23 Օգոստոս 2014, 09:31
2626 |

Գարեջուր-փարթի

Ուրբաթ երեկո Կարապի լճի տարածքը գրավել էին գարեջրասերները: Հայկական գարեջուրը ներկայացնելու համար առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի վարչությունը մայրաքաղաքում անցկացրեց Երևանի Գարեջրի փառատոն: Մասնակիցների ու ոգևորվածության պակաս չկար: Պարզվեց՝ Երևանում գարեջրասերներն այնքան էլ քիչ չեն:

Երեկոյան վեցից լճի երկու կողմում բացված փոքրիկ տաղավարներում իրենց արտադրանքն էին ներկայացնում գարեջուր արտադրող հայկական ընկերություններն ու գարեջրատները: Ի՞նչ գարեջուր առանց խեցգետնի կամ տարատեսակ նրբերշիկների. դրանց տեսականին նույնպես մեծ էր: Ներկաները ցանկության դեպքում կարող էին գնել գարեջուր կամ ուտելիք, լսել երաժշտություն և վայելել աշխատանքային շաբաթվա ավարտը: Արկածախնդիրների համար նախատեսված էին տարբեր խաղեր: Ավելի արագ գարեջուր խմողների կամ խեցգետին ուտողների, սրվակներում առանց փրփուր գարեջուր լցնողների կամ էլ գարեջուրն ու պինգ-պոնգ խաղը լավագույնս համատեղողների համար նախատեսված էին տարբեր մրցանակներ: Այս ամենը՝ մինչև երեկոյան տասնմեկը. փոքր-ինչ արբեցածների համար իդեալական ժամ տուն գնալու և քնելու համար:

Այս թեմայով