24 Հունիս 2014, 17:54
4511 |

Պայթյունավտանգ դաշնամուրը

Աֆրիկյանների ակումբի պահպանությանն ուղղված միջոցառումներով վերջին օրերին երևանցիներին չես զարմացնի։ Ամեն օր Երևանի պատմության վկայի պահպանության գործին են կցվում հարյուրավոր քաղաքացիներ, արվեստագետներ, մտավորականներ։

Հունիսի 24-ին Աֆրիկյանների շենքի պահպանության գործին կցվեց նաև աշխարհահռչակ հայ երաժիշտ Տիգրան Համասյանը։ Տերյան 11-ում հավաքվածները երաժշտի ժամանմանը սպասում էին առավոտից։ Ակումբի բակում նախատեսված համերգը սակայն խոչընդոտեցին օրենքի պահապանները։ Դաշնամուրը, որի վրա պետք է նվագեր մերօրյա լեգենդը, պարզվեց, գրեթե ազգային անվտանգության համար վնաս ներկայացնող գործիք էր։ Պատճառաբանելով, թե դաշնամուրի ակումբի բակ մտցնելով խախտվում է մասնավոր սեփականության սահմանադրական իրավունքը, հայ իրավապահներն թույլ չտվեցին նվագել։ Սակայն դաշնամուրի աշխարհագրական դիրքի փոփոխությունը անվանի երաժշտի համար խանգարող հանգամանք չէր կարող լինել։ «Սա մեր պատմությունն է, այս շենքը մեր ազգային գիտակցությունն է»,- համոզված է երաժիշտը։

Համասյանի կատարումները լսելու համար ակումբի հարակից բակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։ Քանակով նրանց չէին զիջում և ոստիկանները։ Կարճատև համերգից հետո քաղաքացիները շարունակեցին վանկարկել «ամոթ» ու «պահպանենք Աֆրիկյանների ակումբը»։ 

Այս թեմայով