11 Հունիս 2014, 16:29
5771 |

Մեծ էկրանները բաց երկնքի տակ

Ինչպե՞ս մտան այգիներ ու բարձրացան տանիքներ, ինչո՞վ են նման ու ինչո՞վ տարբեր. վերլուծում ենք բացօթյա կինոթատրոնների հաջողության գաղտնիքները:

Բաղնիքդ անուշ
Տաք լողավազանների կինոթատրոն, Միացյալ Թագավորություն
հանդիսատես - 160
Տաք լողավազանների շրջիկ կինոթատրոնը ժամանցի ինքնատիպ տարբերակ է: Ամեն ինչ սկսվեց, երբ ընկերական մի երեկույթի մասնակիցները շենքի տանիքում փչովի լողավազաններ տեղադրեցին: Գաղափարը զարգացավ, դարձավ կինոթատրոն: Տաք լողավազանների յուրաքանչյուր ցուցադրություն վերածվում է ընկերական հավաքի, որտեղ կարելի է երգել, պարել, խմել, աղմկել ու, իհարկե, չմոռանալ ֆիլմ նայել:

Կինոթատրոնն ունի 30 լողավազան և 2 մեծ էկրան, բայց չունի մշտական գրանցում: Գարնանն ու ամռանը ցուցադրությունները լինում են քաղաքի տանիքներում, իսկ աշնանն ու ձմռանը՝ տանիքների տակ:

 


Պիկնիկ և կինո
Սալա Մոնջուիս, Բարսելոնա
հանդիսատեսի քանակը՝ 2500
Ամեն տարի հուլիսին Բարսելոնայի Մոնջուիս ամրոցի այգին դառնում է բացօթյա կինոթատրոնների սիրահարների հանգստի գոտի: Երբ 2002-ին ցուցադրվեց առաջին ֆիլմը, կազմակերպիչները ակնկալում էին լավագույն դեպքում 400 հանդիսատես: Սակայն այդ թիվը հասավ 2000-ի: Կինոցուցադրությունները հիանալի առիթ դարձան պիկնիկներ կազմակերպելու համար. մարդիկ գալիս էին կինոդիտումից 2 ժամ շուտ ու ընկերական, ընտանեկան շրջապատում լավ ժամանակ անցկացնում: հատկապես, որ հ իմական ֆիլմից առաջ ցուցադրվում է մեկ կարճամետրաժ ֆիլմ:

Ցուցադրությունները զուրկ չեն անակնկալներից: Օրինակ, 2013-ին «Սպիտակաձյունիկ» համր ֆիլմն իսկական վերածնունդ ապրեց՝ ուղեկցվելով նվագախմբի կենդանի հնչյուններով:

 


Կամավորների ջանքերով
Pluk de Nackt փառատոն, Ամստերդամ
հանդիսատես-տեղեկությունը գաղտնի է և չի հրապարակվում
Ամռանն Ամստերդամում սկսվում է Pluk de Nackt կամ «Գրավի՛ր գիշերը» ֆիլմերի փառատոնը՝ ամենամեծ ու լուրջ բացօթյա փառատոնը Հոլանդիայում: Ցուցադրվում են անիմացիոն, վավերագրական ու խաղարկային ֆիլմեր, որոնք կամ միջազգային փառատոներում էկրան բարձրանալուց հետո այդպես էլ չեն հասել Նիդերլանդներ, կամ ստեղծվել են անհայտ ռեժիսորների, անգամ ուսանողների կողմից ու դեռ չեն ներկայացել միջազգային հանրությանը:

Փառատոնը ստեղծվել է 2003-ին ու մինչև այսօր իրականացվում է կամավորական ուժերի շնորհիվ, հասույթն էլ գալիս է ցուցադրությունների ժամանակ վաճառված ուտելիքից ու վարձակալվող աթոռներից, ծածկոցներից կուտակած գումարից: Ֆիլմերը ցուցադրվում են անվճար:

 


Կինոդիտումներ անմահների հետ
Սինեպսիայի ցուցադրությունները, Լոս Անջելես
հանդիսատես- 3500
Ամռանը Հոլիվուդի անմահների պանթեոնում սկսվում են ֆիլմերի ցուցադրություններ: Ծածկոցներով, փոքրիկ աթոռներով, խմիչքով զինված հանդիսատեսին հատկապես դուր է գալիս այն փաստը, որ օրվա ֆիլմում խաղացող դերասանը ննջում է հենց իրենց կողքին' պանթեոնում: Ասում են նույնիսկ, թե այս ցուցադրությունները կախարդական մթնոլորտ ունեն. այնպիսի զգացողություն է, թե անմահները քեզ հետ միասին նայում են իրենց իսկ ֆիլմերը: Թեկուզ միայն այդ զգացողությունն ունենալու համար պանթեոնի ցուցադրություններին հաճախողների պակաս չի լինում:

 


Գինին՝ տոմսի արժեքի մեջ
Մոնակոյի մարգարիտը
հանդիսատես- 500
Մի կողմում ժայռեր, մյուսում' կապույտ ծով, իսկ նրանց միջև՝ բացօթյա կինոթատրոն: Դրախտ: Հունիսից մինչև սեպտեմբեր աշխատող կինոթատրոնում ոչ մի ֆիլմ երբեք չի կրկնվում ու միշտ ցուցադրվում է բնօրինակով: Ի դեպ, մեկ բաժակ գինին ներառված է տոմսի արժեքի մեջ:

 


Էկոլոգիան՝ առաջնահերթ
Լոկառնոյի փառատոնը- Շվեյցարիա
հանդիսատես- 8000
Պատահում է, որ բացօթյա կինոթատրոնը կառուցվում է որևէ փառատոնի համար ու գործում միայն փառատոնի օրերին: Այդպես Լոկառնոյի Պիացա Գրանտ (Piazza Grande) վերածննդյան հրապարակը 68 տարի շարունակ ամեն օգոստոսին վերափոխվում է հսկայական կինոթատրոնի, որտեղ տեղադրվում է Եվրոպայի ամենամեծ էկրաններից մեկը (26×14 մ): Քաղաքը լցվում է հյուրերով ու զբոսաշրջիկներով: Իհարկե, բոլոր առավելությունների հետ մեկտեղ կան նաև էկոլոգիական վնասներ: Սակայն կազմակերպիչները լուծել են այս խնդիրը՝ մասնակիցներին տրամադրելով էլեկտրական հեծանիվներ, իսկ պատվավոր հյուրերի տեղափոխումը կատարում են էլեկտրականությամբ աշխատող մեքենաներով:

 


Չինական խորոված
Maple drive-in, Պեկին
հանդիսատես- 3200
Աստղազարդ երկինք, լայն հրապարակ, մեծ էկրան ու մեքենայի միջից ֆիլմ նայող զույգ. տեսարանը հիշեցնում է 50-ականների հոլիվուդյան ռոմանտիկ ֆիլմ: 21-րդ դարում այս ամենը կարելի է գտնել Ամերիկայից հազարավոր կիլոմետրեր հեռու' Չինաստանում: Maple drive-in-ը միակ այսպիսի կինոթատրոնն է ամբողջ Պեկինում: Մարդիկ վճարում են ոչ թե 1, այլ 5-6 ֆիլմի համար: Կինոթատրոնը փակվում է առավոտյան ժամը 5-ին: Այցելուներին աղի եգիպտացորենով ու սուրճով չես զարմացնի, իսկ այ թարմ խորովածը ամենապահանջված ուտեստն է: Կինոթատրոն կարող են գալ միայն սեփական մեքենա ունեցողները: Հրապարակը տեղավորում է մինչև 800 մեքենա: Ի դեպ, սա այն քիչ բացօթյա կինոթատրոններից է, որտեղ ցուցադրվում են նաև 3D ֆիլմեր:

 


Տաք ձմեռներ
Գալիլեո կինոթատրոն, Քեյփ Թաուն
հանդիսատես- գաղտնի տեղեկություն է և չի հրապարակվում
Եթե հյուսիսային կիսագնդում բացօթյա կինոթատրոնն ամառային հաճույք է, ապա հարավային կիսագնդում իրավիճակն այլ է: Աֆրիկյան Գալիլեո կինոթատրոնն աշխատում է հոկտեմբերից մինչև ապրիլ, երբ եղանակը բարենպաստ է բաց երկնքի տակ մի քանի ժամ նստելու համար: Զբոսաշրջային կենտրոն Քեյփ Թաունում ֆիլմերի ցուցադրությունները լինում են շաբաթական 3 անգամ 3 տարբեր վայրներում'բուսաբանական այգի, Հիլքրեսթ գինետան դիմաց (Quarry at Hillcrest Wine Estate) ու V&A Waterfront առևտրի կենտրոնի բակ: Ամենամեծը գինետան բակն է' 7000 հա, որտեղ կարելի է գալ ուտելիքով, իսկ այ աթոռներ բերելը խստիվ արգելվում է, քանի որ աթոռի բարձրությունը կարող է խանգարել մնացած հանդիսատեսին:

 


Կինոն՝ ժայռերում
Կարմիր Ժայռերի ամֆիթատրոն, Կոլորադո
հանդիսատես-9450
1906-ին բացված Կարմիր Ժայռերի Ամֆիթատրոնն ի սկզբանե ծառայել է որպես բեմ հռչակավոր երգիչների ու խմբերի համար, ինչպիսիք են Beatles-ը, Rush-ը: Բեմի ունեցած բնական ուժեղ հնչողությունը հետագայում թույլ տվեց տեղադրել այդտեղ մեծ էկրան ու ամֆիթատրոնը դարձնել բացօթյա կինոթատրոն: Ծովի մակարդակից 6 450 մ բարձրության վրա գտնվող թատրոնն աշխատում է ամռան ամիսներին, դահլիճը գրեթե միշտ լիքն է լինում:

 


Պարադոքսալ անվանում
Cine Paris, Հունաստան
հանդիսատես-400
Մշակութային հայտնի կոթողների շրջակայքում նոր կառույցի լավ օրինակ է Ակրոպոլիսի ստվերում գտնվող բացօթյա «Փարիզյան կինոթատրոն»-ը: Զարմանալի է, որ իսպանական հնչողությամբ ու Փարիզ բառն իր մեջ կրող Cine Paris-ը գտնվում է հենց Հունաստանում: Հիմնադիրը մի հույն վարսավիր էր, որը որոշ ժամանակ ապրել է Փարիզում, ու քանի որ առաջինն էր, ում մտքով անցավ բացօթյա կինոթատրոն բացել, անվանեց այն իր սիրելի քաղաքի պատվին:

Կինոթատրոնը բաց է մայիսից մինչև հոկտեմբեր: Ակրոպոլիսյան շնչով հագեցած թատրոնում ցուցադրվում են թե՛ անիմացիոն, թե՛ խաղարկային բլոքբասթերներ:

 


Քամուն համընթաց
Կամելոտ, Պերտ
հանդիսատես-տեղեկությունը գաղտնի է և չի հրապարակվում
Երկրագնդի միակ մայրցամաք-պետությունն էլ զուրկ չէ բացօթյա կինոթատրոններից: Բոլորն էլ մեծ են ու մարդաշատ, հատկապես գողտրիկ Կամելոտը: Թեթև ծովային քամին էլ կինոթատրոնի առավելություններից է: Կինոդիտումները լինում են ամեն ամսվա առաջին չորեքշաբթի օրը: Հաճախ հաջորդում են ջազ համերգներին: Երբեմն էլ ֆիլմի ցուցադրությունից առաջ կազմակերպվում է ծովային ուտեստների հյուրասիրություն գինով, գարեջրով կամ հյութով:

 

Այս թեմայով