04 Հունիս 2014, 10:28
12490 |

Տասը պատմություն կյանք տեսած քաղաքների մասին

Ինչպե՞ս են գյուղաքաղաքները վերածվում մեգապոլիսների, որո՞նք են այն քաղաքները, որոնք կարճ ժամանակում անճանաչելիորեն փոխակերպվեցին: Որտե՞ղ էր օրը մի նոր երկնաքեր, երեք օրում մի նոր բուլվար կառուցվում:

Դուբայ, ԱՄԷ
Ոչ վաղ անցյալում Դուբայն անապատի ծայրում և Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ստվերում սեղմված փոքրիկ ձկնորսական գյուղաքաղաք էր: Այն փայլը, որով այսօր «Մերձավոր Արևելքի Մանհեթենը» ներկայանում է աշխարհին, միայն վերջին 2-3 տասնամյակների ձեռքբերում է: Դուբայի «լինում է, չի լինումը» սկսվեց 20-րդ դարասկզբին, երբ նրա բարեհաջող աշխարհագրական դիրքը գրավեց մի շարք երկրների, մասնավորապես, Իրանի առևտրականների ուշադրությունը: Նավահանգստի կարգավիճակում քաղաքն աշխարհին ներկայացավ նախ մարգարտի արդյունաբերությամբ, ապա՝ նավթի հարուստ պաշարներով: Սակայն կանխատեսումները վատն էին. սև ոսկու հոսքը 20 տարի անց կդադարի: Այսօրվա փառքին հասնելու ճանապարհին քաղաքը որոշեց որդեգրել արևմտյան բիզնես-մոդելը. կարճ ժամանակահատվածում տնտեսությունը հիմնվեց զբոսաշրջության, ավիացիայի, անշարժ գույքի ու ֆինանսական ծառայությունների վրա: Վերջին շրջանում Դուբայն աշխարհին զարմացնում ու հիացնում է իր «ամենա-ամենա» նախագծերով. այստեղ են գտնվում աշխարհում առաջին ու դեռևս միակ «7-աստղանի» հյուրանոցը, աշխարհում ամենամեծ արհեստական կղզիների եռյակը՝ 8-րդ հրաշալիք համարվող Արմավենիները, աշխարհի ամենաբարձր (828 մ) շենքը՝ Բուրջ Խալիֆան, ամենամեծ առևտրի կենտրոնը, ամենամեծ պարող շատրվանները...

 

Լաս Վեգաս, ԱՄՆ
Վեգասն իր ծննդյան վկայականը ստացավ 1905-ին, իսկ արդեն դարավերջում ճանաչվեց 20-րդ դարում Ամերիկայում հիմնադրված ամենամարդաշատ քաղաքը: 1931-ին դրամախաղերի օրինականացմամբ վճռվեց քաղաքի «մեղսունակ» ապագան: Մեկը մյուսի հետևից վեր խոյացող շենքերը սկսեցին քերել կապույտ երկինքներն ու կանաչ գրպանները: Սակայն քաղաքն ընդլայնվում էր ոչ միայն ուղղահայաց, այլև հորիզոնական: Ներկայում Վեգասի տնտեսության հիմնական շարժիչն են զբոսաշրջությունը, խաղային բիզնեսը, հյուրանոցներն ու ռեստորաննները: Այս ամենը քաղաքը վերածել է մեծահասակներին սպասարկող մանկական զբոսայգու: Վեգասը նաև ընտանեկան հաճելի հանգստի ու ժամանցի վայր է: Վերջին տարիներին, սակայն, մեղքերի քաղաքի գործերն այնքան էլ լավ չեն. մի կողմից համաշխարհային ճգնաժամի վնասը, մյուս կողմից՝ բնապահպանական խնդիրները: Սպասված անձրևները շատ են ուշանում, իսկ քաղաքը ջրի պաշարով ապահովող Միդ լիճը երաշտի զոհ է դարձել: Վեգասը վճռորոշ քայլեր է արել լճի ու իր սեփական գոյությունը պահպանելու համար, բայց եթե այդ ջանքերը չարդարացվեն, մեղքերի քաղաքը հավանաբար կայրվի դժոխքի կրակներում:

 

Շանհայ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Դարեր ի վեր Շանհայը Չինաստանի թվով երկրորդ քաղաքն էր՝ մայրաքաղաք Պեկինից հետո, բայց և արտաքին աշխարհին կապող հիմնական դարպասը: Քաղաքի վերջին 20 տարիների առաջընթացն ապահովեց Պուդոնգ թաղամասը. 1990-ականներին ընդամենը մի փոքր հողակտոր էր, երբ Չինաստանի կառավարությունն այն հայտարարեց հատուկ տնտեսական գոտի՝ խթանելով ազատ առևտուրը: Այստեղ վեր սլացան աշխարհում ամենաբարձր երկնաքերերից մի քանիսը: Արդյունքում Շանհայը կարճ ժամանակում վերգտավ երկրի ֆինանսական կենտրոնի երբեմնի կարգավիճակը: Տնտեսության հիմնաքարերից մեկն աշխարհում մեծությամբ երրորդ և ընդհանուր ապրանքաշրջանառության ամենամեծ ծավալներն ունեցող նավահանգիստն է: Շանհայն արևելյան Չինաստանի երկաթուղային գլխավոր հանգույցն է և երկու օդանավակայան ունեցող միակ քաղաքն այս երկրում: 1992-ին վերաբացվեց Շանհայի բորսան, որը Շենզեն քաղաքի բորսայի հետ միասին համարվում է Չինաստանի (բացառությամբ Հոն Կոնգի) ամենամեծ բորսան։ Աշխարհում բնակչության ամենամեծ թիվն ունեցող երկրի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաք Շանհայը 21-րդ դարի «սքսես սթորիներից» է: Զբոսաշրջիկների համար նրա հմայքի գաղտնիքը ոչ միայն պլպլան շենքերն են, այլև քաղաքի պատմական հին արժեքները:

 

Շենզեն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
1979-ին Շենզենի՝ ձկնորսական գյուղակի կարգավիճակից կտրուկ անցումը դեպի քաղաքի, տեղի ունեցավ շնորհիվ նրա բարեհաջող աշխարհագրական դիրքի: Շատ մոտ գտնվելով Հոնկոնգին, նրա հետ կիսելով միևնույն լեզուն, բարբառը և մշակույթը՝ նպատակ դրվեց տնտեսական համագործակցություն հաստատել երկուսի միջև: 1980-ին, երբ Չինաստանը պաշտոնապես հիմնեց Հատուկ տնտեսական գոտին, Շենզենում օր օրի հսկայական ներդրումներ արվեցին թե՛ Չինաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա գործարարների կողմից: Սկզբում՝ միայն արտադրության ոլորտում, վերջին ժամանակներում՝ նաև սպասարկման ոլորտում: 1990-ականներին Շենզենը նկարագրվում էր որպես քաղաք, որտեղ «օրը մի նոր երկնաքեր, երեք օրում մի նոր բուլվար էր կառուցվում»: Այստեղ է Շենզենի բորսան, նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար բազմաթիվ ընկերություններ: Քաղաքի զարգացման հարցում մեծ էր դրսի աշխատուժի դերը: Եթե 1979-ին նոր հիմնված քաղաքի բնակչությունը մոտ 370 000 էր, այսօր այն գերազանցում է 10 միլիոնը, որից 6 միլիոնը միգրանտ աշխատուժն է: Ոչ աշխատանքային օրերին նրանք սովորաբար վերադառնում են իրենց հայրենի քաղաքներ, իսկ շաբաթվա ընթացքում գիշերում են գործարաններում հատկացված ննջասրահներում: Հետևաբար զարմանալի չէ, որ միգրանտների թվով ու արտադրության ծավալով Շենզենն առաջին քաղաքն է Չինաստանում:

 

Տոկիո, Ճապոնիա
Դարեր առաջ Էդո անվամբ փոքրիկ ձկնորսական քաղաքը հենց օծվեց Տոկիո անվանումով, գործերը սկսեցին լավ գնալ: Երկրորդ համաշխարհայինից հետո կարճ ժամանակում քաղաքն այնպես վերակառուցվեց, որ 1964-ին ամբողջովին պատրաստ էր հյուրընկալել Ամառային օլիմպիական խաղերը: 1970-ականները քաղաքի համար բարենպաստ էին. ավարտին հասցվեցին Սանշայն (Sunshine) 60 երկնաքերները, Նարիտա միջազգային օդանավակայանը, բնակչության թիվը հասավ 11 միլիոնի: 1990-ականներին բնակարանաշինության նպատակով հատկացվող հողը 7 անգամ թանկացավ: Այդ տարիներին Ասիայում սկսված ֆինանսական ճգնաժամի արդյունքում մեկը մյուսի հետևից սննկացան ու փակվեցին բազմաթիվ ներդրումային ընկերություններ ու բանկեր: Փաստորեն, 90-ականները Տոկիոյի պատմության էջերում դաջվեցին որպես «կորուսյալ տասնամյակ»: Հետագա տարիներն ավելի խոստումնալից էին. այսօր Տոկիոն կարևոր նշանակության միջազգային ֆինանսական կենտրոններից է, որտեղ տեղակայված են աշխարհի հայտնի ներդրումային բանկերից և ապահովագրական ընկերություններից մի քանիսի գլխավոր մասնաշենքերը: Քաղաքը նաև Ճապոնիայի տրանսպորտային, հրատարակչական և հեռարձակման ոլորտների գլխավոր հանգույցն է: Լոնդոնի, Նյու Յորքի հետ միասին Տոկիոն եզրափակում է աշխարհի՝ տնտեսություն թելադրող կենտրոնների եռյակը:

 

Սիեթլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
19-րդ դարավերջում՝ հայտնի «ոսկու տենդի» ժամանակ, Սիեթլը դարձավ դեպի Ալյասկա տանող դարպասը, ինչի շնորհիվ շուտով վերածվեց տարածաշրջանում կարևոր առևտրական և նավաշինության կենտրոնի: Մինչև 1910-ն այն Միացյալ Նահանգների 25 խոշոր քաղաքներից էր, բայց Մեծ ճգնաժամի հասցրած վնասը փոփոխություն առաջացրեց նաև Սիեթլում: Տնտեսական աճը վերականգնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ու դրանից հետո՝ շնորհիվ տեղական Բոյինգ ընկերության, որը Սիեթլը դարձրեց ավիացիայի արտադրության կենտրոն: Ձեռքբերումային երկրորդ շրջանը սկսվեց 1980-ականներին, երբ քաղաքը զարգացավ որպես տեխնոլոգիաների կենտրոն՝ այստեղ տեղավորելով Amazon.com, Microsoft, T-Mobile US և այլ խոշոր ընկերությունների գրասենյակները: Ներկայում քաղաքի տնտեսությունը հիմնված է մի կողմից հին՝ արդյունաբերական ընկերությունների, մյուս կողմից նոր՝ ինտերնետային ու տեխնոլոգիական ընկերությունների, դիզայնի և սպասարկման ոլորտի վրա:

 

Լագոս, Նիգերիա
Սա դասական օրինակ է՝ ինչպես անտեսված ձկնորսական քաղաքը կարող է վերածվել մեգապոլիսի: Այսօր այն ոչ միայն Նիգերիայի, այլև Արևմտյան Աֆրիկայի ամբողջ տարածաշրջանի տնտեսական և սոցիալական կորիզն է: Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Մինչև վերջին տարիները Լագոսի մասին խոսում էին հեգնանքով, բացասական երանգով, ծաղրանքով: Այսօր, սակայն, պատկերն այլ է՝ շնորհիվ կառավարման նոր գործելաոճի: 1967-99-ականներին Լագոսը գրանցեց ենթակառուցվածքային աննախադեպ զարգացում, ինչը հանգեցրեց բնակչության թվի կտրուկ աճի ու դրանով պայմանավորված երթևեկության գերծանրաբեռնվածության: Մյուս կողմից՝ չկար հողի օգտագործման պլանավորում և քաղաքի հստակ կառավարում: Արդյունքը եղավ այն, որ բազմաթիվ խնդրիների մեջ թաթախված Լագոսն այլևս իրեն չէր արդարացնում, ու 1986-ին երկրի մայրաքաղաքը Լագոսից տեղափոխվեց Աբուջա: 1999 –ից իրավիճակը կայունացավ քաղաքական ուժեղ ղեկավարության շնորհիվ. մշակվեց քաղաքը զարգացնելու հստակ ստրատեգիա, իրականացվեցին բյուջետային բարեփոխումներ, սերտ համագործակցեցին մասնավոր սեկտորի հետ, կատարվեցին օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Արդյունքում տեղի ունեցավ սպասարկման ոլորտի բարելավում, կառավարման համակարգում ներմուծվեցին տեղեկատվական և հաղորդակցման նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կազմվեց հարկատուների հստակ բազան, զգալիորեն կրճատվեց ստվերային աշխատուժը: Քայլեր իրականացվեցին նաև քաղաքն անվտանգ, կանաչ, դինամիկ, տնտեսությամբ ու մշակույթով աչքի ընկնող դարձնելու ուղղությամբ, ու Լագոսը վերածվեց ծառայությունների բարձր մակարդակ ապահովող ժամանակակից քաղաքի:

 

Սինգապուր
Հարավ-Արևելյան Ասիայում կղզու վրա տեղակայված քաղաք-պետությունը 19-րդ դարասկզբին հետաքրքրեց Եվրոպային՝ որպես տարածաշրջանում տնտեսական հենակետ: 1869-ին Սուեզի ջրանցքի բացումն իր հերթին նպաստեց Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի հաստատմանը՝ օգնելով քաղաք-պետությանը դառնալ աշխարհում առևտրի խոշոր կենտրոն: Որոշ ժամանակՍինգապուրը համարվում էր բրիտանական գաղութների մայրաքաղաքը. այն տարածաշրջանում Միացյալ Թագավորության ռազմածովային միակ բազան էր, ինչի հաշվին պահում էր նաև սեփական նավատորմը: 1963-ին Սինգապուրն անդամակցեց Մալայզիայի դաշնությանը, իսկ երկու տարի անց հռչակեց իր անկախությունը: Քառորդ դար պաշտոնավարած առաջին վարչապետ Լի Քուան Յուն պատմության մեջ հիշվեց «Սինգապուրի հայր»: Նրա իշխանության օրոք քաղաքը զարգացավ որպես Ասիայի ամենամաքուր, ամենաանվտանգ և տնտեսապես ամենազարգացած կետերից մեկը: Այսօր Սինգապուրն ունի զարգացած շուկայական տնտեսություն. Հոնկոնգի, Հարավային Կորեայի և Թայվանի հետ միասին կազմում է «Ասիական Վագրերի քառյակը»: Քաղաքը գրավում է մեծ թվով օտարերկրյա ներդրումներ իր աշխարհագրական դիրքի, չկոռումպացված միջավայրի, հմուտ աշխատուժի, ցածր հարկերի և զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ: Տնտեսության մյուս կարևոր բաղադրիչը տուրիզմն է: Զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով 2005-ին կառավարությունն օրինականացրեց դրամախաղը և թույլատրեց երկու խոշոր խաղատնային թաղամասերի զարգացումը: Սինգապուրը նաև առողջապահական տուրիզմի կենտրոն է. տարեկան 200 000 մարդ այստեղ է գալիս հենց բուժում ստանալու նպատակով: Համաշխարհային բանկը Սինգապուրը որակել է որպես «սեփական բիզնեսի համար ամենաբարենպաստ վայրն աշխարհում»:

 

Բանկոգ, Թայլանդ
19-րդ դարի վերջին, երբ Թայլանդը գտնվում էր Արևմուտքի ճնշման տակ, Բանկոգը դարձավ նրա մոդերնիզացիայի կենտրոնը: 20-րդ դարում այն վերածվեց երկրի քաղաքական պայքարի կենտրոնի. հենց այդ ընթացքում Թայլանդը վերացրեց միապետական կարգը, ընդունեց սահմանադրական կանոնակարգ ու մեծ հաջողություններ գրանցեց: Ասիական ներդրումային բումը 1980-1990-ականներին նպաստեց, որ մեծ թվով օտարերկրյա ընկերություններ իրենց տարածաշրջանային գրասենյակները հիմնեն հենց Բանկոգում: Այդ սկիզբը նպաստեց, որ քաղաքն այսօր վերածվի տարածաշրջանում ֆինանսական ու բիզնեսի մեծ ուժի: Բայց 90-ականների տնտեսական վերելքին ու մարդկանց թվի աճին զուգահեռ կաթվածահար եղավ քաղաքի տրանսպորտային ցանցը. արագընթաց գլխավոր ճանապարհների բացակայությունը անձնական շահագործման մեքենաների մեծ թվի հետ մեկտեղ առաջացրին երթևեկության գերծանրաբեռնվածություն, որն էլ բարձրացրեց օդի աղտոտվածության աստիճակը: Հենց այդ ժամանակ լուրջ քայլեր ձեռնարկվեցին քաղաքային տրանսպորտի զարգացման ուղղությամբ: Արդյունքում այսօր Բանկոգը տրանսպորտի միջազգային հանգույց է, բացի այդ, ձևավորվել է նաև որպես արվեստի, նորաձևության և զվարճությունների կենտրոն: Փողոցներում տիրող աշխույժ մթնոլորտը, մշակութային կենտրոնները, ինչպես նաև կարմիր լապտերների թաղամասերը քաղաքին էկզոտիկ տեսք ու հմայք են հաղորդել՝ այն դարձնելով աշխարհում զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից մեկը:

 

Բարսելոնա, Իսպանիա
Յուրաքանչյուր չորս տարին մեկ, երբ աշխարհի կենտրոնը տեղափոխվում է Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր, շատերին մի հարց է հուզում. «Այս անգամ ի՞նչ կտան Օլիմպիական խաղերն այդ քաղաքին. փա՞ռք, թե՞ անկում» : Թերևս քչերը գիտեն՝ ինչպիսին էր արևի, ավազի ու սանգրիայի օրրան Բարսելոնան 1992-ի Օլիմպիական խաղերից առաջ: Դժվար է հավատալ, բայց նախկինում այն չուներ լողափեր, և միայն խաղերին նախապատրաստվելիս քաղաքն ընդարձակվեց նաև ծովեզրի երկայնքով: Բացի լողափերից, Օլիմպիական խաղերը Բարսելոնային պարգևեցին նաև նոր ճանապարհներ, նոր կոյուղիներ, կանաչ տարածքներ: Քաղաքի տոնական տեսքն արժեցավ 11.4 միլիարդ դոլար, ինչը նախատեսված բյուջեի քառապատիկն էր: Ասում են՝ արժե՜ր. կտրուկ նվազեց գործազրկության մակարդակը, խաղերից հետո 20 000 մշտական աշխատատեղ ստեղծվեց: Առհասարակ, 1992-ը ճակատագրական եղավ քաղաքի համար. եթե մինչ այդ Բարսելոնան 11-րդն էր «Եվրոպայի լավագույն քաղաքների» ցանկում, ապա խաղերից հետո տասը տարվա ընթացքում այն 6-րդ հորիզոնականից չի իջնում: 1992-ի ռեսթայլինգից հետո Բարսելոնան ընդմիշտ երախտապարտ կլինի Օլիմպիական խաղերին:

Այս թեմայով