30 Հունիս 2014, 10:28
1766 |

Նրանց վերջը

Մի ֆրանսիական ասացվածք կա. «Եթե մի օր կարծես, թե դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, գնա գերեզմանատուն: Իսկ եթե կարծես, որ դու աշխարհի ամենադժբախտ մարդն ես, նորից գնա այնտեղ»: Դժվար է պատկերացնել, թե աշխարհում քանի գերեզմանատուն կա, և ինչ տարածք են դրանք զբաղեցնում այսօր: Բայց շատ ավելի դժվար է պատկերացնել, թե որքան բազմազան դրանք կարող են լինել:

Տապանաքարերի թանգարանը
Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատունն ի սկզբանե հայտնի է եղել որպես Արևելյան գերեզմանատուն, քանի որ գտնվում է քաղաքի արևելյան հատվածում: Ընդ որում՝ դա Փարիզի ամենաաղքատ մասն է, իսկ գերեզմանատունը հիմնելու ժամանակ՝ Նապոլեոն I-ի օրոք ընդհանրապես դուրս էր քաղաքից: Այսօր Պեր-Լաշեզը մոտ 48 հեկտար տարածք է զբաղեցնում և համարվում է տապանաքարերի աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարաններից մեկը: Վերևից դիտելիս այն կանաչ օազիս է հիշեցնում, որի կենտրոնում կոլումբարիումն է՝ աճյունասափորների պահոցը:

Ամեն ինչ սկսվեց 1804-ին, երբ դատարկ գերեզմանատուն տեղափոխեցին Մոլիերի և Լաֆոնտենի աճյունները: Նրանց հաջորդեցին այլ նշանավոր մարդկանց թաղումները, որից հետո սեփական պատմություն չունեցող գերեզմանատունը գրավեց մարդկանց ուշադրությունը: 1871 թվականին՝ հեղափոխության ժամանակ, հենց այս գերեզմանատանը գնդակահարվեցին 147 ֆրանսիացի կոմունարներ: Հետագայում այն պատը, որի մոտ տեղի ունեցավ գնդակահարությունը, նույնպես հուշարձանի վերածվեց:

Այսօր Պեր-Լաշեզում հանգրվանել են Էդիտ Պիաֆը, Օսկար Ուայլդը, Ֆրեդերիկ Շոպենը, Սառա Բեռնարը, Այսեդորա Դունկանը, Օնորե դը Բալզակը, Ժորժ Բիզեն, Էժեն Դելակրուան, Իվ Մոնտանը, Ջիմ Մորիսոնը, Մայլս Դևիսը և շատ ու շատ այլ հանրահայտ մարդիկ: 1927-ին այստեղ թաղվեց նաև հայ նշանավոր զորավար և ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը, սակայն 2000-ին նրա աճյունը տեղափոխվեց Եռաբլուր:

 


Պոլսահայերի հանգրվանը
Ստամբուլի հայկական գերեզմանատունը սկսել է ձևավորվել դեռևս 1560 թվականին, երբ համաճարակի արդյունքում Կոստանդնուպոլսի հայ համայնքը հանրագիր էր ներկայացրել սուլթան Սուլեյմանին գերեզմանատան համար տարածք հատկացնելու վերաբերյալ: Գերեզմանատունն ի սկզբանե պատկանել է Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին և 1830-ականներին արդեն շուրջ 50 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցրել, դառնալով Ստամբուլի ամենամեծ ոչ մահմեդական գերեզմանատունը:

Հայոց ջարդերից հետո՝ 1930-ին գերեզմանատունը խլեցին հայերի ձեռքից և հանձնեցին քաղաքապետարանին, թեև դա չխանգարեց, որպեսզի պոլսահայերը շարունակեն իրենց հանգուցյալներին այդ գերեզմանատանը հուղարկավորել: 2012-ի օգոստոսին Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը գերեզմանատան սեփականության իրավունքը վերադարձնելու խնդրանքով դիմեց Կրոնական հիմնադրամների գլխավոր վարչություն, որը դրական պատասխան տվեց: Ստամբուլի հայկական գերեզմանատանն են թաղված Կ. Պոլսի պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, գրողներ Երվանդ Ոսկանը, Հակոբ Մնձուրին և այլ հայտնի պոլսահայեր:

 


Անբարոյական գերեզմանատունը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում է գտնվում Խաչված ոսկորների կամ Վինչեսթերյան սագերի գերեզմանատունը: Միջնադարյան Անգլիայում վինչեսթերյան սագեր անվանում էին մարմնավաճառներին: Հասարակաց տներում լրիվ օրինական կերպով աշխատող կանայք իրենց սեփական գերեզմանատունն ունեին, որը նաև շատ հաճախ լոնդոնցի աղքատների վերջին հանգրվանն էր դառնում: Խաչված ոսկորներում մի քանի հարյուր տարվա ընթացքում թաղվել է ավելի քան 15 հազար մարդ:

Գերեզմանատան մուտքի մոտ փակցված ցուցանակին գրված է. «Սա ապաքինման վայր է, որտեղ իգական սկիզբը հարգվում և փառաբանվում է իր բոլոր մարմնավորումներով՝ անբարոյականի ու կույսի, մոր ու սիրուհու, աղջկա ու պառավի, ստեղծողի ու ավերողի»: Յուրահատուկ այս գերեզմանատան երկաթե ցանկապատը զարդարված է գրություններով, բանաստեղծություններով, հին լուսանկարներով, փետուրներով ու թավշե գուլպաներով:

 


Մահից հետո թեկուզ ջրի տակ
2007-ին Մայամիի ծովափի մոտ ստեղծվել է Ատլանտյան հուշախութ՝ առաջին ստորջրյա գերեզմանատունը՝ «Նեպտուն» անունով, որը նաև աշխարհի ամենամեծ տեխնոգեն խութն է: Գերեզմանատունը նաև ճարտարապետական հուշարձան է. այստեղ կան գեղեցիկ սյունաշարեր և զանազան արձաններ: Այն ստեղծվել է օվկիանոսի հատակի շուրջ 7 հեկտար մակերեսին և մոտ 12 մետր խորության վրա է գտնվում: Մարդու այրված աճյունի մնացորդները խառնում են ցեմենտի հետ, հետո ավելացնում խութի կառուցվածքի մեջ, որի վրա փակցնում են նրա անունն ու մահվան տարեթիվը պարունակող ցուցանակը: Ազգականները հանգուցյալներին այցելելու համար կամ պետք է սուզվեն, կամ գերեզմանատան կայք մտնեն: Մեկ «տեղն» այդ գերեզմանատանն արժե 7 000 դոլար, 2013-ի վերջին այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար և կարող է մինչև 125 հա-զար հանգուցյալների ընդունել:

 


Ուրախ գերեզմաններ
Ռումինական Սապանտա համայնքում բոլոր տապանաքարերը զարդարված են կանաչ, կապույտ, կարմիր գույներով և ուրախ գրառումներով: Դրանց մի մասն անգամ պոետիկ կերպով պատմում է մահվան պատճառի մասին՝ գինեմոլություն, վթար, աղետ: Նման գերեզմանատան ստեղծմանը նպաստել է այն փաստը, որ դակերը՝ ռումինացիների նախնիները, մահը համարում էին ընդամենը անմահ հոգու ազատում: Մահը նրանց համար հանդիսավոր և ուրախ իրադարձություն էր՝ լավագույն կյանքի սպասումով: Այսօրվա տեսքը գերեզմանատունը ձեռք է բերել 1977-ին: Դիզայնի մեջ ամենամեծ ավանդը ներդրել է տեղական վարպետ Ստեն Իոն Պատրին, որի գործն այժմ շարունակում է նրա աշակերտը՝ Դմիտրի Պոպ Տինչուն: Այժմ այդ գերեզմանատանը մոտ հազար «ուրախ» հուշարձան կա: Այսօր այդ վայրը նույնպես ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

 


Մեռյալների քաղաքը
Եգիպտոսի գերեզմանատների մասին խոսելիս առաջինը մտքիդ գալիս են փարավոնների շքեղ թաղումները՝ բուրգերով, ստորգետնյա հսկայական լաբիրինթոսներով և այլն: Բայց բանից պարզվում է, որ այստեղ՝ Կահիրեում հանգուցյալ ու երկրային կյանքը միավորող մի վայր կա, որը Մեռյալների քաղաք են անվանում: Այստեղ կենդանի մարդիկ ապրում են մեռյալների կողքին' որոշ դեպքերում հենց տոհմական դամբարաններում: Իսկ փողոցներում ու գերեզմանների միջև կարելի է առևտրականների տաղավարներ նկատել: 6 կիլոմետր ձգվող այս քաղաքը քաղաքի մեջ Մուքաթամ լեռան ստորոտում է, իսկ տեղացիներն այն անվանում են պարզապես «ալ քարաֆա»՝ «գերեզմանատուն»: Բոլորը գիտեն այդ վայրի մասին. այն արդեն ավելի քան 2 հազար տարեկան է, և թաղված են այդտեղ ինչպես սովորական մահկանացուներ, այնպես էլ սուլթաններ: Իսկ բնակվել այդ կիսավեր տներում սկսել են անցյալ դարի 60 ականների վերջից: Վերաբնակվում էին Սուեզի ջրանցքի մերձակայքի փախստականները, որոնք սկզբում ապաստարաններ էին կառուցում, իսկ հետո արդեն սկսեցին դրանց կողքին մեռյալների թաղել, քանի որ մահացությունն այդ ժամանակ կտրուկ բարձրացավ: Այսօր Մեռյալների քաղաքի հանգուցյալների և կենդանի բնակիչների թիվը գրեթե հավասարվել է: Հաշվի առնելով երկրի ծանր սոցիալական վիճակը, կարելի է ենթադրել, որ գերեզմանատան բնակչությունը դեռ երկար այստեղ կմնա:

 


Կամուրջ դեպի դրախտ
Այդ վայրի պատմությունը սկիզբ է առել բոլորովին վերջերս՝ 1984-ին: Ճարտարապետ Միգել Կինտանա Պալին որոշել է մեքսիկական Իշկարետ քաղաքում նստավայր կառուցել, բայց հետո մտափոխվել է և կառուցել այգի, որի մեջ գերեզմանատուն է ներառել: Այն բազմաթիվ կրոնների ու մշակույթների տարրեր է ներառում: Գերեզմանատան 7 մակարդակները խորհրդանշում են շաբաթվա օրերի քանակը, 365 գերեզմանները՝ տարվա օրերի, իսկ 52 աստիճանները՝ տարվա շաբաթների: Գերեզմանատունն ինքնին ծովախեցի է հիշեցնում: Այստեղ յուրաքանչյուր գերեզման բացառիկ է իր նախագծով և շինանյութերով: «Կամուրջ դեպի դրախտ»-ում կան ինչպես հանրահայտ տաճարների կրկնօրինակներ, այնպես էլ գերեզմաններ բազմոցի կամ բարձերով անկողնու տեսքով:

 


Հետմահու արկածներ
Բոլիվիայի Սուկրե քաղաքի գլխավոր գերեզմանատանը ընտանիքը 10 հա-զար դոլար է վճարում, որպեսզի մահացած ազգականին 7 տարով հուղարկավորի դամբարանում: Դրանից հետո աճյունը 20 տարով թաղվում է հողում, բայց դրանով էլ հանգուցյալի արկածները չեն վերջանում: Այդ ժամկետը լրանալուց հետո մնացորդները հանձնում են ազգականներին, որոնք կարող են կամ թաղել դրանք մեկ այլ գերեզմանատանը կամ այրել: Բոլիվիացիները համարում են, որ քչերն են արժանի, որպեսզի իրենց մահը 27 տարուց ավելի սգան: Այստեղ թաղում են ոչ թե ընտանեկան, այլ մասնագիտական սկզբունքով. հսկայական տարածքներ են զբաղեցնում ուսուցիչների, իրավաբանների, ածխագործների արհմիությունները: Ծնողներն ու երեխաները նույնպես առանձին են թաղվում. սպիտակ բլուրին գտնվող մանկական գերեզմանոցը զարդարում են դիսնեյյան մուլտֆիլմերի հերոսները, խաղալիքներ ու գազավորված ըմպելիքով տարաներ: Իսկ մեծահասակներին լիկյոր և ծխախոտ են բերում:

 


Օդից կախվածները
Մեռյալներին օդում թաղելու ավանդույթը շատ տարածված է Ինդոնեզիայում, Չինաստանի հարավում և Ֆիլիպիններում: Այդպիսի գերեզմանատներից մեկը գտնվում է ֆիլիպինյան Սագադա քաղաքում: Ժայռին քարե կեռիկներով ամրացնում է փայտե դագաղը, ընդ որում, որքան այն բարձր կախվի, այնքան հոգին ավելի երջանիկ կլինի: Համարվում է, որ այդպես այն ավելի հեշտ կհասնի երկնքին և կհայտնվի դրախտում:

Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող այս թաղման ծեսը հարկադրված միջոց է եղել հանգուցյալների մարմինները գազանների հոշոտումից պաշտպանելու համար: Ժայռերին, որոնցից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի «գերեզմանոց» է, ամրացված բոլոր դագաղները պատրաստված են իրենց տերերի կողմից: Ըստ ավանդույթի, մահացողները պետք է իրենք պատրաստեն իրենց դագաղները, իսկ եթե ինչ-որ պատճառով դա նրանց չի հաջողվում, դագաղը պատրաստում են երեխաները: Դագաղների կողքին ժայռի վրա նաև աթոռակներ են ամրացնում այցելությունների համար:

 


Խաղաղության հովիտը
Իրաքում՝ Ան Նաջաֆ քաղաքի մոտ, որը շիաների կրոնական կենտրոնն է համարվում, գտնվում է Վադի ուս Սալամ գերեզմանատունը: Այն աշխարհի խոշորագույն իսլամական գերեզմանատունն է և ավելի քան 6 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Այստեղ թաղված են մոտ 5 միլիոն հանգուցյալներ, այդ թվում՝ բազմաթիվ մահմեդական մարգարեներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ և մտավորականներ Պակիստանից, Իրաքից, Աֆղանստա-նից, Լիբանանից, Հնդկաստանից, Քուվեյթից: Յուրաքանչյուր երկրորդ իրաքցի թաղված ազգական ունի Վադի ուս Սալամում, որը թարգմանաբար նշանակում է Խաղաղության հովիտ: Յուրաքանչյուր հանգուցյալին մոտ 1 քառակուսի մետր տարածք է բաժին ընկնում: 2010-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս գերեզմանատունն ընդգրկեց համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

 


Էվիտայի վերջին հանգրվանը
Բուենոս Այրեսի համանուն թաղամասում գտնվող Ռեկոլետա գերեզմանատունը համարվում է աշխարհում ամենագեղեցիկներից մեկը: Այն ձևավորվել է XIX դարում՝ 1732-ին կառուցված Իգլեսիա դե Նուեստրա Սենյորա դել Պիլար եկեղեցու շուրջ: Տարիների ընթացքում Ռեկոլետան ստացավ «քաղաքային» կառուցվածք՝ դամբարաններն ու գերեզմանները տեղակայված են առանձին «թաղամասերում», իսկ շրջել դրանց միջև կարելի է փողոցներով: Դամբարանների ճարտարապետական ոճերը տատանվում են արդեկոյից ու բարոկոյից մինչև նեոգոթական: Ընդհանուր առմամբ 5,5 հեկտար տարածք զբաղեցնող գերեզմանատանը կա 4691 գերեզման, որոնցից 94-ը ունեն պետական հուշարձանի կարգավիճակ և պաշտպանվում են պետության կողմից: Ինչ վերաբերվում է Ռեկոլետայում թաղված մարդկանց, ապա այստեղ են Արգենտինայի բազմաթիվ նախագահների, մշակութային ու հասարակական գործիչների' այդ թվում հռչակավոր Էվա Պերոնի աճյունները:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2013

Այս թեմայով