05 Օգոստոս 2014, 17:51
3696 |

Երևանի խունկի արքան

Եթե Ռոսիայի եկեղեցու հարակից տարածքում բարակ ծուխն անուշ բուրում է, ուրեմն Խաչիկ պապը՝ Չիլասլանյան Խաչատուրը, տարածքում է: Ձեռագործ խունկի միակ վարպետն արդեն 22 տարի է` խնկարկում է Երևանը: Ամեն ինչ սկսվեց 1992-ին, երբ գործարանները փակվեցին ու մարդիկ սկսեցին փողոցներում ինչ-որ բան վաճառել. նա ընտրեց խունկը:

Ինչո՞ւ խունկ:
- Խունկի վաճառքը սովորական վաճառք չէ: Աստծուն խունկ են ծխում, ոչ թե պարաֆին են վառում: Ես նույնիսկ Ցեղասպանության թանգարանի տնօրինությանն եմ դիմել, որ մարդիկ Ծիծեռնակաբերդ բարձրանան ոչ թե ծաղիկներով, այլ ծխացող խունկերով: Ի դեպ, խունկ պատրաստելը դժվար աշխատանք է, հումքը կարող ես հավաքել միայն հուլիս, օգօստոս, սեպտեմբեր ամիսներին: Միայնակ, ոտքով գնում եմ բնության գիրկը, չոլերով-ձորերով շրջում, ձեռքս անպայման երկար փայտ եմ վերցնում օձերից պաշտպանվելու համար: Մինչև հավաքում-մշակում եմ, հազարավոր փշեր ծակում են մատներս:

Եթե նեկտար եք կարողանում պատրաստել, ուրեմն մեղուների լուրջ մրցակիցն եք:
- Մեղուների հետ ընկերություն եմ անում: Դեռ ոչ մի մեղու ինձ չի խայթել: Նույնիսկ գյուրզայի եմ հանդիպել, ֆշշացրել է, բայց չի խայթել: Մեղուներից պաշտպանվել պետք չէ, հենց պաշտպանվեսս, կխայթեն: Իրենց թևերով ականջիս քսվելով գնում են ու չեն խայթում: Նույնիսկ քիմիկ-կենսաբաններն են զարմացել, թե ես ինչպե՞ս եմ կարողանում նեկտար պատրաստել, չէ՞ որ դա մեղուների մենաշնորհն է:
Մի անգամ աղջկաս դասախոսին տվեցի իմ պատրաստած նեկտարից: Մի քանի օր ուսումնասիրեց, ասեց՝ հայրդ ինձնից շատ ավելին գիտի:

Իսկ սրանք ի՞նչ ճյուղեր են:
- Այս ծառը Հայաստանում է աճում, այն «հրեշտակի պատկերով» ծառ եմ կոչում, որովհետև ճյուղերի մոտ հրեշտակի պատկեր կա: Հավաքում եմ ճյուղերը, մշակում և վաճառում: Ճյուղը հաջողություն է բերում: Ես արդեն 16 տարի է՝ այն գրպանիցս չեմ հանել:

Ե՞րբ են մարդիկ խունկ վառում:
- Հիմնականում՝ ձմռանը։ Հաճախորդներս ասում են՝ երբ խունկ են ծխում տանը, ր թվում է՝ բնակարանը ջեռուցվում է: Խունկը նաև բուժիչ է, հատկապես թոքերի հիվանդության, բերանաբորբի, ականջացավի դեպքում: Հին պատմություն կա խունկի բուժիչ նշակության մասին. Արևմտյան Հայաստանում խոլերիա է տարածվում, բոլորը մահանում են: Ողջ է մնում միայն եկեղեցու խնկարկողը: Հոգևորականը խոլերիայով չէր վարակվել, խունկն է նրան պաշտպանել:

Ունե՞ք աշակերտներ:
- Ժամանակին մի քանի հարուստ գործարարներ են առաջարկել արտադրություն բացել: Հրաժարվել էի: Իմ երեխաներից ոչ մեկը չուզեց շարունակել իմ գործը, ես էլ ինքս ինձ խոսք տվեցի, որ ոչ մեկին չեմ սովորեցնի գաղտնիքներս: Չնայած մի անգամ ինքս առաջարկեցի մանկատան տնօրենին սաներին սովորեցնել իմ գործը, որ երբ մանկատնից դուրս գան, ապրուստի միջոց ունենան: Ընթացք չտվեցին... Եկամտաբեր գործ չի, բայց դե ամսական գոնե մի թոշակիս չափով գումար կարողանում եմ աշխատել խունկ վաճառելով:

Դո՞ւք ինքներդ խունկ վառում եք:
- Ամեն երեկո, և աղոթում եմ, բարություն եմ խնդրում Աստծուց, որովհետև մարդիկ մոռացել են աստծո դատաստանի մասին: Չարը շատացել է: Նաև օրագիր եմ գրում: Հայաստանում կատարվող ամեն իրադարձություն՝ օրով-ժամով կա իմ օրագրում:

Այս թեմայով