջին կիթառն առանք: Հետո մարդկանց հետաքրքրությունն էլ ավելացավ, փոքր միջոցառումներ էին կազմակերպում ու կոլեկտիվներով գալիս մեզ լսելու: Բացակայում էինք համալսարանի դասերից, խմբի բոլոր տղաները դուրս մնացին, ես էլ տեղափոխվեցի երեկոյան բաժին:


«Մեկ օր Սևանում» ֆիլմի նկարահանումները, 1969 թ.

Իսկ փառատոների մասնակցե՞լ եք:
- Իհարկե, երևանցի ծանոթ-անծանոթի զգեստապահարաններից  գտնում-հանում էինք գույնզգուն շապիկներ ու խնդրում մեկ օրով տալ, համերգներից հետո վերադարձնել: Կովկասյան փառատոներից մեկի ժամանակ մեր նորաստեղծ խումբը պետք է Հայաստանը ներկայացներ: Գնացինք ծաղկավոր, նախշերով վերնաշապիկներով, ադրբեջանցիներն ու վրացիները խորհրդային կոստյումներով ու փողկապներով էին եկել, վատ չնվագեցինք ու թվում էր` առաջին մրցանակ ենք ստանալու, մեր երգացանկն այն ժամանակների համար իրոք շշմեցնող էր, «Լորիկի», այլ հայկական լավ երգերի մշակումներ ունեինք, բայց ժյուրին որոշեց հաղթողի մրցանակը մեզ չտալ հագուստի պատճառով:

Մի՞թե այդաստիճան աչք զարնող էր:

- Այն տարիների համար՝ այո: Երվանդ Երզնկյանը փորձեց «արդարացնել», ասելվ՝ սա հին հայկական տարազ է, ինչ կա որ:

Հիպիական ընկերություն գոյություն ունի՞:
- Արդարության սկզբունքը հիպպիների մոտ առաջին տեղում է: Համերգից ստացված գումարը բաժանում էինք 6 հոգու մեջ, հետո, երբ մեկի գրպանում փողը պակասում էր, հավաքվում էինք «Պապլավոկում» ու բոլորի մոտ մնացած ռուբլիները հաշվում, մի անգամ էլ բաժանում 6 հավասար մասի ու այդպես մինչև ավարտվեր:
Հիմա էլ տղերքով հավաքվում ենք, հիշում, լուսանկարվում: Անկախ ազգությունից, հիպիներն ու մանավանդ The Beatles լսողները միանգամից հասկանում են իրար: Ատոմ Էգոյանի հետ իմ մեքենայով մի տեղ էինք գնում, միացրեցի, սկսեց երգել լիվերպուլցիների հետ, վերջ, մենք հասկացանք իրար, ընկերացանք: 

Իսկ Փարաջանո՞վը: Ձերոնցի՞ց էր:

- Ես չեմ պնդի, թե Փարաջանովը հիպի էր, բայց չեմ էլ ժխտի, որ մեր առաջին հանդիպումից պարզ հասկացա մեկ բան՝ Սերգեյը մերոնցից է: Մենք ու Փարաջանովն ունեինք ընդհանուր մեկ բան՝ դեմ էինք ռեժիմին, դեմ էինք ցանկացած օրենքի, կանոնի ու կանոնիկ երևույթի:


Աջից` ձախ. Զավեն Սարգսյան, Արմեն Զաքարյան, Ժենյա Հոլենդեր, 1967 թ., Խարկովում հյուրախաղերի ժամանակ


Զավեն Սարգսյանի կինը

Այս թեմայով