17 Հուլիս 2014, 13:31
2206 |

Ծիրանապատում. մաս երրորդ

Բկլիկ ու անդաստիարակ լրագրողների, սփյուռքահայ դերասանի՝ ժամից ավելի տևած հարցաքննության, «Թևանիկի» առաջացրած ֆուրորի և այն մասին, թե ո՞ւր էր անհետացել տոլմայի միսը:

Հուլիսի 16-ի «մեխը», համենայն դեպս փառատոնի մեջ անդառնալիորեն ընկղմված հյուրերի ու լրագրողների համար, պետք է դառնար պրեսս-կոկտեյլը: Այդ միջոցառման ժամանակ ժյուրիների անդամները, հրավիրված ռեժիսորներն ու դերասանները, լրագրողները միահամուռ ջանքերով օգտվում են հյուրասիրությունից, մասնավորապես՝ ծիրանի հյութով ավանդական կոկտեյլներից:

Պրեսս-կոկտեյլը բացառիկ հնարավորություն է հարցազրույց անցկացնելու նախօրոք շրջանակի մեջ վերցրած կինոգործիչների հետ: Բայց, ինչպես պարզվեց, ոչ բոլորի համար: Որոշ լրագրողներ բացեիբաց եգիպտական բուրգեր էին հավաքում իրենց ափսեներում և բացարձակ անտարբեր էին իրենց կողքով անցող-դարձող հայտնի հյուրերի հանդեպ: Հանուն արդարության նշենք, որ հեղինակավոր հյուրերից շատերը գերադասել էին իրենց ազատ ժամանակն անցկացնել Գառնի-Գեղարդը չափչփելով:

Ոսկեծիրանյան «կրուիզի» հաջորդ կետը Սարդարապատն էր: Հուլիսի 15-ին այստեղ ավանդական Տոլմայի փառատոն պետք է անցկացվեր, և «Ոսկե ծիրանի» հյուրերին էլ ավանդաբար տարել էին արևի տակ «տապակելու»:

Անտանելի շոգ-կրակին մարդկանց ախորժակն ակնհայտորեն փակվում էր: Ի դեպ, ինչպես և բոլոր մյուս «ուտելիքային» փառատոների ընթացքում, այստեղ ևս հյուրասիրության դիմաց խորհրդանշական գումար էր պետք վճարել. մեկ հատիկ տոլման՝ 100 դրամ, իսկ ցանկության դեպքում հետը մատուցվող սխտորամածունային խավարտը՝ 200 դրամ:

Փառատոնի այցելուներից մեկը գաղտնիքը բացեց ու ասաց, որ տոլմաներում սկի միս չկար, բայց ստուգելու համար ոչ ախորժակ կար, ոչ ժամանակ: Չստացվեց ճշտել նաև մյուս «բամբասանքն» այն մասին, թե Տոլմայի փառատոնի ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իր անդամակցության համար 150 000 դրամ է վճարել:

Նույն ժամանակ Երևանում «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Ցզյա Չժանկեն բացեց իր հետահայաց ցուցադրությունների ծրագիրը, իսկ Մալյանի անվան թատրոնում կինոսերների հետ զավզակելու էր եկել Քեն Դավիդյանը: Սփյուռքահայ դերասանին ժամից ավելի հարցաքննեցին, յուրաքանչյուրի բարևին նա ամերիկացու սիրալիրությամբ պատասխանում էր. Hi, how are you? Հնչող հայալեզու հարցից հետո կա՛մ հենց հարց տվողին էր դիմում՝ Okey, go on, translate yourself! կամ էլ շրջվում դեպի թարգմանիչը՝ «Ի՞նչ ըսավ»: Մի խոսքով՝ արևելահայերենի դասընթաց արևմտահայերեն խոսող դերասանի և անգլերենի դասընթաց՝ հանդիսատեսի համար:

Օրվա վերջին կարևոր իրադարձությունը Երվանդ Ջանիկյանի ու Անջելա Ռիչի Լուկկիի «Բարբարոս երկիր» ֆիլմի երևանյան պրեմիերան էր: Էկրանի առջև դրված բարձրախոսները ենթադրում էին, որ հեղինակները ֆիլմից առաջ երկու խոսքով կներկայացնեն, թե հանդիսատեսին ինչ է սպասվում: Բայց նշանակված ժամից 10 րոպե անց կամավորները եկան, առանց բացատրության հավաքեցին բարձրախոսներն, ու ցուցադրությունը սկսվեց: Դահլիճը գրեթե դատարկ էր, մինչդեռ հարևան Կարմիր դահլիճը մտնելու համար անգամ հերթ էր գոյացել: Այնտեղ ցույց էին տալիս «Թևանիկը», որն առանց այդ էլ մի քանի շաբաթ կինոթատրոնի հիմնական ցուցադրվող ֆիլմերի ցանկում էր: Օրվա ավարտի «մխիթարանքը» դարձավ Ազնավուրի անվան հրապարակում երեկոյան զովին համահունչ ջազ-երեկոն:

Հուլիսի 17-ին վրացական կինեմատոգրաֆիայով հետաքրքրվողներին առաջարկում եմ 16:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Փոքր դահլիճ 2-ում մտնել «Անգլերենի ուսուցիչը» ֆիլմի ցուցադրությանը: Նույն հաջողությամբ, նույն ժամին, բայց Կարմիր դահլիճում «Խաժամուժ» ֆիլմով կսկսվի փառատոնի ևս մեկ պատվավոր հյուր Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: 18:00-ին Կապույտ դահլիճում «Նատյուրմորտ», իսկ 2 ժամ անց՝ «Դրախտային երկիր» կինոնկարները կգնահատեն հուզիչ ու նուրբ դրամաների սիրահարները: 19:00-ին Փոքր դահլիճ 1-ում ռուսական կյանքի անվճար գովազդ է՝ «Ռուսական ձմեռ» կինոնկարը ռուսական արջի, օղու, կանանց, Լադայի և, բնականաբար, ձմռան մասին: Չմոռանաք փառատոնային օրն ամփոփել «Ակումբում»՝ օրվա անակնկալ հյուրի հետ:

Այս թեմայով