01 Օգոստոս 2014, 10:45
4189 |

Մաս երրորդ

Շենգավիթ համայնքի մասը կազմող Երրորդ մասը Երևանի ամենայուրահատուկ պատմություն ու միջավայր ունեցող թաղերից մեկն է: Անպատրաստ մարդու համար այցելությունն այստեղ կարող է մեծ անակնկալ լինել: Հատկապես, եթե ամբողջ կյանքդ ապրել ես ավելի «կենտրոնամետ» տարածքներում: Իր ու Երրորդ մասի հարաբերությունների մասին պատմում է այդ թաղի նոր բնակիչը:

Մի քանի ամիս է' ապրում եմ Երրորդ մասում: Մինչ այդ ամբողջ կյանքս անցկացրել եմ Ազատության պողոտայում, ասել է թե՝ Մոնումենտում: Օդը' մաքուր, տրանսպորտը' ուր ուզես, մարդիկ' չափավոր հանգիստ ու հավասարակշռված: Հիմնական բնակչությունը միջին խավի ինտիլիգենցիան էր. «գրողների շենք», «բժիշկների շենք», «ժուռնալիստների շենք»: Իհարկե, նախկին բնակությանս վայրն էլ զուրկ չէր տգիտությունից, գորշությունից ու մանր հանցավոր տարրերից: Սակայն երբ տեղափոխվեցի Երրորդ մաս, հայտնվեցի մի ինչ-որ զուգահեռ իրականությունում:

Պատմություն
Անցած դարի կեսերին մեր մայրաքաղաքում մեծ թափ էր առնում գործարանաշինությունը: Այդ ժամանակ էլ հիմնվեց Երևանի կաուչուկի քիմիական գործարանային համալիրը, որը բաժանված էր չորս մասերի: Առաջին մասում տեղակայված էին արտադրամասերը, Երրորդ մասում' բնակավայրերը: Նման մոտ տեղաբաշխումը նպատակահարմար էր գործարանում աշխատողների համար տնից աշխատանքիհասնելու համար: Եվ շատ շուտով այստեղ տներ ստացան ու բնակվեցին ոչ միայն գործարանի աշխատակիցները, այլև ամբողջ գործարանային հատվածի աշխատողները: Այս բնակելի հատվածի զարգացմանը նաև նպաստեց Երևանի տնաշինարարության կոմբինատը, որը կառուցեց առաջին խոշորապանել բնակելի տները հենց այդ միկրոշրջանում: Ինչ եղան երկրորդ և չորրորդ մասերը' չեմ կարող ասել, երևի ձուլվեցին համապատասխանաբար Առաջինին և Երրորդին:

Երբ Երրորդ մասի հին բնակիչներից ճշտում էի իրենց բնակավայրի դրական կողմերը, համարյա բոլորը միաբերան նշում էին հետեվյալ մի քանի արժանիքները' մետրոյի կայարանի առկայությունը, տրանսպորտային հագեցվածությունը դեպի տարբեր ուղղություններ և, միանշանակ, կենտրոնի համեմատ միրգ-բանջարեղենի ու մթերքի էժանությունը:

Երրորդ մասի տեղափոխված շատրվանն այսօր
Երրորդ մասի տեղափոխված շատրվանն այսօր

***

Երրորդ մասը կառուցվել է յուրահատուկ և շատ պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ թե՛ առանձին ծավալների և թե՛ քաղաքաշինական առումներով: Ունիվերմագի և «Հայրենիք» կինոթատրոնի փառահեղ շենքերըկարծես կանչող դարպասներ լինեն' նշանավորելով դեպի Առաջին և Երրորդ մաս տանող ճանապարհները: Բայց ժամանակին թաղամասի սպասարկման ու ժամանցի կենտրոն հանդիսացող շենքերը այժմ չեն գործում ըստ նշանակության կամ ընդհանրապես չեն գործում: Կարծում եմ, կինոթատրոնի հեղինակ ճարտարապետ Աղաբաբյանին չէր ուրախացնի այն փաստը, որ իր ամիսների աշխատանքի արգասիքը ամբողջ տարին փակ է, որպեսզի ընտրությունից ընտրություն ծառայի որպես կուսակցություններից որևէ մեկի նախընտրական շտաբ: Չէր ուրախացնի հեղինակին նաև իր նախագծած երկու շուկաների ճակատագիրը: Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի մետամորֆոզներին մենք դժբախտություն ունենք հետևելու ամեն օր: Սակայն Աղաբաբյանի հեղինակած մեկ այլ շուկայի «վերականգնման» ու «վերաիմաստավորման» նախագիծն իրականացվել է տարիներ առաջ: Շատ տեղաբնակներ այժմ էլ միմյանց ժամադրելիս կամ թեկուզ երթուղայինում կանգառը նշելիս ասում են «շուկայի մոտ», չնայած, որ շուկան այլևս չկա, փոխարենը համարյա թե գործում է «Հայրենիք» առևտրի կենտրոնը' մգացված ապակիներով ու լուսավորվող գովազդային տարատեսակ պաստառներով:

Խորհրդային շնչով ու ազգային ձեռագրով իրականացրած 3-5 հարկ ունեցող շենքերը միատեսակ ու անդեմ մեր օրերի ճարտարապետության հետ համեմատելիս ակնհայտ հաղթանակած են դուրս գալիս: Ժանյակազարդ փոքրիկ պատշգամբներով ու քիվերով տուֆակերտ այս գեղեցկուհիներն ամեն անգամ աչքի զարնելով' ինձ մոտ մի փոքր հպարտության ալիք են առաջացնում: Իսկ որքա՜ն ինքնատիպ են կոնստրուկտիվիստական չորս հարկանի, կարմիր սվաղով պատված բնակելի շենքերը: Ցավում եմ, որ անխնա ժամանակի ու առավել անխնա վերաբերմունքի պատճառով դրանք աչքի չեն ընկնում իրենց արժանիքներով:

Առաջին իսկ անգամ, երբ քայլեցի Երրորդ մասի փողոցներով, ինձ զարմացրեց դպրոցների քանակությունն ու դիրքը: Դրանք տեղակայված են համապատասխան քաղաքաշինական նորմերի, այն, ինչ ոչ միշտ կհանդիպես քաղաքի մյուս մասերում: Կախված բնակչության քանակից ու բնակավայրի չափերից ձևավորվում է դպրոցների միմյանցից հեռավորության սխեման: Այն զարմանալի ճշգրտությամբ կիրառված է Երրորդ մասում: Դպրոցների ցուցակը համալրվում է նաև երաժշտական կրթօջախներով, սպորտդպրոցով ու անգամ շախմատի դպրոցով: Սակայն վերջինիս հանդիսավոր շենքի հենց կողքին իր սարդոստայնն է գործում գիշերային կյանքի բնօրրան հանդիսացող Երրորդ մասի հայտնի սաունան:

Թաղամասի զարմանալի ճարտարապետական նմուշներից մեկը
Թաղամասի զարմանալի ճարտարապետական նմուշներից մեկը

***

Այժմյան Գարեգին Նժդեհի անվան հրապարակը Երրորդ մասի հորինվածքային կենտրոնն է: Նախկինում այն կրել է բոլշևիկյան հեղափոխական գործիչ Սուրեն Սպանդարյանի անունը: Իսկ եթե հիշենք, թե ինչի համար ու ինչի դեմ էր պայքարում Գարեգին Նժդեհը, ապա է՛լ ավելի տարօրինակ կթվա այժմ նրա անվան հրապարակում Սպանդարյանի արձանի առկայությունը:

Երբ կառուցվում էր Երևանի մետրոպոլիտենը, Սպանդարյանի հրապարակից ապամոնտաժվեց շքեղ շատրվանը: Փոխարենը ստեղծվեց մի կարևոր ստորգետնյա ուրբանիստական միջավայր, որը մինչ օրս շատ նվիրված ծառայում է տեղաբնակներին: Այդուհանդերձ, շատերն են դժգոհ մնացել քանդակազարդ շատրվանների հեռացումից, քանի որ ժամանակին այն երրորդմասցու համար եղել է պարծանքի առարկա: Այժմ այդ շատրվանն իր երկրորդ կյանքն է ստացել հրապարակից ոչ շատ հեռու, նախկին Կուլտուրայի պալատի հարևանությամբ, «Շողակաթ» հեռուստաընկերության գրասենյակի հարևանությամբ: Այգին, որը, ի դեպ, Երրորդ մասի միակ հասարակական կանաչ գոտին է և ուր նորից կյանքի է կոչվել շատրվանը, մինչև վերջերս շատ անմխիթար վիճակում է եղել: Սակայն վերջերս բարեկարգվել է, կանաչապատվել, համալրվել զրուցարաններով, նստարաններով, լուսամփոփներով և կանոնավոր կերպով գործող շատրվանով: Չնայած վերջինիս վերածննդին, քանդակազարդ որոշ բաղկացուցիչ մասեր անհետացել են տեղահանության ժամանակ և միգուցե այժմ այդ կուժն ու կուլան զարդարում են ինչ-որ մեկի ամառանոցի մառանը:

Հեղափոխական Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում
Հեղափոխական Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում

 

***

Երբ գիտակից տարիքում առաջին անգամ բախտ վիճակվեց զբոսնել Երրորդ մասի ներքին թաղամասերի կանոնավոր փողոցների ցանցով, ուշադրությունս գրավեց այն փաստը, որ հետիոտնը քայլի համար մայթին նախընտրում է փողոցը: Պարզվում է՝ վտանգ կա, որ մայթով քայլելիս գլխիդ կթափվի 4-5 հարկանի շենքերի բնակիչների աղբը: Կասկածներս փարատվեցին, երբ ինքս տեսա, թե ինչպես գիշերային խավարի մեջ անտեսանելի մի ձեռք երրորդ հարկի պատուհանից դուրս նետեց խոհանոցային աղբով լի սև տոպրակը, որը ճլթալով հանդիպեց ասֆալտի հետ և ի ցույց դրեց իր պարունակությունը: Կարծում եմ՝ անիմաստ կլինի ասել արևածաղկի, կոնֆետի թղթերի ու ծխախոտագլանակների հաճախակի ու հանկարծակի անձրևների մասին: Այստեղից էլ հետևություն, որ փողոցները բավականին կեղտոտ են: Այն փողոցները, որոնք կրում են Գարեգին Նժդեհի, Անտոն Չեխովի, Մայիսի 9-ի ու այլ հարգելի մարդկանց ու օրերի անունները:

Գարեգին Նժդեհի խրոխտ անունը կրող փողոցը թաղամասի սիրտն է: Սկիզբ առնելով նախկին «Հայրենիք» կինոթատրոնից և ավարտվելով Նժդեհի հրապարակով, այս փողոցը խոսուն վկան է այն լավ ու վատի մասին, ինչ կարող ես տեսնել ու զգալ Երրորդ մասում: Ժամանակին լայն մայթերից բացվում են բազմատեսակ խանութների, գեղեցկության սրահների, դեղատների, ուտել-խմելու օբյեկտների, գիշերային ստորգետնյա ակումբների է՛լ ավելի բազմատեսակ մուտքերը:

Պատմություններ
Մի մայթակեր խանութի դեպի նկուղ իջնող կեղտոտ աստիճանների վրա հանդիպեցի մի մուրացկանի. քնած երեխա էր գրկին, հնամաշ կոշիկներով էր ու ցախավելի նման մազերով' թաքցրած կտորի լաթի տակ: Նա մեկնել էր կեղտոտ եղունգներով ձեռքը դեպի մայթից մնացած հատվածը, է՛լ ավելի ակնհայտ դարձնելու համար իր գոյությունը: Իմ առջևից մի երևակայող աղջնակ էր քայլում' երևի Ջասթին Բիբեռի վերջին հիթը ականջակալներից վայելելով: Մուրացկանի կողքով անցնելիս, թիթիզության ու ականջներում լսվող երաժշտության ռիթմի պատճառով, պատահաբար կպավ մուրացկանի ցցված ձեռքին: Երբ աղջնակից հետո անցա մուրացկանի կողքով, լսեցի նրա հանգավորված անեծքը' «ինսուլտ ստանաս, դողաս, կյանքում էրեխու էրես չտենաս»:

***

Երթուղայինում մի տղամարդ Երրորդ մասից մինչև Ձկան խանութ հեռախոսով էր խոսում: Աշխատանքից ուշացող մարդկանց ինքնամփոփ դեմքերի, ուսանողների տետրերի վրա կենտրոնացած մտքերի, կռացած երթևեկողների լարվածության լռությունը խախտում էր միայն վերջին շարքում զրույցի բռնված թավ ձայնով տղամարդը: Նա ընկերոջից պարտքով գումար էր ուզում, պատմում էր իր Կալուգա գնալու մասին, ավտոմեքենան վաճառելու մասին: Ասում էր, որ ինտերնետով ճշտել է մեքենաների գները, էնտեղ ավելի թանկ կվաճառի ավտոն, իսկ դեպի Ռուսաստանի հյուսիս մեքենայի համար արդեն կրկնակի կվճարեն: Ինքն արդեն հաշվարկել էր ու եկել այն հայտարարի, որ իր մեքենայով այդ ճանապարհը մոտ 150 հազար դրամ կարժենա' բենզինն ու այլ ծախսերը հաշվի առնելով: Ամբողջ երթուղայինը իմացավ, որ հեռախոսի այն կողմում ընկերն էլ իր հերթին աղջիկ է գտել, պատրաստվում է ամուսնանալ ու հայտնի պատճառով պարտքով փող տալ չի կարող: Իսկ աղջիկն ամուսնացած-բաժանված է ու երեխա ունի: Տեսարանն ամբողջականացնելու նպատակով հարկ է նշել, որ վերոհիշյալ տարածությունը հանրային տրանսպորտն անց-նում է լավագույն դեպքում 20 րոպեի ընթացքում, համապատասխանաբար նույն տևողությունն ուներ նաև տղամարդու հեռախոսազրույցը: Երբ հավերժ թվացող հեռախոսային խոսակցությունն ավարտվեց, տղամարդը վրդովված դիմեց դիմացի նստարանին նստած աղջկան, ով ականջակալներից լսվող աղմուկի ներքո հանդարտ նայում էր կեղտոտ ապակուց:

— Աղջի՛կ ջան, մի քիչ ձենը իջացրու: Մենակ չես տրանսպորտում: Նենց արա, որ մենակ դու լսես, խանգարում ես, չէ՞, էսքան մարդու: Նեռվ ա պետք, որ դիմանա էդ ժխորին:

Երիտասարդ երրորդմասցիներ
Երիտասարդ երրորդմասցիներ

***

Երրորդ մասը հայտնի է նաև Ծերեթելի փողոցով, որտեղ «սեռական կյանքը» սկսվում է երեկոյան ժամը 9-ից: Իսկ այ Գարեգին Նժդեհ փողոցի վրա կանայք կանգնում են արդեն երեկոյան 6-ից:

Աշխատանքից վերադառնալիս կանգառից մինչև տուն պիտի անցնեմ 2 բնակելի շենքի ու դպրոցի կողքով, ու այդ ոչ երկար ճանապարհին ամեն օր նույն տեղերում հանդիպում եմ նրանց: 45-55 տարեկան են: Առաջինը միշտ նստած է լինում հենց կանգառում: Կնճռոտ է, տձև մարմնով և տանջված տեսքով: Եթե կողքը տղամարդ է լինում նստած (սովորաբար՝ հեգնական ժպիտով), խոսում է հետը, բայց երբեք տղամարդու վրա չի նայում, եթե մենակ է լինում' միշտ հեռախոսն ականջին է: Երկրորդը կանգնում է կանգառից քիչ ներքև' բնակելի տան դիմաց: Հագնվում է ինչպես բազում երրորդմասցի կանայք' ոտքից գլուխ սև: Հագուստը աչքի չի ընկնում' սև շալվար, սև տափակ կոշիկներ, սև բաճկոն: Թիկնեղ է' երևի երիտասարդ տարիքում սպորտով է զբաղվել: Ձմեռային երեկոների խավարի մեջ չգիտես ինչու արևային ակնոցներով է, միշտ անհանգիստ կողքերն է նայում: Մյուսը կանգնում է դպրոցի դիմացի թփերի տակ' էլի սևավորված: Գզգզված մազերով է ու փոքր, նիհար մարմնով ու ի տարբերություն նախորդների' ինքն իրեն ընդգծում է սպիտակ երկարաճիտ կոշիկներով: Անցնելով «3 գրացիաների» կողքով, մտածում ես' եթե այսքան շուտ են դուրս եկել աշխատանքի, ուրեմն շուտ էլ տուն երևի պիտի գնան, հետևաբար ու բնականաբար տանը չգիտեն եկամուտն այս կերպ աշխատելու մասին: Ի՞նչ են ասում տնեցիքին դուրս գալուց առաջ: Գնամ մամայենց տո՞ւն: Ընկերուհո՞ւս գնամ տեսնեմ: Սալոնում հավաքարա՞ր եմ աշխատում: Ի՞նչ: Որտե՞ղ կարելի է ամեն երեկո 3-4 ժամ աշխատել:

Հին ավանդույթները այստեղ դեռ արդիական են
Հին ավանդույթները այստեղ դեռ արդիական են

***

Որպես կանոն տղամարդիկ նույնատիպ են' գորշ, մռայլ, ջղային, հոգսաշատ: Հոգսաշատ են անգամ այն պարագայում, երբ չեն աշխատում, երբ տուն պահելու բեռն իրենց ուսերին չէ, երբ ոչ մի տեղ իրենց չեն սպասում, ու իրենք էլ ոչ մի տեղ չեն շտապում: Ամեն առավոտ շատ պարտաճանաչ հագնվում են ու տնից դուրս գալիս' կարևոր չէ ուր ու ինչի համար: Գործնական դեմքով անշտապ շրջում են փողոցներում' իրենց նման մեկին հանդիպելու ակնկալիքով: Արդեն մի քանի հոգով հավաքվում են մեկնումեկի բակում, կանգնում կամ պպզում մետաղական ավտոտնակների կողքին ու զրուցում, իսկ ավելի հաճախ՝ լռում: Այս ամենը համեմվում է արևածաղկի սերմերով, ինչով շռայլորեն կիսվում է նորեկներից մեկը: Արդեն յոթն են ու վստահ եմ, որ նրանցից առնվազն մեկը հաստատ չի ճանաչում մյուս վեցին. պարզապես ամենօրյա պարապության շրջանակներում, չհանդիպելով ծանոթ և ոչ մեկին, մտել է առաջին պատահած բակն ու միացել անծանոթ բախտակիցներին: Յոթ հոգով շատ մտասևեռված «շեմուշկա են չռթում», մերթընդմերթ մեկ-երկու բառ փոխանակելով քաղաքականության, Ռուսաստանում հերոսական արկածների, անցնող-գնացող կանանց, կռիվառատ երիտասարդության մասին: Ժամը երկուսի կողմերը, երբ մոտենում է ճաշի ժամը, ցրվում են'իրենց հետևից թողնելով արևածաղիկների կեղևներից սև ու սպիտակ գորգը: Գնում են տուն ընդմիջման, որ կուշտ փորով հաց ուտելուց ու մի կես ժամ պառկելուց հետո վերստին շատ գործնական դուրս գան տնից իրենց կարևորությունը շեշտելու ու «աշխատանքային օրը» ավարտելու նպատակով: Բայց միևնույն ժամանակ պարապուրդի մատնված այս տղամարդիկ ունեն բացառիկ մի հատկություն: Այն է՝ փոխօգնությունը ու հոգացավանքը: Բավական է բակով անցնող որևէ անծանոթ մեքենա կամ տաքսի անսարքության պատճառով խնդիրներ ունենա, արդեն բակի սևավորված ասպետները շտապում են օգնության: Ակն է վնասված, բայցվարորդը գործիք չունի՞: Գառնիկի «գառաժում» «դանկռատ» կա: Մարտկոցը չի աշխատո՞ւմ: Սոնիկի ամուսինը «կռակադիլներ» կբերի: Անծանոթի հետ կընկերանան, ութ հոգով խելք խելքի կտան ու գործից գլուխ կհանեն:

Մեր բակում իրարանցում էր: Աղմուկը շենքի վերջին մուտքի մոտ էր: Կանանց ճղճղոցի, մունաթի, դժգոհությունների ու բողոքների ներքո մուտքից դուրս եկավ մի ընկճված տղամարդ' հնացած ու կեղտոտ զինվորական հագ ու կապով: Տղամարդու մի ոտքը բացակայում էր: Աղմուկից ենթադրեցի, որ վերջինս անտուն էր, ապաստան էր գտել այդ մուտքի նկուղ տանող աստիճանների վրա, ինչն էլ առաջացրել էր բնակիչների դժգոհությունը: Կանայք աղաղակում էին, իսկ տղամարդիկ հանգիստ կեղևաթափում արևածաղկի սերմերը: Կանանցից մեկը շատ ակտիվ էր' բարձր բղավելով առաջարկում էր զանգահարել «ժեկ», ամոթանքներ էր տալիս, ձեռքերով օդում ալիքներ էր նկարում էլ ավելի շեշտելու իր զայրույթը: Կարծեցի, թե այդ մուտքի առաջին հարկի բնակչուհին է, ում ամենից շատ է խանգարել անտուն տղամարդը: Հանկարծ կինը սթափվեց ու ասաց.

— Ո՜ւֆ, էս ինչի՞ եմ եկել ձեր հետ գլուխ դնում, ոնց որ ես անելու բան չունեմ: Ավելի լավ ա գնամ ճաշս եփեմ, — ասաց ու քայլեց դեպի բո-լորովին այլ կողմ: Նա ուրիշ մուտքում էր ապրում:

***

Իհարկե, ինչպես և մայրաքաղաքի ցանկացած այլ թաղամասում, Երրորդ մասում էլ մարդիկ տարբեր են (գորշ մասաներից մինչև դրանց չձուլվող կիրթ անհատականություններ) ու ընդհանրացնել երբեկ ճիշտ չէ: Պարզապես այստեղ պատմությունը մի փոքր այլ կերպ է ընթացել, ձևավորելով թաղային յուրահատկություններ: Կարծում եմ, որ դեռ շատ բացահայտումներ պիտի անեմ այս զարմանալի Երրորդ մասում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2013

Այս թեմայով