19 Հունիս 2014, 16:05
5189 |

Կոնյակի ասպետները

Ըստ Պիոտրովսկու տվյալի՝ 4-րդ դարում Հռոմը ստանում էր խաղողի թորած գինի Հայաստանի մայրաքաղաք Դվինի դրոշմը կրող տակառներով:

Պատահականության խաղ
Տակառներից ամեն տարի ցնդող կոնյակի հինգ տոկոսը «հրեշտակների բաժինն» է:
Ֆրանսիական ասացվածք

Եթե երբևէ գրվեր «Պատահականությունների պատմությունը», առաջին գլուխը երևի նվիրված կլիներ ալքիմիային, քանի որ իմաստության քարի փնտրտուքների ժամանակ էր, որ ալքիմիկոսները կատարեցին քիմիայի համար կարևոր բազմաթիվ «պատահական» բացահայտումներ: Նրանք կոնյակի հետ ուղիղ առնչություն չունեն, սակայն նրբահամ այս խմիչքի ծագումը, «քիմիան» ու տեխնոլոգիան նույնպես կապված են պատահականությունների հետ:

15-16-րդ դարերում առաջին պատահականությունից առաջացավ խմիչքը. հոլանդացի վաճառականները սկսել էին սպիտակ գինին արտահանել Եվրոպայից դուրս: Տեսնելով, որ այն տեղափոխման ժամանակ վատ է տանում ջերմաստիճանի փոփոխությունները, որոշեցին կիրառել գինու ալկոհոլի խտացման արդեն հայտնի միջոցը՝ թորումը: Ստացան ալկոհոլային բրենդի խմիչքը («բրենդի» թարգմանաբար նշանակում է «այրված գինի», հմմտ. անգլ. burnt wine, գերմ. Branntwein, հոլ. branwin): Մի անգամ «այդ կողմերում տիրող անկայուն վիճակի» պատճառով ֆրանսիական Կոնյակ քաղաքում պատրաստված խմիչքը, որ նախատեսել էին արտահանել, մի քանի տարի մնաց կաղնե տակառներում: Հետո, երբ փորձեցին, տեսան, որ ավանդական բրենդիի փոխարեն ինչ-որ նոր բան է առաջացել: Նոր խմիչքն անվանվեց «կոնյակ» ու շատ արագ հայտնի դարձավ: Կա սրա նման մեկ այլ տարբերակ 18-րդ դարի կեսերից՝ իսպանական գահաժառանգության պատերազմների շրջանից: Անգլիացիները շրջափակել էին ֆրանսիական ափը, ինչի հետևանքով ֆրանսիացի գինեգործների մառաններում կուտակվեցին խաղողի օղու մեծ պաշարներ: Որոշ ժամանակ անց նկատեցին, որ կաղնե տակառներում երկար մնալով՝ օղու համը զգալիորեն լավանում է: Այդպես սկսեցին այն դիտավորյալ հնացնել: Նոր խմիչքի արտադրության կենտրոն դարձավ Կոնյակ փոքր քաղաքը:

Հայկական կոնյակի հետ կապված պատահականությունները սկսվում են 19-րդ դարից: Մի անգամ նախահեղափոխական Ռուսաստանում հայտնի գինեգործ Վասիլի Թահիրովը խորհուրդ տվեց եղբորը՝ առաջին գիլդիայի անդամ Ներսես Թահիրյանցին, Էրիվանում հիմնել գինու արտադրություն: Վասիլին Ռուսաստանի առաջին մասնագիտական խաղողագործության ու գինեգործության գործարանի հիմնադիրն էր: Կարելի է միայն կռահել, թե ինչ պատմություն կունենար հայկական կոնյակը կամ ընդհանրապես կունենար պատմություն, թե ոչ, եթե Ներսեսը անուշադրության մատներ Վասիլիի խորհուրդը: Բարեբախտաբար նախաձեռնողի հոտառությունը ճիշտ հուշեց, և 1877-ին Թահիրյանցը Էրիվանյան նախկին բերդի տարածքում հիմնեց ալկոհոլի առաջին արտադրությունը՝ «գինեգործության ու օղու գործարանը», որտեղ արտադրում էին գինի, օղի ու դոշաբ (եփելով թանձրացված խաղաղահյութ): Գործարանի արտադրանքը հեռավոր երկներում էլ ուներ մեծ պահանջարկ:

Ներսես Թահիրյանց
Ներսես Թահիրյանց

Առաջին հայկական այսպես կոչված դասական կոնյակը, որ ստանում են շարանտական (կրկնակի թորման) ձևով, հայտնվեց 1887-ին: Ֆրանսիա այցելած Ներսես Թահիրյանցն իր գործարանում սկսեց կիրառել սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան՝ տեղադրելով շարանտական տիպի թորման երկու սարք, որոնք ավանդաբար օգտագործվում էին ֆրանսիական կոնյակի արտադրությունում: Հետո կոնյակի սպիրտի հնեցման համար հատուկ սենյակ սարքավորեց: Հենց այս պահն է համարվում Հայաստանում կոնյակի արտադրության սկիզբը: 19-րդ դարի վերջում ռուսական կայսրության մեջ մտնող Էրիվանի նահանգում գործում էր յոթանասունից ավել գինու և օղու ձեռնարկություն, այդ թվում՝ կոնյակի գործարաններ: Թահիրյանցի օրինակին հետևեցին մյուս հայ ձեռներեցները՝ Աֆրիկյանը, Ղեզալովը, Սարաջևը, սակայն ի հեճուկս մրցակցության՝ Թահիրյանցի ձեռնարկությունն ամենահաջողակն ու խոշորն էր: Սակայն ծերացող գործարարի համար գործերի ղեկավարումը դառնում էր ավելի ու ավելի դժվար: Տեսնելով, որ արտադրանքի վաճառքը կազմակերպելն իր ուժերից վեր է՝ նա 1899-ին վաճառեց ձեռնարկությունը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերակառուցեց գործարանը՝ ներմուծելով տեխնիկական վերջին նվաճումները: Առաջացան օժանդակ արտադրամասեր ու կոնյակի սպիրտի հնացման նոր պահեստարաններ: Կառուցվեց նոր կոնյակի գործարան, որտեղ տեղադրեցին շարանտական տիպի 12 թորման սարք: Բացվեց խաղողի ընդունման ու տեղում վերամշակման յոթ նոր կետ:

Փիառի մեծ մասնագետը
Ավելի հեշտ է բարձրանալ Արարատի գագաթը, քանի դուրս գալ «Արարատ» տրեստի նկուղներից:
Մաքսիմ Գորկի
1899-ից սկսվում է հայկական կոնյակի պատմության երկրորդ փուլը, որը կապված է նոր տիրոջ, ավելի ճիշտ՝ նոր տերերի անվան հետ: Բանն այն է, որ այդ ժամանակ «Շուստով և որդիներ» ընկերության հիմնադիր Նիկոլայ Լեոնտևիչն արդեն կենդանի չէր, և ձեռնարկությունը ղեկավարում էին նրա որդիները՝ Նիկոլայն ու Լեոնտին: Առաջինն օժտված էր կազմակերպչական, երկրորդը՝ տեխնիկական տաղանդով: Վերջինս խմիչքի որակը բարձրացնելու համար որոշեց ինքնուրույն կատարելագործել հնացած սարքավորումները: Տեխնոլոգիական նրբություններ սովորելու համար այցելեց Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի գործարաններից մեկը: Ոմանք սա կարող են անվանել տեխնիկական լրտեսություն, մյուսները՝ որակավորման բարձրացում: Ամեն դեպքում, մրցակցի ճամբար կատարած այցելությունը տվեց իր պտուղները. Շուստովները սկսեցին նորագույն տեխնոլոգիաներ կիրառել ու արտադրել արտակարգ բրենդի:

Ժամանակակիցները ավագ եղբորը՝ Նիկոլայ Շուստովին, անվանում էին «կոնյակի արքա»: Նա իրոք արտասովոր անձնավորություն էր: Նիկոլայի շնորհիվ է, որ Հայաստանում արտադրվող խմիչքը, հակառակ բոլոր կանոնների, կոչվում է ոչ թե բրենդի, այլ կոնյակ: Օրենքով՝ կոնյակ կարող էր կոչվել միայն Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Շարանտ դեպարտամենտի բրենդին: Գինեգործներն իզուր չեն ասում «Ցանկացած կոնյակ բրենդի է, բայց ցանկացած բրենդի կոնյակ չէ»: Փիառի տեսանկյունից Շուստովը հարցին հոյակապ լուծում տվեց: 1900-ին իր խմիչքի նմուշներն ուղարկեց Փարիզի ցուցահանդես, բայց կոծկեց արտադրողի անունը: «Կույր համտեսման» ժամանակ պրոֆեսիոնալ ժյուրին գրան պրին միաձայն շնորհեց անծանոթ արտադրանքին: Դժվար է պատկերացնել, թե ինչպես ապշեցին, երբ իմացան, որ հաղթողը ֆրանսիական արտադրող չէր: Ֆրանսիացիների վերաբերմունքը վեհ էր. Շուստովին, որպես բացառություն, թույլ տվեցին իր շշերի վրա «բրենդիի» փոխարեն գրել «կոնյակ»:

«Շուստով և որդիներ» ընկերության հիմնադիր Նիկոլայ Լեոնտևիչ Շուստով
«Շուստով և որդիներ» ընկերության հիմնադիր Նիկոլայ Լեոնտևիչ Շուստով

Մեր օրերում Շուստովին կհամարեին փիառի հանճար: Նրա ակցիաները իրավամբ կարող են գրվել գովազդի դասագրքերում: Պատճառը պատկերանիշով պաստառները չէին (պղնձե զանգակն ու «Շուստովի կոնյակներ» տողը), որոնք զարդարում էին շոգեքարշերն ու ցեփելինները, ոչ էլ թերթերում տպվող ոտանավորները, կատակներն ու հանելուկները կամ այն, որ թատրոնի սիրված դերասանները վարձատրության դիմաց դերերում օգտագործում էին Շուստովի խմիչքների անունները (այս երևույթն այսօր հստակ անվանում ունի ՝ թաքուն գովազդ): Սա մանրուք է. գլխավոր հնարքը շատ ավելի հետաքրքիր էր: Շուստովը վարձում էր բարետես երիտասարդներ, հագցնում նրանց համապատասխան կերպով ու ուղարկում Եվրոպայի ամենահայտնի ռեստորանները: Նրանք պետք է պատվիրեին Շուստովի կոնյակը, և իմանալով, որ այն չկա ընտրանիում, դեմարշ անեին, վրդովված վեր կանային ու դուռը շրխկացնելով դուրս գային: Ակցիան հիանալի արդյունք տվեց. Շուստովի գործարանը նվաճեց Եվրոպան: Ընկերությունը մեկը մյուսի հետևից ստանում էր ամենահեղինակավոր ցուցահանդեսների մրցանակները. ոսկի մեդալներ Նիժնի Նովգորոդում, Անտվերպենում, Ամստերդամում, Նոր Օրլեանում, Վարշավայում: Անգլիան Շուստովից առնում էր տարեկան 120 000 շիշ կոնյակ: Սակայն հաջողության գագաթնակետը 1913 թվականն էր, երբ «Շուստով և որդիները» դարձավ նորին կայսերական մեծության արքունական մատակարարը: Նման պատվի արժանանալու համար հարկավոր էր մի քանի տարի մասնակցել բոլոր նահանգային ցուցահանդեսներին և չարժանանալ որակի նույնիսկ մեկ նկատողության: Նման արտոնությամբ կարող էր հպարտանալ միայն 30 ռուսական ու արտասահմանյան ձեռներեց: Կա մի քանի վարկած այն մասին, թե ինչպես Շուստովը ստացավ այս տիտղոսը: Համաձայն մեկի՝ մեծ կաշառքների գնով նա ձեռք բերեց արքունիք այցելելու հրավեր:

Զատիկ էր: Հպատակները եկել էին ցարին տոնի առթիվ շնորհավորելու: Ինքնին հասկանալի էր, որ արքունիքում ցանկացած «միջոցառում» խստիվ վերահսկվում էր կանոնադրությամբ, և որ ծեսերը դարերով նույնն էին մնում: Եվ հանկարծ Շուստովը, խախտելով պարկեշտության կանոնները, ցարին կոնյակի բաժակ է մեկնում: Նման հանդգնությունը կարող էր շատ տխուր ավարտ ունենալ:

Շարունակությունը տարբեր ձևերով են պատմում: Ոմանք պնդում են, թե Նիկոլայ Երկրորդը հայտնվել էր բավականին բարդ իրավիճակում. պետք է կոնյակը խմեր ամբողջ արքունիքի, հյուրերի ու կարևորը՝ Ֆրանսիայի դեսպանի առջև ու չկնճռոտվեր: Թունդ խմիչքի ազդեցությունը կոծկելու համար ցարը լիմոնի բլթակ խնդրեց: Այլ վարկածի համաձայն՝ Շուստովն ինքն էր տվել լիմոնը. եթե ցարը կոնյակը չհավաներ կամ դեմքն այլայլեր, կթվար, որ լիմոնն էր պատճառը: Փաստն այն է, որ ցարը դատարկեց բաժակը, կերավ լիմոնը, դեմքը մի քիչ կնճռոտեց, հետո ժպտաց ու ասաց՝ «Հիանալի՛ կոնյակ է, պարոնա՛յք. խորհուրդ եմ տալիս»: Այդ օրվանից Շուստովի կոնյակը դարձավ նորաձև: Խմելու այս ձևն էլ ընդօրինակեցին. լիմոնով կոնյակը սկսեցին «Նիկոլաշկա» անվանել: Ձեռնարկատերն էլ արժանացավ նորին կայսերեկան մեծության արքունական մատակարարի տիտղոսին:

Կոչումի շնորհման պաշտոնական արարողությունից հետո նա կարգադրեց անհապաղ փոխել ընկերության բոլոր բլանկերն ու այցեքարտերը, պոկել ներքին ու արտաքին վաճառքի համար նախատեսված կոնյակի շշերի հին պիտակները: Հիանալի արագություն. առավոտյան «Շուստով և որդիների» ամբողջ արտադրանքի վրա նոր ապրանքանիշն էր՝ «Նորին կայսերեկան մեծության արքունական մատակարար»: Շուստովների կոնյակի գործարանն անդադար աճում էր. Հայաստանի տարբեր շրջաններում բացվեց խաղողի ընդունման և տեղում վերամշակման յոթ կետ: 1913-ին Էրիվանի նահանգում թորվեց 181 000 դույլ կոնյակի սպիրտ, որից 81,5-ը Շուստովի բաժինն էր: Գործարանն ուներ սեփական էլեկտրակայանը, որը զգալիորեն թեթևացնում էր աշխատանքն ու մեխանիզացնում աշխատատար գործողությունները:

Հինգերորդ տարրը
Երբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ:
Ուինսթոն Չերչիլ

Իհարկե, դժվար է գերագնահատել հայկական կոնյակի տարածման գործում Շուստովի դերը: Սակայն նույնքան դժվար է չգնահատել այս առասպելական արտադրանքը ստեղծողների ավանդը: Նրանց շարքում առաջինը մեծատաղանդ և բազմակողմանի զարգացած Մկրտիչ Մուսիկյանցն է, ով երկար տարիներ ղեկավարեց գործարանը՝ համարյա արտադրության սկզբից: Խաղաղագործություն ու գինեգործություն սովորել էր Ֆրանսիայում՝ Մոնպելյեյում, և շատ լավ գիտեր այս բարդ գործընթացի բոլոր նրբությունները: Հավանաբար նրա ֆրանսիական կրթության և արտադրանքի ֆրանսիական տեխնոլոգիաների շնորհիվ էր, որ հայկական կոնյակները երբեմն շատ արտասովոր անուններ էին ստանում՝ «Ֆին շամպայն», «Ֆին շամպայն ընտիր», «Ֆին շամպայն լավագույն», «Էքստրա» և այլն: Մուսինյանն էր ընտրում խաղողի տեսակները, մշակում յուրօրինակ բաղադրատոմսեր: Նա էր, որ ծանր 20-ականներին փրկեց հին շուստովական սպիրտի թանկարժեք պաշարները: Դրանք այսօր էլ են օգտագործում Երևանի կոնյակի գործարանում լավագույն հայկական բրենդի ստանալու համար:

Մկրտիչ Մուսիկյանցն
Մկրտիչ Մուսիկյանց

Սկզբում Շուստովի, հետո հայկական կոնյակ անվամբ հայտնի խմիչքը շատ է պարտական Մկրտիչ Մուսիկյանցին: Խմիչքի հատուկ համային հատկանիշները առաջանում են Հայաստանի կլիմայական պայմաններից (տարեկան 300 արևային օր ու նվազագույն խոնավություն), միկրոտարրերով հարուստ հրաբխային հողից ու աղբյուրի ջրի աննման համից: Հայկական կոնյակի տակառները պատրաստում են Արցախում ու Այգեվանում աճող հարյուրամյա կաղնիներից: Կարծում են, որ ազնիվ խմիչքի որակի վրա ազդում է նաև շարանտական վազի ժառանգականությունը, որը Շուստովը բերել էր Ֆրանսիայից: Մուսիկյանցի շնորևիվ է նաև, որ աշխարհում Արարատ անվամբ հայտնի կոնյակի գաղտնիքները խնամքով պահպանվել են: Հեղափոխության թոհուբոհի ժամանակ էլ նա կարողացավ իր ստեղծածը փրկել, երբ ազգայնացվեցին անհատ ձեռներեցության բոլոր տեսակները՝ այդ թվում գինեգործությունը: 1922-ին ձևավորվեց «Արարատ» գինու և կոնյակի տրեստը, որի արտադրանքը շարունակում էր պահել որակը. Խորհրդային Միությունում հայկական կոնյակը համարվում էր ոչ միայն ամենալավը, այլև ամենաանզնիվը: Հայկական կոնյակն ու սև ձկնկիթը հասարակական դիրքի ցուցանիշի էին վերածվել: Այս «պրեստիժային» խմիչքը, բնականաբար, Կրեմլում էին մատուցում՝ մանավանդ բարձրաստիճան այցելությունների ժամանակ: Կարելի է մի ամբողջ գիրք գրել այն մասին, թե քանի խնդիր է լուծվել ու քանի դուռ է բացվել նրա շնորհիվ:

1943-ին Թեհրանի վեհաժողովի համար Հայաստանում արտադրեցին հիսուն աստիճան թնդությամբ հատուկ «Դվին» կոնյակը: Համաձայն այլ վարկածի՝ «Դվինը» Անաստաս Միկոյանն էր պատվիրել խորհրդային բևեռախույզների համար. այն պետք է լիներ աշխարհի ամենաթունդ կոնյակը: Պատերազմի սկզբին արդեն պատրաստ էր, բայց այդպես էլ չհանվեց վաճառքի, քանի որ նախատեսված չէր սերիական արտադրության համար: Ուինսթոն Չերչիլը առաջին անգամ «Դվինը» փորձեց Թեհրանի վեհաժողովին, ուր եկել էր հանդիպելու հակահիտլերյան դաշինքի մյուս պետությունների ղեկավարներին: Ազնիվ խմիչքների գիտակը միանգամից գնահատեց կոնյակի համն ու խնդրեց Ստալինին իրեն վաճառել մի քանի շիշ: Ասում են, որ Ստալինը մտորեց, ծխամորճը ծխացրեց ու ասաց՝ «Խորհրդային Միությունը հայկական կոնյակի պակաս չունի. կարծում եմ՝ կարելի է վաճառել»: Այդ օրվանից Չերչիլը սկսեց ստանալ իր «Դվինի» բաժինը՝ դատարկելով օրական մեկ շիշ: Կոնյակը Անգլիա մատակարարվեց մինչև սառը պատերազմը: Սակայն հարաբերությունների վատթարացումից հետո Չերչիլը հաջողացրեց հարցը լուծել անձնական կապերի միջոցով: Ի դեպ, նա հայկական կոնյակի պատմության մեջ փիառից բացի մեկ այլ՝ ավելի կարևոր դեր էլ է խաղացել: Սա հենց այն զուգադիպություններից էր, որոնք հաճախ են լինում բախտորոշ: Այդ ժամանակ Չերչիլն իր կոնյակը ստանում էր դեռևս օրինական ճանապարհով: Հանկարծ մի օր զգաց, որ խմիչքի համը զգալիորեն վատացել էր: Ստալինն անհապաղ անցկացրեց «ներքին հետաքննություն» ու պարզեց, որ «Դվինը» ստեղծողը՝ գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը, Սիբիր է աքսորված: Նրան միանգամից ազատեցին ճամբարից, վերադարձրին բոլոր պաշտոններն ու կոչումները՝ այդ թվում քաղտոմսը:

Մարգար Սեդրակյանն էլ Ներսես Թահիրյանցի, Նիկոլայ Շուստովի, Մկրտիչ Մուսիկյանցի պես հայկական կոնյակի բրենդը ստեղծողներից է: Նա էր ԽՍՀՄ կոնյակների պատրաստմասն նոր տեխնոլոգիայի հիմնադիրը: 1927-ից աշխատում էր նոր տեսակների ստեղծման վրա, որոնք արտադրանքին բերեցին համաշխարհային փառք ու բազմիցս արժանացրին ոսկե մեդալների կոնյակների համամիութենական ու համաշխարհային մրցույթներում: Այս շարքից են «Հոբելյանականը» (ԽՍՀՄ առաջին բարձր որակի կոնյակը), «Դվինը», «Երևանը», «Նաիրին», «Տոնականը», «Ախթամարը», «Արմենիան», «40 տարին», «50 տարին» և ուկրաինական «Ուկրաինան»: «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» կոչման արժանացած Սեդրակյանը արժանացել էր մեծաթիվ պարգևների, որոնցից էր «Համտեսման ասպետ» մեդալը՝ գերազանց որակի ֆրանսիական խորհդանիշը: Սակայն նույնքան մեծ պարգև է, թերևս, այն, որ «Վասպուրական» հիանալի կոնյակը նվիրված է վերջին մեծ վարպետներից մեկի՝ Մարգար Սեդրակյանի հիշատակին:

Հայկական կոնյակը հիմա թևակոխել է իր պատմության նոր փուլը. 1998-ին ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը գնեց Երևանի կոնյակի գործարանը:

Պատահմամբ աշխարհ եկած կոնյակն իր գոյության երկար դարերի ընթացքում ոչ միայն տեսել, այլև երբեմն մասնակիցն է եղել անհավանական դեպքերի և մարդկային ճակատագրի բեկումների: Նրա հետ կապված բազմաթիվ առասպելների շարքում կա ևս մեկը, որը կարելի է վերագրել այս ազնիվ խմիչքի բոլոր ասպետներին՝ չնայած որ այն մեկ մարդու մասին է: Բորդոյում ծնված շեվալյե (ֆր. chevalier - ասպետ) դե լա Կրուա Մառոնեն զինվորական ծառայությունից հետո ազատ ժամանակը նվիրեց ալքիմիային՝ մասնավորապես «հինգերորդ տարրի» փնտրտուքներին: Այս ընթացքում այնքան գինի պատրաստեց, որ հակվեց ցածրաստիճան սպիրտին: Մի անգամ տենդի մեջ երազ տեսավ, թե ինչպես էր դևը նրան նետում եռացող ջրի մեջ, որ հոգին վերցնի: Ապարդյուն փորձից հետո նորից նետեց: Շեվալյեն արթնացավ ու նույնն արեց գինու հետ: Այդպես էլ ստեղծվեց կոնյակը:

Կուպաժ
Կոնյակը ստեղծվում է կուպաժից, այսինքն՝ կոնյակի տարբեր հնության սպիրտերի որոշակի չափի միախառնումից: Կոնյակի պատրաստման ժամանակ պարտադիր պայման է կուլյորը (ֆր.՝ couleur - գույն), որն արտադրանքին տալիս է վերջնական փայլ ու գույն, լրացնում ու «ամրապնդում » է բուրմունքն ու համը: Հայկական կոնյակի յուրաքանչյուր գործարան ունի սեփական աղբյուրները, որոնցից, համաձայն կուպաժի գրաֆիկի, բերում է արտադրության համար անհրաժեշտ ջուրը: Պատրաստի կուպաժը լցնում են կաղնե տակառներ, որտեղ նորածին կոնյակը պետք է որոշ ժամանակ «հանգստանա»: Հանգստի տևողությունը կախված է կոնյակի տեսակից. սովորական խմիչքներին (3- 5 տարվա հնության) վեց ամիսն էլ բավարար է, իսկ հին կոնյակը թողնում են ավելի երկար: Օրինակ, տաս տարեկան կոնյակները հանգստանում են մեկից մեկ ու կես տարի (որոշումը կայացնում է կոնյակի վարպետը): Սովորական ու տեսակավոր կոնյակներն էլ են հանգստանում տարբեր պայմաններում: Տեսակավորները պահում են 400-լիտրանոց տակառներում, իսկ սովորականները՝ հատուկ 35 000-լիտրանոց կաղնե տաքարներում կամ նույն չափի էմալապատ կաթսաներում:

Երեք С-երի օրենքը
Տարբեր երկրներում կան կոնյակ խմելու տարբեր ձևեր: Օրինակ՝ Գերմանիայում այն օգտագործում են առանց ջրի՝ ուտելուց առաջ ու հետո: Մեծ Բրիտանիայում հաճախ խառնում են սոդայաջրի հետ: ԱՄՆ-ում կոնյակից կոկտեյլ են պատրաստում: Հոնգ Կոնգում, Մալայզիայում, Սինգապուրում, Թայվանում ու ամենուր, որտեղ ապրում են չինացիներ, կոնյակը հիմնականում օգտագործում են որպես սեղանի խմիչք:
Բարձր ոճը պահանջում է հետևել երեք С-երի (Café, Cognac, Cigare) օրենքին՝ սկզբում սուրճ, հետո կոնյակ, վերջում՝ սիգար: Ի դեպ, 1986-ին Զինո Դավիդոֆը կարողացավ համոզել Ժիլ Խենեսիին պատրաստել սիգարներին կատարելապես համապատասխանող հատուկ կոնյակ, որը կոչվեց Davidoff Extra, 1994-ին էլ՝ Davidoff Classic. Հայաստանում կոնյակն ավանդաբար եղել է աղանդերի հետ մատուցվող խմիչք:

«Ереван» ամսագիր, N10, 2006

Այս թեմայով