31 Հունվար 2012, 16:01
2021 |

Լևոն` նախագա՞հ

Լևոնի դեմքը հայտնի է գրեթե բոլոր երևանցիներին: Նա այն մարդկանցից է, ով իր տարօրինակ, մի փոքր խենթ պահվածքով ավելի վառ է դարձնում քաղաքի առօրյա անցուդարձը: Հայտնի «ռոլիկ քշող պապիկը» զարմացնում է ոչ միայն իր պատանեկան եռանդով: Հանդիպել այս բացառիկ անձնավորությանը մեզ հաջողվեց երկար փորձերից հետո: Սկզբում նա չէր համաձայնվում զրուցել, հետաձգում էր, սխալ հեռախոսահամարներ տալիս: Բայց մեզ օգնեց «երևանյան տարբերակը»՝ գտանք ընդհանուր ծանոթ, և Լևոնը մեծ հաճույքով ընդունեց «ընկերոջ ընկերոջը»:

Ամեն օր Լևոնն ականջակալներով դուրս է գալիս փողոց՝ շրջելով մայրաքաղաքում իր քառանիվ կոշիկներով՝ չզլանալով ժամանակ առ ժամանակ բարդ հնարքներ կատարել և գրավել բոլոր անցորդների և վարորդների ուշադրությունը: Մարդիկ տարբեր բաներ են խոսում նրա մասին՝ «խելագար է», «ախպար է կամ ընդհանրապես արտասահմանցի», նույնիսկ՝ «լրտես»: Եվ շատ քչերին է հայտնի, որ դեռ վաթսունը չբոլորած Լևոնը մասնագիտությամբ կիբերնետիկ է, աշխատել և դասավանդել է պոլիտեխնիկում: Նրա սովորական, մյուսներից գրեթե չտարբերվող կյանքը կտրուկ փոխվեց 1989-ին, երբ ընտանիքով տեղափոխվեց Նյու Յորք:

«Հենց տեսա, որ այնտեղ բոլորը՝ տարիքը բոլորովին կապ չունի, ազատ ժամանակ ռոլիկ են քշում, որոշեցի հետևել նրանց օրինակին, — պատմում է Լևոնը, — բայց նյույորքցիները դրանով զբաղվում էին միայն Central Park-ում, իսկ ես որոշեցի քշել փողոցներում»:

Ռոլեր-պապիկը հպարտությամբ նշում է, որ փողոցում իրեն շատ հարմար ու ազատ է զգում: Բայց մի անգամ այս փողոցային ազատությունը Լևոնի հետ չար կատակ խաղաց. «Մեծ արագությամբ իջնում էի Կասյանով: Դիմացից գնացող բեռնատարը կտրուկ արգելակեց, ես էլ բախվեցի նրան, հետո հայտնվեցի մեքենայի տակ: Արդյունքում՝ ձախ ձեռքի բաց կոտրվածք, ինչի պատճառով երկու շաբաթ պառկեցի հիվանդանոցում»: Հիվանդանոցից Լևոնը դուրս եկավ ձախ ձեռքում կրելով բազմաթիվ երկաթներ՝ «Բժիշկ Չարչյանը կարգին տղա է, հոյակապ բոլտուգայկաներ է տեղադրում»: Այդպես Լևոնը վերադարձավ իր սիրելի զբաղմունքին: Պետք է նշել, որ նա հետաքրքիր է ոչ միայն իր՝ այսքան անսովոր կերպով դրսևորվող կենսուրախությամբ:

Ըստ Լևոնի՝ ԱՄՆ-ում նա ընկերոջ հետ ստեղծել է էներգիայի գեներատոր, որի օգտակար գործողության գործակիցը հասնում է ոչ ավելի, ոչ պակաս 93%-ի՝ մի քիչ էլ, ու կլիներ հավերժական շարժիչ: Ռոլեր-կիբերնետիկը վստահ է, որ մի օր, երբ նավթը վերջանա, հրաշք գեներատորը վերջապես կաշխատացվի, և աշխարհի տիրակալները հնազանդորեն կմաքրեն իր կոշիկները:

Բայց եկավ մի պահ, երբ ամերիկյան կյանքը մեր հերոսին հոգնեցրեց: Եվ նա սկսեց պտտվել աշխարհով՝ Պերու, Վենեսուելա, Գրենլանդիա, աֆրիկյան պետություններ… Հայրենիք վերադարձավ, երբ իմացավ, որ մայրը վատառողջ է: Այդպես էլ մնաց Երևանում: Եվ Լևոնն այստեղ ունի շատ ավելի վեհ նպատակներ, քան պարզապես անիվների վրա փողոցներով շրջելը: Նա լրջորեն պատրաստվում է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը. «Կարճ ժամանակով, — բացատրում է ապագա թեկնածուն, — ամեն ինչ իր հունով կուղղորդեմ ու կհեռանամ: Իսկ եթե չստացվի, Հայաստանն այդպես էլ կմնա իր հիմար դրության մեջ»: Լևոնը պատրաստվում է իր թեկնածությունն առաջարկել արդեն գալիք նախագահական ընտրություններում, վստահ լինելով, որ արդեն ունի բազմա-թիվ հնարավոր ընտրողներ՝ «գրեթե բոլոր երիտասարդ ուսանողուհիները, որոնք իրենց հետ կբերեն նաև բազ-մաթիվ ծանոթ-բարեկամների»: Ավելին, Լևոնն արդեն գիտի, թե ինչ որոշում է կայացնելու առաջին հերթին՝ «Փոխելու եմ երկրի օրհներգը»: Որպեսզի երկար-բարակ քննարկումներ չլինեն, նա ինքն է հորինել ապագա օրհներգի երաժշտությունը, տեքստը թողնելով Չարենցին՝ «Նրա բանաստեղծությունը կատարելապես հարմար է հիմնի համար»:

Լևոնի կենսուրախությունը նախանձելի է: Բայց ոչ անհավանական, կարծում է նա: Գաղտնիքն էլ այդքան բարդ բանաձև չունի. «Պարզապես ես ամեն օր դիմավորում եմ արևածագը, մարզանք անում, չեմ ծխում, ռոլիկ եմ քշում, ապրում եմ ակտիվ կյանքով: Բացի այդ, մարմնումս մի մեծ անց կա, որով ես հեռացնում եմ իմ միջից ողջ նեգատիվը: Եվ սիրում եմ բոլոր մարդկանց, նույնիսկ չարերին: Միակ խնդիրս երևի թե խնդիրների բացակայությունն է»: Ին՞չ անել՝ ապագա Նախագահի պես անխնդիր ապրելու համար: «Պետք է ամեն օրն ապրել այնպես, կարծես դա կյանքի վերջին օրն է, — վստահորեն ասում է Լևոնը, — մեկ լիարժեք ապրված վայրկյանն արժե հարյուրավոր անվերջ, բայց անիմաստ կյանքեր: Պետք է ապրել ներկայով, կայֆ բռնել պահից»:

 

Այս թեմայով