20 Օգոստոս 2014, 09:17
1882 |

Ճոճվող ճամփորդները

Հասարակական տրանսպորտը այն վայրն է, որտեղ հանդիպում, անգամ առանց կոմպլեքսների գրկախառնվում են անծանոթները: Երթուղայիններն ու ավտոբուսներն ունեն իրենց մշտական ուղևորները, որոնք ոչ ոքի չեն դիպչում, չեն խանգարում, լուռ են, զբաղեցնում են քիչ տեղ, ավելին՝ նրանց ներկայությունը հաճելի է շատերի համար: Այդ լռակյաց ուղևորներն են մեքենայի դիմապակուն փակցված խաղալիքները, հայելուց կախված աչքահուլունքներն ու հոտավետ կախազարդերը: Իսկ ինչպե՞ս և ինչու՞ են այդ խաղալիքները հայտնվում մեքենաներում: Երևանյան երթուղայինների վարորդները պատմում են ճոճվող ուղևորների պատմությունները:

Սարգիս Բոյաթյան, 67 տ, 12 համարի երթուղային տաքսի
48 տարվա աշխատանքային փորձ
Կարևորը գեղեցկությունն է: Զարդարված մեքենան և ինձ է հաճելի, և ուղևորին: Մեքենաս ամեն տեսակի խաղալիք տեսել է: Ոնց եկել են, այնպես էլ գնացել են: Եթե ուղևորը հավանում է կամ երեխա է սկսում լացել, հանում-տալիս եմ, միանգամից ձայնը կտրում է: Երբեմն կախազարդ եմ գտնում մեքենայից: Վերջերս մի սիրուն ականջօղ գտա, կախեցի, որ տերը տեսնի, վերցնի: Մի կարապ կա, թոռանս սիրելին է: Հենց հասնում եմ տուն, վազում է, որ հանի ու սկսի խաղալ: Ոչ ոքի չեմ տա: Չար աչքից պաշտպանող ամեն ինչ կա' աչքահուլունք, խաչ, սրբապատկերներ: Եթե աչի հուլունքը ընկնում ա, էլ հետ չեմ կախում. նշանակում է էդ օրը մի չար մարդ է նստել, ու աչքահուլունքը, ընկնելով, ինձ պաշտպանել է: Խաչերիցս մեկն էլ էդպես կոտրվեց: Հիմա վզիս խաչն եմ հանել-կախել: Փափուկ խաղալիքներ սովորաբար չեմ գնում, բայց, եթե շահում եմ' կախում եմ, օրինակ, արջուկս: Ժամանակին խաղային ավտոմատների մեջ ծխախոտներ էին, սիրում էի խաղալ: Հիմա խաղալիքներ են լցրել: Ճիշտ է, խաղալիքն ինձ պետք չի, բայց խաղալու սովորությունը մնացել է: Այս կերպ լիցքաթափվում եմ:

 

Գրիգոր Քարիմյան, 39 տ, 15 համարի երթուղային տաքսի
2 տարվա աշխատանքային փորձ
Հայելու մեջ նայելիս' հաճախ եմ տեսնում, որ ուղևորները հետաքրքրությամբ ուսումնասիրում են մեքենայիս խաղալիքները: Համաձակները հարցնում եմ' որտեղից եմ գնել, ես էլ հանում ու նվիրում եմ: Սկզբում «չեմուչում» են անում, բայց հետո վերցնում են ու ժպտում: Ինձ դուր է գալիս ժպտացող ուղևորներ տեղափոխելը, դրա համար էլ այսքան շատ խաղալիք ունեմ: Ամենաթանկը օրիգամին է: Դժվար թե ուրիշ երթուղայինում օրիգամի գտնեք, իմը միակն է: Եղբորս աղջիկն է պատրաստել: Ամեն անգամ մի նոր բան է սարքում ու ուզում է, որ բոլորը կախեմ, բայց մեկից ավելի չեմ վերցնում' ճանապարհներին շուտ են փչանում, ափսոս են: Շատ երթուղայիններում փափուկ խաղալիքներ կտեսնեք, գրեթե բոլորը խաղային ավտոմատներից են շահած: Երբ տանում ենք մեքենաները վերանորոգելու, ժամանակը խաղալիք բռնելով ենք անցկացնում, վարորդների սիրելի խաղն է դարձել:

 

Սեմիկ Տոնոյան, 49 տ, 13 համարի երթուղային տաքսի
26 տարվա աշխատանքային փորձ
Մեքենաս երեխաներս են զարդարել: Տղաս բոքսի սիրահար է: Մի առավոտ նստեցի մեքենան, տեսնեմ բոքսի փոքրիկ ձեռնոցներ են կախված: Չեմ սիրում խաղալիքներ ու զարդեր կախել, բայց, քանի որ տղայինս էր, չհանեցի: Աղջիկս էլ որոշեց հետ չմնալ. իր սենյակից մի փափուկ մկնիկ բերեց ու փակցրեց դիմապակուն: Այս երկուսը թալիսմաններս են դարձել: Չար աչքից պաշտպանող իրեր էլ ունեմ: Նրանց հետ ինձ ավելի հանգիստ եմ զգում: Անգամ փուշ եմ դրել: Ժողովուրդը դրան «թոփազ» է ասում: Մեքենայի միջից հաճախ եմ կորած իրեր գտնում: Պահում եմ, կախում հայելուց: Տերը հայտնվում է, վերադարձնում եմ: Արդեն 2 ամիս է՝ Էյֆելյան աշտարակն էստեղ կախված է, տերը չի գալիս: Երևի որոշել է նվիրել ինձ:

 

Գևորգ Գևորգյան, 35 տարեկան, 31 համարի ավտոբուս
3 տարվա աշխատանքային փորձ
Ձի ու դելֆին շատ եմ սիրում, գեղեցիկ կենդանիներ են: Բացի այդ, ինքս տարով ձի եմ, ամսով՝ ձուկ: Աստղագուշակին էլ հավատում եմ, դրա համար էլ մեքենաս հենց այս կենդանիներով եմ զարդարել: Էս բոլոր խաղալիքների ու կախազարդերի մեջ ամենահետաքրքիրը գանգով աչքահուլունքն է: Ինքս եմ սարքել: Միգուցե ծիծաղելի հնչի, բայց աչքահուլունքը պաշտպանում է չար աչքից, իսկ գանգը ուժեղացնում է նրա ազդեցությունը: Սիրում եմ խաղալիքներ կախել: Մշտական ուղևորներս գիտեն այդ մասին: Նրանք օգնում են հարստացնել հավաքածուս: Ամեն ինչ նվիրում են՝ հուլունքներ, մետաղյա զարդեր, փափուկ խաղալիքներ: Մի անգամ մի աղջիկ ասեղների բարձիկ նվիրեց՝ վրան արաբական կոշիկ: Բարձիկը պոկվեց, բայց կոշիկը մնաց: Հիմա միայն կոշիկն եմ կախում: Խաղալիքները չեն խանգարում ուշադիր վարելուն, ընդհակառակը, օգնում են: Մարդիկ նայում են նրանց ու տրամադրությունը բարձրանում է, դա էլ ինձ է փոխանցվում, ու ես հանգիստ քշում եմ:

Այս թեմայով