11 Օգոստոս 2014, 09:12
2620 |

Սեսիայի չարաճճիները

 

Հով լռվածներ
Հանդիպում էին մեկական կամ խմբով, երաժշտությունից առանձնապես չէին տվայտվում, ավելի շատ եկել էին մի ծառի կամ թփի տակ՝ խոտերին նստել-պառկելու, ինչը սովորական օրերին Սիրահարների այգում արգելված է, մի քիչ էլ ֆեյսբուք բզբզալու, կողքիններին ուսումնասիրելու:

 

Տեխնոմոլներ
Հատուկ այդ դիջեյների երաժշտության և «Կազանտիպի Հանրապետությունում» հայտնվելու հնարավորության համար եկած խմբեր, որոնց մեծ մասը միջոցառման սկզբից ևեթ արդեն գրավել էր իր տեղերը բեմի առջև՝ «ամենալյուքս» հատվածում և մինչև վերջին րոպեն գնալու միտք անգամ չուներ՝ բոլոր բջիջներով տրվելով օրվա բիթերին:

 

Անջատվածներ
Երբ մոտավոր ես պատկերացնում, թե ուր ես գնում, ինչի համար և ինչ ես անելու, պատահում է, որ երեկոն փչացրած չհաշվելու և դրանից հաճույք ստանալու համար օգնության է գալիս ալկոհոլը, հետո՝ ուրիշ ալկոհոլը, հետո՝ արդեն կարևոր չէ:

 

Աղունիկներ
Առանձին կետով՝ երևանյան «զույգ ծաղիկներին»: Սիրահարներ, որոնց համար նման միջոցառումներն իրենց ժամանցի կարևոր բաղկացուցիչն են, իսկ որոշների դեպքում՝ բացօթյա միջոցառում, որն «ընգերուհու հետ տժժալու» եզակի լեգիտիմացված տարածք էր, որտեղ երաժշտությունը հնչում էր ցերեկվա 12-ից, այնպես որ ընկերուհին անպայման կկարողանար մինչև երեկոյան 8-ը տանը լինել:

 

Ավարտականի նոստալգիայի զոհեր
Երբ աղջկա համար տնից բացակայելու առիթները քիչ են, յուրաքանչյուր «ելքը» վերածվում է տոնի՝ փայլեր, բարձրակրունկներ, անխնա շպար և, իհարկե, «դաքֆեյս»:

 

Պսևդոհայրենասերներ
Ուր էլ գնաս, ինչ էլ անես, քո հայ լինելը չմոռանաս: Պարահրապարակը գրավածների մի մասի կարգախոսը հենց այսպիսին էր հավանաբար: Ինչ խոսք, տեխնո-հաուսի դկցկների ներքո հնչող «տաշի՜»-ն իրենց շատ էր ոգևորում:

 

Գորշ զանգված
Նրանք հանդիպում են ցանկացած բաց միջոցառման ժամանակ: «Էս ի՞նչ ա ստեղ, հլը մտնենք,տենանք» խորհրդանշական նախադասությունն արտաբերելուց հետո զանգվածը ներս է հորդում, սլանում դեպի էպիկենտրոն, ոչինչ չասող դեմքով ուսումնասիրում իրենց շուրջը ցկցկացողներին, հետո շարժվում ծայրամասեր, ապա մի քանի շրջան կատարում վերջնականապես համոզվելու համար, որ իրենց այդտեղ դուր չի գալիս և լքում տարածքը։

Այս թեմայով