25 Հունիս 2014, 16:25
728 |

Սուր զգացողություն

Դանակների կոլեկցիոներ, artknife.am կայքի հիմնադիր Արթուր Ղարաբաղցյանը պատմում է այն մասին, թե ինչպես սկսեց սեփական ձեռքերով սառը զենք պատրաստել, հավաքել դրա զանազան նմուշներ և այն մասին, թե ինչն է սովորական դանակը դարձնում «լավ դանակ»:

Մոտ 20 տարի առաջ գտա մի դանակ և ուզեցի ձևափոխել դրա բռնակը: Մի անգամ փոխեցի, երկրորդ անգամ, հետո սկսեցի ինքս դանակներ սարքել և ի վերջո, սիրահարվեցի այդ գործին: Երբ տարածվեց համացանցը, մի քանի կայքերում գրանցվեցի և մի ուկրաինական ֆորումում համարձակվեցի ցուցադրել իմ աշխատանքները: Բավականին մեծ թվով արձագանքներ ստացա՝ աշխատանքներս ակտիվ քննարկում էին: Դրանից հետո սկսեցի արդեն ավելի ակտիվ զբաղվել դանակներով: Այսօր իմ հավաքածուում մոտ 180 դանակ է, ես մի քանի երկրների դանակների ասոցիացիաների անդամ եմ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, բրիտանական British Blade ասոցիացիայի, դրանից բացի մի քանի միջազգային մրցանակների դափնեկիր եմ:

Ինձ համար դանակագործությունը դեռևս հոբի է: Ունեմ հիմնական աշխատանք և դանակներին օրը 1-2 ժամ եմ հատկացնում: Այս տարիների ընթացքում բազմաթիվ դանակներ եմ սարքել և յուրաքանչյուրի մեջ հոգուս մի մասնիկն եմ դրել: Առաջ իմ փոքր արհեստանոցը գտնվում էր բնակարանիս պատշգամբում, իսկ հիմա արդեն զբաղեցնում է գրեթե ողջ ավտոտնակը:

Շատերը հարցնում են, թե ինչքան ժամանակ է պահանջվում մեկ դանակ սարքելու համար: Դա մոտավորապես նույնն է, ինչ հարցնեք նկարչին, թե ինչքա՞ն ժամանակ է ծախսում մի նկար ստեղծելու համար: Հիմա մի դանակ ունեմ, որի վրա աշխատում եմ արդեն 4-5 ամիս, չորրորդ բռնակն եմ սարքում ու կոտրում: Իսկ դանակներ կան, որոնք հաջողվում է պատրաստել մի հանգստյան օրվա ընթացքում: Մուսայից է կախված: Բացի դրանից, եթե հստակ պատկերացնում ես, թե ինչ պետք է սարքես, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Յուրաքանչյուր դանակ ունի իր հոգին ու իր կյանքն է ապրում: Հաճախ այնպես է պատահում, որ մինչև պատրաստում-ավարտում ես, այն հոգիդ ուտում է, ամբողջ ձեռքդ կտրտում է: Ուրեմն ինչ-որ մի բան այն չես անում: Սնահավատ չեմ, բայց կարծում եմ, որ այդ երկաթի կտորը պետք է դանակ դառնալով հանգստություն ստանա:

«Լավ դանակ» ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանանք հարմարավետ, հուսալի և ինչո՞ւ ոչ՝ գեղեցիկ դանակ: Ունիվերսալ դանակ չի լինում: Կովկասի զինագործները կասեն, որ ամենալավը կովկասյան խանչալն է, սկանդինավները՝ ֆիննականն առաջ կբերեն, ամերիկացիները՝ Բոույի դանակը: Ամենալավը, սակայն, այն է, որը կատարում է քո հիմնական պահանջները: Որսորդության համար պետք է մի տեսակի դանակ, զբոսաշրջության՝ երկրորդը, ձկնորսության՝ երրորդը: Ցանկացած պրոֆեսիոնալ որսորդ կամ զբոսաշրջիկ իր հետ միշտ 2-3 դանակ է վերցնում:

Իմ սիրած դանակները ամերիկյան Letherman ընկերության պատրաստած գործերն են: Իմ հավաքածուում կան դրանցից, այդ թվում' փորագրությամբ: Ունեմ ազգային դանակներ՝ իսպանական նավախոներ, նեպալական կուկրիներ, ամերիկյան բոույիներ, սկանդինավյան դանակներ:

Ցավոք, չունեմ հայկական ավանդական դանակներ: Արդեն 15 տարի է որոնում եմ, ուսումնասիրում եմ պատմությունը, բայց չեմ գտնում «հայկական սառը զենք» հասկացողություն: Կան մի քանի գիտնականներ, որոնք զբաղվում են կովկասյան զենքերի պատմությունով, մասնավորապես՝ դոկտոր-պրոֆեսոր Էմմա Աստվածատուրյանը, որը աշխարհում կովկասյան ժողովուրդների զենքերի գծով լավագույն մասնագետն է: Ես զրուցել եմ նրա հետ, և նա ասել է, որ միակ զուտ հայկական սառը զենքը՝ ցաքատն է: Իսկ մնացած սառը զենքերը դրսից են բերված եղել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, 2013, N6

Այս թեմայով