11 Օգոստոս 2014, 11:17
1931 |

Դոնաթանոց

Պրոսպեկտի «Յամ-Յամը»` Մաշտոցի 39/12 հասցեում գտնվող «դոնաթնոցը», պատմական վայր էր: Ինչքան դիպլոմայիններ ու կուրսայիններ են գրվել «Յամի» սեղաններին, ինչքան աշակերտներ են ընդունվել բուհ՝ հենց այնտեղ մի ամբողջ տարի պարապելով, ինչքան սիրո խոստովանություններ, բամբասանքներ, արցունքներ են տեսել ու լսել այդ սրճարանի պատերը, որ լուռ ու մունջ դիմանում էին ընտանիքի անդամների վերածված հաճախորդների արկածներին: Հին «Յամը» չկա, բայց հուշերը դեռ երկար կապրեն:

Ինտերյեր
Երևանում դեռ մութ ու ցուրտ, անլույս ու կիսասոված տարիների ստվերն էր, երբ 1997 թվականի դեկտեմբերի 9-ին Մաշտոցի պողոտայում բացվեց այն ժամանակվա երևանյան իրականության հետ ոչ մի կապ չունեցող «Յամ-Յամ Դոնաթս» սրճարանը: Տերը Թորոսն էր Նյու Ջերսիից, երևի այդ պատճառով էլ դիզայնն անսովոր էր՝ այդպիսին միայն ամերիկյան ֆիլմերում էինք տեսել: Դեղնավուն պատեր, մոտ վեց հոգու համար նախատեսված վարդագույն սեղաններ ու արծաթագույն աթոռներ, որոնց շուրջ հենց վեց հոգով էլ նստում, մեկ սուրճ ու կոլա պատվիրում և ժամերով խոսում, գոռգոռում, ծիծաղում էինք: Ապակեպատ դռան կողքին կախիչներն էին, որ ձմռան ամիսներին կորում էին բաճկոնների ու վերարկուների տակ, պատերին' մեծ չափի վառ գույներով լուսանկարներ: Մուտքի դիմաց համով դոնաթների ու սուրճերի վաճառասեղանն էր: Կար, սակայն, մի անհարմարություն. «Յամում» զուգարան չկար, ու այցելուներն իջնում էին հարևանությամբ գտնվող «Ջինսնոց» սրճարանն ու օգտվում նրանց զուգարանից: Բայց մի՞թե դա կարող էր խնդիր համարվել...

Շեֆություն
Նունե Սահակյանը՝ Թորոսի քույրը և սրճարանի առաջին մենեջերը, հիշում է. «Յամ-Յամ Դոնաթսի» բացման գաղափարը եղբորս մոտ առաջացավ դեռ այն ժամանակ, երբ Երևանում չկային արագ սպասարկման սրճարաններ: Այն ժամանակ գուցեև մի փոքր ռիսկային նախագիծ էր, բայց քանի որ դոնաթները սիրված էին ողջ աշխարհում, կասկած անգամ չկար, որ դրանք կսիրվեին նաև մեր ժողովրդի կողմից»: Եվ իսկապես, «Յամը» ոչ թե պարզապես սիրվեց, այլ դարձավ քաղաքի կյանքում առանձնահատուկ վայր. «Մարդիկ այնքան էին կապվել սրճարանի հետ, որ շատերը այցելում էին մեզ օրվա մեջ մի քանի անգամ, — նոստալգիայով պատմում է Նունեն, — ղեկավարությունն էլ միշտ ուշադիր է եղել արտադրանքի, ինչպես նաև սպասարկման բարձր որակի նկատմամբ, դա է պատճառը, որ մեզ մոտ հաճախում էին ոչ միայն դոնաթներ համտեսելու, այլև իրենց հանգիստը վայելելու, միմյանց հետ շփվելու և յուրահատուկ միջավայրում լավ ժամանակ անցկացնելու համար: Մեզ մոտ իսկապես ձևավորվել էր ջերմ և ընտանեկան մթնոլորտը: Յուրահատուկ էին նաև մեր հաճախորդները...»

Մարդիկ
Հաճախորդները իսկապես տարբերվում էին' երկար մազերով տղաներ, «ջագիգուգի» հագուստներով առաջադեմ երիտասարդություն՝ հիմնականում գեղարվեստի, ճարտարապետականի, պոլիտեխնիկի, կոնսի ուսանողներ: Դա չի նշանակում, որ դասախոսները, լուրջ պաշտոնյաները, հնարավոր ու անհնար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, դեսպանատների աշխատակիցներն այնտեղ չէին սրճում: «Յամ-Յամի» պատերից դուրս այս մարդկանցից շատերը դժվար թե ծանոթանային, առավել ևս՝ ընկերանային ու հարազատներ դառնային: Նկարիչ Վրեժ Քասունին, Joke Show-ի տղաները, Դարավանդի Ռազմիկը, Լորիս Ճգնավորյանը, Րաֆֆի Հովհանիսյանը, Արամ Ղարաբեկյանը, Երգի պետական թատրոնի երեխեքը, Արմիշը, Նվարդը, Կարենը, Միքայելը, ճարտարապետներ Սարհատը, Սևադան, Մերուժանը, օտարերկրացի Այհամը, Նիդալը… Կարելի է անվերջ թվարկել «Յամ-Յամի» «բնակիչների» անունները: Մեկն էլ կար, ում «Յամի» ուրվական էին անվանել' սպորտային հագուստով պատի տակ նստող հաճախորդը: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ պարզել՝ ով է նա:

Սիրո «Յամը»
Մի զույգ կար, շատ հաճախ էր գալիս «Յամ-Յամ»՝ տղամարդը գեր էր, տաբատն էլ միշտ ներքև էր իջնում ու հետույքը երևում էր, աղջիկն էլ վուլգար զգեստներ էր կրում: Իրար շատ էին սիրում, ու բոլորը հետևում էին նրանց սիրո արտահայտմանն ու զարգացմանը: «Յամում» աղջիկների հետ հեշտ էր ծանոթանալ՝ սեղաններն իրար մոտ էին, կարելի էր հանգիստ զրուցել: Սա փրկություն էր առավել ամաչկոտների համար: «Յամյամային» սիրային պատմությունները շատ-շատ են, և դրանք հաճախ սկսվում ու ավարտվում էին հենց այդ սեղանների շուրջ:

Առնեմ տանեմ
«Յամն» այն քիչ վայրերից էր, եթե ոչ միակը, որ բացվում էր առավոտյան ժամը ութին ու սրճամոլների հավաքատեղին էր: Սուրճ, կապուչինոյի տարբեր տեսակներ, տաք շոկոլադ, իտալական էսպրեսո, կրեմով դոնաթներ, մաֆիններ, խնձորով ֆրյուտերներ, որ այդքան էլ լավ տեսք չունեին ու անդադար հումորների առիթ էին դառնում' «Բաց է» ցուցանակը կախելուց կես ժամ առաջ ամեն ինչ արդեն պատրաստ էր: «Յամի» գները տատանվում էին 100-ից 250 դրամի սահմաններում. սուրճը 250 դրամ էր, թեյը' 200, դոնաթներն էլ մինչև 250: Սա այն վայրերից էր, որտեղ կարող էիր
գնումներ կատարել ու հետդ տանել: Սպասարկման նման կուլտուրա Երևանում դեռ չկար:

Մուկուչն ու Անոն
«Յամ-Յամի» հաճախորդները հաստատ կհիշեն իրենց սպասարկող Վիկային, Նառային, Անուշին, Անահիտին, խոհանոցում աշխատող Անո ծյոծյային, մաքրությունը ապահովող Նատաշային, առաքիչ Մուկուչին, որ նաև կարգուկանոնին էր հետևում: Յուրաքանչյուր «յամյամաբնակ» Մուկուչի հետ կապված առանձին պատմություն ունի, նրա հետ շատերն են «բազարների» մեջ եղել: Իհարկե, վեճերը, երբեմն, անտեղի չէին' տղաները մարտկոցներով աշխատող մագնիտոֆոն էին բերում սրճարան ու բարձր միացնում «Մետալիկայի» երգերը, սուրճի բաժակների մեջ իրենց հետ բերած օղին էին ավելացնում, հետո էլ մանրացնում էին հենց այդ նույն սուրճի բաժակները: Անո ծյոծյան Մուկուչի հակապատկերն էր' նախկին հիփի էր ու ռոք երաժշտության սիրահար: «Յամ-Յամի» ստեղծման օրվանից Անոն այնտեղ էր աշխատում ու ճանաչում էր բոլորին: Նա գիտեր «բնակիչների» «Յամ-Յամ» գալու ժամերն ու անհամբեր սպասում էր, կարծես բոլորն իր հարազատ երեխաները լինեին: Շատերի հետ այսօր էլ է շփվում: Խոհարարները հազվադեպ էին երևում սրահում, բայց բոլորն էլ ճանաչում էին եղբայրներ Աշոտին ու Սամվելին, Արսենին, Քրիստիկին:

Նախաֆեյսբուք
Անահիտ Խանոյանը երկար ժամանակ ընկերուհու' Աննայի հետ «Յամ-Յամի» բնակիչներից էր, հետո մի օր տեսավ դռանը փակցված հայտարարությունն ու հայտնվեց սրճարանի «հետնաբեմում»: Կենտրոնը մաքրող եզդիների հետ նույն երթուղայինով առավոտյան 06:30 հասնում էր «Երիտասարդական» մետրո, այնտեղից էլ ոտքով «Յամ-Յամ». «Քաղաքը դեռ քնած էր, իսկ առաջին հաճախորդների համար արդեն սուրճ էի եփում ու դոնաթներ դասավորում, — հիշում է Անահիտը, — հետո մենեջեր դարձա, իսկ այն մարդիկ, ում համար սուրճ էի պատրաստում՝ լավ ու մտերիմ ընկերներս»: Այնտեղ այդպես էր, բոլորը միմյանց ճանաչում էին: Երբ մեկն ուզում էր ծանոթ տեսնել, միանգամից «Յամ-Յամ» էր վազում: «Յամում» յուրաքանչյուրիս միշտ մեկը սպասում էր, նույնիսկ եթե չէր գիտակցում, որ հենց մեզ է սպասում: Եթե ծանոթներից ոչ մեկը ներսում չկար, մեկը փողոցով հաստատ անցնում էր, մեծ պատուհանների ներսի կողմից ձեռքով էինք անում ու ներս կանչում: «Կարելի է ասել, որ «Յամը» եղել է այդ տարիների կենդանի Ֆեյսբուքը, բայց շատ ավելի դրական սպեցիֆիկայով, — նշում է նկարիչ Նվարդ Երկանյանը, — հակառակ իր վիզուալ պարզության, «Յամը» շատ հարուստ էր հետաքրքիր զրույցներով, նոր գաղափարներով, նախագծերով: Հենց մտնում էիր «Յամ», միանգամից էնտուզիազմի տոկոսը արյան մեջ բարձրանում էր, անպայման տեսնում էիր ընկերներիցդ մեկին, նստում էիր ու սկսում էիք պլանավորել հերթական հանճարեղ նախագիծը, որը հեչ պարտադիր չէր, որ իրականանար: «Յամը» բացվում էր ժամը 8-ին, դա նշանակում էր, որ դասից առաջ այնտեղ սուրճ խմելը ամենօրյա պարտադիր ծրագրի մաս էր կազմում: Շատ հաճախ զրույցն այնքան էր կլանում, որ դասերի մասին մոռանում էիր, ու մնում էիր «Յամում», մինչև կուրսեցիներդ դասից դուրս գան ու միանան քեզ»: 

Անօրինություն
Մի պահ եկավ, երբ «Յամ-Յամի» այցելուներն այնքան շատացան, որ անհնար դարձավ բոլորին ընդունելը: Որոշվեց, որ քանի որ «Յամը» արագ սպասարկման սրճարան է, այնտեղ գտնվելու առավելագույն ժամանակահատվածը 30 րոպեն է: Այդ մասին հայտարարություններ փակցվեցին բոլոր սեղաններին: Հաճախորդները հենց այդ հայտարարությունների թերթիկների վրա սկսեցին արտահայտել իրենց բողոքները' 30 րոպեն թղթի վրա դարձնելով 130, 230, կամ 80 կամ «տնօրինություն» բառի Տ-ն' Ա, արդյունքում ստանալով անօրինություն:

Գռա՜զ
«Յամյամաբնակները» հաճախ գրազ էին գալիս, որ օրվա ցանկացած ժամին, երբ էլ սրճարան գան, Միքայել Զոլյանը սեղաններից մեկի շուրջ նստած է լինելու: Ու այն ժամանակ ուսանող, իսկ այսօր դասախոս Միքայելը, որպես կանոն, լինում էր «Յամում». «Ինչ- որ մեկը գռազով իմ շնորհիվ համբուրգեր էր շահել, մյուսը՝ հոթ-դոգ, բայց հետս էդպես էլ չկիսվեցին, — չի կարողանում մոռանալ Միկան, ինչպես չի կարող մոռանալ, թե ինչ կարևոր դեր խաղաց այս փոքրիկ սրճարանն իր կյանքում, — երրորդ կուրսում էի, երբ սկսեցի «Յամ-Յամ» գալ, էնտեղ գրեցի երկու կուրսային աշխատանքներս, դիպլոմայինը, դիսերտացիայի մեծ մասը,ու հաստատ էլի ինչ-որ բան կգրեի, եթե չփակվեր»:

Թվում էր՝ «Յամը» անմահ է, բայց 2010-ին Միկան գնաց ԱՄՆ կրթական ծրագրով ու երբ վերադարձավ, տեսավ, որ «Յամ-Յամը» փակվել է. «Մարդիկ կատակով ինձ ասում էին՝ տեսա՞ր, մենակ դու էիր արդեն «Յամ» գնում, դրա համար հենց գնացիր Ամերիկա՝ տակ տվեցին, փակվեցին: Որոշ ժամանակ լրջորեն մտածում էի արտագաղթելու մասին, բայց հետո նոր տեղեր գտա սուրճ խմելու ու արտագաղթելու ծրագիրը կորցրեց իր ակտուալությունը»:

Ո՞նց փակվել ա
2010 թվականին քաղաքում իսկապես սկսեցին տարօրինակ լուրեր պտտվել, իսկ մի օր էլ երևանցիները անմահ թվացող սրճարանի ապակեպատ դռանը հայտարարություն կարդացին. «Հարգելի «Յամ-Յամի» հաճախորդ. ս/թ հունիսի 1-ից մեր սրճարանը փակվելու կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը և սիրով սպասում Ձեզ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գործող «Յամ-Յամ դոնաթս» սրճարանում…»:

Մայիսի 29-ին վերջին անգամ հավաքվեցինք «Յամում»: Երեխեքը որոշեցին դրամարկղի հետևում լուսանկարվել: Նոր մենեջերը, ում «նոր Մուկուչ» էին անվանում, շատ բարկացավ, Անո ծյոծյան էլ սկսեց պաշտպանել իր վաղեմի ընկերներին: Արդյունքում նրան գործիցհեռացրեցին, չնայած Հյուսիսային պողոտայի վրա գտնվող նոր սրճարանում պիտի շարունակեր աշխատանքը: Յամյամցիները, սակայն, շատ չանցած նոր աշխավայր Անո ծյոծյայի համար գտան (այսօր նա աշխատում է «Աչաջուր» սրճարանում): Որպես հիշատակ՝ յամյամաբնակներից մեկը՝ մենեջեր Հայկ Ասրիյանցն իր հետ տարավ «Բաց է/Փակ է» ցուցանակը և No Smoking զգուշացումը, մյուսը' դրամահավաքի համար նախատեսված ամանը: Դրանք այլևս ինտերյերի մասնիկներ չէին, գրեթե մասունքներ էին:

Այդ օրը եկածներից Հյուսիսային պողոտա 1 հասցե հետո շատ քչերը գնացին՝ իրենց «Յամն» այլևս պատմություն էր: Այդպես էին փոխվում ժամանակները՝ հին տերերին փոխարինեցին նորերը, Մաշտոցի հին «Յամին» փոխարինեց նորը՝ Հյուսիսային պողոտայի վրա գտնվող սրճարանը, այն ունեցավ նոր հաճախորդներ, որոնց մեջ այլևս չկան հին «յամյամցիները»՝ իրենց սեփական աշխարհով ու մշակույթով: Գուցե նոր Երևանում այդ մշակույթի կարիքը չկա՞: Արվեստագետ Հարութ Ալպետյանը «Յամ-Յամը» առանձնապես չէր սիրում, բայց ամեն անգամ Մաշտոցի 39/12-ում գտնվող այժմյան օծանելիքների խանութի մոտով անցնելիս մտնում ու հարցնում է՝ «Կներեք, սա «Յամ-Յամն» ա՞… Ոոոոո՞նց, «Յամը» փակվել ա՞»:

Սիրելի սրճարանի փակումից որոշ ժամանակ անց արվեստագետ Նվարդ Երկանյանը հավաքեց տարբեր տարիներին «Յամում» բջջայինով արված լուսանկարները և վերածեց մի ամբողջ ֆոտոպատմության, որի մասնակիցներից շատերը 21-րդ դարի Երևանի կերտողներն են. «Երբ չգիտեիր ուր գնալ, գնում էիր «Յամ», որովհետև «Յամում» անպայման ինչ-որ մեկը քեզ սպասում էր, նույնիսկ եթե չէր գիտակցում, որ հենց քեզ էր սպասում, «Յամում» ես ծանոթացել եմ կյանքիս ամենակարևոր մարդկանց հետ, «Յամում» ես սիրահարվել եմ, «Յամում» ես բաժանվել եմ, «Յամում» ես նախագծել եմ, «Յամում» բաց եմ թողել դասերս, «Յամում» կարդացել եմ ամենասիրած գրքերս, «Յամում» լիքը ծիծաղել եմ, «Յամում» տաքացել եմ ցուրտ ձմեռներին հավի անմահական արգանակով, «Յամում» հովացել եմ այլանդակ շոգին սառը թեյերով, «Յամում» ունեցել եմ շրջադարձային խոսակցություններ, «Յամում» հոնգուր-հոնգուր լաց եմ եղել, «Յամում» ժամերով սպասել եմ մարդկանց, որոնց պետք չէր սպասել նույնիսկ հինգ րոպե, «Յամում» մանրացրել, փշրել եմ բոլոր բաժակները, որոնցից ինչ-որ բան եմ խմել, «Յամում» համարյա երբեք դոնաթ չեմ կերել, որովհետև դա ուտելու բան չէր, ու տենց լիքը ապրել եմ «Յամում»:

Առաջին սերը վերջացավ, բայց  սերը միշտ կա, և երկու տարի անց  ես սիրահարվեցի Բրեդբերիին, 2006
Առաջին սերը վերջացավ, բայց սերը միշտ կա, և երկու տարի անց ես սիրահարվեցի Բրեդբերիին, 2006
Անծանոթ տղան  նորից այստեղ էր, 2007
Անծանոթ տղան նորից այստեղ էր, 2007
 Առաջին սերը վերջացավ, բայց  սերը միշտ կա, և երկու տարի անց  ես սիրահարվեցի Բրեդբերիին, 2006
Առաջին սերը վերջացավ, բայց սերը միշտ կա, և երկու տարի անց ես սիրահարվեցի Բրեդբերիին, 2006
 Ես հեչ լավը  չէի, 2005
Ես հեչ լավը չէի, 2005
 
Բայց նա շատ  լավն էր, 2005
Բայց նա շատ լավն էր, 2005
Գարնանը  առաջին սեր  էր, 2005
Գարնանը առաջին սեր էր, 2005
↑ Նստած էր այստեղ մենակ, մտածեցի, որ  լավն է և ֆոտո արեցի: 2004
Նստած էր այստեղ մենակ, մտածեցի, որ լավն է և ֆոտո արեցի: 2004
Սա իմ առաջին ինքնադիմանկարն է արված  հեռախոսով Յամում: Նկարչության և մաթեմատիկայի  դասերի արանքում եկել էի տաք թեյ խմելու: 2004
Սա իմ առաջին ինքնադիմանկարն է արված հեռախոսով Յամում: Նկարչության և մաթեմատիկայի դասերի արանքում եկել էի տաք թեյ խմելու: 2004
Ոչ ոք չի տեսնի  սա այլևս, 2008
Ոչ ոք չի տեսնի սա այլևս, 2008
Հուսով եմ դեռ սիրում  են իրար, 2008
Հուսով եմ դեռ սիրում են իրար, 2008
Այս նավակը նույնպես  խորտակվեց, 2008
Այս նավակը նույնպես խորտակվեց, 2008
Այս կախիչը  տեսել էր իմ բոլոր  վերարկուները, 2007
Այս կախիչը տեսել էր իմ բոլոր վերարկուները, 2007

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2013

Այս թեմայով