18 Հունիս 2014, 09:58
5753 |

Մի սպանության պատմություն

Նրան չդատեցին նույնիսկ ամենակողմնակալ դատարանում, չպահեցին պետական անվտանգության բանտերում, չքննեցին ու չուղարկեցին ճամբարներ… Պաշտոնական վարկածի համաձայն՝ ինքնասպանություն էր, սակայն արդեն այն ժամանակ բոլորը լավ հասկանում էին, որ սպանել էին: Նրան գնդակահարել էր Բերիան իր գրասենյակում…

Նրան չդատեցին նույնիսկ ամենակողմնակալ դատարանում, չպահեցին պետական անվտանգության բանտերում, չքննեցին ու չուղարկեցին ճամբարներ… Պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպանություն էր, սակայն արդեն այն ժամանակ բոլորը լավ հասկանում էին, որ սպանել էին: Նրան գնդակահարել էր Բերիան իր գրասենյակում, քանի որ այնտեղից դուրս գալով, չափազանց վտանգավոր էր լինելու անձամբ իր համար: Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի մահը դատավճիռ դարձավ շատերի՝ այդ թվում՝ Ակսել Բակունցի ու Չարենցի համար…

1930-ին ավերված ու հիվանդություններով լի Հայաստանի ղեկավար դարձավ Աղասի Խանջյանը, որը կարողացել էր Մոսկվայից թույլտվություն պոկել գործարաններ, բնակելի շենքեր, մանկական երկաթուղի կառուցելու և Քաջարանում մետաղագործական արտադրություն հիմնելու համար, որը տեսել էր Երևանի ապագան Թամանյանի հատակագծում ու դրել Օպերային թատրոնի հիմքի առաջին քարը: Բայց առաջին հերթին Խանջյանը կարողացել էր շահել մարդկանց հավատը:

Շատերը հիշում են՝ ինչպես էր քայլում Աբովյան՝ այն ժամանակ Աստաֆյան փողոցում: Քայլում էր մենակ, ողջունում անցորդներին, զրուցում: Թիկնապահներ չուներ, կարիք էլ չկար. Հայաստանը շենանում էր ու զարգանում, մեկը մյուսի հետևից առաջանում էին համարձակ նախագծեր, ժողովուրդը սիրում էր իր երիտասարդ, կայտառ, սրտաբաց ու գրավիչ ղեկավարին:

1930-ականների Երևանը
1930-ականների Երևանը

***

Ականավոր մարդիկ հաճախ պարուրված են առասպելներով. ժողովուրդը դրանց նկատմամբ երբեմն ունենում է այնպիսի խորը հավատ, որ որքան էլ ակնհայտորեն լինեն անհավանական, միևնույնն է՝ անհնար է տարհամոզել:

Օրինակ՝ Խանջյանի հանդեպ Կիրովի ջերմ վերաբերմունքի պատճառը համարում են այն, որ նրանց կանայք քույրեր էին, ինչը Խանջյանի քրոջ դուստր Նատալյան կտրականապես ժխտում է: Ուստի երկու բոլշևիկ ընկերների մտերմության ակունքը պետք է փնտրել այլուր:

Սերգեյ Կիրով
Սերգեյ Կիրով

Ի դեպ, Կիրովը Տիրոջ գլխավոր ախոյանն էր կուսակցական ու պետական գլխավոր դիրքը գրավելու հարցում, այդ պատճառով էլ դարձավ «դավադիրների՝ ԽՍՀՄ թշնամիների» զոհը, ինչպես գրեցին նրա մահվան մասին պաշտոնական հայտարարության մեջ: Խանջյանը թեպետ ապրեց ևս երկու տարի, բայց մեկ է՝ նրան, ի շարս այլոց, չներեցին նաև այս ընկերական կապը:

***

Հիմնական պատճառներից մեկը, որոնք Աղասի Խանջյանին գցեցին անվստահելի մարդկանց շարքը, Մոսկվայում՝ 1931-ի հոկտեմբերի 31-ին բոլշևիկյան համկոմկուսի կենտկոմի պլենումում իր պահվածքն էր: Այդ օրը Ստալինն առաջարկեց Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղար ընտրել Լավրենտի Քարթվելիշվիլիին, երկրորդ քարտուղար՝ Լավրենտի Բերիային: Քարթվելիշվիլին վրդովվեց ու հայտարարեց, որ չի աշխատի «այդ խարդախի հետ»:Անդկովկասի սոցիալիստական դաշնային խորհրդային հանրապետության (ԱՍԴԽՀ) ժողկոմխորհի նախագահ Օրախելաշվիլին էլ ուզեց ճշտել. «Ինչ ասեցի՞ր, Կո՛բա. սխալ լսեցի՞»: Նույնիսկ Հայաստանի ժողկոմխորհի նախագահ սուսիկ-փուսիկ Սահակ Տեր-Գաբրիելյանը վճռականորեն ասաց, որ չի կարելի կանգնեցնել հանրապետական կոմկուսները այդպիսի «անսպասելի որոշման առջև»: Ստալինը չստացավ նաև Բունիաթզադեի, Դեդարիանիի, Մուսաբեկովի կամ Խանջյանի օգնությունը: Առաջնորդը ստիպված էր կատարելու կամային որոշում:

Աղասի Խանջյանը կուսակցական ընկերների հետ Լենինգրադում
Աղասի Խանջյանը կուսակցական ընկերների հետ Լենինգրադում

Ուղիղ տասն օր հետո Քարթվելիշվիլիին նոր դիրքում նշանակելու կապակցությամբ Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղար նշանակվեց Օրախելաշվիլին, երկրորդ քարտուղար «ընտրվեց» Բերիան, որը մի քանի օր հետո դարձավ նաև Վրաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար: Մեկ տարի հետո Բերիան արդեն Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղարն էր՝ պահելով, բնականաբար, Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը:

***

Բայց Բերիան, իհարկե, չէր մոռացել «ոմանց» պահվածքը պլենումի ժամանակ: 1933-ի փետրվարին Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղար Սեդրակ Օտյանը հեռացավ Հայաստանից՝ նշանակվելով Անդրկովկասի դաշնության խորհտնտեսությունների ժողկոմ: 1934-ին, երբ Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ) հիման վրա վերականգնեցին Ներքին գործերի ազգային կոմիտեն (ՆԳԱԿ), Բերիան գայթակղելով Թբիլիսի բերեց Հայաստանի ՊՔՎ նախագահ Արմենակ Աբուլյանին՝ առաջարկելով նրան ԱՍԴԽՀ ՆԳԱԿ ժողկոմի տեղակալի պաշտոնը: Աբուլյանը մեկ տարի հետո մահացավ ավտովթարից: 1935-ի փետրվարին Մոսկվա տեղափոխեցին Հայկական ՍՍՀ խորհրդային ժողկոմ Սահակ Տեր-Գաբրիելյանին, իսկ Երևանում Խանջյանի համախոհներին սկսեցին փոխարինել Բերիայի նշանակածներով:

Խանջյանը հասկանում էր, որ իրեն շրջապատել են գազանի պես, սակայն, արհամարհելով սպառնալիքը, համարձակվեց հայտարարել, որ Անդկովկասի ու Վրաստանի իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, ու որ դա վատ է: Բնականաբար, այս խոսքերը հասան Բերիային:

Խանջյանի վիճակը գնալով բարդանում էր:

Խանջյանը կնոջ՝ Ռոզա Վինդսբերգի հետ
Խանջյանը կնոջ՝ Ռոզա Վինդսբերգի հետ

***

1933-ի մայիսին Ստալինը ժողովեց բոլոր հանրապետությունների ղեկավարներին: Հետդարձի ճանապարհին, երբ արդեն Վրաստանում էին, Բերիան, սիրալիր տանտեր ձևացնելով, հրավիրեց ժողովի անդրկովկասյան մասնակիցներին այցելել Վրաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Այդ ժամանակ Խանջյանին հատկացրել էին նոր մեքենա՝ սև «Բյուիկ»: Բերիան, իբր թե ուզելով գնահատել նոր մեքենան, առաջարկեց նրան փոխել: Խանջյանը նստեց Բերիայի կաբրիոլետը, որում վարորդից բացի Վրաստանի կոմկուսի կենտկոմի տրանսպորտի գծով քարտուղար Խարիտոն Խացկևիչն էր: Ըստ ստորադասության՝ Խանջյանը պետք է նստեր առջևի նստարանին՝ վարորդի կողքին, բայց մեքենաներում սիրտը սովորաբար խառնում էր, ուստի խնդրեց Խացկևիչին, որ նստի նրա տեղը՝ հետևում: Սա ոչ ոք չգիտեր: Որոշ ժամանակ հետո անհայտ տեղից կրակեցին մեքենայի վրա: Խացկևիչը սպանվեց: Պաշտոնական վարկածով՝ մահափորձ էր ընկեր Բերիայի դեմ:

Խանջյանը, իհարկե, ամեն ինչ հասկանում էր: «Հիշում եմ՝ որքան հաճախ էր կյանքի վերջին շրջանում վաղ առավոտյան գնում կոլտնտեսությունները: Ծանր էր տանում իր դեմ կազմակերպված հետապնդումն ու ասում. «Հիմա չեմ կարող նստել Կենտկոմում. գնամ կոլխոզները: Հանգստանում եմ, երբ զգում եմ, որ ժողովուրդն ինձ վստահում է…», - հիշում էր Խանջյանի կինը՝ Ռոզա Վինդսբերգը:

***

Բերիան արտաքուստ շատ ջերմ էր վերաբերվում Խանջյանին. ասես նույնիսկ փորձում էր բարելավել հարաբերությունները: Սակայն սեղանին դրված էր Ռուսաստանի սոցիալժողովրդավարական աշխատավորական կուսակցության (ՌՍԺԱԿ) անդամ Արամայիս Երզնկյանի՝ ընկեր Ստալինին ուղարկած նամակը 1935-ի օգոստոսի ամսաթվով, երբ Երզնկյանին հեռացրեցին Հայաստանի ժողկոմխորհի նախագահի պաշտոնից: Վիրավորվածությունից նա ամբողջ ոխը թափեց Խանջյանի վրա: Ահա նամակի ենթավերնագրերը՝ «Գյուղում կուսակցության քաղաքականության խեղաթյուրման մասին», «Հակապետական միտումների մասին», «Խանջյանի երկերեսանի մարտավարության մասին»: Մեջբերում նամակից. «Գաղափարախոսական ֆրոնտում Խանջյանի հրահանգները տատանվում են ազգային դեմոկրատիզմի և ձախակողմյան քյալլագյոզության միջև: Խանջյանը մի կողմից սատարում է ազգայնական հակումներ ունեցող մտավորականությանը, մյուս կողմից՝ մանավանդ հանրային ելույթներում, պահանջում է «վերջ տալ» ազգայնականությանը»: Որպես «Խանջյանի ազգայնականության» ապացույց առանձին պարբերությամբ նշվում էր, որ նա միշտ կողմ է արտահայտվել Ղարաբաղը, Կարսն ու Նախիջևանը Հայաստանին որպես բուն հայկական տարածքներ միացնելուն:

Խանջյանն իր աշխատասենյակում
Խանջյանն իր աշխատասենյակում

***

Մատնությունը հաջողվեց, բայց չփրկեց Արամայիս Երզնկյանին. 1936-ին նրան ձերբակալեցին որպես «Հայկական հակահեղափոխական տրոցկիստական-ազգայնական ահաբեկչական կենտրոնի անդամ»: Մահացավ 1937-ի օգոստոսին քննչական մեկուսարանում չպարզված հանգամանքներում:

***

1936-ի հուլիսին Խանջյանը պետք է գնար Թբիլիսի՝ Անդրկովկասի շրջկոմի գրասենյակ: Զգում ու հասկանում էր, որ ուղևորությունը վատ է ավարտվելու: Միայն նա չէր. ահա՝ ինչ է գրում Չարենցի կինը՝ Իզաբելլան, մեկնումի նախորդ երեկոյի մասին. «Մեզ մոտ մեքենայով եկավ Աղասի Խանջյանը: Մտավ Չարենցի աշխատասենյակը: Մոտ կես ժամ խոսեցին… Նրանց թեյ տվեցի, ու տեսա, որ երկուսն էլ լուռ ու խոժոռ նստած են: Որոշ ժամանակ հետո դուրս եկան: Չարենցն Աղասիին ուղեկցեց մինչև դուռը: Գնում էր հետևից՝ ձեռքերը մեջքին ծալած, գլխիկոր, դեմքին խորագույն վիշտ: Ասես հետևում էր հարազատ մարդու դագաղին: Դուռը փակեց Աղասիի հետևից ու դեմքի նույն դառն արտահայտությամբ վերադարձավ աշխատասենյակ: Երեք օր հետո Թբիլիսիից բերեցին Աղասիի դագաղը»:

Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց

Խանջյանի մահից օգտվեցին Ստալինն ու Բերիան. Հայաստանում սկսվեցին ռեպրեսիաներ: Առաջին զոհերի շարքում էին Ակսել Բակունցը, Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը, Վահան Թոթովենցն ու շատ-շատերը: Սա նաև Եղիշե Չարենցի մահավճիռն էր: Հուլիսին գրեց. «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, ում սպանեց Բերիան»: Զգալով, որ ինքն էլ երկար չի ապրելու, Չարենցը ստեղծեց «Դոֆինը նաիրական. յոթ սոնետ Աղասի Խանջյանին» ողբերգական շարքն ու անվանեց իրեն «խոսքի վերջին դոֆինը նաիրյան»:

Չարենցի բանաստեղծությունների հավաքածուն՝ նվիրված Աղասի Խանջյանին
Չարենցի բանաստեղծությունների հավաքածուն՝ նվիրված Աղասի Խանջյանին

***
Անդրկովկասի շրջկոմի գրասենյակի նիստը բացվեց հուլիսի 9-ին առանց հետաձգումների: Խանջյանը ոչ մի բառ չասեց օրակարգի քննարկման ժամանակ: Միայն մեկ կետ աշխուժացրեց նրան. ԱՍԴԽՀ ներքին գործերի ժողկոմ Սերգեյ Գոգլիձեի զեկույցն էր «Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում հակահեղափոխական տրոցկիստական խմբերի բացահայտման մասին»: Գոգլիձեն մասնավորապես ասաց, որ Հայաստանում բացահայտվել է մի քանի այդպիսի խումբ: Այսպես. միայն Լենինականում ձերբակալվել է մի քանի խումբ կազմած հարյուր տրոցկիստ, Երևանում՝ 36: Գոգլիձեն առանձին նշեց Ներսես Ստեփանյանի ձերբակալումը. «Մինչև այդ պահը խոսվում էր շարքային տրոցկիստների ձերբակալման մասին, մինչդեռ Ստեփանյանը ամենևին շարքային չէր՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ էր»: Ի դեպ, Խանջյանը Ստեփանյանին պաշտպանում էր 1934-ից, երբ օրակարգում հայտնվել էր նրան կուսակցությունից հեռացնելու հարցը:

Միմյանց հետևից ամբիոն բարձրանալով՝ Բագիրովը, Մախարաձեն, Ամատունին ու Բերիան միաձայն պնդում էին, որ Հայաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմը, այսինքն՝ Խանջյանն անձամբ, հավուր պատշաճի չի պայքարում պատեհապաշտության բացահայտ դրսևորումների դեմ: Վերջում Բերիան պահանջեց, որ Հայաստանի կոմկուսի կենտկոմը հատուկ հսկողության տակ առնի Ստեփանյանի գործը:

Նիստն ավարտվեց հինգ անց կես: Բերիան ուշ երեկոյան մեքենա ուղարկեց Խանջյանի համար…

Հետո Աղասի Խանջյանին տարան Թբիլիսիի Միխայիլովյան հիվանդանոց: Ընդ որում՝ համաձայն փաստաթղթերի, նրա բերել էին գրանցված կանչից մեկ ժամ հետո: Գիշերը՝ արդեն ամսի 10-ին, նրան վիրահատեցին, ինչից հետո վախճանվեց: Այդպես գրված է վիրահատությունների մատյանում, սակայն հուլիսի 10 ամսաթվով դիահերձման արձանագրությունը վկայում է, որ Խանջյանը մահացել էր ամսի 9-ին: Ամեն դեպքում, շուտով հայտնեցին Խանջյանի ինքնասպանության լուրը: Հայաստանցի բժիշկ փորձագետներ Միրզա-Ավագյանն ու Սահյանը մի շարք նշանների հիմա վրա կասկածեցին ինքնասպանության վարկածում և հրաժարվեցին ստորագրել համապատասխան ակտը: Սակայն գտնվեց, իհարկե, հնազանդ բժիշկ: Ակտը ստորագրվեց, երևանցի պրոֆեսորները ձերբակալվեցին:

Արդեն ոչ ոք հաստատ չի իմանա՝ ինչու էր Բերիան համարձակվել գնդակահարելու նրան իր գրասենյակում: Ամենայն հավանականությամբ՝ չուներ այլ ելք. երևի սպառնացել էր Խանջյանին՝ փորձելով կոտրել նրան, ստիպել դառնալ իր խամաճիկը, իսկ նա չէր համաձայնել: Ուստի Բերիան տեղնուտեղը լուծել էր հարցը՝ հասկանալով, որ Խանջյանը սենյակից դուրս գալուց հետո չի լռի:

***

Անդրկովկասի շրջկոմի քարտուղարության մեքենագրական բաժնի վարիչ Սուսաննա Սաֆարովան՝ Շուշանիկ Սաֆարյանը, այսպես էր հիշում. «1936-ի հուլիսի 9-ի առավոտյան՝ Անդրկովկասի շրջկոմի գրասենյակի նիստի սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ, Լավրենտի Պավլովիչը խնդրեց ինձ իր աշխատասենյակ տանել ու այնտեղ թողնել մի քանի մաքուր բլանկ «Հայաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար» գլխագրով: Նույն օրը՝ ուշ երեկոյան, պետք է Բերիային փոխանցեի գրասենյակի նիստի տպագիր սղագրությունը: Նոր սղագրուհու գրոտածը վերծանեցի ու արդեն տանում էին թղթերի տրցակը, որ Լավրենտին կարդա ու ստուգի:

Բերիայի ընդունարանից ճոճվելով դուրս եկավ Մոսկվայից եկած ստուգողը: «Լավրենտին գինարբո՞ւք է կազմակերպել», - մտածեցի ես ու մոտեցա Բերիայի գրասենյակի դռանը: Կամաց ծեծեցի, սակայն չսպասելով պատասխանի՝ բացեցի դուռն ու մնացի ապշած. խալու վրա փռված էր սպիտակ շապիկով մարդ: Լավրենտին պպզած վերցնում էր նրանից ատրճանակը: Ցնցվեցի, արագ փակեցի դուռն ու հետ-հետ գնալով՝ դուրս եկա ընդունարան: Քիչ էր մնում՝ ոտքերս պապանձվեին: Գնացի աշխատավայրս ու այդ պահին հետևից լսեցի աղեկտուր ճիչ. «Բժի՛շկ կանչեք, շո՛ւտ: Աղասին կրակել է իր վրա»: Շրջվեցի ու տեսա, որ Խանջյանին գրկած՝ դեպի ինձ էր գալիս Բերիային: Աչքս ընկավ Աղասու կրծքի վրայի ատրճանականին: Ճիչերը լսելով՝ վազելով եկան Բերիայի ու Խանջյանի թիկնապահները: Խանջյանն էլ չէր շնչում… Տագնապահար Բերիայի մանր, անհանգիստ աչքերը մատնում էին նրա ներքին խուճապը: Տեսնելով՝ ինչպես է նա հուզվում ու ծանր շնչում, կռահեցի, որ ինքն էր գնդակահարել խեղճին: Նենգ ու քինոտ Լավրենտիից լրիվ սպասելի էր: Քարտուղարությունում ոչ ոք չէր կասկածում, որ նա էր անողը. չափազանց շինծու էր ամեն ինչ»:

Եղիշե Չարենցի սոնետի ձեռագիրը
Եղիշե Չարենցի սոնետի ձեռագիրը

***

Անտոն Անտոնով-Օվսեենկոն գրում է «Բերիա» գրքում. «Հենց այդ օրերին Անդրկովկասի շրջկոմի շենքում՝ առաջին քարտուղարի գրասենյակի կողքը, աշխատում էր Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների գործունեությունը ստուգող ԿԿՀ-ն (կուսակցական վերահսկողության հանձնաժողովը): Նրանք՝ հանձնաժողովի նախագահ, Կոմիտեի կոլեգիայի անդամ Իվան Կորոտկովն ու հին բոլշևիկուհի Աննա Իվանովնան, արդեն եղել էին Երևանում… Աշխատանքային օրն ավարտվում էր: Հանկարծ Բերիայի սենյակում կրակոց որոտաց: Կորոտկովը ցատկեց ձայնի ուղղությամբ, բացեց դուռը: Լավրենտի Բերիան սեղանին նետեց ատրճանակը. խալու վրա արնաթաթախ, կրակած գլխով ընկած էր Աղասի Խանջյանը՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը: Կորոտկովը վերադարձավ իր սենյակը, պատմեց Իվանովային պատահածն ու ավելացրեց. «Երբե՛ք ո՛չ մի տեղ ո՛չ մեկին չասես սա, եթե ուզում ես ապրել»:

Տեսնելով մարդկանց իր աշխատասենյակում՝ Բերիան միանգամից սթափվեց ու հրամայեց փաթաթել արդեն սառած դիակն ու տանել հյուրանոց: Վարկածներից մեկի համաձայն՝ Խանջյանի մարմինն այդպես հայտնվեց Հայաստանի ժողկոմխորհի թբիլիսյան տանը: Խանջյանի թիկնապահը կատարեց Բերիայի հրամանը. կրակեց նրա սենյակում, որ լսեն ու հավաքվեն հյուրանոցում գտնվողները: Այդպես բեմադրեցին Հայաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի «ինքնասպանությունը»:

Քսան տարի հետո ԽՄԿԿ կենտկոմի հատուկ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրեց Խանջյանի մահվան հանգամանքներն ու պաշտոնապես հերքեց ինքնասպանության վարկածը, և ԽՄԿԿ 20-րդ համագումարին Նիկիտա Խրուշչովը պատմեց Բերիայի հանցագործության ամբողջ ճշմարտությունը:

***

Խանջյանին դեռ չէին թաղել, երբ կենտկոմն արդեն գումարեց Անդրկովկասի շրջկոմի գրասենյակի նիստ: Ներկա էին կենտկոմի, Երևանի քաղկոմի և շրջկոմների անդամները, Հայաստանի կուսկոմների քարտուղարներն ու շրջանների գործկոմների նախագահները: Նիստը բացելիս Անդրկովկասի շրջկոմի երկրորդ քարտուղար Կուդրյավցևը բարձաձայնեց. «Խանջյանն ինքնասպանությամբ անցավ մեր թշնամիների ճամբարը, դարձավ նրանց դրոշակակիրը»: Այս խրատական խոսքով էլ որոշվեց ամբողջ քննարկման ընթացքը: Եղավ քսանի չափ ելույթ. բոլորը սատարեցին նրան:

Իսկ Բերիան ասաց. «Աղասին թողել է երկու նամակ՝ ինձ ու կնոջը: Ինձ ուղղված նամակում Խանջյանն անկեղծորեն խոստովանել է, որ կուսակցական կոլեգիայում Ստեփանյանի գործի քննման ընթացքում թույլ է տվել կուսակցական ղեկավարի համար անթույլատրելի վրիպում»: Բերիան շունչ քաշեց ու շարունակեց. «Դրանից բացի՝ Խանջյանը խոստովանել է, որ այլևս չունի աշխատանքը շարունակելու ուժ, ուստի խնդրում է կուսակցությանը ներել իրեն… Մահից առաջ թողած գրությունում մաղթել է հայրենիքին բարգավաճում ընկեր Ստալինի ղեկավարության ներքո»:

Բանաձևը շատ կտրուկ էր: Խանջյանին մեղադրելով Ստեփանյանին և նրա խմբին օժանդակելու մեջ՝ ընկերները եզրակացրին. «Խանջյանը, ըմբռնելով իր կոպիտ քաղաքական սխալները, բոլշևիկյան համկոմկուսի կենտկոմի և շրջկոմի ղեկավարներին իր սխալները ներկայացնելու և դրանք ուղղել փորձելու փոխարեն, ցուցաբերեց ամոթալի վախկոտություն և գործեց ինքնասպանություն: Խանջյանի հրահրիչ արարքը հարված է Հայաստանի կոմկուսի և Անդրկովկասի բոլոր բոլշևիկների թիկունքին… Մի գործողություն է, որ հերթական առիթ է տալիս գլուխ բարձրացնելու դաշնակներին, տրոցկիստներին և հակահեղափոխական այլ տականքին»:

***

Խանջյանին թաղեցին հուլիսի 12-ին: Չէին կարող չկազմակերպել հրաժեշտի պաշտոնական արարողություն և քաղաքացիական հոգեհանգիստ: Թեպետ Բերիային հավատարիմ իշխանական մարմինները վախենում էին թաղումից, ու նրանց մտավախություններն իրականացան:

Խանջյանի դագաղին ընդառաջ եկավ ահռելի ու ահագնորեն մեծացող ամբոխ: Բնականաբար, ոչ ոք չէր հավատում ո՛չ ինքնասպանությանը, ո՛չ էլ իբր Խանջյանի գրած մեղայական երկու նամակներին, որոնցում խոստովանում էր իր սխալները: Ամբոխում դա սկսեցին ասել գրեթե բարձաձայն: Անհանգստացած իշխանությունները ստիպված բերեցին հեծյալ ոստիկանություն, կիրառեցին ջրցաններ, որ գոնե թույլ չտան թափորին անցնել մեկ փողոցի սահմաններն ու լցվել հարակից փողոցները: Իսկ մարդիկ գնում էին ու գնում ՝ անտեսելով ջրի շիթերն ու սիգարշավող հեծյալ ոստիկաններին…

Հ.Գ.
Հայաստանի բոլշևիկյան համկոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը թաղված է Երևանի Պանթեոնում՝ պատուհանից նետված զինակից Սահակ Տեր-Գաբրիելյանի գերեզմանի կողքին։ Խանջյանի գերեզմանին դրված է հայտնի նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի ստեղծած կիսանդրին:

Հայաստանի բոլշևիկյան համկոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը
Հայաստանի բոլշևիկյան համկոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը

Դոսյե
«Բոլշևիկյան համկոմկուսի անդամ, կուսակցական տոմս № 0130000, Խանջյան Աղասի Ղևոնդի:
Ծնվել եմ 1901-ին Թուրքահայաստանում՝ Վանում, հայրս հիմնականում ավանդում էր քաղաքային հայկական դպրոցներում:
Պատերազմի ժամանակ ռուսական զորքի նահանջից հետո՝ 1915-ին ընտանիքս տեղափոխվեց Կովկաս: Այս «փախուստը» ստիպեց ինձ մտածել շատ բաների մասին: 1915-ից ապրել ու սովորել եմ Էրիվանում: 1916-ին ուսումս շարունակեցի Էջմիածնում: Այդ ժամանակ Էրիվանում ծանոթացա որոշ սոցիալ-դեմոկրատների հետ… 1917-ին, երբ հասան Փետրվարյան հեղափոխության առաջին լուրերը, մտա Էրիվանի սոցիալդեմոկրատական կուսակցություն:

1919-ին բոլշևիկյան քարոզչության համար ինձ ձերբակալեցին. բանտում մնացի 2 ամիս: Մասնակցել եմ Հայաստան կոմունիստական կազմակերպության 1-ին վեհաժողովի աշխատանքներին: 1920-ի մայիսյան դեպքերից հետո (դաշնակցականների դեմ բոլշևիկների ապստամբությունը՝ խմբ.) շարունակեցի ապօրինի աշխատել Էրիվանում, սակայն կրկին ձերբակալվեցի: Արտակարգ դատարանը դատապարտեց ինձ 10 տարվա ազատազրկման»:
(Խանջյանի կենսագրությունից)

1919-20թթ. Անդրկովկասի ՌԿԵՄ (Ռուսական կոմունիստական երիտասարդական միության) շրջանային կազմակերպության անդամ, 1920-21թթ. Հայաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմի անդամ և Երևանի կոմիտեի քարտուղար: 1921-22թթ. սովորել է Յ.Մ. Սվերդլով Կոմունիստական համալսարանում, հետո կուսակացական աշխատանքներ իրականացրել Լենինգրադում, բոլշևիկյան համկոմկուսի շրջկոմի և շրջգործկոմի անդամ: 1928-ից Հայաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմի 2-րդ, 1930-ից՝ 1-ին քարտուղար, բոլշևիկյան համկոմկուսի Անդրկովկասի շրջկոմի գրասենյակի անդամ: Բոլշևիկյան համկոմկուսի 15-րդ, 16-րդ, 17-րդ համագումարների պատգամավոր, 1934-ից բոլշևիկյան համկոմուսի կենտրոնական վերաքննիչ հանձնաժողովի անդամ: Հայկական ԽՍՀ, ԱՍԴԽՀ, ԽՍՀՄ կենտգործկոմների անդամ: Պարգևատրվել է լենինյան շքանշանով:

«Ереван» ամսագիր, N10, 2010

Այս թեմայով