18 Օգոստոս 2014, 11:01
9061 |

Աղջիկների բակային խաղերը

Մենք խնդրեցինք երևանյան հայտնի գեղեցկուհիներին վերհիշել իրենց մանկական խաղերի կանոնները: Պարզվեց, որ դրանք կարծես գրված էին երեկվա հյուսերով աղջիկների մտքում: Արդյունքում ստացվեց հիանալի ֆոտոսեսիա, իսկ Անգելինա Բաբաջանյանի, Յանա Բաբաջանյանի, Լուսինե Թովմասյանի, Էլլա Տարունցի, Լուսինե Բադալյանի, Անուշիկ Ալավերդյանի ու Գոհար Գասպարյանի անունները գիտեն արդեն ոչ միայն նրանց բակի տղաները։

Ցելա
«Ցելա քցելը» թիմերի բաժանվելու ամենադեմոկրատական միջոցն էր: Երեխաներն իրար կողք էին կանգնում շրջանագծով, առաջ պարզում ձեռքը՝ ափով դեպի ներքև և «ցե՜-լա՛» բացականչելով թափ էին տալիս ձեռքն ու նորից իջեցնում՝ կա՛մ ափով էլի դեպի ներքև, կամ վերև պարզած: Եթե պարզած ափերով ու ներքև ուղղված ափերով խաղացողների քանակը հավասար էր, ուրեմն թիմը հավաքվել է: Հակառակ դեպքում նորից էին փորձում:

 

Կլաս
Եթե ամբողջ բակը կավիճով «զարդարված է» համարակալված քառակուսիներով, ապա բոլորը գլխի էին ընկնում՝ այստեղ աղջիկներն են աշխատել: Մի ոտքի վրա թռչկոտելով՝ հրում են քարը՝ փորձելով չհատել գիծը: Հաղթող էր դառնում նա, ով առաջինն էր անցնում բոլոր քառակուսիներով: Տղաները շատ հաճախ կռվի էին բռնվում բակի տարածքի համար. չէ՞ որ այդ անհասկանալի քարով ու թռչկոտելով հնարքները խանգարում էին ֆուտբոլային խաղերին:

 

Ռեզին
Ամեն տղա գաղտնի ու բաց բերանով հետևում էր այս խաղի առաջատարներին: Երկու աղջիկների կոճերից քիչ վերև ձգված ռեզինի վրայով երրորդը պետք է ցատկեր՝ կատարելով հատուկ շարժումներ: Եթե նրան հաջողվում էր դա անել, ռեզինը բարձրանում էր մինչև ծնկները, հետո՝ կոնքերը, կուրծքը, ուսերը և, վերջապես, վիզը: Ուսերի և վզի բարձրությունը համարվում էր ամենաբարդ փուլը, բայց բակում անպայման գտնվում էին մեկ-երկու աղջիկներ, որոնք կարողանում էին հաղթահարել այն:

 

Գործնագործ (Բադերն ու որսորդը)
Այս խաղը «ունիսեքս» էր համարվում, քանի որ այն խաղում էին ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները: Բայց հիմնական նախաձեռնողը, այնումենայնիվ, աղջիկներն էին: Տարբեր կողմերում կանգնում էին «որսորդները», իսկ մեջտեղ դուրս էին գալիս «բադերը»: Պետք էր դիպչել նրանց գնդակով: Եթե բադին հաջողվում էր խույս տալ գնդակից, ապա մյուս կողմում կանգնած որսորդները պետք է բռնեին գնդակն ու իրենց կողմից փորձեին հարվածել: Բադը կարող էր բռնել գնդակն ու այդ դեպքում հավելյալ «կյանք» ստանալ: Եթե բադին դիպչում էր գնդակը, դուրս էր գալիս խաղից ու սպասում խաղի վերջին: Երբ մնում էր վերջին բադը, նա պետք է գնդակից խույս տար ուղիղ տասն անգամ: Հաջողվեց՝ ողջ թիմն էլի մեջտեղ էր դուրս գալիս, և ամեն ինչ նորից էր սկսվում:
Բարեբախտաբար, այսօր այդ խաղը վերջնականապես չի մոռացվել և մինչ օրս հանդիպում է որոշ երևանյան բակերում:

 

Պարան ցատկել
Երկու աղջիկներ պտտում էին պարանը, իսկ մեկը ցատկում էր դրա վրայով' բարձր հաշվելով: Խաղի ընթացքում կանոնները բարդանում էին. պարանը գնալով ավելի արագ էր պտտվում, իսկ մի մասնակցին միանում էին ևս մի քանիսը: Տեխնիկական վնասվածքներ նույնպես պատահում էին՝ կապտուկներ պարանի դաղիչ հարվածներից, քերծված ծնկներ ընկնելու պատճառով, բայց ոչինչ հետ չէր պահում աղջիկներին ժամեր տևող ցատկերից:

 

Օղակ
Օղակը, ինչպես և աղջիկների շատ այլ բակային խաղեր, կարծես ստեղծված է կազմվածքը ձևավորելու, պահպանելու և նրբագեղ դառնալու համար: Օղակը պտտում էին կոնքի, վզի, ձեռքերի և անգամ ոտքերի վրա: Պտտում էին միանգամից մի քանի օղակ՝ երկուսը գոտու վրա և մեկական՝ ձեռքերի: Ամբողջ ամառվա ընթացքում մարզվելով՝ աշնանը բակի աղջիկները կրկեսային աճպարարների չափ վարպետանում էին այդ գործում:

 

Անուն գոռոցի
Մասնակիցները շրջան են կազմում, իսկ մեկը՝ գնդակը ձեռքին, կենտրոնում էր կանգնում: Նետում էր գնդակն ու գոռում մասնակիցներից մեկի անունը: Մնացածները պետք է փախչեն, իսկ նա, ով լսեց իր անունը, պետք է բռնի գնդակն ու դրանով հարվածելով՝ խաղից դուրս մղի մյուս մասնակիցներին: 

Այս թեմայով