19 Օգոստոս 2014, 10:43
2190 |

«Բազե»` հաջողակ վայրէջք

Կրկին ու նորից արդեն 12-րդ անգամ Համահայկական Երիտասարդական Հիմնադրամը մեկ հարկի տակ հավաքեց հայազգի երիտասարդներին մշակութային, ինտելեկտուալ ու մարզական մրցույթներում ուժերը չափելու նպատակով: Այս անգամ «Բազե» համահայկական հավաքն իր թևի տակ առավ գրեթե 500 հայաստանցի, արցախցի ու սփյուռքահայ երիտասարդների: Եռագույն ճակատներում ընդգրկվեցին նաև լրագրողները' հատուկ, լրագրողական ջոկատով:

Հավաքը սկսվեց ինչպես կարգն է' ճամբարային ոգով ու եռանդով: Մասնակիցները ժամանեցին Ծաղկաձորի Սպորտային Բազա, որտեղ էլ գրանցվեցին, այնուհետև տեղաբաշխվեցին: Առաջին ծանոթությունը միմիանց հետ համատեղ առաջին ճաշի ընթացքում էր: Ճակատների մարտունակությունն ու մրցակցային բարձր ոգին զգացվեց միանգամից: Ճաշարանի ճանապարհին երեք ճակատների երիտասարդները փորձում էին հակառակորդին վախեցնել ռազմական ու մարզական գոչերով:

Ճաշին հաջորդեց պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում մասնակիցները համոզվեցին, որ առջևում դժվար պայքար է:
Պաշտոնական արարողակարգին հաջորդեց ընթրիքը վարչապետի ու այլ պաշտոնյաների հետ:

Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե բազեականներն ամբողջ օրը ճաշարանում են, նշենք, որ առաջին իսկ օրը սկսվեցին ներճակատային մրցումները: Սեղանի թենիսի մրցաշարում իրենց ուժերը փորձեցին կարմիր, կապույտ ու ծիրանագույն ճակատները՝ նախապատրաստվելով միջճակատային բախմանը: «Ուղեղային» ճակատամարտի «բրեյն ռինգ»-ում էլ բախվեցին մտավոր սպորտաձևերի մարզիկները:

Այս թեմայով