09 Հունիս 2014, 15:58
1943 |

Եռագույնը՝ վերևից

Ինքնաթիռով ճամփորդող զբոսաշրջիկների ամենասիրած պահերից մեկը, որպես կանոն, մինչև վայրէջք կատարելը օդում հնարավորինս երկար պտույտ տալն է. այս ընթացքում հասցնում են առաջին հայացքը գցել օտար հողին, ստանալ առաջին տպավորությունը:

Շուտով, շատ շուտով Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդ՝ զբոսաշրջիկ, սփյուռքահայ, թե տեղացի, վերևներից կտեսնի հայկական եռագույնն իր ամբողջ հմայքով: 60 մ երկարությամբ, 30 մ լայնությամբ, 1800 մ2 տարածք զբաղեցնող դրոշը «կծածանվի» Եռաբլուր պանթեոնի աջակողմյան լանջին: Մի կողմում Արարատն է, մյուսում Արագածը, առջևում Զվարթնոցը, հետևում Եռաբլուրի եկեղեցին, դե, իսկ կենտրոնում նույն ինքը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը:

«Սրբավայր Պանթեոնում սուրբ դրոշ կերտելու» մտահղացումն առաջացել է դեռևս երկուսուկես տարի առաջ: Սկզբում նախաձեռնող խմբի անդամները մտադիր էին շերտերը ստանալ եռագույն ծաղիկներից, սակայն առանց ֆինանսավորման այդ միտքն անիրագործելի էր: Ինչպես ասում են, «մարդու մտքին տեղ լինի». կարճ ժամանակում ծնվեց քարակերտ դրոշ կերտելու գաղափարը: Ընտրեցին հողակտորը, այն վերցրեցին շրջանակի մեջ ու անցան գործի:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շաբաթ և կիրակի օրերին երեկոյան ժամը 6-ից մինչև մութն ընկնելը բլրի վրա երևում են ժրաջան աշխատողները: Հատուկ այնպիսի տարածք են ընտրել, որպեսզի որևէ ծառ չհատվի: Սկզբում հավաքել են մեծ քարերը, հողակտորը մաքրել մանր թփերից ու խոտերից ու անցել հողը փխրեցնելուն: Երկրորդ շաբաթվա աշխատող խմբին միացա ժամը 18:00-ին: Զգեստափոխվեցին, հագան հարմար կոշիկներն ու քայլեցին դեպի «դրոշի տարածք»: Զինվելով աշխատանքային ձեռնոցներով, բահերով, փոցխերով ու դույլերով՝ սկսեցին աշխատել: Ծանր աշխատանքը՝ հողը փորելը, հողում եղած խոշոր արմատներն ու մեծ քարերը հեռացնելը, կուտակված քարերը դույլերով տեղափոխելը ուժեղ սեռի գործն է: Աղջիկները փխրեցված հողը մաքրում են ավելի մանր քարերից, հավասարեցնում հողաշերտը, երբեմն էլ մեծ ոգևորությամբ խախտում աշխատանքի բաժանման չգրված օրենքը:

Գուցե երիտասարդներին միամիտ համարեք. չէ՞ որ կարելի էր մի փոքր գումար հավաքել, քար բերել, լցնել տարածքում, ու միայն հետո շարել, ներկել՝ գոնե կիսով չափ կրճատելով չարչարանքը: Բայց նախաձեռնողների համար սա յուրահատուկ ուխտ է՝ սեփական ձեռքերով հատ-հատ հավաքել, շարել, ապա ներկել քարերը՝ կերտելով ձեռակերտ եռագույնը:

Ամառվա շոգին չեն զլանում գալ ու մի փոքր «քրտինք թափել»: Դադար առնելու համար ժամանակ չեն կորցնում: Այդժամ օգնության է հասնում չարաճճի բնությունը. կարճատև դադար՝ անձրևի տեսքով: Թափվող կաթիլները կրկնակի օգուտ են բերում. մի կողմից հանգստի հնարավորություն են տալիս աշխատողներին, մյուս կողմից փափկեցնում են հողը, ցրում օդում հավաքված փոշու ամպերը: Փաստորեն, երբ շաբաթ կամ կիրակի անձև է գալիս, մի՛ շտապեք բողոքել: Բարի գործի համար է: 

Այս թեմայով