13 Սեպտեմբեր 2014, 11:32
1780 |

Սերֆինգ ասֆալտի վրա

Երկար մազեր, գլխարկ, շորտ, ականջակալներ ու ամենակարևորը՝ ամուր կոշիկներ: Դասական սքեյթերները հենց այսպիսին են, թեև դասական համարվելու համար նրանց զբաղմունքը, այսինքն՝ սքեյթը՝ բավական երիտասարդ մարզաձև է: Ամբողջ աշխարհում առանց տարիքային սահմանափակման, Հայաստանում՝ մի քիչ այլ կանոններով, սքեյթերներն ու ռոլերները ապրում ու արարում են կողք կողքի:

Սքեյթ այլ կանոններով. երևանյան
Այլ կանոններով, որովհետև հիմնականում դպրոցականներ են կամ մի քիչ մեծ: Տղաներն ասում են՝ բանակից հետո սքեյթի սիրահարների մեծ մասը հետ է վարժվում ու թողնում է սիրելի զբաղմունքը: Ի տարեբերություն դասական կալիֆոռնիական սքեյթերների, մերոնք կարճ մազերով են, մեծ մասը՝ ջինսով: Հայի խառնվածքն իրենն ասում է և հետո՝ ի՞նչ կարևոր է, թե ինչ տեսք ունես, կարևորը ամուր սքեյթն է ու դրանով հրաշքներ գործելու անսահման ցանկությունը: Հայկական սքեյթային հավաքատեղիներում մեկ-մեկ են ընդհանուր խմբից տարբերվող տղաներ հայտնվում: Դրսից եկած մեր հայրենակիցներն են կամ պարզապես հյուրեր:

Սքեյթբորդ չկա՞. սքեյթիր որտեղ պատահի
Մեր տղաների թևերը կոտրում է սքեյթբորդը: Ավելի շուտ դրա բացակայությունը: Ասում են՝ երբ վերջերս տեղեկացել էին, որ առևտրի կենտրոններից մեկի մոտ ռամպեր են տեղադրել, բոլորով իրար էին զանգում ու մինչև տեղ չհասան, չէին հավատում կատարվածին: Բակ, հետո հարևան մեծ բակ, Վերնիսաժ, Հրապարակ ու Օպերա: Մեր սքեյթերների երթուղին այստեղ ավարտվում է, երբեմն նաև ոստիկանների ուղեկցությամբ: Հիմա լավատեղյակները կասեն, որ Երևանում մեծ սքեյթբորդ կա: Այո, բայց փակ է արդեն երկար տարիներ: Տարածքի պահակի հետ տղաների պայքարն ավարտվել է վերջիններիս պարտությամբ. տարիներ առաջ մի քանի կոտրվածք ստացած երեխաները բավարար փաստարկ են, որ բորդի դարպասները էլ երբեք չբացվեն:

Հիասթափություն ու ազարտ. կողք կողքի
Մի քանի անգամ սքեյթը թողած ու վերադարձած տղա-ները պատմում են, որ սքեյթի տվածն ավելին է, քան այն բոլոր հիասթափությունները, որ ապրում են բորդի համար պայքարի ճանապարհին: Գրեթե բոլորը ժամանակ առ ժամանակ թողնում են սքեյթը. նույն տեղում անընդհատ պարապելը սպառում է երևակայությունը, թվում է՝ այդ տեղում սքեյթը պտտելու բոլոր հնարավոր տարբերակներն ավարտված են: Բայց ժամանակ անց վերադառնում են. վերջին զանգվածային վերադարձի պատճառը բորդից քաղաք իջեցված ռամպերն են: Բայց ասում են՝ ուրախությունը կարճ է տևելու. ակցիան կվերջանա, դրանք հետ կտարվեն: «Բերեք մի բան անենք, չտանեն», — իրար դիմելով ասում են ու հաջորդ վայրկյանին փոշմանում. 4-5 տարում ինչքան նամակ ասես ու ում ասես գրել են. ոչ մի արձագանք:

Ռոլերներ ու սքեյթերներ. կողք կողքի 2
Նույն տեղերում, նույն դարդուցավով ծանոթացան, շփվեցին ու ընկերացան: Չեն մրցակցում, չեն թերագնահատում միմյանց, հակառակը՝ երբեմն փոխվում են տեղերով. բավական է ընկերներից մեկն ասի «բեր տեղերով փոխվենք»: Հոգնածությունը մոռանալու ու նոր լիցքեր ստանալու վատ տարբերակ չի: Ամենաշատը հպարտանում են իրենց ընկերությամբ ու միասնականությամբ: Ասում են՝ անգամ շատ նուրբ թվացող հարցերում են միասնական: 15-18 տարեկան տղայի համար տեսահոլովակում նկարվելը կարող է երազանքի պես բան լինել, բայց բավական է մեկը նման առաջարկ ստանա, ու բոլորով են քննարկում՝ արժի գնալ, թե ոչ և եթե ոչ, ուրեմն ոչ: Այդպես եղել է նախորդ «սերունդների» դեպքերում, այդպես է այսօր, թեև իրենց շարքերը շատ են նոսրացել: Եթե մի քանի տարի առաջ հավաքվում էին մոտ 30 տղաներ, այսօր մեկ տասնյակով կրճատվել են: Ասում են, որ բանակ գնալ գալուց հետո իրենց ընկերները էլ նախկին եռանդը չեն ունենում կամ հեռանում են առօրյա հոգսերի պատճառով:

Ադրենալին. անվերջ ձգտում
Սքեյթերներին սքեյթին կապող բոլոր հարցերի առաջին պատասխանը ադրենալինն է: Երբ սքեյթի վրա ես, անընդհատ թվում է, որ ուր որ է մի այնպիսի բան ես անելու, որ դեռ ոչ ոք երբեք չի արել: Ցանկացած իրեն հարգող սքեյթեր ամեն թռիչքից առաջ մտքում պտտում է սքեյթն այնպես, որ իջնելուց սիրտը տեղից թռչի, այլ բան է, ինչ կլինի իրականում, բայց ձգտումը պարտադիր է: Եթե չես թռչելու, թափ հավաքելն անիմաստ է: Զգացողությունները կրկնապատկելու համար սքեյթերները զինվում են փլեյերով: Որքան ռիթմիկ ու բարձր լինի երաժշտությունը, այնքան լավ: Մի բան էլ կա, որ ոգևորում է նրանց, բայց որի մասին խոսում են մի քիչ կարմրելով. «Ամեն ինչ ավելի անբացատրելի է դառնում, երբ մայթեզրի քարերին նստած աղջիկները հետևում են քեզ ու հաջող թռիչքից հետո անհանգիստ շարժումներ անում»: Ահա այսպիսի խոստովանություն:

Խոստովանություն խաղի ու «խաղերի» մասին
Եվս մի խոստովանություն. այս մեկն այն մասին, թե ինչ է ամենաշատը բարկացնում սքեյթերներին. «Սա խաղ չէ, լուրջ սպորտաձև է, ու մենք երբեք սքեյթով խաղալու չենք գնում»: Ահա այսպես՝ կոչ ու հորդոր բոլոր նրանց, ովքեր ունեն սքեյթեր ծանոթ, մի անվանեք սքեյթը խաղ, եթե չեք ուզում, որ ձեր հարաբերությունները անդարձ փչանան: Տղաները հավատացնում են՝ անգամ 12 տարեկան պատանին, ով սքեյթը թևատակին բակ է իջնում, կվիրավորվի, եթե ասեք, որ նա խաղալու է գնում: Այդպիսին են եղել նաև իրենք: Հիմա, երբ հնարավորություն ունեն համացանցով հետևելու աշխարհի տարբեր անկյուններում սքեյթերների հաջողություններին, այդ հարցից ավելի են վիրավորվում: Սքեյթերները շատ միջոցառումների անբաժան ուղեկցողներն են, նրանցով հիանում են, նրանց հետևում են, նրանց հնարքները փորձում են կրկնել: Տղաներն ասում են՝ ուրիշ տեղերում սքեյթերները իսկապես խաղում են…բայց մեծ փողերի հետ: Իրենք դեռ այդ մասին չեն էլ երազում. լսում են դրսից եկած ընկերների պատմությունները ու առայժմ փորձում նրանցից մեկ-երկու հնարք սովորել: Իսկ դե վերջիններս զարմանում են, ինչպես է եղել, որ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում սքեյթերների համար տեղ չի գտնվել:

Արագ, բարձր, ուժեղ
Կալիֆոռնիայից՝ սքեյթի հայրենիքից, մեր տղաները դեռ հյուր չեն ունեցել: Սքեյթեր ընկերներ ունեն Ռուսաստանում, Իսպանիայում, բայց չի բացառվում, որ Կալիֆոռնիային էլ հերթը հասնի: Գուցե այդ ժամանակ հաջողվի ամբողջությամբ բացահայտել սքեյթի գաղտնիքները: Նախորդ դարի 30-ականներին հայտնված այս սպորտաձևը այսօր էլ այնտեղ շատ մասսայական է: Իսկ 30-ականներին սքեյթը հայտնվեց, որովհետև եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սերֆերները անգործ էին մնացել ու որոշեցին սերֆինգով զբաղվել ասֆալտի վրա: Տարիների ընթացքում սքեյթը կատարելագործվել է. նոր տեսակներ են ի հայտ եկել, նոր հնարավորություններ են փորձարկվում, բայց մարզաձևի փիլիսոփայությունը մնում է նույնը՝ ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2014

Այս թեմայով