11 Օգոստոս 2014, 16:45
1231 |

Էլեկտրոնային ամառվա կիզակետը

Naughty Sessions KaZantip pre-party էլեկտրոնային երաժշտության առաջին փառատոնը տեղի ունեցավ Սիրահարների այգում օգոստոսի 9-ին և տևեց գրեթե տասներկու ժամ՝ կեսօրից մինչև երեկոյան տասնմեկը: Դա Naughty Sessions նախագծի թվով հինգերորդ երեկույթն էր այս տարի, որը նաև յուրօրինակ նախաբան դարձավ լեգենդար ԿաԶանտիպի համար: Վերջինս տեղի կունենա Վրաստանի Անակլիա քաղաքում օգոստոսի երկրորդ կեսին:

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը էլեկտրոնային երաժշտության երկրպագուների և որակյալ ակումբային երաժշտության տակ պարելու սիրահարների համար պետք է ամռան ամենահիշվող իրադարձությունը դառնա: Հավանաբար, այդպես էլ կար՝ հաշվի առնելով, որ չնայած շոգին ու ցերեկային ժամին, Սիրահարների այգում կարելի էր հանդիպել նույն այդ սիրահարներին՝ միայն թե հակումով դեպի էլեկտրոնային երաժշտություն և ինքնամոռաց պարող՝ ոգելից խմիչքը ձեռքին:

Ի դեպ, ամեն ինչ տեղի ունեցավ փառատոնի կանոններով՝ կողմնակի անձանց համար փակ տարածքում և սննդի ու խմիչքի համար հատուկ առանձնացված կետերով, որտեղ առևտուրը կատարում էին բացառապես փառատոնային կտրոններով: Իսկ այսպես կոչված «լայն ափը» (line-up) բավականին լավ էր ընտրված. տեղական դիջեյների հետ ելույթ ունեցան երկու վրացիներ՝ եթե ոչ համաշխարհային, ապա առնվազն կիսահամաշխարհային մասշտաբի՝ բավականաչափ ստաժ հավաքած եվրոպական փառատոներում և ակումբներում:

Երևանյան էլեկտրոնային երաժշտության մշակույթի համար նորույթ էր նաև այն, որ դիջեյի վահանակի հետևում հսկայական էկրան էր տեղադրվել՝ երաժշտության հետ «խոսող» վիզուալ էֆեկտներով:

Փառատոնի մասնակիցների թվում հանդիպեցինք նաև այնպիսի երիտասարդների, որոնք առանձնապես գոհ չէին կատարվածից: «Ես եղել եմ Կազանտիպում,- պատմում է նրանցից մեկը,- և այս միջոցառումը փառատոնի հետ ոչ մի կապ չունի»: Ակումբային կյանքի երիտասարդ սիրահարը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ երաժշտությունն ամենաբարձր մակարդակի էր, միայն թե «մի բան պակասում էր». «Դրայվ չկա, մարդիկ չեն ներգրավվում գործընթացի մեջ հարյուր տոկոսով: Ասենք, արտասահմանյան ակումբներում դիջեյները հաճախ երկխոսություն են վարում պարողների հետ, խրախուսում են նրանց տարատեսակ սուր խոսքերով ու կատակներով»:

Մյուսների համար փառատոնը բնավ վատ անակնկալ չէր. «Մենք հերթական քաոսն էինք ակնկալում, բայց իրականում ներկա էինք մի երեկույթի, որտեղ ամեն ինչ հանգամանորեն մտածված էր: Սա մեծ քայլ է հայկական անդերգրաունդի համար՝ նման մասշտաբի փառատոն ունենալ: Նման լայնածավալ էլեկտրոնային տժժոցներ ավելի շատ պետք է լինեն, ոչ թե մեկը ամբողջ ամառվա ընթացքում: Ուղղակի հիանալի կլինի, եթե հաջորդ անգամ դա տեղի ունենա արևից պաշտպանող ծածկի տակ»:

Երեկոյան ուղիղ տասնմեկին Naughty Sessions նախագծի ղեկավար, դիջեյ Naughty Turtle-ն իր սեթերը նվագելուց հետո ազդարարեց պարերի ավարտը և առաջարկեց աֆթերփարթին անցկացնել երևանյան ակումբներում՝ փառատոնի մասնակիցների համար անվճար մուտքով: Դատելով արձագանքից ու շտապողականությունից՝ այդ խորհրդից օգտվեցին շատերը:

Այս թեմայով