16 Հունիս 2014, 12:10
2395 |

Ճանապարհ դնողները

Փորձելով հաղթահարել անձնական հուզմունքն ու անհանգստությունը` նրանք հանգուցյալին վերաբերվում են իբրև իրենց աշխատանքի: Բայց շատերին, ինչպես իրենք են նշում, այդպես էլ չի հաջողվում անմասն մնալ սգավորների ապրումներից ու կորստի ցավից: Չէ՞ որ հենց նրանք են հանգուցյալներին վերջին ճանապարհորդության ճանապարհում:

Հրաչ Հարությունյան
Դիահերձող
1989 թվականի աշունն էր, երկրում ծանր ժամանակներ էին, ստիպված Հանրապետական հիվանդանոցում սկսեցի վարորդ աշխատել: Մի քանի տարի հետո արդեն նոր մասնագիտությամբ էի աշխատում: Բայց բժշկական կրթություն չունեմ՝ նայելով ու պրակտիկա ձեռք բերելով աստիճանաբար սովորեցի դիահերձում կատարել: Հեշտ չի, բայց եթե ամեն օր սարսափով աշխատանքի գայի, կխելագարվեի:

Դուք երևի կազդվեք մահվան հետ կապված թեմաներից, իսկ մեր մասնագիտության տեր մարդիկ' ոչ: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք անսիրտ ենք: Շատ է պատահել, որ դիակ են բերել, ու պարզվել է, որ ծանոթ կամ հարազատ մարդ է: Նման դեպքերում չեմ մոտեցել հանգուցյալին: Չի ստացվում դիահերձել մեկին, ում հետ ժամանակին շփվել, զրուցել, մտերմություն ես արել: Երբեմն էլ պատահում է նաև, որ անձնական կորուստի նման ցավում ենք անծանոթ հանգուցյալի համար:

Դիահերձումը տևում է մեկից երկու ժամ' սկզբից մինչև վերջ: Օր է լինում, որ դիակ չի լինում, պատահում է՝ օրական երեքից հինգ դիահերձում եմ կատարում: Հիշում եմ' մի օր եղավ' տասնմեկ դիահերձում կատարեցի:

Կուզենայի, որ մարդիկ հասկանային, որ մեր աշխատանքն էլ հեշտ չի ու մյուս աշխատանքներից ոչ պակաս կարևոր է: Բայց շատ հաճախ է լինում, որ մարդիկ գալիս են այստեղ, վճարում են ու ասում են' «Ի՞նչ եք անում որ, փրթում-գցում եք, դեռ մեզնից էլ փող եք վերցնում»: Դե ոնց բացատրենք այդ մարդկանց, որ այդպես չի:

 

Նարինե Հունանյան
Դագաղագործ
Ծանոթներս առաջարկեցին ինձ օգնել իրենց՝ ազատ գրաֆիկով աշխատանք էր, կարողացա համատեղել ուսմանս հետ' բժշկական ուսումնարանն եմ ավարտել: Մտածում էի, որ ժամանակավոր այս գործով կզբաղվեմ, բայց արդեն հինգերորդ տարին է աշխատում եմ որպես դագաղագործ: Դագաղ պատրաստելու մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում՝ մեր ազգի համար է նախապաշարմունք: Բնականաբար, մանկուց չեմ երազել նման աշխատանքով զբաղվել, բայց ամոթ ու տարօրինակ է չաշխատելը:

Սկզբում մի քանի փայտե կտորներ էր առջևս դրված: Որևէ զգացմունք չունեի: Բայց երբ առաջին անգամ դագաղ պատրաստեցի ու վերջնական տեսքը տեսա՝ մարմնովս սարսուռ անցավ: Հետո ինձ տրամադրեցի, որ չպետք է վախով նայեմ այս աշխատանքին:

Ամենադժվար ու բարդ դեպքը երեխայի համար դագաղ պատրաստելն էր: Չուզենալով պատրաստեցի, բայց հաջորդ անգամ հաստատ չեմ անի: Մի օրվա ընթացքում լավագույն դեպքում մի դագաղ է հնարավոր պատրաստել: Օրինակ՝ այս ամիս երկու դագաղ է վաճառվել: Վերջին 20 օրվա ընթացքում, կարելի է ասել, ոչինչ չեմ արել: Բայց մի կողմից շատ ուրախ եմ, նշանակում է քիչ են մահացողները:

Սա այն աշխատանքը չէ, որ կարող ես ասել՝ հաճելի է շարունակել կամ սերնդեսերունդ փոխանցել: Հույս ունեմ, որ հետագայում ավելի պայծառ մի բանով կզբաղվեմ: Բայց երբեք չեմ թաքցնում մարդկանցից, թե ինչով եմ զբաղվում: Ի վերջո, ամեն մասնագիտության մեջ պիտի որակով աշխատես, իսկ կարևորը' լավ մարդ լինես:

 

Գոհար Ավետիսյան
Ծաղիկների տաղավարի աշխատող
1986 թվականից այստեղ եմ աշխատում: Սկեսուրս ու սկեսրայրս նույնպես ծաղիկների գործով էին զբաղվում, ես էլ միացա նրանց: Հիմնականում սգո առիթների համար ծաղկեպսակներ ենք պատրաստում: Ամեն օր առավոտվա ժամը ութին գալիս ենք խանութ, ստանում, դասավորում ենք ծաղիկներն ու սկսում ձևավորումը: Ունենք դիզայներներ, միասին ենք աշխատում: Ծաղկեպսակի երկաթե պատվանդանը շաբլոն է, վրան հավաքում ենք ծաղիկները:

Պատվանդանի շաբլոնները տարբեր են' կլոր, սրտաձև, խաչաձև. ընտրությունը պատվիրատուինն է: Տարիներ առաջ այդ պատվանդանը փայտից էր, հետո կատարելագործվեց, ոտքեր ավելացան: Այս ձևը ժամանակին Սիրիայից է եկել մեզ մոտ: Ի դեպ, նրանց մոտ նման ծաղկեպսակներ հարսանիքների համար էին պատրաստում, իսկ մեզ մոտ սգո արարողությունների համար նախատեսված դարձան: Ծաղիկների կոնկրետ գույներ չկան, որ հենց մահացածների համար են նախատեսված: Բայց ընդունված է, որ բաց գույների ծաղիկները հիմնականում տարիքով երիտասարդ հանգուցյալների համար են, մուգերը' տարեցների:

Բարդ է ծաղկեպսակ պատրաստել, նամանավանդ, եթե մահացողը ծանոթ է: Դեպքեր են լինում, երբ լացելով ենք պատրաստում: Չնայած որ ծաղիկների հետ ենք աշխատում' գեղեցիկ, նուրբ, վառ գույներով, բայց ամբողջ ներաշխարհը խառնվում է: Երբ մահացածի նկարներն են բերում ծաղիկներով զարդարելու համար, հաճախ կտորով փակում ենք դեմքը, որովհետև չենք կարողանում աշխատել, հատկապես եթե երեխա է: Թվում է, թե մեր աշխատանքը շատ հեշտ է, բայց իրականում բավականին ծանր է:

 

Կարո Շամիլյան
Կատաֆալկի վարորդ, սգո սրահների ձևավորող
Ութ ամիս է, ինչ այս աշխատանքով եմ զբաղվում: Շատ պատահական ստացվեց. եկանք «Ռեքվիեմ» սգո ծառայություն մեր տատիկի դիակը տանելու, ծանոթացա տնօրենի հետ ու ինչ-որ ժամանակ հետո սկսեցի աշխատել:

Գիտեք, մեր ռեակցիան, հիմնականում, կախված է հանգուցյալի հարազատների արձագանքից: Մարդ կա 90 տարեկան պապիկի հետևից այնքան է լացում, այնքան ցավ է զգում, որ հասկանում ես' իրոք թանկ մարդ է եղել: Լինում է, երբ նույնիսկ երիտասարդի հետևից չեն լացում: Դեպքեր են եղել, որ բերել են հանգուցյալին ու թողել մեզ մոտ: Որոշ ժամանակ հետո մենք ենք զբաղվել հուղարկավորությամբ:

Սգո սրահի ձևավորման գույները մարդիկ են ընտրում: Հիմնականում' մուգ շագանակագույն, սև, մուգ կապույտ, կարմիր: Երբ բնակարանը շատ են ձևավորում կտորներով, դա ճնշող է հարազատների համար: Հաճախ մարդիկ հրաժարվում են, ուղղակի փակում են հայելիներն ու մոմակալներ դնում: Մարդիկ տարբեր են, դեպքեր են եղել, որ հանգուցյալի հարազատները ընդհանրապես հրաժարվում են ամեն ինչից:

Եթե կա ծնունդ, մահ էլ կա: Եթե բժիշկը օգնում է ծննդաբերության ընթացքում, մենք էլ հանգուցյալին ենք օգնում: Ամեն մեկը չի, որ կարող է նման գործ անել' վախենում են, զզվում են: Մեկ-մեկ, երբ մահացածին դնում ենք պատգարակի վրա, հարազատները այնպես են մեզ նայում, ոնց որ մենք անսիրտ, դաժան մարդիկ ենք: Բայց սա ընդամենը մեր աշխատանքն է, վատ բան չենք անում, հակառակը՝ օգնում ենք նրանց:


Վալերի Գալստյան
Հուղարկավորություններ նկարահանող օպերատոր
2000 թվականին պատվեր ստացա՝ շատ հարգված անձնավորության 50-ամյա հոբելյանն էի նկարահանում: Մոտ յոթ ամիս անց ինձ զանգահարեց նրա որդին ու ասաց, որ պետք է հանդիպենք: Մտածեցի՝ ինչ-որ սխալ բան եմ արել: Պարզվեց, հայրը մահացել է, ուզում են նկարահանել հուղարկավորության արարողությունը, որովհետև հորեղբայրը Ամերիկայում էր ու չէր կարող վերադառնալ Հայաստան: Ամաչելով համաձայնեցի՝ Աստված էի կանչում, որ այնտեղ ծանոթ մարդ չհանդիպեմ: Հետո նրանց ծանոթներից մեկը մահացավ, կրկին ինձ դիմեցին: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

Թաղումները երկու դեպքում են նկարահանում՝ արտասահմանից գումար ուղարկած հարազատներին հաշվետու լինելու համար և կրկին արտերկրում բնակվող բարեկամների համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել հանգուցյալի վերջին հրաժեշտի արարողությանը: Հաճախ չեմ ստանում նման պատվերներ, այս տարի դեռ երկուսն են եղել:

Սկզբում նկարահանվում են ծաղկեպսակները՝ վրայի լենտերով, պետք է մանրամասն ցուցադրել, թե ումից են դրանք: Չի կարելի երկար նկարահանել հանգուցյալին, լացող բարեկամին, դագաղը հողը դնելու պահը, որովհետև շատ ճնշող է: Երաժիշտներին ցուցադրող կադրերը ավելի «բացում են» սյուժեն: Փորձում եմ անել ամեն ինչ, որ չհուզվեմ, չէ՞ որ ես աշխատանքի եմ: Բայց, բնականաբար, շատ հուզիչ ու ցավալի է, հատկապես երբ մահացողը երիտասարդ է կամ երեխա: Բայց, թաղում նկարահանելը ավելի հեշտ է, քան հարսանիքը: Ավելի քիչ ժամանակ ես ծախսում, մարդկանց հետ չես շփվում, սուս ու փուս կատարում ես աշխատանքդ: Եթե նկարահանման ընտրություն ունենամ, հարսանիք, թե թաղում, հաստատ վերջինը կընտրեմ:

Կարեն Գևորգյան
Կլառնետահար
Ես 16 տարեկան եմ: 9 տարեկանից զբաղվում եմ երաժշտությանբ: Ավարտել եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: Նվագում եմ նաև մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբում: Չնայած դասական կրթություն եմ ստացել, միշտ երազել եմ ռաբիզ նվագել: Ահագին մրցույթներ եմ հաղթել, քսանքանի հատ մրցանակներ ունեմ արդեն:

Մոտ մի տարի առաջ ծանոթներս խնդրեցին, որ «թաղում նվագեմ»: Չէի ուզում, բայց որ ծանոթներս էին՝ համաձայնվեցի: Չեմ վախեցել, վատ չեմ զգացել, աշխատանք ա էլի: Հիմա շաբաթը համարյա չորս անգամ սգո արարողություններին եմ նվագում, մնացած օրերին՝ հարսանիքներին: Հետս նաև երեք դուդուկահարներ կան: Ուզում եմ կոնսերվատորիա ընդունվել: Իսկ մի հինգ տարի հետո ինձ տես-նում եմ ռեստորաններում նվագելիս: Բայց դե թաղումներին նվագելուց էլ չեմ հրաժարվի:

 

Վահե Խաչատրյան
Քանդակագործ, գերեզմանաքարերի վրա անուններ փորագրող
Իմ վարպետը հայրս է եղել: Ավարտել եմ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարի բաժինը: 13 տարեկանից քանդակագործությամբ եմ զբաղվում՝ արդեն 12 տարի: Բացի նրանից, որ քանդակագործությունը ապահովում է ապրուստս, ինձ հոգևոր սնունդ է տալիս: Քարից պարզապես հանում եմ ավելորդ մասը, այն ինքն իրենով արդեն քանդակ է: Մեր հայկական ավանդական խաչքարերը ինձ շատ հոգեհարազատ են, հենց դրա պատճառով էլ սկսեցի գերեզմանաքարեր պատրաստել:

14 տարեկան էի, երբ առաջին անգամ գերեզմանաքարի վրա անուն փորագրեցի: Ի դեպ, բացի անունից նաև մահացածի դիմանկարն եմ տաշում կամ կիսանդրին պատրաստում: Սա իմ աշխատանքն է, բայց ինչպե՞ս կարող եմ սրտիս մոտ չընդունել: Ամենաբարդն ինձ համար վարպետիս՝ հորս խաչքարը պատրաստելն էր:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, 2013, N6

Այս թեմայով