29 Օգոստոս 2014, 16:00
1731 |

Բրազիլական շարժումներ

Պտույտներ, պար, հարվածներ ձեռքերով ու ոտքերով, բայց այնպես, որ դրանցից ոչ մեկը դիմացինին չդիպչի: Խաղ, որ խաղ է միայն առաջին հայացքից, իսկ կապոեյրիստի համար էներգիայի աղբյուր է ու կենսակերպ: Պար-մարտարվեստ, այսպես են կարճ ներկայացնում կապոեյրան անտեղյակներին:

Վատ տրամադրությունը՝ դռնից այն կողմ
Հայ կապոեյրիստների խումբը փոքր է, բայց դա նրանց չի բնութագրում: Հավաքվել, պարապել, սովորեցնել ու սովորել: Գլխավորը՝ խմբում որևէ մեկն իրեն ավելորդ չպետք է զգա: Նորեկներին դիմավորում են ջերմ, օգնում՝ ով ինչով կարող է: Պարապմունքից առաջ դրսում են թողնում վատ տրամադրությունը: Մեր կապոերյիստների փոքրիկ խումբը վերջին յոթ տարում ապրում ու պարապում է այսպես: Հայերի կապոեյրական առօրյան այս տարիներին շատ քիչ է շեղվել բնականոն հունից: Մի քանի բրազիլական երեկոներ ու անակնկալ հրավեր, որ մերոնց մոտ բերեց բրազիլացի մասնագետ Չիկինյուին: Դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած վարպետի դասերը մերոնք դեռ երկար կհիշեն, բայց ափսոսում են, որ լավ բաները կարճ են տևում:

Էլ ի՞նչ կապոեյրա առանց հայերի
Հայերը կարող են այստեղ լուրջ հաջողություններ գրանցել, որովհետև իրենց խառնվածքով նման են բրազիլացիներին: Իր կարճատև այցի ընթացքում ահա այսպիսի եզրահանգման է եկել մեստրե Չիկինյուն: Կապոեյրիստ Սերգեյ Հակոբյանը համաձայն է մեստրեի (կա-պոեյրայի մարզիչ) հետ: Ասում է՝ հայերը շատ երաժշտական ազգ են, իսկ կապոեյրայում երաժշտությունը մեծ նշանակություն ունի: Բացի այդ, հայերն էլ են բրազիլացիների նման տաքարյուն, էմոցիոնալ, հետ չեն մնում նաև ճկունությամբ: Ի վերջո՝ մենք այդքան հրաշալի մարմնամարզիկներ ու ծանրորդներ ենք ունեցել ու ունենք: Սերգեյն ասում է՝ շատ ծանոթներ ունի, որ դրսում մեծ հաջողությունների են հասել. պարապում են Ռուսաստանում, Կանադայում, Ամերիկայում, անգամ իրենց խմբերն ունեն:

Դաս առաջին. ոչ մի դեպքում չվնասել հակառակորդին
Արտերկրում պարապելու միտքը, իհարկե, գայթակղիչ է, բայց առայժմ Սերգեյը կապոեյրա է սովորեցնում այստեղ՝ Երևանում: Դաս առաջին. ոչ մի դեպքում չվնասել հակառակորդին: Ժամանակակից կապոեյրայի գլխավոր պայմանն է: Իհարկե, 18-րդ դարում այդպես չէր և կապոեյրան արգելելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ ստրուկները երբեմն սպանում էին միմյանց: Կապոեյրայում ժամանակակից հնարքները միմյանց հաջորդող ցատկերն են, ակրոբատիկ շարժումները, որոնց նպատակը հակառակորդին մոլորեցնելն է այնպես, որ նա ինքնաբերաբար կորցնի հավասարակշռությունը և ընկնի: Հետաքրքիր է, որ այս կանոններն ավելի շուտ յուրացնում են արական սեռի ներկայացուցիչները: Կապոեյրայի հայ մեստրեն նկատել է, որ կին կապոեյրիստները դժվար են դիմանում չհարվածելու գայթակղու-թյանը և առավել հաճախ են խախտում կապոեյրայի այս պայմանը: Պատճառը, ասում է, երևի բնությունն է՝ կանայք ավելի իմպուլսիվ են ու չեն համբերում, թե երբ է հակառակորդը հայտնվելու գետնին:

Գլխավորը սեփական ծանրության կետը գտնելն է
Իսկ գետնին չհայտնվելու համար հարկավոր է ճկուն միտք ունենալ, ճարպիկ լինել, արագ կողմնորոշվել ու օժտված լինել սեփական ծանրության կետն իմանալու կամ այն արագ գտնելու կարողությամբ: Կապոեյրիստ Նինա Քասումյանն ասում է՝ վերջին կետը շատ կարևոր է: Միշտ պետք է պահել հավասարակշռությունը: Էներգիա ստանալու համար կապոեյրիստը հնարքների մեծ մասի դեպքում ձեռքերով դիպչում է գետնին և եթե չհասցնի պահել հավասարակշռությունը, գեղեցիկ հնարքըկավարտվի հորիզոնական դիրքում: Թեև այդ դիրքում հայտնվելը պարապմունքների անբաժան մասն է, բայց Նինան ասում է, որ կարևորը կատարելագործվելու ցանկությունն է ու սեփական հնարավորությունները ճանաչելը: Մնացածի մասին հոգ կտանի ժամանակը:

Կապոեյրայի հայկական անունը
Ժամանակն անցնում է, բայց Հայաստանում կապոեյրաով զբաղվողների խումբը գրեթե անփոփոխ է: Գլխավորապես այն պատճառով, որ հայերը կապոեյրայի մասին քիչ գիտեն: Սերգեյ Հակոբյանը պատմում է, որ երբեմն բազմաթիվ ֆիլմեր է հիշում, մինչև բացատրում է, թե ինչով է զբաղված: Only the strong-ը այդ ֆիլմերից ամենահայտնին է: Ֆիլմից ամենաշատը մերոնք Paranae, paranae երգն են հիշում: «Մեկ-մեկ հարցնում են՝ Paranae ես պարապո՞ւմ, — ժպտալով ասում է Սերգեյը և ավելացնում. — կամ էլ ասում են՝ «բրազիլական կարատե»:

Կապոեյրան բոլորի համար է
Երբ 18-րդ դարում Ամերիկայում գաղութից գաղութ տեղափոխվող ստրուկների համբերությունը մի օր հատեց, ու նրանք փախան Ամազոնի խոնավ անտառներ, նրանք չգիտեին, որ ազատվելով մտրակի հարվածներից, կբախվեն բնիկ հնդկացիներին, ու մտրակային պայքարը կվերածվի մշակութայինի: Ճիշտ այսպես, որևէ մեկը դեռ չգիտի իր մարմնի հնարավորությունները, քանի դեռ չի սկսել բացահայտել դրանք: Սերգեյն ասում է, որ կապոեյրան բոլորի համար է անկախ սեռից, տարիքից, ֆիզիկական պատրաստվածությունից ու քաշից. «Այն օգնում է բացահայտել սեփական կարողությունները, միշտ զգոն ու ֆիզիկապես ակտիվ լինել»: Այս ամենն ունենալու համար կապոեյրիստները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում: Անգամ նրա, որ երբեմն կարող են անգամ պարապելու տեղ չունենալ: Խումբը փոքր է, հավաքվող միջոցները՝ նույնպես: Ասում են՝ շատ տեղերում զարմանում են, երբ իմանում են, որ Հայաստանում այս մարզաձևով զբաղվելն այդքան մատչելի է: Ամեն դեպքում, աշխատում են քիչ մտածել ֆինանսական դժվարությունների մասին ու առաջ նայել:

Կապոեյրան միավորում է
Հայ կապոեյրիստները պատմում են, որ տարբեր տարիների խմբում մարդիկ են ընդգրկվել, որ ոչ այնքան կապոեյրայով, որքան հենց խմբով են հետաքրքրված եղել. եկել են լավ ժամանակ անցկացնելու ու լիցքաթափվելու: Հպարտանում են իրենց խմբով, ասում են՝ միասին են անգամ պարապմունքներից դուրս. արշավներ, քաղաքից դուրս, լինում է, որ միասին են անցկացնում նաև երեկոները: «Կապոեյրան միավորում է», — ասում է Սերգեյը ու հիշում, որ օրեր առաջ զրուցել է իր աշակերտներից մեկի հետ, ով Ամերիկայում է: Նա պատմել է, որ քաղաքից քաղաք մեկնելիս հանդիպել է մեկ այլ հայ կապոեյրիստի, ում հետ Հայաստանում է ծանոթացել: «Փաստը, որ մարդիկ կապոեյրա պարապելով միմյանց ճանաչում են, հանդիպում, ընկերանում, ինձ համար ամենահաճելին է», — խոստովանում է նրանց մարզիչը: Ու մինչ աշխարհի տարբեր անկյուններում հանդիպում են արդեն ոչ թե երկու հայ, այլ երկու կապոեյրիստ հայ, այստեղ նրանց ընկերները երազում են մի օր խմբով հայտնվել բրազիլական կապոեյրայի կիզակետում, զգալ այն, ինչ զգում էին մարդիկ, ովքեր կապոեյրան դարձրին պայքարի ձև ու մշակույթ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2014

Այս թեմայով