22 Օգոստոս 2014, 10:45
8307 |

Թանգարան չդարձած տունը

2012-ի նոյեմբերին նկարիչ Վան Խաչատուրի ընտանիքի անդամներն ահազանգեցին. երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ: Այս մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ջուրն արդեն հասել էր նրանց տան ներքևի հարկում գտնվող Վան Խաչատուրի արհեստանոց: Միայն դեպքից հետո բոլորն իմացան, որ Լուսինե Զաքարյանի բնակարանն անմխիթար ու լքված վիճակում է։

Մի քանի ամիս տարբեր անհատներ, լրատվամիջոցներ բարձրացնում էին բնակարանը երգչուհու տուն-թանգարանը դարձնելու հարցը: Այդ ընթացքում պարզվեց, որ Խորեն Պալյանի մահից հետո բնակարանը ժառանգել են արտասահմանում բնակվող նրա եղբորորդիները: Մշակույթի նախարարություն էլ հարցին պատասխանեց կարճ' «բնակարանը տուն-թանգարանի վերածելու գործընթաց կլինի, երբ նախարարություն դիմեն ժառանգները, իսկ ժառանգները նման քայլ դեռ չեն արել»: Ավելի ուշ վերջիններս հայտնեցին, որ ուզում են տուն-թանգարանի կարգավիճակ տալ բնակարանին, բայց կան խոչընդոտող հանգամանքներ, առայժմ դատական քաշքշուկների մեջ են: Հարցն այսպես փակվեց:

Սիրված երգչուհու տան հետ կապված հաջորդ ահազանգին ականտես եղանք, երբ 2 տարի անց որոշեցինք պարզել' ինչով ավարտվեց դատական քաշքշուկն ու արդյոք մի օր Կողբացի 42-ում կտեսնենք գործող թանգարան:

Լուսինե Զաքարյանի մահից 23 տարի անց էլ նրա բնակարանում ոչինչ չի փոխվել. իրերը դասավորված են այնպես, ինչպես նա է դասավորել ու ամուսնուն խնդրել ոչինչ չտեղափոխել' հետագայում տուն-թանգարան դարձնելու խնդրանքով: Հարևանուհին' տիկին Արփիկը պատմում է, որ Խորեն Պալյանը կնոջ վերջին ցանկությունն իրականություն դարձնելու համար գնել էր կից բնակարաններից մեկը, որը պետք է թանգարանի ադմինիստրատիվ մասը դառնար: Բայց նա չհասցրեց իրականություն դարձնել մտադրությունը:

Այսօր տանը շատ իրեր արդեն պիտանի չեն. որոշները քայքայլվել են ու եթե անգամ թանգարան լինի, դրանք վերականգնելու ու ցուցադրելու հնարավորություն այլևս չկա: Տան նախամուտքի մանրահատակը վաղուց քանդվել է, փոշին ծածկել է ամեն բան: Բնակարանում անգամ լույս չկա. ասում են տարիներով կուտակված պարտքեր կան: Հյուրասենյակի պատերից նայող երգչուհու բոլոր նկարներում նրա լուսավոր ժպիտի վրա փոշու հաստ շերտ է:

Դատական գործընթացի մասին ժառանգները հիմա էլ լռում են. ասում են' գործի բնույթից ելնելով մանրամասներ հաղորդել չեն կարող: Հայտնի չէ նաև այն, արդյոք այդ գործընթացի ավարտից հետո այս բնակարանում ցուցադրության համար պիտանի որևէ իր կմնա, թե ոչ:

Այս թեմայով