27 Հունիս 2014, 17:35
2360 |

Վանդալիզմի զոհերը

Վանդալիզմը գեղեցիկի ու արժեքավորի ոչնչացում է, որը դադարեցնելու շատ միջոցներ են ձեռնարկվել: Հիմնականում՝ ապարդյուն, քանի որ քաղաքը շարունակվում է «պղծվել»: Նրանց չի կանգնելնում նույնիսկ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 260-ի համաձայն՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկը, կամ առավելագույնը երկու ամիս կալանքով: Imyerevan.com–ը շրջեց մայրաքաղաքով ու ֆիքսեց այն մշակութային վայրերը, որոնք անխնա կերպով դարձել են վանդալիզմի զոհեր:

Վանդալիզմը քաղաքի սրտում
Հայաստանի ազգային պատկերասրահը ոչ միայն ներսից է հարուստ իր 56 ցուցասրահներով ու շուրջ 26 000 թանգարանային նմուշներով, այլև արտաքին տեսքից է հարուստ վանդալիզմի «գլուխգործոցներով»: Քաղաքի սրտում գտնվող գլխավոր պատկերասրահը այլանդակելիս վանդալները չէին բավարարվել մեկ գրությամբ, ու շենքի տարբեր անկյուններում իրենց հետքն էին թողել՝ նույնիսկ ներառելով ցուցադրությունների պաստառների համար հատկացված հատվածը:

 

Հայրենասիրության աղճատված տարբերակ
Հայ ֆիդայու ուժով ու զորահրամանատարի հանդեպ մեծ հարգանքով լցված՝ վանդալները բարձրացան մեծն Զորավար Անդրանիկի արձանի վրա և հենց Զորավարի ձիու ազդրին արտահայտեցին իրենց սերը:

 

Ընթերցասեր վանդալները
Ասել, որ վանդալներն այնքան շատ են սիրում գրադարանը, որ ցանկացել են իրենց անունն էլ թողնել մեծ գրողների անունների կողքին, միամտություն կլիներ: «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունները գրադարանի պատերին դժվար թե ուղղված են Հովհաննես Թումանյանի կամ Աթաբեկ Խնկոյանի հասցեին:

 

Սիրո հավասարումները
Կոմպոզիտոր Սպենդարյանը իր անունով կոչվող Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դիմաց վաղուց է նստած ու բարի հայացքով հետևում քաղաքի անցուդարձին: Բայց այդ նույն քաղաքի բնակիչներն այդքան էլ լավ չեն հետևում արձանին, շատ հաճախ նեղացնում են՝ իր անվան կողքին լատինատառ գրություններ թողնելով: Թեև գրությունը փորձել էին մաքրել, բայց, այնուամենայնիվ, այն դեռ տեսանելի է:

 

Գովազդային վանդալություն
Տիկնիկային թատրոնի շենքի վրա ներկայացումների գույնզգույն պաստառներից բացի պատկերված են նաև տաքսի ծառայությունների գովազդները: Այս անգամ սիրո դրսևորումների կամ անվանումների փոխարեն՝ ավտոմեքենայի ու հեռախոսահամարի պատկերով:

 

Բլյուզմեն բարբարոսները
Ջազ, բլուզ կամ ռոք խմբերի ի հայտ գալը Երևանում ողջունելի է ու գնահատելի, բայց ոչ այն դեպքում, երբ խմբի անվանումը հայտնվում է եկեղեցու շինության բակում: Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Kars Blues Band-ի անդամները ցանկացել են ավելի մոտ գտնվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին և իրենց անունն են թողել տաճարի վրա:

Այս թեմայով