08 Օգոստոս 2014, 09:45
2717 |

Մարզապատում. երևանյան վորքաութ

Աշխարհում շատ բացահայտումներ են եղել փողի բացակայության արդյունքում։ Հարուստ դրամապանակով մարդը ստեղծագործելու, գլխի ճարը տեսնելու, հնարամտելու կարիք չունի, նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ գնել։ Իսկական արարչագործությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ցանկությունները մի քանի անգամ գերազանցում են հնարավորությունները։ Այս տրամաբանությամբ ստեղծված շարժումը դատապարտված էր դառնալ համաշխարհային, քանի որ երկրագնդի ամեն մի անկյունում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են, բայց պատրաստ չեն վճարել։ Նրանց համար կա street workout համաշխարհային շարժումը: Կա նաև Հայաստանում:

Կքանստող ինկվիզիտոր չի եղել
Անհնար է որևէ կերպ համակարգել կամ ստուգել՝ մարդկության պատմության ընթացքում երբ և ով առաջինը մտածեց ոչ միայն ուտելու, այլև գեղեցիկ մարմին ունենալու մասին։ Նախամարդկանց մասին պատմող և ոչ մի տեղ չես գտնի արձանագրություն, թե ինչպես դինոզավրերի դեմ կռիվ տալու ընթացքում նրանք չէին մոռանում կքանստումներ կամ ժիմ անել՝ ֆիզիկապես առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու համար։ Մարզումների մասին որպես այդպիսին չեն խոսում ոչ վերածննդի, ոչ ինկվիզիցիայի դարաշրջաններում։ Իսկ այ ավելի ուշ՝ Խորհրդային կայսրության տարիների գաղափարախոսությունն ամբողջապես ներառում էր ֆիզկուլտուրան իր բոլոր դրսևորումներով։ «Առողջ մարմնում առողջ հոգի» նշանաբանը սովետի վարած քաղաքականության հիմնական ուղղություներից էր։ Հենց այդ տարիներին սկսվեց բակային տուրնիկների զանգվածային շինարարությունն ամբողջ միության տարածքում։ Կրթական համակարգում պարտադիր ընդգրկվեց «Ֆիզկուլտուրա» առարկան, ամենուր սկսեցին մրցումներ անցկացնել, իսկ բոլոր նրանք, ովքեր շեղվում էին առողջ ապրելակերպ վարելուց, դատափետվում էին ու քարկոծվում համայնքի կողմից։

Ո՞ւր էր գնում աֆրոամերիկացիների ավելորդ էներգիան
Հանուն արդարության նշենք, որ սովետից առաջ, բայց ինկվիզիտորներից շատ-շատ հետո, սովորական, ոչ սպորտային մարզումների մասին առաջինը մտածեցին աղքատ, բայց հպարտ աֆրոամերիկացիները։ Նրանք չունեին բավարար միջոցներ մարզասրահներին վճարելու համար, դրա համար սկսեցին հորինել՝ ինչպես, որտեղ, ինչի վրա պարապել։ Սպորտային վիճակը բարելավելու, ավելորդ էներգիան պարպելու համար նրանք օգտագործում էին ձեռքի տակ ընկած ամեն ինչ՝ էլեկտրական սյուներ, աստիճաններ, ծառեր։ Վարժությունները հորինում էին անձամբ, հետո տարածում իրար մեջ, ապա ֆիլտրում, ընտրում ամենաարդյունավետ տարբերակները։ Դրանք կարող էին լինել տարօրինակ, անսովոր, բայց կարևորն արդյունավետությունն էր։ Օրինակ՝ ավտոբուսի բռնակների վրա մեզ ծանոթ պրեսս վարժությունը կամ ծառի ճյուղերից կախված ժիմ անելը։ Համատեղ պարապմունքների համար սկսեցին ձևավորվել թիմեր՝ առանց տարիքային սահմանափակումների։

Մարզումներն ընթանում էին հենց մարզիկների հորինած օրենքներով, որոնք ամեն օր կարող էին փոփոխության ենթարկվել։ Հիմնական մեխը չորս D-ի գաղափարախոսությունն էր՝ Drive, Dedication, Discipline and Determination (դրայվ, նվիրում, կարգապահություն և կողմնորոշում)։ Մարզաձևով հետաքրքրվողների նպատակն իրենց ֆիզիկական և կամային հատկանիշները բացահայտելն էր, սեփական մարմնին ու հոգուն մարտահրավեր նետելը. մարզվել այնքան ու այնպես, որ լիմոնի պես քամվես, բայց սեփական աչքերում բարձրանաս։ Առավելագույնին ձգտելու մոլուցքը վարակիչ էր։ Աֆրոամերիկացիների «գյուտը» արագ տարածվեց երկրում։ Ընդ որում, պատճառը միայն այն չէր, որ նրանց առաջարկած մարզումների տարբերակն անվճար էր։ Կարևոր դեր ունի նաև հոգին, որը բնակվում է առողջ մարմնում ու թելադրում իր կանոնները։ Բանն այն է, որ մարզվելը շատ ավելի հաճելի է ոչ թե քրտինքի հոտով պարուրված սրահներում, այլ բնության գրկում, մաքուր օդին։ Ամերիկացիները հետևողական եղան և կարողացան զարգացնել այս ուղղությունը՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ մարդկանց։ Այդ պատճառով հենց նրանց բաժին հասավ ոչ միայն առաջինը լինելու փառքի դափնին, այլ նաև մարզաձևի անվանումը հետագայում աշխարհում տարածելու տարբերակը՝ street workout: Այժմ արդեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում կան street workout-ով զբաղվող թիմեր, որոշ երկրներում՝ նույնիսկ ֆեդերացիաներ, անցկացվում են մրցաշարեր, սակայն պաշտոնական սպորտաձև այն դեռևս չի ճանաչվել ոչ մի երկրում, բացի Ղազախստանից։

Սպորտային սառը պատերազմ
Խորհրդային Միության փլուզման հետ զուգահեռ Հայաստանում ֆիզկուլտուրայի կարևորության մասին բարեհաջող մոռացան։ Բայց մեր դուռը ծեծեց ինտերնետը։ Ու որքան էլ անիծեն այն, փաստ է, որ մեծ քանակով մարդկանց միավորելու առավել արդյունավետ տարբերակ մարդկության պատմության ընթացքում երբեք չի հորինվել։ Ֆիթնես ակումբներին դեմ, բայց ընդհանրապես սպորտին կողմ մարդիկ սկսեցին փնտրել ու գտնել իրար։ Համացանցում մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել փողոցային մարզումների տեսանյութեր. սկզբում աֆրո-ամերիկացիներն էին պրեսսը զարգացնում փողոցի ասֆալտի վրա, հետո նրանց միացան եվրոպական ու նախկին խորհրդային երկրների երիտասարդները։ Ընդ որում, street workout անվանումն այն ժամանակ դեռ հստակ չէր, ավելի շատ ghetto workout տարբերակն էր ընդունված, քանի որ սկզբում շարժումը տարածված էր գետտոներում։ Որոշ տեսանյութեր նրանց մարզումներից ուղղակի պայթեցրեցին համացանցը։ Հետխորհրդային տարածքում աստիճանաբար վերականգնվեց կորուսյալ հիշողությունը երբեմնի բակային մարզահրապարակների մասին։ Առաջին ակտիվությունը ցուցաբերեց Ուկրաինան, որտեղ շատ արագ զարկ տրվեց փողոցներում և բակերում համապատասխան մարզահրապարակների կառուցման շինարարությանը։ Ու մի օր այդ ամենը հասավ նաև Հայաստան։

Ի՜նչ տղերք են
Նրանք դեռևս շատ չեն, բայց նրանց սթրիթվորքաութցիներ կամ տուրնիկմեններ են ասում։ Երբ հավաքվում են մի վայրում, որպեսզի մարզվեն, շրջակայքում բոլորի ուշադրությունը սևեռվում է նրանց վրա։ Եվ դա բնական է։ Պլանշետներից ու սմարթֆոններից գլուխը չբարձրացնող երիտասարդության ֆոնի վրա սեփական մարմինը գեղեցիկ դարձնող, սպորտով զբաղվող տղաները մեր ժամանակի հերոսների կարգավիճակ են ստանում։ Հենց այսպիսին մենք նրանց տեսանք Աջափնյակի այգում, գարնանային մի կիրակնօրյա առավոտ։ Ոչ մի ավելորդություն՝ ուղղակի մարզանք երևանյան արևի ջերմ շողերի ներքո։ Տղաներն այստեղ հավաքվում են գրեթե ամեն կիրակի, գալիս են Հայաստանի մարզերից ու քաղաքներից։ Շաբաթվա ընթացքում յոլա են գնում իրենց քաղաքների տուրնիկներով։ Երևանում Աջափնյակի այգին միակ վայրն է, որտեղ կան street workout մարզահրապարակի համար հարմարավետ պտտաձողեր։ Ճիշտ է, որոշները մի քիչ վտանգավոր են, մատնված անուշադրության, չեն խնամվում, բայց տղաները չեն ընկճվում։ Ընդհանրապես, այս տղաները երբեք չեն ընկճվում։

Իջևանից եկած Մհերը պատմեց, որ իր ընկերների հետ գրեթե ամեն օր երեկոյան ժամը վեցին հավաքվում են մարզվելու։ Վերջերս իր քաղաքում ծնունդով իջևանցի, բայց ուկրաինաբնակ բարերարների շնորհիվ կառուցված նոր մարզահրապարակի բացումը զգալիորեն խտացրեց վորքաութցիների շարքերը։ «Առաջ մարզվում էինք ծառերի, բորդյուրների օգնությամբ, գտնում քիչ թե շատ հարմար ձողեր։ Հիմա իրավիճակը փոխվել է, ասեմ ավելին, առաջ մեր մարզումներին հեռվից հետևող երեխաները հիմա արդեն իրենք են փոքր թիմեր կազմած գալիս Իջևանի մարզահրապարակ ու պարապում, կոփում իրենց մարմինը»։ Մհերը պարապում է արդեն մեկուկես տարի, այս ընթացքում հասցրել է մասնակցել նաև մրցումների։ Սամբիստ Գոռը սովորում է տասնմեկերորդ դասարանում, սպորտով զբաղվում գիշերուզօր: Սեփական «տրյուկները» դեռ չի հորինել, փոխարենն անձամբ է պատրաստում և ընկերներին էլ բաժանում հատուկ ձեռնակապեր, որոնք մեղմացնում են ցավը պարապմունքների ժամանակ։ Այս մարզաձևը, իհարկե, վտանգավոր չէ, սակայն մարզիկների ձեռքերից կոշտուկներն անպակաս են։ Շատ վարժություններ ենթադրում են, որ սեփական մարմնի քաշը պետք է պահեն միայն ձեռքի ափերը։

19-ամյա Բորիսը մարզվում է «էգոիստական» նպատակներով. «Դեռ չեմ որոշել՝ կգնամ սպորտի ուղղությամբ, թե չէ, բայց առողջ ու սիրուն մարմին ունենալ ուզում եմ հաստատ։ Մանավանդ, որ նման արդյունքին հասնելու համար շատ բան պետք չի՝ կամքի ուժ, նպատակասլացություն։ Ժամանակ գտնել ու օրվա ընթացքում մի քանի վարժություն անել կարող են բոլորը, պարզապես ոչ բոլորն են կարողանում իրենց ստիպել դա անել։ Բայց արդյունքն այնքան ակնհայտ է, որ չարժե ալարել»։

Ով ալարի, ոչ դալարի. ցավոք, աղջիկներն առայժմ ալարում են։ Բայց կան բացառություններ: Համարյա մեկ տարի սթրիթվորքաութով հրապուրված տասնութամյա Ռեբեկան այս մարզաձևի մասին իմացավ պատահական, ու, ինչը տարօրինակ է, ոչ ինտերնետից։ Նա ապրում է Աջափնյակի այգու տարածքում ու հաճախ էր առավոտները գալիս այստեղ վազելու։ Մի օր տեսավ տղաներին, ծանոթացավ այս մարզաձևի հետ ու վերջ՝ արդեն ամեն առավոտ այստեղ է. «Հուսամ, առաջիկայում հայ աղջիկները կհետաքրքվեն այս մարզաձևով։ Ի՞նչ կարիք կա գնալ ֆիթնես ակումբներ, եթե հնարավոր է ամեն առավոտ մաքուր օդում կես ժամ ծախսելով ունենալ գերազանց արդյունք, հիանալի մարմին»։ Մրցումներին նույնպես մասնակցում է, սակայն առայժմ միայն ցուցադրական ելույթներով։

Տասնյոթամյա Տիրայրը Եղվարդից է, street workout–ով հետաքրքրված է արդեն չորս տարի։ Ծննդավայրի բրենդի մասին հարցին հումորով մոտեցավ. «Եղվարդն էլ ի՞նչ Եղվարդ առանց «Եղվարդ» բոթասի»։ Նա նույնպես ամեն կիրակի գալիս է Երևան՝ Աջափնյակի այգում հանդիպելու թիմակիցներին, ցույց տալու՝ ինչ նորություններ է յուրացրել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Տիրայրն անհանգիստ է, անընդհատ ճոճվում է մի ոտքից մյուսը, զգացում է, որ ներքին էներգիան հազար անգամ ավելին է արտադրվում, քան հաջողացնում է սպառել։ Ճկուն է՝ ինչպես թիմում ոչ ոք։ Երկու բառ փոխանակելիս արդեն վարակում է իր ժպիտով ու դրական լիցքերով, իսկ երբ աչքերդ իջեցնում ես ներքև ու տեսնում՝ ինչպես է կանգնել ոտքի թաթերն ամբողջովին հետ շուռ տված, մի պահ նույնիսկ չես ընկալում աչքիդ տեսածը։ Ու հասկանում, որ սեփական մարմնիդ հնարավորությունների մասին քեզ ոչինչ հայտնի չէ։

Բոլորին իրար գլխի հավաքողը
Street Workout Armenia–ի տնօրեն Արթուր Հարությունյանը Հայաստանում մարզաձևի տարածման առաջամարտիկներից է, մարզվել սկսել է 2009-ից, իսկ 2012-ի հունիսից տարածում և քարոզում է առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում։ «Առաջին հավաքը հուլիսի քսանին էր, ներկա էին տասնհինգ հոգի։ Ամբողջ Հայաստանում այդքան մարդ գիտեր street workout մարզաձևի մասին։ Իրար գտել էինք ինտերնետով։ Հիշում եմ՝ ինչպես էի սոցցանցերում փնտրում մարդկանց, ովքեր տուրնիկների կողքին կանգնած նկարներ ունեին կամ որպես իրենց հոբբի նշել էին սպորտը։ Դժվար էր, բայց ոչ անհնար։ Իրար գլխի հավաքվեցինք, ծանոթացանք։ Ժամադրության վայրը Հրազդանի կիրճում էր՝ Բիձու գյոլը, որը դեռ սովետի ժամանակներից հայտնի տեղ էր սպորտով զբաղվողների շրջանում»։ Հետաքրքիր փաստ է. առաջին հավաքին ներկա բոլոր տղաները մինչև հիմա էլ street workout-ի ակտիվ անդամներ են։

Այստեղից հետևություն. street workout-ը սեր է առաջին հայացքից ու մեկընդմիշտ։ Երկրորդ հավաքին արդեն երեսուն հոգով էին, ներկա էին տղաներ նաև Հրազդանից, հետո նրանց միացան Չարենցավանի ու Վանաձորի ակտիվիստները։ Ամեն մի հավաքից հետո ինտերնետում տեղադրված նկարները պայթյունի էֆեկտ էին ունենում. ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ դիմում էին նրանց համատեղ մարզվելու խնդրանքով։ Այժմ հայաստանյան վորքաութիստների ցանցը հետևյալ քաղաքներն է ընդգրկում՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Արտաշատ, Արարատ, Եղվարդ, Գորիս, Չարենցավան, Վայք, Դիլիջան, Իջևան, Բյուրական, Արմավիր։ Մարզաձևի հետևորդներ կան նաև Ղարաբաղի չորս քաղաքներում՝ Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան:

Ոտքերը՝ ուսերի լայնությամբ…
Իհարկե, դեռևս գոյություն չունի «Ինչպես զբաղվել street workout-ով» ձեռնարկ, սակայն որոշակի կանոններ, այնուամենայնիվ, մշակված են։ Հաշվի առնելով, որ street workout–ն ապրելակերպ է, այն պետք է ներառել կենցաղում ամեն օր ու մարզվելու համար ամեն օր ժամանակ գտնել։ Ընդունված է համարել, որ street workout-ն իր մեջ ներառում է երեք ուղղություն՝ ուժային վարժություններ, ճկունության վարժություններ՝ կոլումբիական ջիմբար (gimbarr), տեխնիկական վարժություններ։ Այսինքն՝ street workout մարզաձևում իրենց հետաքրքրող ուղղություն կգտնեն բոլորը. և՛ նրանք, ովքեր ուզում են զարգացնել իրենց մկանները, և՛ նրանք, ում համար կարևոր է դառնալ ճկուն, ու նաև նրանք, ովքեր բարձր են գնահատում տեխնիկական հնարքներ անելու կարողությունը։ Արթուրն իր պարտքն է համարում զգուշացնել. «Բակային պայմաններում խորհուրդ ենք տալիս հրաժարվել տեխնիկական տրյուկներից, դրանք վտանգավոր են, կատարեք միայն ուժային վարժություններ»։ Ինքը՝ Արթուրը, որն ապագա տնտեսագետ է, ինչպես նաև՝ դաշնակահար, երբ սկսեց մարզվել, ոչ մի բարենպաստ պայման չկար։ Մարզվում էր տանը, դրսում՝ երկու ծառի արանքում հարմարեցված ձողին, կայանած մեքենաների վրա, բայց նա գիտեր կարևորը. չընկճվել ու առաջ գնալ։ Արդյունքում 2013-ի նոյեմբերին գրանցվեց հայաստանյան street workout կազմակերպությունը։ Արթուրը խոստովանում է, որ մարզումներին պաշտոնական կարգավիճակ տալը նրանց համար էական չէ, սակայն աշխարհի առաջնություններին մասնակցելու համար դա կարևոր պայման է։

 

Այս տարի աշխարհի առաջնությունը կլինի Ղազախստանում։ Հայաստանի լավագույն ներկայացուցիչը, անցյալ տարվա ՀՀ չեմպիոնը, մեր հույսն ու հավատը, այս պահին ժամկետային զինծառայություն է անցնում Կուբատլու շրջանում։ Street workout–ի ասպարեզում Սերգեյ Թորոսյանի անցած ուղու մասին պատմող տեսանյութը հայկական ինտերնետում մինչև այսօր էլ ամենադիտվածներից մեկն է։ Եզակի ֆիզիկական ուժի տեր տղան երբ սկսել էր զբաղվել այս մարզաձևով, իրենց բակում նույնիսկ սովորական պտտաձող չուներ, որպեսզի կարողանար պարապել։ Իսկ հիմա աշխարհի վորքաուտցիների շրջանում նա հայտնի է իր սեփական «տրյուկով», որը կրկնել դեռ չի հաջողվում։ «Ի ծնե են ուժեղ լինո՞ւմ, թե՞ հետագայում են դառնում այդպիսին» հարցին Արթուրը պատասխանեց միանշանակ ու համոզված. «Մարդը միշտ ունի ընտրության հնարավորություն, կյանքում ամեն ինչը ձեռքբերովի է։ Անհրաժեշտ է միայն կամք ու ցանկություն»։

Կամք, ցանկություն ու գրագետ մենեջմենթ
2013-ին Ռուսաստանից Հայաստան եկավ ու այստեղ հաստատվեց Ղազար Հակոբյանը, որն իր վրա վերցրեց Street Workout Armenia շարժման զարգացումն ու տարածումը։ Նա գտավ առողջ ապրելակերպով հետաքրքրված երիտասարդներին, միավորեց մեկ ընդհանուր հարթակում ու հիմա ինտենսիվորեն զբաղվում է այլ անդամների ներգրավմամբ։ Ամեն քաղաքում գտնելով մարզաձևի պատասխանատուին՝ Ղազարը համախմբում է նրանց, ճիշտ ուղղությամբ տանում մարզաձևի քարոզչությունը։ Տարատեսակ մրցությունների, բաթլների միջոցով ի հայտ են գալիս նորանոր տաղանդներ։ Նպատակը մեկն է՝ քարոզել սպորտն ու առողջ ապրելակերպը, քանի որ առողջության մասին պետք է մտածել հենց առողջ ժամանակ. «Հայաստանում մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է խրախուսել առողջ ապրելակերպով զբաղվելը։ Մենք հիմա նախագծել ենք կառուցել մի շարք մարզահրապարակներ Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան ազատ զբաղվել street workout-ով»։

2014-ից նոր տեմպերով և մեթոդներով են տարածելու ու քարոզելու առողջ ապրելակերպը և street workout մարզաձևը Հայաստանում և ԼՂ-ում: Գրագետ մենեջմենթի շնորհիվ ընդլայնվում է մարդկանց ընդգրկվածությունը, կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այստեղ առաջնայինը գիտելիքն է, հետո միայն սպորտը: Հենց այդ պատճառով էլ վորքաութով զբաղվողները ատլետներ են, այլ ոչ թե սպորտսմեններ: Ատլետներն ուժեղ, մկանոտ, ներդաշնակ զարգացած մարդիկ են՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև ինտելեկտուալ: Նրանք ժամանակակից երիտասարդներ են, որոնք հստակ են զգում դարի հրամայականները։ Նրանց միավորում է առողջ ու գեղեցիկ լինելու ցանկությունը, իսկ դա հզոր ուժ է։ Բնավ չթերագնահատելով նորագույն տեխնոլոգիաները՝ նրանք ոչ թե շատերի պես դրանց գերին են դառնում, այլ աշխատեցնում դրանք ի շահ իրենց։ Շուտով կգործարկվի street workout-ի հայաստանյան պաշտոնական կայքը, որը կդառնա առաջարկի ու պահանջարկի հանդիպման հարթակը: Իսկ մինչև այդ streetworkout.am կայքում հանդիպում ենք խորհրդավոր հարցաթերթիկի. «Նոր անդամներ գտնելու ակնկալիքով մենք կազմել ենք այս հարցաթերթը: Խնդրում ենք վերաբերել նրան ամենայն լրջությամբ և լրացնել այն հնարավորինս ուշադիր, քանի որ այն կարող է փոխել ձեր ճակատագիրը»։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2013

Այս թեմայով