02 Հունիս 2014, 18:46
3516 |

Հերակլեսին վայել անտի-սրճարան

Նոր անտի-սրճարան Երևանում, Հյուսիսային պողոտայի սրտում. գլամուրից՝ հեռու, վինտաժին՝ մոտիկ: Նոր վայրի առավելությունն այն է, որ այստեղ կարող ես ցանկացած ժամի հետդ բերել ցանկացած ուտեստ և խմիչք:

Երբ ընկերներից, ֆեյսբուքի նյուզֆիդից կամ պարզապես Երևանի փողոցները չափչփլիս իմանում ես նոր հանրային վայրի բացման մասին, մտքովդ անցնում է հերթական փաբի ծնունդը: Սակայն ուրախալի է, երբ երևանցիները փորձում են իրենց ընկերների, ծանոթների և պարզապես լավ մարդկանց առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնել՝ ստեղծելով նոր և անսովոր վայրեր: Հասկանալով, որ սրճարաններով էլ չես զարմացնի, Երևանն անցնում է անտիսրճարաններին՝ վայր, որտեղ գնում են ոչ ուտելու, այլ լավ ժամանակ անցկացնելու:

«Անտի-սրճարան» բառը Քուեսթ թայմ սրճարանի՝ Quest TimeCafe, սեփականատերերը չեն հավանում, նրանք նախընտրում են Time Café տերմինը. չէ ո՞ր սրճարանում ժամավճար է: Ինչու՞ Quest. բառը թարգմանաբար նշանակում է «նոր բարձրունք, քաջագործություն»: Բոլոր անտի-սրճարանների նման այստեղ նույնպես կա անվճար և անսահմանափակ քանակի սուրճ, թեյ և քաղցրավենիք: Քուեսթի առավելությունն այն է, որ այստեղ կարող ես ցանկացած ժամի հետդ բերել ցանկացած ուտեստ և խմիչք: Սրճարանը նաև համագործակցում է սուշի առաքման հետ, կունենա իր հատուկ Քուեսթ սեթը, որը time café-ի հաճախորդների համար կառաքվի սովորականից  ցածր գնով:

Անտի-սրճարանն ունի իր ուրույն հմայքն ու հարմարավետությունը. բացի պարկ-բազկաթոռներից, մոնոպոլիայից, Uno քարտերից և բազմազան ամսագրերից, այստեղ վաճառվում են նաև ձեռագործ զարդեր: Ժամանակակից զվարճանքներ նախընտրողների համար սրճարանում կա Nintendo Wii, իսկ կոնսերվատորների հանգիստը կապահովի ճոճանակը: Քուեսթի պահարանը, բանկա-լուսամփոփերն ու սրճարանի գրեթե բոլոր մնացած հետաքրքիր լուծումները սեփականատերերի ձեռքի աշխատանքն է: Սրճարանում կազմակերպվելու են կինոդիտումներ, վարպետության դասեր և ցուցահանդեսներ:

Հյուսիսային պողոտայի վրա գտնվող ամենաանտիգլամուրային վայրը գողտրիկ և մտերմիկ երեկոների սիրահարները հավանաբար բարձր կգնահատեն: Quest TimeCafe-ն ցանկացած վինտաժապաշտի համար կդառնա հարազատ վայր, որտեղ կարող ես զգալ քեզ ինչպես ձուկը՝ ջրում:

Այս թեմայով