14 Հունիս 2014, 10:57
1412 |

Երբ անիրականն իրական է դառնում

Դիմակներով մարդիկ առևանգեցին աղջկան, կապկպեցին ու բերեցին լքված մի շենք: Որոշ ժամանակ անց աղմուկ լսելով՝ երեք առևանգողները դուրս փախան շենքից՝ զոհին թողնելով մենակ, որպեսզի նա հանդիպի անսպասելի հյուրին: Դա նրա ամուսինն էր: Բորբոքված տղամարդը նետվեց փրկելու իր կնոջը, որն այդ միջոցին հասցրել էր ազատել իրեն, վերցնել ձեռքի տակ ընկած զենքն ու նույնպես մարտի նետվել: Սիրող ամուսիններն ընդդեմ երեք ավազակների: Ո՞վ կհաղթի: Այսպիսին էր Վահրամ Միրաքյանի «Ֆորմատից դուրս» նոր նախագծի շրջանակում հերթական սցենարը փեյնթբոլ խաղի ընթացքում:

Այս անգամ «Ֆորմատից դուրս» նախագծի հերոսները ամուսիններ Տիգրան Մկրտչյանն ու Սոնա Սարոյանն էին:

- Այսօրվա սցենարի համաձայն փեյնթբոլ խաղի ժամանակ Տիգրանը պետք է փրկեր իր կնոջը, որին երեք տղամարդ էր առևանգել: Այդպես, փորձելով ազատվել նրանցից, Տիգրանն ու Սոնան «առևանգողների» հետ մարտի էին դուրս եկել,- պատմում է «Ֆորմատից դուրս» նախագծի հեղինակ Վահրամ Միրաքյանը:

Բայց նախօրոք ծրագրված սցենարը խաղի ընթացքում որոշ փոփոխությունների ենթարկվեց: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Տիգրանն է փրկում Սոնային, այլ հակառակը: «Գերությունից» ազատված աղջիկն անսպասելիորեն համարձակ խաղացող դուրս եկավ, որի հետ մրցելը հեշտ բան չէր: Սոնան, լինելով միակ աղջիկը, ոչ միայն շատ լավ ներգծվեց այդ իսկապես ուժեղ ու դաժան պայքարի մեջ, այլև, մեղմ ասած, ոչնչով չէր զիջում տղամարդկանց: Նման զուգընկերուհու հետ անհնար էր չհաղթել:

- Ես չեմ կարող ասել, որ զոհն էի, քանի որ ինձ մոտ ստացվում էր ոչ միայն պաշտպանվել, այլև հարձակվել,- ասում է Սոնան: - Անհավանական հետաքրքիր խաղ է ու ադրենալինի գերավելցուկ: Պետք է ասեմ, որ գնդակի հարվածը մարմնին բավականին ցավոտ է, այնպես որ խորհուրդ կտամ փեյնթբոլ խաղան միայն այն աղջիկները, որոնք այդքան զգայուն չեն ցավի նկատմամբ: Թեև այդ ամենը սկզբունքորեն տանելի է:

Տիգրանն իր հերթին խոստովանեց, որ կնոջ հետ այլ մարդկանց դեմ «կռվելը» շատ թույն էր:
- Շատ հետաքրքիր է ինքնին այն փաստը, որ ես ու կինս ոչ թե իրար հետ էինք «կռվում», ինչպես դա լինում է առօրյայում, այլ միացել ու հարձակվում էինք մյուսների վրա: Մտքովս անցավ, որ արժի այդպիսի մի կռիվ կազմակերպել երկու զույգերի միջև: Հիանալի տարբերակ է հետաքրքիր ու նորովի անցկացնելու ժամանակը կամ էլ մի լավ լիցքաթափվելու:

Հունիսի 27-ին տեղի կունենա «Ֆորմատից դուրս» նոր նախագծի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվի ծառայությունների ամբողջական փաթեթը, որն իր մեջ ներառում է մի շարք զանազան էքստրեմալ ժամանցի ձևեր:

Խոսքը ջիպպինգի, աէրոշյուտով թռիչքների, օդապարիկով թռիչքների և այլնի մասին է: «Ֆորմատից դուրս» նախագծի շրջանակում կարելի է իրականություն դարձնել ամենաանիրական թվացող գաղափարը:

Այս թեմայով