05 Սեպտեմբեր 2014, 10:39
1721 |

Ոչ կենդանի երաժշտություն

Սրճարաններում ու ռեստորաններում երաժշտությունը սովորական բան է, նույնիսկ անհրաժեշտ: Սխալ ընտրված կամ չափազանց բարձր հնչող երաժշտությունը կարող է այցելուի հետ հավերժ բաժանման պատճառ հանդիսանալ: «ԵՐԵՎԱՆը» սրճել է մայրաքաղաքի մի քանի նստավայրերում ևփորձել պարզել դրանց մենեջերներից ու տնօրեններից՝ երաժշտության ընտրության մասին:

Retro café
Վինտաժային պաստառներ, 60-ականների հայտնի երաժիշտների լուսանկարներ, համապատասխան հնության պատեֆոն ու վինիլային սկավառակներ, հնաոճ աթոռներ ու սեղաններ' «Ռետրո» սրճարաններում հնչող երգերի փլեյլիսթը, բնականաբար, չէր կարող բաղկացած լինել Բեյոնսեի ու Ռիհաննայի կատարումներից, այստեղ ամեն ինչ համահունչ է: «Կարծում եմ ռետրո երաժշտությունը ավելի բարձրորակ է, ուզում ենք հնարավորություն տալ մեր այցելուներին վայելել որակյալն ու, ինչու ոչ, ծանոթանալ անցյալ դարի հիթերի հետ», — պատմում է «Ռետրո» սրճարանների ցանցի ղեկավար Արամ Մնացականյանը: Ի դեպ, պատեֆոնն ու վինիլային սկավառակները աշխատող են. ցանկության դեպքում հին ու փորձված երգերը կարելի է լսել հին ու փորձված տեխնիկայով:

 


Sorriso
Քանի որ Հյուսիսային պողոտայում գտնվող այս սրճարանը իտալական արմատներ ունի, զարմանալի չէ երաժշտության ընտրությունը. այստեղ նախընտրում են հայտնի իտալացի կատարողների հնչեղ ու հանգիստ կատարումներ՝ Էռոս Ռամազոտիից, Տիցիանո Ֆերոյից, Ադրիանո Չելենտանոյից և մյուսներից: Այստեղ հնչում են նաև իտալական էստրադայի մեզ մոտ ոչ այնքան հայտնի ներկայացուցիչների, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծող երգեր: Փլեյլիսթը ընտրվում է ամեն օրվա համար առանձին և շատ մանրակրկիտ. նույնիսկ 2-3 ժամ անցկացնելով Sorriso-ում չեք լսի նույն երգի կրկնությունը:

«Երաժշտությունը նախ՝ մեծ ազդեցություն ունի սրճարանի աշխատակիցների վրա: Անդադար նույն երգերը լսելիս՝ նրանց մոտ պակասում է աշխատելու մոտիվացիան, դրա համար էլ ամեն օր թարմացնում ենք երգացանկը», — պատմում է Sorriso ցանցի տնօրեն Գեորգի Ասատուրովը: Եթե երաժշտությունը բարձր է, մարդիկ սկսում են ավելի բարձր խոսել. այս պարզ սկզբունքն ընդունելով Sorriso-ում երաժշտությունն օգտագործում են որպես ֆոնային հավելում: «Կան սրճարաններ, որտեղ երաժշտությունը հատուկ բարձրացնում են, որ մարդիկ շուտ հոգնեն ու գնան, փոխարենն էլ նոր այցելուներ գան, — ասում է սրճարանի տնօրենը, — մեզ մոտ նման պրակտիկա չկա: Չնայած մի քանի երգեր կան, որոնք, չգիտես թե ինչու, սովորականից շատ բարձր են հնչում: Բայց դրանց ընթացքում հատուկ իջեցնում ենք ձայնը»:

 


Achajour
Ե՛վ բացօթյա, և՛ փակ «Աչաջուրում» հիմնականում հնչում են ջազային, բլյուզային, ռետրո, կուբայական երաժշտություն, ինչպես նաև ժամանակով ստուգված փոփ հիթեր և ֆիլմերի սաունդթրեքներ: Այս սրճարանի հավատարիմ հաճախորդներին վստահորեն ծանոթ են Նենսի Սինաթրան, Էլլա Ֆիցջերալդը, Նինա Սիմոնը, Ռոբերթա Ֆլեքը, Սիլը և Սթինգը: Հաճախ կարելի է լսել նաև Երևանին նվիրված երգերի հավաքածու, իսկ ժամանակակից կատարողներից տեղական փլեյլիսթն ընդգրկում է Ֆորշի, «Ռեինկարնացիայի» և Ռուբեն Հախվերդյանի երգերը: «Մեր երկու մասնաճյուղերում էլ սկզբունքը նույնն է՝ հնչում է ականջին հաճելի և տրամադրություն ստեղծող երաժշտություն, — բացատրում է «Աչաջուր» սրճարանների ցանցի տնօրեն Արևիկ Մանուկյանը, — երևի ռաբիսն ու ցանկացած լեզվով հնչող վատ պոպսան է մեզ մոտ կատեգորիկ չհնչող ժանրերի շարքում: Փարպեցու վրայի «Աչաջուրի» համար 90–ականների ռուսական ռոք ու փոփ երգերի հավաքածու ստեղծեցինք, որ հնչեցնում ենք ձմռան ամիսներին, մասնավորապես ուրբաթ օրերը»: Երաժշտության բարձրությունը «Աչաջուրում» չի խանգարում այցելուներին ձայնի սովորական բարձրությամբ միմյանց հետ հաղորդակցվել: «Իհարկե, լինում են դեպքեր՝ հատկապես սիրա-հարների այգում, երբ նորածին երեխաներով մայրերը խնդրում են երաժշտության ձայնը էապես իջեցնել, որ երեխան քնի: Եթե դա այնպիսի ժամ է, երբ սրճարանում այլ այցելուները շատ չեն, սրճարանի աշխատողները խնդրանքը կատարում են», — պատմում է Արևիկը:

 


Cinnabon, Segafredo Zanetti Espresso, Square One, SFC
Figaro Restaurant Group ցանցի մեջ մտնող այս չորս ժամանցային վայրերում հնչող երաժշտությունը ապահովում է մեկ հոգի, մարքեթինգի տնօրեն Ջորջ Կարապետյանը: Նա հաշվի է առնում ընտրված երգերի երկու ամենակարևոր չափանիշները' ռիթմիկությունն ու դանդաղությունը: Ադել, One Republic, Imagine dragon' այս կատարողների երգերը հնչում են բոլոր չորս վայրերում, իսկ օրինակ անդերգրաունդում հայտնի Ագնես Օբելը հնչում է միայն Segafredo-ում: Երաժշտության բարձրությունը որոշվում է այցելուներին չխանգարելու, չհոգնեցնելու սկզբունքը հաշվի առնելով: «Երգերը ընտրվում են մասնաճյուղի տրաֆիքից ելնելով: Առավոտյան ու ցերեկային ժամերին այցելուների թիվը ավելի փոքր է, աղմուկ չկա, դրա համար էլ դանդաղ ու հանգիստ երաժշտություն ենք հնչեցնում, ֆոնային: Երեկոյան արդեն ընտրում ենք ավելի ռիթմիկ երաժշտություն' մարդկանց էներգիա պարգևելու համար», — պատմում է Ջորջը: Հյուսիսային պողոտայում գտնվող Cinnabon-ում նույնպես կիրառվում է նույն սկզբունքը' հանգիստ երաժշտություն մինչև կեսօր և աշխույժ, ռիթմիկ հիթեր մինչև կեսգիշեր:

Այս չորս վայրերում մեծ ուշադրություն են դարձնում նաև երաժշտական ժանրերին: Այնպես որ ռեփի սիրահարները այստեղ երբևէ չեն լսի իրենց սիրելի կատարումներից մեկը: «Նույնը վերաբերում է, օրինակ, հարդ ռոքին, քանի որ դրանք սեգմենտավորված ոճեր են, դրանց սիրահարները չեն գա մեզ մոտ երաժշտություն լսելու համար», — նշում է Ջորջը: Քանի որ Segafredo-ն նշված նստավայրերից ամենալուրջն է, ապա այստեղ հաճախ ջազ է լինում, Աբովյան փողոցի մասնաճյուղում՝ նույնիսկ կենդանի կատարմամբ: Այ այսպիսի նրբություններ գոյություն ունեն այսքան, թվում էր թե, պարզ բանում, ինչպիսին սրճարանում միացրած երաժշտությունն է:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2013

Այս թեմայով